AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 14-03-2014



Տեղադրվել է` 2014-03-13 23:39:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2457, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ. ԺԱՄԱՆԱԿԻ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ

Ծննդեան 90-ամեակի առթիւ

Պարոյր Սեւակը տարբեր առիթներով շեշտել է «ժամանակի շունչը» դառնալու չարենցեան յայտնի պատգամը եւ այն դարձրել իր արուեստի հիմնագիծը:

Բայց ժամանակին կապուելու պահանջը միայն ընդհանուր դրոյթ է, իսկ դրա իրացումը տարբեր կարող է լինել այս կամ այն դարաշրջանում, այս կամ այն արուեստագէտի ստեղծագործութեան մէջ:

Սեւակը սկզբից եւեթ որդեգրեց չարենցեան մօտեցումը, տպագրեց ժողովածուներ, բայց չդարձաւ ժամանակի գրականութեան այն տիրական դէմքը, որը ծանօթ է մեզ այսօր: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ Չարենցն իրօք իր ժամանակի գաղափարներին էր արձագանգում, որոնք համոզմունք էին տուեալ հանրութեան մեծ մասի, նաեւՙ բանաստեղծի համար: Հետեւաբար խզում չկար հասարակականի եւ անձնականի միջեւ, Չարենցը հաւատարիմ էր ինքն իրեն եւ իր ժամանակին: Բայց անողոք ժամանակը քննութեան է ենթարկում հասարակական իդեալները, որոնք հետզհետէ կորցնում են իրենց այժմէականութիւնը եւ ի վերջոյ վերածւում մեռեալ տարրի: Այսպիսի փոփոխութիւնների համար երբեմն դարեր են պահանջւում, բայց երբեմն տասնամյակներն էլ բաւական են, որովհետեւ նոյնիսկ այդ կարճ ժամանակամիջոցում հասարակական փորձը կարող է հակասել տեսութիւններին ու հիմնազուրկ դարձնել դրանց համապատասխանութեան պատրանքին ապաւինող մտայնութիւններն ու համոզմունքները: Ահա սա՛ տեղի ունեցաւ Չարենցից Սեւակ սերնդափոխութեան ընթացքում եւ, կանխապէս ասենք, այս փոփոխութեան արդիւնքն է Սեւակի բանաստեղծութիւնը: Սակայն անցումը տեղի չունեցաւ միանգամից: Սեւակն իր առաջին ժողովածուներում դեռ սովորոյթի ուժով շարունակում է Չարենցի պէս խօսել. շեշտը, վերաբերմունքը, տեսանկիւնը դեռ չարենցեան-մայակովսկիական է.

Ընդունէ՛ք այս, մի՛ստր,

Ոչ թէ սպառնալիք,

Այլ իբրեւ պարզ նոտա նրանց կողմից, որոնք

Մաքրեցին աշխարհից գերմանական արնոտ սաստիկը...

Ընդունեցէ՛ք նաեւ այս խօսքերովՙ

Հարկ լինելու դէպքում կրկին մարտնչելու

Եւ յաղթելու մեր վառ հաւաստիքը...

Բանաստեղծը դեռ չի գիտակցում, որ իր մէջ կարող են լինել գաղափարներ, որոնք չեն համապատասխանում ընդունուած չափանիշներին, եւ դեռ չի կասկածում, որ այդ անհատականը արտայայտելո՛վ է միայն, որ բանաստեղծութիւնը կարող է հաւատարիմ մնալ իր կոչումին: Հարկ է նկատել, որ հասարակական միտքն էլ դեռ չէր հասունացել այսպիսի խոհերի համար, չէր հասցրել ինքն իրեն հաշիւ տալ, որ գրուածն ու հաստատուածը բաւական տարբեր են փորձով ընկալուածից: Այդ իսկ պատճառով, չնայած իր եւ իր ժողովրդի իրական հոգսերի ու իղձերի մասին խօսելու որոշ միտումներինՙ այդ տարիներին Սեւակը դեռ մնում է դարի մակերեսին:

