AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014



ՆՈԲԵԼՅԱՆ

Տեղադրվել է` 2014-03-07 00:26:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3843, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ» ՎԵՊԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մեր ընթերցողները ծանոթ են ռումինահայ գրող եւ քաղաքական-պետական գործիչ Վարուժան Ոսկանյանին: Մեր թերթը առիթ ունեցել է անդրադառնալու նրա ստեղծագործություններին, հատկապեսՙ 2012 թ. Երեւանում հայերեն առաջին անգամ լույս տեսած նրա «Շշուկների մատյան» վեպին, որ մեր գրասերների շրջանում արտակարգ ջերմ ընդունելության արժանացավ: Եվ դա հասկանալի էր: Այդ վեպը, սյուժեն, սրտամոտ են յուրաքանչյուր հայի: Մեծ եղեռնից հետո ամեն մի հայ ընտանիք, ուղղակի կամ անուղղակի անցել է նման դաժան փորձությունների միջով, գոյատեւել եւ հարատեւել զարմանալի կենսունակությամբ: Պատահական չէ նաեւ, որ վեպը, որն արդեն ունեցել է 12-ից ավելի լեզուներով հրատարակություն, շատ բարձր է գնահատվել միջազգային մամուլի եւ գրականագետների կողմից: Վեպի հյուսվածքը, պատմելաոճը, նկարագրվող անցքերը գրավիչ են միջազգային գրական չափանիշներով նաեւ: Եվ բնավ զարմանալի չէ, որ Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը, մի հրաշալի գրախոսականով, որտեղ զուգահեռներ է անցկացնում Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հետ, Վ. Ոսկանյանի ստեղծագործությունը ներկայացրել է 2013 թ. Նոբելյան գրական մրցանակի, ինչը նախապես արել էին Ռումինիայի եւ Հայաստանի գրողների միությունները:

Կողքի սյունակներում ներկայացնում ենք վեպի մասին միջազգային մամուլի գրախոսականներից հատվածներ, որոնք մեզ է տրամադրել Ռումինիայում Հայաստանի դեսպան, «Ազգ» օրաթերթի հիմնադիր կազմի անդամ եւ նախկին խմբագիր Համլետ Գասպարյանը:

Խմբ.


ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Վարուժան ՈՍԿԱՆՅԱՆ: Ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, գրող: Ծնվել է 1958թ. հուլիսի 25-ին, Կրայովայում, գաղթական հայերի ընտանիքում: Ավարտել է Ֆոկշանի Ալեքսանդրու Յոն Կուզա լիցեյը, այնուհետեւ Բուխարեստի տնտեսագիտական համալսարանը եւ Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989 թ. մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը, դարձել Ազգային միության ժամանակավոր խորհրդի անդամ (1990թ.): 1990-1992թթ. եւ 1992-1996թթ. եղել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ, Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ (1993թ.), իր իսկ հիմնադրած Աջ ուժերի միություն կուսակցության նախագահ (1996-2003թթ.), որով միացել է Ազգային-ազատական կուսակցությանը (PNL) եւ դարձել վերջինիս փոխնախագահ: 1996-2000թթ. եւ 2004թ. մինչեւ այսօր սենատոր, Սենատի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ ծառայությունների հանձնաժողովի նախագահ, 2006-2007թթ. եղել է էկոնոմիկիայի եւ առեւտրի, իսկ 2007-2008թթ. էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար: 2012թ. վերընտրվել է Սենատում, այնուհետեւ նշանակվել էկոնոմիկայի նախարար (հրաժարական է տվել 2013թ. հոկտեմբերին, քաղաքական նպատակներով իր դեմ հարուցված սկանդալային աղմուկից հետո, պահպանելով Սենատում իր աթոռը):

Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Հայոց միության հիմնադիրներից է (1990թ.) եւ նրա անփոփոխ նախագահը, ինչի շնորհիվ վերակազմակերպվում է մեծ ավանդույթներ ունեցող համայնքային կյանքը: Որպես էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար իր պաշտոնավարման շրջանում Վ. Ոսկանյանը կառավարական բյուջեից խոշոր միջոցներ է հատկացրել Ռումինիայի հայկական եկեղեցիների վերանորոգման համար: Նա նպաստել է նաեւ «Արարատ» հրատարակչությանը, «Արարատ» եւ «Նոր Կյանք» պարբերականներին, հայկական միօրյա դպրոցներին եւ Հայոց միությանը պետության կողմից զգալի միջոցների հատկացմանը:

