AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-07 00:26:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2420, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ԱԿՆԱԾԱՆՔՈՎ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նա ներկայություն էր: Բառի ամբողջական իմաստով: Բազմաբովանդակ ներկայություն, որից զրկվեցինք բոլորսՙ մտերիմները, ընկերները, Հայաստանից եւ աշխարհի բոլոր կողմերից եկող ծանոթ թե անծանոթ այցելուները: Նրա տուն-արվեստանոցը ոչ թե հանդիպավայր, այլ կնքարան էր, եթե կուզեքՙ յուրօրինակ մի սալոն, ուր մարդիկ գնում էին կնքվելու արվեստով, գեղեցիկով, ազգային, մարդկային ու համամարդկային զգացողությամբ: Այնտեղ ինքը չէր թելադրողը: Ոչ, այնտեղ ոչ ոք չէր կարող որեւէ բան թելադրել: Այլՙ աննկատելիորեն հմայիչ ու հանդարտ մթնոլորտ ստեղծողը, որ շարունակելով նկարել կամ գծելՙ ներկաներին, կարծես ի միջի այլոց, բերում¬վերադարձնում էր քննարկվող հարցի բուն, սկզբնական, կարելի է ասելՙ ծագումնաբանական վիճակին: Մտքի ու մտածողության առումով էլ նա ստեղծագործող մարդ էր, եւ ամենօրյա այդ քննարկումներից հետո շարունակում էր աշակերտական տետրերի մեջ խորացնել այդ մտքերը եւ ի վերջո հանձնել մամուլին, վերջին 10-15 տարիներինՙ «Ազգ»ին, եւ այնուհետեւՙ գրքինՙ «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգին» թեքեյանական խորագրի ներքո:

Ու հիմա չկա այդ ներկայությունը: Ամայացավ կարեւոր ու սրտամոտ մի ուրույն աշխարհ: Մխիթարվենք նրանով, որ այդ աշխարհին, ներաշխարհին առնչվելու, խոհափիլիսոփայական զրույցները շարունակելու առիթ տալիս են նրա կտավները, այստեղՙ Հայաստանում, եւ ամենուր:

ԽՄԲ.


Մի տարի անցավ...

Տեր Աստված, տարին ոնց անցավ, չիմացանք:

Մեկ տարի առաջ, 2013 թվականի մարտի 9-ին, կյանքից հեռացավ մեր ժողովրդի բացառիկ զավակներից մեկըՙ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը: Իր մահկանացուն կնքեց, իր երկրային ուղին ավարտեց Արվեստագետը, Մարդը, Քաղաքացին...

Փոքրաթիվ ու փոքրածավալ ժողովրդի կյանքում խոշոր անհատականության ներկայությունը միշտ էլ նման է երկնային պարգեւի: Մեր ժողովուրդը դա լավ է հասկացել եւ հասկացել է սրտով: Եվ պարզ ժողովուրդը ճշմարիտ արվեստագետի վաստակը միշտ փոխադարձել է ներզգացական-սրտալի սիրով:

Հակոբ Հակոբյանը խոշոր ու ինքնատիպ արվեստագետ էր, հսկա անհատականություն: Իր արվեստը մեր կյանքի եւ մեր իրականության գեղանկարչական տարեգրությունն է, իր ապրած ժամանակի անտես բովանդակության գեղարվեստական պատկերը: Հակոբ Հակոբյանի կտավներում պատկերված է Հայաստանի հոգեւոր էությունը, երկրի լուռ ու իմաստավոր սրբազան խաղաղությունը, աշնան արեւին պարզված արձակ դաշտերի ու ամայի բլուրների անբառ բանաստեղծությունը, մեր երկրի տանջահար դեմքի պայծառ տխրությունը, բայց եւ մեր արդար հիշողությունը, մեր ընդվզումը, մեր հուսահատությունը, մեր ճիչը... Որքա~ն սեր կա Հակոբ Հակոբյանի բնանկարներում երկրի եւ մարդու հանդեպ, որքան խոհ ու մտորում եւ, իհարկե, մարդկային հոգու խաղաղ ու անչար գեղեցկություն: Հայաստանը Հակոբ Հակոբյանի կտավներում նախնական հայի արժանապատիվ հայրենիքն է:

Ես գիտեմ, որ իր նկարչության մասին դեռ գրքեր ու հետազոտություններ կգրվեն, գիտակներն ու արվեստաբանները մասնագիտական քննության ու վերլուծության կենթարկեն իր ամեն մի բնանկարը, նատյուրմորտն ու հորինվածքը, գիտության լեզվով կխոսեն իր մասին, բայց որքան էլ մասնագիտական լինի այդ խոսքը, գնահատությունը եւ արժեւորումըՙ առարկայական, միեւնույն է, Հակոբ Հակոբյանի արվեստի հիմնական էությունը կա, կլինի ու կմնա բանաստեղծականությունն ու անանց հմայքը:

Հակոբ Հակոբյանը հետաքրքրական խառնվածքի եւ հարուստ նկարագրի տեր մարդ էր, մարդկային հարաբերությունների մեջՙ միշտ բարձր, լայնհոգի, մեծսիրտ ու ասպետական: Ամեն տեսակ հարցով ու խնդրով դիմում էին նրան, երբեմն նույնիսկ անսպասելի եւ ոչ նրբանկատ խնդրանքներով. մեկը խնդրում էր, որ իր մասին մի երկու խոսք գրի, մյուսը դրամական օգնություն էր ուզում, երրորդը գալիս էր, նկարագրում էր իր ծանր վիճակը, պարտք էր խնդրում, որ հետո, իհարկե, «մոռանում էր» վերադարձնել, չորրորդը մի այլ կարգի օգնություն էր հայցում... Նկարիչը հասնում էր բոլորին եւ ամեն ինչ անում էր անխոս, անբառ, առանց դժգոհության կամ թե տրտունջի, իսկական քրիստոնյայի պես... Ցավոք, շրջապատի որոշ մարդիկ չարաշահեցին իր մարդկային վերաբերմունքը: Ափսոս...