Ահա այս սկզբնական փորձերից յետոյ Սեւակը շարունակեց այնտեղից, որտեղ կանգ էր առել Չարեցը: Վերջինս իր ստեղծագործութիւնների մի էական մասով գտնւում էր հասարակական գիտակցութեան վերելքիՙ «իններորդ ալիքի» վրայ եւ անձնական համոզումից ծնուող ոգեւորութեան նոյնպիսի վերելքով էլ արտայայտում էր այն: Բայց «ալիքը» իջաւ, եւ անձնական ու հասարակական ծանր փորձից յետոյ նոյնիսկ Չարենցի անտրոհելի թուացող կերպարը երկփեղկուեց: Արդիւնքըՙ կեանքի վերջին տարիների մի շարք բանաստեղծութիւններն ու, մասնաւորապէս, «Դէպի լեառը Մասիս» մտալլկող, տանջալից հարցադրում-պոեմը, որի մէջ Աբովեանի ճակատագրի զուգահեռով ըստ էութեան նա ակնարկում էր նաեւ իրե՛ն պատած տարակուսանքն ու տագնապը.

Ի՞նչ է ասում այդ գիրքը եւ ի՞նչ է բարբառում:

Զուր չէ՞ արդեօք վատնել անհատնելի իր ձիրքը.

Եւ չի՞ արդեօք եղել իր ողջունած հեռուն

Մի թիարան վատթար,- եւ այդ գիրքըՙ

Իր արիւնով, սրտի իւրաքանչիւր նեարդով,

Իր վերջին ճիգով յօրինած

Չէ՞ արդեօք խեղճութեան ու սխալի արդիւնքՙ

Սերունդների երթին ի վնաս...

Եւ մեծ բանաստեղծն իր այս նոր կեցուածքի մէջ նո՛յնքան անկեղծ էր, որքանՙ նախորդի, երբ հաւատի նաւը դեռ ոչ մի ճեղքուածք չունէր: Ահա Չարենցի այս վարանոտ շրջադա՛րձն է, որ արդէն անվարան շարունակեց ու խորացրեց Սեւակը: Նա հաւատարիմ եղաւ իր նախորդի ուղենշային սկզբունքին («ժամանակիդ շունչը դարձիր») եւ ճիշտ այդ պատճառով է, որ չեղաւ Չարենց: Այն, ինչ իր նախորդի բանաստեղծութեան մէջ դեռ նոր սկիզբ առնող շրջադարձ էր, Սեւակի արուեստում դարձաւ հիմնական: Նա հասկացաւ, թէ Չարենցին ո՛ր կէտից պէտք է շարունակելՙ ժամանակին եւ ինքն իրեն հաւատարիմ մնալու համար: Նա հասկացաւ, որ ան- հրաժեշտ է լինել դարի դէմՙ յանուն դարի եւ, ինչպէս ինքն է ասումՙ «չլինել ժամանակավրէպ, բայց եւ չաշխատել ժամավճարով»:

Պարոյր Սեւակի չափածոն հասարակական գիտակցութեան մի որոշակի աստիճանի արդիւնք է: Նա բանաստեղծական կրքոտ խօսքի վերածեց այն, ինչ թէեւ առկայծում էր հասարակական գիտակցութեան մէջ, բայց որոշակիօրէն չէր ձեւաւորուել եւ չէր ստացել յստակ արտայայտութիւն: Կար մի ստուար խաւ, որ բանաստեղծութիւնից ունեցած ակնկալիքների ու գեղարուեստական ճաշակի առումով ակնյայտօրէն առաջ էր անցել մեր չափածոյի առկայ իրացումներից: Սեւակը կարողացաւ հաւասարակշռութիւն ստեղծել դրանց միջեւ: Եւ ամենակարեւորըՙ նա բանաստեղծութիւն դարձրեց մտածող մարդկանց թաքուն խոհերը, կասկածները, որոնումը, հասարակական կացութեան ու ընդունուած ճշմարտութիւնների նկատմամբ նրանց հոգեբանական հակազդեցութիւնն ու դիր- քորոշումը, որոնք պատմականօրէն նոր էին:

Անհատի պաշտամունքից յետոյ հասարակութեան մտայնութեան մէջ լուրջ տեղաշարժեր էին կատարուել, մարդիկ սկսել էին մտածել այնպիսի բաներ, որոնք պատրաստի կաղապարներով առաջնորդուողների մտքից էլ չէին կարող անցնել: Սեւակը լեզու տուեց մարդկանց հոգեբանութեան մէջ տեղի ունեցող այս խուլ խլրտումին, այն վերածեց չափածոյ խօսքի: Նա քերթութեան դռները բացեց կեանքի նոր հովերի առջեւ, մինչ այդ աննախադէպ տարողութեամբ եւ ուժով կլանեց կեանքի բերած նոր երեւոյթները եւ տեղատւութիւն ապրած մեր բանաստեղծութիւնը մեծապէս մօտեցրեց կենդանի իրականութեան ափերին:

Սեւակի քնարերգութեան մէջ նոյնիսկ այնպիսի «անմեղ» մի թեմա, ինչպիսին սէրն է, առնչւում է հասարակական ընդհանուր մթնոլորտի փոփոխութեան հետ եւ իւրովի մարմնաւորում, հաստատում է այն նոր ճշմարտութիւնը, որի մասին խօսուեց քիչ առաջ: Սիրերգութեան մէջ երկու տարբեր ժամանակաշրջանների անդրադարձումը կարելի է յստակօրէն տեսնել բանաստեղծի «Անհաշտ մտերմութիւն» եւ «Ուշացած իմ սէր» պոէմները համեմատելու պարագային, որոնցից առաջինի մէջ սիրոյ թեման միայն կողմնակիօրէն է շօշափւում, իսկ երկրորդի մէջ հիմնական առանցք է: Այս գործերը թէեւ գրուած են մէկը միւսից անմիջապէս յետոյ (առաջինըՙ 1947-52-ին, իսկ երկրորդըՙ 1952-53-ին), բայց, ըստ էութեան, դրանց բաժանում է մի ամբողջ պատմական սահմանագիծ: «Անհաշտ մտերմութիւն»ում սէրը, ինչպէս նաեւ մարդկային միւս զգացմունքները խեղդուած են արհեստական մտահոգութիւնների ու խանդավառութիւնների հեղեղի մէջ, վերածուած անկենդան զարդի, իսկ «Ուշացած իմ սէր» երկում սիրոյ բնական զգացմունքն է դառնում չափանիշՙ մերժելու համար կեանքի բնական ընթացքը, անհատի ճակատագիրը տնօրինել յաւակնող շինծու կաղապարները: Մի երկումՙ պատրաստի, դրսեկ «ճշմարտությունների» կրկնություն, միւսումՙ մարդու համահարթուած, դիմազրկուած պաշտօնական «տիպարի» հերքում եւ մարդու իրական հոգսերի արծարծում: Մէկումՙ դրօշների փայլ ու ծափերի հեղեղ, միւսումՙ դրանցով ծածկուած ու խլացուած մարդկային հոգսը տեսնելու եւ մարդու սրտի զարկն ունկնդրելու ձգտում...