Թեեւ նա հայկական կրթություն չի ստացել, սակայն ընտանեկան ավանդույթների եւ անձնական կարողությունների շնորհիվ վարժ հայախոս է, գրում եւ կարդում է հայերեն, նույնիսկ վաղ երիտասարդության տարիներին դասավանդել է Բուխարեստի Հայոց միօրյա դպրոցում:

Նրա կինը` Միահելա Ոսկանյանը, ռումին ճանաչված կոմպոզիտոր է եւ Բուխարեստի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Հայախոս աղջիկը` Արմենուհին, ուսանում է Բուխարեստի համալսարանի արվեստի ֆակուլտետում:

Վարուժան Ոսկանյանը բազմաշնորհ ու վառ անհատականություն է, ռումիներենից ու հայերենից բացի վարժ խոսում է նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն: Նա ընդգծված հայկական ինքնություն ունի եւ, ռումինական պետական-քաղաքական կյանքում բարձր դիրք գրավելով հանդերձ, ընկալվում է որպես հայ:

Վարուժան Ոսկանյանն իր արտասահմանյան պաշտոնական այցերի ժամանակ առիթը բաց չի թողնում հանդիպելու տեղական հայկական համայնքների եւ հայ դեսպանների հետ: Նման հանդիպումներ նա անցկացրել է ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Չեխիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Իսրայելում, Լիբանանում, Արգենտինայում, Կոլումբիայում: Վարուժան Ոսկանյանն ի պաշտոնե եւ որպես ՌՀՄ նախագահ հաճախակի այցելում է Հայաստան:

Քաղաքական-հասարակական գործունեությանը զուգահեռ, Վարուժան Ոսկանյանը ճանաչված ռումինագիր գրող է, Ռումինիայի Գրողների միության առաջին փոխնախագահը: Նրա գրական գործերից են բանաստեղծությունների երեք հատորները` «Կապույտ Շամանը» (Samanul albastru (1994), «Թագուհու սպիտակ աչքը» (Ochiul cel alb al reginei (2001), «Հազարաթեւ Հիսուսը» (Iisus cu o mie de brate (2005), ինչպես նաեւ «Կոմանդորի արձանը» (Statuia comandorului (1994) եւ Jocul celor o suta de Frunze si alte povestiri), «Հարյուր տերեւների խաղը եւ այլ պատմվածքներ» (2013) արձակ ժողովածուները:

2009 թ. նա հրատարակեց «Շշուկների մատյան» (Cartea soaptelor) վեպը, որը համարվեց Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը: «Շշուկների Մատյանն» ստացել է Ռումինական Ակադեմիայի 2009թ. գրական գլխավոր մրցանակը: Վեպը ներկայացվել է Գրքի միջազգային մի շարք տոնավաճառներում, արժանացել եւրոպական գրական աշխարհի, մամուլի եւ ընթերցողների ուշադրությանը, որոնց գնահատմամբ այն ժամանակակից եվրոպական գրական երեւույթներից է:


«Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել 2009թ. Բուխարեստում եւ դարձել հրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած եւ ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը: Վեպի հրատարակումից ընդամենը երեք ամիս անց, իսպանական Պրե-Տեքստոս (Pre-Textos) հրատարակչությունը ռումինական Պոլիռոմ (Polirom) հրատարակչությունից ձեռք բերեց այն իսպաներեն հրատարակելու իրավունքը:

Իսպաներեն տարբերակը լույս տեսավ 2011թ. սկզբին Խոակին Գարիգոսի (Joaquin Garrigցs) թարգմանությամբ, եւ նույն տարվա օգոստոսին թողարկվեց նաեւ Արգենտինայում, հեղինակի եւ թարգմանչի ներկայությամբ:

Մարկեսյան շնչով գրված վեպը մեծ ժողովրդականություն է վայելում իսպանախոս երկրներում:Վեպի վերաբերյալ Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում ու Արգենտինայում լույս է տեսել ավելի քան 300 էջ գրախոսություն: Բոգոտայում, Գաբրիել Գարսիա Մարկես գրական փառատոնի կազմակերպիչները 2012թ. սեպտեմբերին որպես տարվա պատվո հյուր հրավիրել էին Վարուժան Ոսկանյանին: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսն անձամբ հետաքրքրված է վեպով, որի ընթերցումը, նախագահի իսկ խոստովանությամբ, նրան օգնում է Կոլումբիական զինյալ հեղափոխական ճակատի հետ (FARC) խաղաղության փնտրտուքի ճանապարհին:

Իսպաներենի կողքին 2011թ. սեպտեմբերին լույս է տեսել նաեւ իտալերեն հրատարակությունը` Անիտա Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, Կելլեր Էդիտորե (Keller Editore) հրատարակչատան կողմից:

2012թ. «Շշուկների մատյանը» հեղինակի միջամտությամբ լույս տեսավ նաեւ Երեւանում, հայերեն` որպես երկրորդ բնագիր (հայերեն 2-րդ վերանայված հրատարակությունը լույս տեսավ նույն տարվա աշնանը Բուխարեստում), եւ Երուսաղեմում եբրայերեն` Անի Շիլոնի (Any Shilon) թարգմանությամբ, Հակիբուց Համեուխադ (Hakibbutz Hameuchad Publishing House Ltd.) հրատարակչատան կողմից:

Վեպը ֆրանսերեն լույս է տեսել Սիրտ (Syrtes) հրատարակչության կողմից, Մարիլի լե Նիրի (Marily le Nir) ու Լոր Հինկելի (Laure Hinckel) թարգմանությամբ, ինչը իրազեկների գնահատմամբ լավագույններից մեկն է: Այն 2013թ. մարտին ներկայացվել է Փարիզի Գրքի սալոնում, ուր Պատվո հյուրն էր Ռումինիան:

2013թ. «Շշուկների մատյանը» լույս տեսավ նաեւ գերմաներեն Էռնեստ Վիխների (Ernest Wichner) թարգմանությամբ, ավստրիական հեղինակավոր Պաուլ Ժոլնայ (Paul Zsolnay) հրատարակչատան կողմից, բուլղարերեն` Վանիան Բոժիկովայի թարգմանությամբ: Աս տարի հունվարին վեպը լույս կտեսնի նաեւ շվեդերեն` Բոննիեր (Bonnier) հրատարակչական խմբի կողմից:

Վարուժան Ոսկանյանն արդեն պայմանագիր է կնքել հունգար եւ չեխ հրատարակիչների հետ:

«Շշուկների մատյանը» պատմում է Հայոց ցեղասպանության եւ 20-րդ դարի սարսափների մասին. Երիտթուրքեր, ֆաշիզմ, ստալինիզմ, գուլագներ, Չաուշեսկու, որոնց թանձր նստվածքը մնացել է մինչեւ այսօր մարդկանց մտքերում եւ հոգիներում: Ցեղասպանության արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին:

«Շշուկների մատյանը» թովչական գեղեցկության վեպ էՙ հենց ինքնին Պատմությունը», գրում է իսպանական «Էլ Պաիս» (El Pais) թերթը: «Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց խիղճն էՙ մահից ու վերապրումից հունցված հիշողություն ժառանգած գրող», ավելացնում է վենեսուելական «Էլ Նասիոնալը» (El Nacional): «Շշուկների մատյանը» հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է», իր հերթին վկայում է արգենտինյան «Լա Նասիոնը» (La Nacion): «Շշուկների մատյանը» 2011 թ. աշնանն Իտալիայում հրատարակված լավագույն գիրքն է», նշում է իտալական «Կորիերե դելլա Սերան» (Corriere della sera): «Շշուկների մատյանը» հազվադեպ գլուխգործոց էՙ վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն եւ արժեքավոր ստեղծագործություններից մեկը», կարծիք է հայտնում իսրայելական «Հաարեցը» (Haaretz):

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի գերմաներեն հրատարակությունից ընդամենը երկու ամիս հետո Ավստրիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի գրական մամուլում հայտնվեցին լայնածավալ նյութեր բարձր գովասանքի խոսքերով: Գերմանալեզու խոշոր պարբերականները գովում են «Շշուկների մատյանը»: Frankfurter Allgemeine Zeitung-ը գրում է. «Շշուկների մատյանը հրաշալի վեպ է, որը պատկանում է համաշխարհային գրականությանը` հավանաբար լինելով 21-րդ դարի հանրագիտարաններից մեկը, այնքան հրաշալի է, որ շունչդ կտրվում է»: «Հրաշալի վեպ, որը համոզիչ է ոչ միայն գրական տեսանկյունից, այլ նաեւ որպես հիշողությունների փաստաթուղթ», խորագրում է պարբերականը` ստորագրված Սաբին Բերկրինգի (Sabine Berkring) կողմից: Գրող, թարգմանիչ եւ հանրահայտ Literaturhaus Berlin-ի տնօրեն Էրնեստ Վիքների (Ernest Wichner) կողմից «հրաշալի ու անթերի» թարգմանված Շշուկների մատյանը «իսկապես այս դարի գրքերից մեկն է»,- նշում է FAZ-ում տպագրված նյութի հեղինակը, ով համոզված է, որ Ոսկանյանի վեպը «ներկայացնում է ոչ միայն սարսափելի տառապանքների վկայություն, այլ նաեւ այս ժողովրդի դիմակայելու ուժը, եւ կարող է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի կողքին մտնել համաշխարհային գրականության պատմության մեջ»:

Ի դեպ, ավստրիական Պաուլ Ժոլնայ (Paul Zsolnay) հրատարակչատունը ժամանակին հրատարակել էր նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Այս ձեւով հրատարակչությունը «Շշուկների մատյանը» ձոնում է «Մուսա լեռան 40 օրը» գրքի լույս ընծայման 80-ամյակին: «Իմ վեպը հայ ժողովրդի ողբերգությունը պատմում է այլ կերպ, քան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», իր հերթին ասում է Վարուժան Ոսկանյանը: «Որպեսզի հասկանաք, բացատրեմ պատկերավոր. ես այս պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը` դրսից»:

Ավստրիացի հեղինակավոր գրող եւ խմբագիր Կարլ Մարկուս Գաուսը (Karl Markus Gauss) Deutsche Zeitung-ի գրախոսությունում գրում է.«Ոսկանյանը ներկայացնում է քաղաքական գործչի մի հազվագյուտ դեպք, ում վրա պտտվում են հարցական նշաններ, սակայն նա անհերքելիորեն կարեւոր գրող է: Նա այնպիսի պոպուլիստական քաղաքական գործիչ չէ, ով ուզում է հաջողության հասնել նաեւ որպես հեղինակ, այլ իրական գրող, բացառիկ պատմող, ով իր «Շշուկների մատյանում» պատմում է մի ժողովրդի ասք, որ հալածվել է բազմաթիվ սերունդներ, մինչ մեր օրերը»:

Իսկ Շվեյցարիայի ամենամեծ գերմանալեզու պարբերականը` Neue Zurcher Zeitung-ը ավելացնում է. «Վարուժան Ոսկանյանը մեծ պատմող է, ով ստեղծում է հիշարժան կերպարներ` 20-րդ դարի ողբերգական ընթացքի արտակարգ տեսարաններով»:

«Շշուկների մատյանը» 2013թ. սեպտեմբերին ներկայացվել էր նաեւ Գյոթեբորգի գրքի տոնավաճառում, որին ներկա էր նաեւ հեղինակը:

Իսրայելում վեպն արժանացավ այնքան մեծ ընդունելության, որ երեք ամսվա մեջ ունեցավ երկու հրատարակություն:

«Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի գրականության Նոբելյան մրցանակի,- Թել Ավիվում 2012թ. հոկտեմբերին վեպի ներկայացմանն ասաց Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը:-Այս մրցանակն արժանին կմատուցի գրողին, ով միաժամանակ հաջողել է ստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպես նաեւ ցնցող ու կենդանի վկայություն տվել հայ ժողովրդի տառապանքների եւ ցեղասպանության մասին: Նման մրցանակը աշխարհի խիղճը կբեւեռի այս աղետի վրա եւ խորություն կհաղորդի այս սարսափելի ոճրագործության ճանաչմանը»:

Թուրքական հակազդեցություն

Հենց այս պատճառով վեպը գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը: Կառավարական եւ դիվանագիտական խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են նաեւ ադրբեջանցիները, ճնշումներ են գործադրում տարբեր մայրաքաղաքներում: Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նամակով դիմել էր այդ երկրի իշխանություններին, երբ 2012թ. սեպտեմբերի 21-ին Բուխարեստի թանգարաններից մեկում «Շշուկների Մատյանի» շուրջ կազմակերպվել էր հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ: Հայտնի է դարձել, որ դեռեւս 2009թ. Անկարան պաշտոնական միջամտությամբ փորձել է հակազդել վեպի ռումիներեն հրատարակմանը:

Այնուամենայնիվ, վեպի գրական արժանիքները եւ ներքին լիցքն այնքան մեծ են, որ Ռումինիայի, Իսրայելի, ինչպես նաեւ Հայաստանի Գրողների միությունները «Շշուկների մատյանը» ներկայացրել են 2013թ. Գրականության Նոբելյան մրցանակի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.