Շատ էր սիրում իր ընկերներին ու մտերիմներին, ջանում էր բոլորին իր ջերմ վերաբերմունքը ցույց տալ, սիրում էր իրեն շրջապատել ընկերներով: Սիրում էր հյուրասիրություններ սարքել ընկերների համար, ասում էրՙ պատրաստվիր, այս շաբաթ մեծարում ենք մեր այսինչ ընկերոջը, հրավիրում էր ընկերներին եւ սեղանի շուրջ վայելում նրանց ներկայությունը, խոսքն ու զրույցը: Այո, դա իր համար վայելք էր, ինքը սեղանի շուրջը շատ ժուժկալ մարդ էր, բայց իր խոսքով, ժպիտով, սքանչելի հումորով սեղանի շուրջը միշտ ջերմ ու տաքշող մթնոլորտ էր ստեղծում եւ վայելում էր հերթական հանդիպումի ուրախությունն եւ օրվա բերկրանքը:

Նուրբ մարդ էր, անչափ զգայուն, այդ պատճառով էլՙ արտաքուստ ներփակ ու ինքնամփոփ: Հրաշալի ընթերցող էր, կարդում էր միշտՙ բանաստեղծություն ու արձակ, ու մարդկային կյանքին վերաբերող ամեն կարեւոր բան: Շատ էր սիրում «Նեյշընըլ Ջեոգրաֆիկ» եւ «Գեո» հանդեսների հոդվածներն ու ուսումնասիրությունները: Սիրում էր լավ գրականությունը, շատ էր սիրում Թեքեյանին եւ եթե առիթ էր լինումՙ իր խոսքն էր ասում: Ինչ սիրով գրեց Վահագն Գրիգորյանի մասին: Արտաքուստ միշտ խաղաղ ու հավասարակշռված, միշտ հանգիստ ու անվրդով թվացող այդ մարդը իրականում անհանգիստ խառնվածք եւ կյանքի ու իրականության հանդեպ գործուն վերաբերմունք ուներ: Մի խոսքովՙ իր նկարագրով եւ կերպարով գեղեցիկ մարդ էր ու գեղեցիկ հոգի...

Եվ քաղաքացի էր, քաղաքացիՙ այս բառի ամենաբարձր, նախնական-ֆրանսիական իմաստով: Մեզանում տասնամյակներ շարունակ քաղաքացի ասելով հասկացել են,- եւ այսօր էլ հասկանում են,- հավատարմություն, կենդանական նվիրվածություն օրվա ռեժիմին եւ օրվա իշխանությանը: Չէ, նա այդպիսին չէր, նա շատ լավ էր տարբերում երկիրն ու ժողովուրդը երկրի իշխանությունից: Երբ 1962-ին ընտանիքով ներգաղթեց Հայաստան, նա եկավ դեպի երկիրն ու ժողովուրդը: Բուն իրականությունը շատ շուտ պարզ ու ճանաչելի դարձավ բոլոր ներգաղթողների համար: Շատերը, շատ շատերը չհամակերպվեցին, չհաշտվեցին իրականության հետ, ուրիշները մնացին:

Հակոբ Հակոբյանը մնաց, եւ մնաց իբրեւ իսկական քաղաքացի: Երբեք անտարբեր չեղավ իր երկրի ու կյանքի բազմաբնույթ եւ բազմաբղետ երեւույթների ու իրողությունների հանդեպ: Միշտ հարկ էր համարում արտահայտել իր վերաբերմունքը, ասել իր խոսքը: Եվ գրիչ առավ ու իր գրավոր մասնակցությունը բերեց մեր կյանքի թավալգլոր ընթացքին: Եթե գովեստի ու ջատագովումի առիթ էր տեսնում, գրում էր սիրով ու ջերմությամբ, ցավալի ու ցավատանջ մեր անկումների ու վրիպումների մասին գրում էր դառնությամբ եւ ափսոսանքով: Դրա վկայությունը իր հրաշալի գիրքն է` լեցուն սիրով ու տագնապներով, հախուռն զգացականությամբ ու արվեստագետի անմիջականությամբ: Մտածում ես, որ քաղաքացիական կրքով գրված այդ սքանչելի հոդվածները պետք է գրեր հայ գրողը, հրապարակախոսը, գիտնականը, ի վերջո` քաղաքական գործիչը: Բայց գրում էր նկարիչը: Իսկական, լիարյուն հայ էր, ժողովրդի զավակն ու երկրի իսկական քաղաքացին:

Եվ այսօր, իր մեկնումից մեկ տարի անց, ոգեկոչումի ու հիշատակի այս օրը իր վաստակն ու իր նկարագիրը պարտադրում-պարտավորեցնում են իր մասին խոսել միմիայն սիրով, խորին հարգանքով եւ մեր ժողովրդի բացառիկ զավակների համար վերապահված ակնածանքով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.