Սեւակն իր գրականութեան բոլոր հիմնական թեմաներով հարւածում է նոյն «թիրախին»: Սակայն նա գտաւ ոչ միայն թիրախը, այլեւ այն խոցելու հիմնական եղանակը: Այլասացութիւնն դա, որն իբրեւ արտայայտչաձեւ թէեւ նորութիւն չէ գրականութեան մէջ, բայց ժամանակի պահանջով Սեւակի գործերում ստացաւ մի նոր հնչողութիւն: Այն դարձաւ գրողի գեղարուեստական մտածողութեան կարեւոր իւրայատկութիւններից մէկը, կրեց նրա ասելիքի թերեւս հիմնական ծանրութիւնը: Այնպէս որ, խօսել սեւակեան այլասացութեան մասինՙ նշանակում է խօսել նաեւ նրա արուեստի ձեւի, բովանդակութեան եւ ապրած ժամանակի մասին:

Այլասացութիւնը շեշտուածօրէն ի յայտ է եկել բանաստեղծի երկու կարեւոր գրքերումՙ «Մարդը ափի մէջ» եւ «Եղիցի լոյս», որոնցում նա ուղղակի «բացուելուց» աւելի նախընտրում է ակնարկելու, ընթերցողին յուշելու սկզբունքը: Օրինակ, «Մարդը ափի մէջ» գրքին մաս կազմող համանուն գլխաւոր շարքի հիմնական ասելիքը դրուած է այլասացական այսպիսի պատկերների մէջ. բանաստեղծն ատում է «ցածր առաստաղից» առաջացող «կուզիկութիւնը», չի յարգում նրանց, «ովքեր մեռածին քնած են կարծում», վիճում է այն նուագի հետ, որ «բոլորին զզուացրել, բայց եւ այնպէս չի դադարում», խոստանում է «բաց ճակատով զուր չխփուել հաստ պատերին», որովհետեւ «էլի պատը կը մնայ պատ, կը պակասի մի լաւ ճակատ» եւ այլն:

Սեւակի այսպիսի տողերը յաճախ բազմիմաստ կարող են հնչել եւ ընկալուել, սակայն բանաստեղծը ցանկացել է, որ ընթերցողը տեսնի մէկ իմաստՙ իր բուն ասելիքը: Ահա գրող-ընթերցող հոգեբանական այս կապի յոյսով, այս լռելյայն փոխհասկացողութեանը վստահելո՛վ է, որ Սեւակը գրել է իր այսօրինակ տողերը: Դրանք ըստ էութեան ոչ թէ հեղինակային մենախօսութիւններ են, այլ երկխօսութիւններՙ ընթերցողի հետ: Հետեւաբար այսօրուայ ու վաղուայ ընթերցողը պարտաւոր է հոգեբանական երկխօսութեան մէջ լինել բանաստեղծի ու նրա ապրած ժամանակի հետ, ի նկատի ունենալ, թէ Սեւակը ի՛նչը կարող էր էական համարել եւ շեշտելՙ իր ակնարկող տողերի միջոցով: Սեւակեան այլասացութիւնը լիարժէքօրէն կարելի է կարդալ-ըմբռնել ոչ թէ տուեալ բանաստեղծութեան սահմաններում, այլ ամբողջ շարքի, գրքի, աւելինՙ նո՛յնիսկ պատմական, հասարակական-հոգեբանական լայն չափումների մէջ: Այսինքնՙ բուն իմաստը գրութեան մէջ ակնարկւում է, եւ միայն գրութեան մէջ ու գրութիւնից դուրս եղածի միացումով է այն լիահունչ դառնում:

Կարծում ենք, այլասացութիւնը յստակօրէն չընկալելն էր հիմնական պատճառներից մէկը, որ «Մարդը ափի մէջ» գիրքը լոյս տեսնելու օրերի՛ն մանաւանդ, ընթերցողների մի ստուար խաւ, որոշ քննադատներ թերացան Սեւակի արուեստի մեկնաբանման եւ արժեւորման մէջ: Այլասացութիւնն անտեսելու պարագային չի ընկալուի բանաստեղծի ասելիքի ուղղուածութիւնը, նրա բերած քաղաքացիական լիցքի ամբողջ նոր որակը, եւ Սեւակի չափածոն կը թուայ խրթին, հանելուկային, չոր ու ցամաք թուաբանութիւն:

Այլասացութիւնը մի ուրոյն դրսեւորում էլ ունեցաւ «Եւ այր միՙ Մաշտոց անուն...» լայնակտաւ երկում: Բանաստեղծն այստեղ խօսում է հեռաւոր անցեալիՙ մաշտոցեան ժամանակաշրջանի մասին, սակայն անցեալը այնպէ՛ս է պահում իր հայեացքի կիզակէտում, որ արտացոլքը լոյս սփռի նաեւ ի՛ր ապրած ժամանակի վրայ.

