AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014



ՄԵԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Տեղադրվել է` 2014-03-07 00:26:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2245, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՊԱԿՈ ԴԸ ԼՈՒՍԻԱՙ ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԿԻԹԱՌԻՍՏԸ

Հրատարակության պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ավելի քան հինգ տասնամյակ իր բարձր կատարողական արվեստով մարդկանց հիացնելուց հետո, Մեքսիկայում 66 տարեկանում իր մահկանացուն է կնքել իսպանական գնչուական կիթառի ավանդական երաժշտությունը ջազի եւ բոսանովայի ռիթմերով հարստացրած, վարպետ կիթառիստ եւ կոմպոզիտոր Պակո դը Լուսիան:

Ֆլամենկո երաժշտության օրրան, իր ծննդավայր Ալջիսիերասի (Իսպանիա) քաղաքապետը հայտարարել է, որ գովաբանված կիթառիստը, որի «տաղանդը լեգենդ էր դարձել», վախճանվել է սրտի կաթվածից: Քաղաքում երեք օր պետական դրոշները իջեցվել են եւ սուգ է հայտարարվել:

Ընտանիքի անդամների փոխանցմամբ մահը վրա է հասել Կանկունի լողափում (Մեքսիկա) իր երեխաների հետ խաղալուց անմիջապես հետո: «Նա այս աշխարհը գեղեցկությամբ էր պատել: Մխիթարական խոսքեր չկան բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել եւ սիրել են նրան: Շնորհակալություն, որ կիսում եք մեր ցավը», ասել են նրանք:

Մանկություն եւ կարիերա

Դը Լուսիան, իսկական անունով Ֆրանցիսկո Գուստավո Սանչեզ Գոմեզը, ծնվել էր Իսպանիայի ամենահարավային Կադիս նահանգի Ալջիսիերաս փոքրիկ քաղաքում 1947 թվի դեկտեմբերի 21-ին: Համեստ ընտանիքի տեր հայրըՙ Անտոնիոն գնչուական ծագումով երգիչ էր եւ կիթառիստ, որը մեծապես նպաստել էր Պակոյի երաժշտական կրթությանը: «Գնչուները երջանիկ են նրանով, որ ծնված օրից առնչվում են երաժշտության հետ: Ես ոչնչի չէի հասնի, եթե ծնված չլինեի հորս տանը: Չեմ հավատում տաղանդի անմիջական, հանկարծակի պոռթկումներին», ասել է Պակոն մի առիթով: Իսկ իր «Պակո դը Լուսիա: Նոր ավանդույթ ֆլամենկո կիթառի համար» գրքում նա խոստովանել է. «Հայրս փոքր տարիքից ինձ ստիպում էր կիթառ նվագել»: Ֆլամենկոյով պարուրված մթնոլորտը ստիպում է երեխային խոսելուց առաջ երաժշտությամբ համակվել: Հինգ տարեկանից սկսել է նվագել: Տասներկու տարեկանից սկսել է փող վաստակել նվագելով «մտերմիկ, ծխառատ վայրերում»: 15 տարեկանից սկսել է ձայնագրություններ կատարել, իսկ 18-ին արդեն լույս է ընծայել իր առաջին ալբոմը Մադրիդում:

Դը Լուսիան աչքի էր ընկնում հատկապես իր արագ եւ սահուն «պիկադոներով»ՙ նվագելու յուրահատուկ տեխնիկայով, որն աբստրակտ, վերացական ակորդներով էր համեմում իր ստեղծագործությունները, որոնք ջազային ազդեցություններ էին կրում: Իր նորամուծություններով նա նոր մակարդակի բարձրացրեց ֆլամենկո երաժշտությունը: 1970-ական թվերին «նոր ֆլամենկոյի» եւ «լատինական ջազի» միաձուլումից առաջացած իր ձայնագրությունները, հատկապես երգիչ Կամարոն դը լա Իսլայի հետ, մեծ հռչակ բերեցին նրան: Նրանք միասին 10 ալբոմ են ձայնագրել:

Պակո դը Լուսիան համագործակցել է նաեւ ամերիկացի դաշնակահար Չիկ Կորեայի եւ «Կիթառ Տրիոյի» մենակատարներՙ Ջոն Մկլոլինի, Լարրի Կորիելի եւ Ալ Դի Մեոլայի հետ:

1992¬ին կենդանի կատարումով հանդես է եկել Սեւիլի «Էքսպո՛ 92-ի» ժամանակ, իսկ մի տարի անցՙ Մադրիդի «Պլազա Մայորում»:

1981-ին հիմնել է «Պակո դը Լուսիա սեքստետը» իր եղբայրներիՙ երգիչ Պեպե դը Լուսիայի եւ կիթառիստ Ռամոն դը Ալջիսիերասի հետ:

Վեցյակի ձայնագրություններում ընդգրկված են եղել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք ենՙ «La Fabulosa Guitarra de Paco de Lucia», «Fantasia Flamenca», «Fuente y Caudal», «Almoraima» եւ «Zyryab» երաժշտական կտորները: Նա երբեք չի լքել կամ մոռացության չի մատնել ավանդական ֆլամենկոն եւ 1980-ի նրա «Interpreta a Manuel de Falla» ալբոմը դրա լավագույն օրինակներից է, որտեղ նա հարգանքի տուրք է մատուցել դասական երաժիշտին, իսկ իր 1987-ի «Սիրոկո» ալբոմը «մաքուր, անաղարտ ֆլամենկոյի» հավաքածու է:

«Ես երբեք արմատներս չեմ կորցրել երաժշտության ասպարեզում», ասել է նա 90-ականների վերջերին լրագրողներին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ, «որովհետեւ այդ դեպքում ես կկորցնեի ինքս ինձ: Ես փորձել եմ մի ձեռքում պահելով ավանդականը, մյուս ձեռքով փորփրել եւ գտնել նորանոր երանգներ ավելացնելու այդ ավանդականին»:

16 տարեկանում, որպես «հրաշք երեխա» նրան հրավիրում են միանալու պարուսույց Խոսե Գրեկոյի ղեկավարած Ֆլամենկո պարային խմբին, որի հետ շրջագայել է երեք տարիներ անընդմեջ: Շրջադարձային են եղել նրա զարգացման գործընթացում հատկապես այդ խմբի ելույթները Հյուսիսային Ամերիկայում: Սաբիկասի հետ ծանոթությունը նույնպես մեծ դեր է խաղացել: Վերջինս է նրան խորհուրդ տվել «գտնել նվագելու իր ուրույն ոճը»: Այդ խորհրդին Պակոն հետեւել է ամբողջ կյանքի ընթացքումՙ միշտ փորձելով գտնել նոր երանգներ կատարելագործելու համար իր ոճը:

Գնահատականներ

«Կիթառ: Երաժշտություն, պատմություն, կատարողներ» (Guitar: Music, History, Players) հատորի հեղինակներ Ռիչարդ Չեպմենը եւ Էրիկ Կլեպտոնը նրան նկարագրել են որպես «տիտանական անձնավորություն ֆլամենկո կիթառի աշխարհում»: Իսկ «Կիթառի Ատլաս» (Guitar Atlas) գրքի հեղինակ Դենիս Կոստերը նրան համարել է «պատմության մեջ մեծագույն կիթառիստներից մեկը»:

2004¬ին նրան պարգեւատրել են Իսպանիայի հեղինակավոր «Արվեստի Աստուրիաս» մրցանակովՙ որպես «Ֆլամենկո ժանրի արվեստագետների մեջ ամենամեծ ժողովրդականությունը վայելողի»: «Նրա ոճը փարոս է երիտասարդ սերնդի համար, իսկ նրա արվեստը նրան դարձրել է աշխարհում Իսպանիայի լավագույն դեսպաններից մեկը», նշել էր ժյուրին այդ ժամանակ: 1959-ին արժանացել է «Flamenco de Jerez de la Frontera» միջազգային փառատոնի հատուկ մրցանակին: Նրան է շնորհվել նաեւ Մշակույթի նախարարության «Գեղարվեստի ոսկյա մեդալը»:

Մրցանակակիր դասական կիթառիստ Միլոշ Կարադաղլիչն «Ինդիփենդենտ» թերթին հաղորդել է, որ «Պակոն մեկն էր այն մեծ արվեստագետներից, որոնց հիշելու են պատմության մեջ այդ երաժշտությունը փոխելու, էներգիայի նոր լիցքով այն հարստացնելու համար: Նրա տեխնիկական ունակությունը տարաշխարհիկ էր: Նա պիոներ էր, առաջամարտիկ այդ բնագավառում: Նա ֆլամենկո կիթառային երաժշտությունը ճանաչելի դարձրեց աշխարհով մեկ: Մինչեւ նրա կատարումները ֆլամենկոն փակ, նեղ շրջապատում էր հնչում, իսկ կիթառը պարզապես ընկերակցող գործիք էր: Նրա վախճանը մեծ կորուստ է»:

«Classical Guitar» ամսաթերթի լուրերի բաժնի խմբագիր Թերեզա Վասիլի Սաբան նշել է. «Նա մեծ ազդեցություն է ունեցել ֆլամենկոյի հետագա ուղղության վրա: Նրա տեխնիկան բացառիկ էր, ֆենոմենալ»:

Մինչդեռ «Acoustic Guitar» ամսաթերթի գնահատմամբ «նա հեղափոխություն առաջացրեց իսպանական երաժշտական ոճի ասպարեզումՙ իր ներդաշնակ լրացումներով»:

Պակոյի հիշատակը վառ կմնա նրա արվեստը գնահատողների սրտերում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.