Մե՛ր հողի վրայ,

Մե՛ր երկնքի տակ

Մենք դարձել էինք օտարի գաղութ:

Նոյնիսկ մեր հօրը երկրպագելու

Եւ կամ թէ որդուն պագելու համար

Այլ արքունիքից պիտի խնդրէինք մենք թոյլտւութիւն...

Եւ այս ամէնի՛ց, այսքանի՛ց յետոյ

Իրաւունք չկար մինչեւ իսկ...լալու:

«Եղիցի լոյս»ում Սեւակը շարունակեց եւ աւելի խորացրեց իր ձեռք բերած նոր որակը: Այլասացութիւնն այս եւ նախորդ գրքում ի յայտ է բերում ներքին հարազատութիւնՙ ուղղուածութեան եւ ընթերցողի հետ իւրայատուկ հոգեբանական կապի առումով: Սակայն նկատելի են նաեւ տարբերութիւններ: «Եղիցի լոյս»ում չկայ նախորդ շարքի կառուցուածքային փոքր-ինչ միօրինակ դարձած այն տեսակը, որը յատկանշւում է բայական վերնագրերի ու նոյնահանգ բառերի կուտակմամբ, որի պատճառով աչքի էր զարնում արտաքին- հնչիւնային կողմը: «Եղիցի լոյս»ում գրողն աւելի վստահել է գործերի ներքին, իմաստային տուեալներին.

Փչեցէ՛ք նրանց բոլոր մոմերը,

Մարեցէ՛ք նրանց կանթեղներն ամէն,

Հանգցրէ՛ք նրանց ջահերն այլազան,

Որ... Եղիցի լո՜յս:

Վերացարկելով կարելի է ասել, որ «Եղիցի լոյս»ում (այս վերնագիրը եւս այլասացութիւն է) Լոյսի ու Խաւարի այլասացութեան խորքն անսպառ է, այն կարող է խորհրդանշել մարդկային երազանքի եւ իրականութեան, յոյսի ու վհատութեան, բարու եւ չարի, կեանքի ու մահուան եւ այլ յաւերժական հակադրամիասնութիւններ:

Սակայն շեշտե՛նք. սեւակեան այլասացական պատկերն իր հիմքում վերացական ու բազմիմաստ չէ: Սեւակի խօսքն ունի որոշակի հասցէ եւ ուղղուածութիւն: Այն բանաստեղծի ուղղակի հակազդեցութիւնն է իր եւ իր ազգի ապրած յայտնի մի ժամանակաշրջանի դէմ, իւրօրինակ մի պոռթկու՛մՙ իր հոգուն ամէն օր ծանրացող կաղապարների դէմ: Այստեղի՛ց է գալիս սեւակեան չափածոյի կի՛րքը, շիկացած տարե՛րքը, որ կարծես պիտի պայթեցնի այլասացական ձեւի պայմանականութիւնը, պիտի ճեղքի այլախօսութեան թափանցիկ դարձած քօղը:

Պատկերի այլասացական ձեւն այլընտրանք չունէր. այն, ինչ ասում էր Սեւակըՙ հնարաւոր էր ասել միայն անուղղակիօրէն: Ժամանակը պայմանաւորում էր ոչ միայն թեման, այլեւ դրա գեղարուեստական փոխակերպման հիմնական եղանակը:

Եւ պարտաւոր ենք նշել, որ Սեւակը գրեթէ միայնակ էր իր այս խիզախման մէջ...

Լոս Անջելես

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.