AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 21-03-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-03-20 21:04:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2356, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԸ ԵՎ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Արտաշես ԱԲԵԼՅԱՆ

1922 թվականի խորհրդահայ ուղղագրական «բարեփոխությունը» մեր հանրային-մշակութային կյանքի ամենացավոտ հարցերից մեկն է: Այդ մասին ասվել ու գրվել է նոր ուղղագրության ընդունման առաջին իսկ օրերից:

Նոր ուղղագրությունը մերժողները այդ հարցում մեծ տեղ են հատկացնում մեծավաստակ գիտնական Մանուկ Աբեղյանին, իրենց մերժումի եւ ժխտողական վերաբերմունքի մեջ մեծ գիտնականի հանդեպ հասնելով աններելի ծայրահեղության: Նույնիսկ Ավետիք Իսահակյանը 1924 թվականի նոյեմբերի 12-ին Մարտիրոս Սարյանին ուղղված նամակում ծանր խոսքեր է ասում Մանուկ Աբեղյանի հասցեին: Ցավոք, մեծանուն հայագետի հանդեպ նման վերաբերմունքը ավանդական ուղղագրության ջատագովների կողմից, համենայն դեպսՙ շատերի կողմից, շարունակվում է մինչեւ օրս: Սա, առնվազն, արդարացի չէ: Անկարելի է մտածել, որ ամենամեծ հայագետը, հայ գրական-գիտական մշակույթի մեծագույն դեմքը, հայագիտության իրո՛ք վիթխարի կաղնին, որի վաստակն ավելին է, քան տասնյակ ու տասնյակ այլոց արածըՙ միասին վերցրած, որի գիտական մակարդակը մինչեւ այսօր ոչ ոք չի գերազանցել, այն անձնավորությունը, որ մերժել է թարգմանել Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակը այն պատճառաբանությամբ, որ այնտեղ հայկական դպրոցները փակած ցարական իշխանության, ռուս ցարերի հանդեպ ջատագովություն կա, ով իր հետ ռուսերեն խոսող բոլոր հայերին պատասխանում էր միայն հայերեն եւ պահանջում էր իր հետ խոսել միայն հայերեն (տես Ստեփան Զորյանի հուշերը), հանկարծ քայլ է անում, որ ուղղված է հայության եւ հայ մշակույթի դեմ: Այսպես մտածելը քիչ է ասել, թե անլուրջ մոտեցում է, ավելինՙ ուղղակի անհեթեթություն է: Կարծում եմ, որ դա կապվում է հարցի պատմությունը եւ այդ հարցում Մանուկ Աբեղյանի դիրքորոշումը չիմանալու կամ սխալ պատկերացնելու հետ:

1955 թվականին Բոստոնի «Հայրենիք» ամսագրում տպագրվում է հայագետ, թարգմանիչ, մանկավարժ եւ հանրային գործիչ Արտաշես Աբեղյանի (1878-1955) «Մանուկ Աբեղյան» խորագրով ընդարձակ հոդվածաշարը, ուր հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է մեծ գիտնականի կյանքը, գործն ու վաստակը: Արտաշես Աբեղյանը բարձրագույն կրթությունը ստացել է Լայպցիգի, Բեռլինի եւ Մարբուրգի համալսարաններում: Մարբուրգի համալսարանում էլ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Երկար տարիներ (1905-1919) եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, պաշտոնավարել է նաեւ Հովնանյան օրիորդաց միջնակարգ վարժարանում եւ պետական գիմնազիաներում: 1905 թվականից էլ աշխատակցել է հայ մամուլին: 1919-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ:

1921 թվականին եղել է Պոլսում, 1922-ին հաստատվել է Բեռլինում, ուր երկար տարիներ վարել է դասախոսական աշխատանք:

Զուգահեռաբար զբաղվել է գրական-հետազոտական աշխատանքովՙ մամուլի էջերում եւ զանազան հանդեսներում տպագրելով բազմաթիվ հոդվածներ եւ ուսումնասիրություններ:

Դրանցից մեկն էլ «Հայրենիք»-ում տպագրված «Մանուկ Աբեղյան» ուսումնասիրությունն է: Այս աշխատության մի հատվածում Արտաշես Աբեղյանը հանգամանորեն ներկայացնում է արդի հայերենի ուղղագրության բարեփոխման հարցի պատմությունը եւ Մանուկ Աբեղյանի վերաբերմունքը այդ հարցի հանդեպ: Շատ ուսանելի եւ խրատական պատմություն է: Կարծում եմ, որ աշխատության այդ հատվածը շատ հետաքրքրական կլինի մեր ընթերցողի համար ոչ միայն տեղեկատվական իմաստով, այլեւ ուղղագրության խնդրի հանդեպ մեծ գիտնականի իրական վերաբերմունքը տեսնելու, հասկանալու եւ գնահատելու առումով:

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ


Այժմ անցնենք ուղղագրական այն խոցոտ նորամուծութեան, որ 1922-ին բռնադատուեց Հայաստանում: Խօսքը վերաբերում է Խորհրդահայ ուղղագրութեան , որ, գիտակցաբար թէ անգիտակցաբար, բայց միշտ էլ անարդարօրէն մարդիկ կապել ուզեցին Մանուկ Աբեղեանի անուան հետ: Խնդիրն ունի իր նախապատմութիւնը, որի ծանօթութիւնը շատ բան կը պարզէ մեր առաջ:

Տեսանք արդէն, որ հայ լեզուի եւ քերականութեան ուսումնասիրութեան գործին իր ամբողջ կեանքը նուիրած Մանուկ Աբեղեանը, մինչ այդ, մէկից աւելի աշխատութիւններ էր յօրինել հայոց լեզուի ուղղագրութեան մասին: Միշտ եւ հանապազ մտահոգութեան միակ առարկան ունենալովՙ այն դիւրացնել հայ մանուկների եւ գրասէրների համար: Անյողդողդ հիմ ունենալով սակայն մեր աւանդական կամ պատմական ուղղագրութեան օրէնքները :

Այդ վիճակի մէջ էր ահա մեր լեզուի ուղղագրութեան խնդիրն առաջին մեծ պատերազմի նախօրէին: Փոքր չէր ընդհանուր մտահոգութիւնը: Եւ երբ 1913-ին Թարգմանչաց տօնի համար որոշուեց կազմակերպել Էջմիածնում Հայ գրերի գիւտի 1500-ամեակի եւ Հայկական տպագրութեան 400-ամեակի զոյգ մեծ յոբելեանը , հովանաւորութեամբ Գէորգ Ե. Կաթողիկոսի եւ ընդհանուր ղեկավարութեամբ Յոբելինական Յանձնաժողովի , այս վերջինի պատրաստած ծրագրի կէտերից մէկն էր կազմում ուղղագրութեան խնդիրը:

Յոբել. Յանձնաժողովի նախագահն էրՙ ծանօթ հայագէտ եւ բանասէր Գալուստ Տէր-Մկրտչեանը (Միաբան), իսկ քարտուղարըՙ Գէորգ վարդապետ Չէօրէքչեանը, հետագային Կաթողիկոս Ամենայն Հայոց:

Յոբել. Յանձնաժողովի որոշմամբ վերջինիս կողմից, մեր ուղղագրութեան վերաբերեալ մի «կոչ եւ ծրագիր» է մշակումՙ նախապէս նրա անդամ Մանուկ Աբեղեանը: Եւ Յոբել. Յանձնաժողովն այդ կոչը եւ ծրագիրը, որ պարունակում էր ուղղագրութեան քննելի հարցեր, մի առ մի, առաջուց ուղարկում է մասնագէտ եւ կարող մարդկանց ի քննութիւն, խնդրելով յայտնել տեսակէտներ այդ ամենի մասին, անձամբ կամ գրաւոր կերպով: «Նկատի ունենալով անհրաժեշտութիւնը մեր ուղղագրութեան միակերպութեան»: Թէ արդեօք «պէ՞տք է եւ կարելի՞ է» նրանում «փոփոխութիւններ մտցնել»: Եթէ այոՙ ի՞նչ չափով: Յայտնելով միեւնոյն ժամանակ, թէ յառաջիկայ յոբել. հանդէսին յատուկ խորհրդակցութիւն տեղի պիտի ունենայ այդ հարցի շուրջը: («Արարատ» ամսագիր, 1913 թ. Օգոստ.-Սեպտ.: Ստորագրութիւններ Յոբել. Յանձ.ի նախագահի եւ քարտուղարի): Այս ամէնըՙ կարգ ու կանոնով, ի հարկէ:

Յոբել. հանդէսներին տեղի են ունենում մի շարք խորհրդակցութիւններ, այլեւՙ դասախօսութիւններ զանազան հարցերի շուրջ: Եւ Հոկտեմբեր 14-ին, «Օր Ուղղագրութեան», ինչպէս գրում է «Արարատ»ի աշխատակիցը (1913 թ. Հոկտ. թիւը, «Յաւելուած»), Մանուկ Աբեղեանը կարդում է իր պատրաստած դասախօսութիւնըՙ «ցոյց տալով մի ընդհանուր ուղղագրութիւն ունենալու անհրաժեշտութիւնը արեւելեան եւ արեւմտեան հայերի մէջ» : Ու մանրամասն կերպով նա յիշատակում է, թէ «ի՞նչ փոփոխութիւններ կարելի է մտցնել մեր ուղղագրութեան մէջ, որ բառերի պատկերներն առհասարակ աննշան փոփոխութիւն կրեն»: Իրենց կարծիքներն ուղարկած են լինում ի թիւս ուրիշների նաեւ Պրոֆեսորներ Մէյէ՛ (Փարիզ) եւ Մառ (Պետերբուրգ) հայագէտները: Ներկայ է լինում ե՛ւ Ստեփան Մալխասեանցը:

Երեկոյեան տեղի է ունենում, նեղ շրջանակում, հայագէտների խորհդակցութիւն: Ու որոշւում է դիմել Վեհ. Հայրապետինՙ «հրաւիրել Ս. Էջմիածին հայագէտներ զանազան կողմերից, որոնք ե՛ւ կը լուծեն այն ծանր խնդիրը»: Այսչափը եւ մինչեւ այստեղՙ «Արարատ»ի թղթակից-աշխատակիցը: (Նոյն թիւ): Արտակարգՙ դարձեալ ոչինչ:

Ի՞նչ է ասել Մ. Աբեղեանը իր ընդարձակ դասախօսութեան մէջ, որ ժամանակին ամբողջապես տպուել է Էջմիածնի- որ նշանակում էՙ դպրոցական բարձր իշխանութեան- պաշտօնական օրգանում («Արարատ», 1913, Նոյ. եւ Դեկտ.): Նա շեշտել է անմիջապէս եւ յետոյ բազմիցս կրկնել հետեւեալ միտքը. «Հէնց սկզբից պիտի ասեմ, որ եթէ որեւէ փոփոխութիւն պէտք է մեր ուղղագրութեան մէջ աւելի խառն դրութիւն մտցնի եւ մեր գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, ԱՒԵԼԻ ԼԱՎ Է ՈՐ ՉԼԻՆԻ: Այդ պատճառով այս խնդրին պէտք է շատ զգուշութեամբ մօտենալ»:

Ու գալիս են իր հիմնաւորումները: Շատերից մի երկուսն առաջ բերենք այստեղ:

«Եթէ չլինէր գրաբարի ուղղագրւթիւնը, մենք դժուար թէ ունենայինք մեր արդի գրական լեզուն, եւ մեր երկու աշխարհաբարներն այնքան հեռու կը լինէին իրարու, որ կը կարդայինք, բայց դժուար կը հասկանայինքՙ առանց առաջուց առանձնապէս սովորած լինելու»: (Բնագրում անհասկանալի նախադասություն- խմբ.): «Մի անգամ ընդմիշտ պիտի հրաժարուել ուղղագրութեան մէջ հիմնական փոփոխութիւններ մտցնելու ամէն ծայրայեղ մտքից»:

«Ծայրայեղութեան մէջ են ընկնում», շարունակում է դասախօսը, «նաեւ փոփոխութեան հակառակորդները»: Բայց որովհետեւ «բաղաձայների արտասանութիւնը խիստ տարբեր է» (արեւմտահայ եւ արեւելահայ աշխարհաբարում), «ուստի մի անգամ ընդ միշտ պիտի հրաժարուել բաղաձայների գրութեան մէջ փոփոխութիւն մտնցելու առաջարկից: Բաղաձայների հին ուղղագրութիւնն անձեռնմխելի պիտի մնայ» : Նմանապէսՙ «երկբարբառների գրութեան մէջ փոփոխութիւն մտցնել ես այժմ հնարաւոր չեմ համարում»:

«Հնարաւոր է միայն մասնակի փոփոխութիւններ մտցնել մեր ուղղագրութեան մէջ, այն էլՙ միայն ձայնաւորների գրութեան մէջ եւ այն դէպքերում, երբ կայ ընդհանուր գրական արտասանութիւն դրանց համար... Մեր երկու գրական լեզուների մէջ ձայնաւորներն ընդհանրապէս միակերպ են արտասանւում եւ այս ընդհանուր կէտում միայն հնարաւոր է ուղղագրութեան մէջ փոփոխութիւն մտցնել»: Սրանով մէկտեղՙ «երբեք կարելի չէ ցանկալ, որ կատարւելիք մի քանի մասնակի փոփոխութիւնները, ԵԹԷ պիտի լինեն, միանգամից, յանկարծ տեղի ունենան, այլ դա պիտի լինի հետզհետէ, աստիճանաբար» միայն, «որոշ սիստեմով» :

Ահա, նախ եւ առաջ, մի շարք բառեր , որոնք կրկին գրութիւն ունին. թանգ-թանկ, գունդ-գունտ, բանդ-բանտ, երբեք-երբէք, վախճան-վաղճան, եւն.:

Եւ յետոյ: Մեր լեզուի վեց ձայնաւոր հնչիւններից երեքը, շարունակում էՙ Մ. Աբեղեան, «ոչ մի դժուարութիւն չեն ներկայացնում - ա, ը, ի, որովհետեւ դրանց համար միայն մի-մի նշանագիր կան: Հնչական գրութիւնն, ուրեմն, դրանց համար կատարեալ է»: Իսկ «մնացած երեք ձայնաւորների համար կան հինգ տառ - ե, է, ո, օ, ո, այլեւ վեցերորդ, ու , «որ նշանագիր է պարզ ու ձայնաւորի» (հնչիւնի): Հետեւում են ձայնաւորների քննութիւնը եւ առաջարկը հնարաւոր փոփոխութեանՙ դրանց ուղղագրութեան մէջ:

1. «Բառերի սկզբում կարելի չէ օ-ի տեղ ո գրել»: Բայց, «պահելով բառասկզբի օ-երը, ոչ մի արգելք չեմ գտնում բառերի մէջ օ-ի տեղ ո գրել» (նաեւ օտար բառերում):

2. «Կարելի՞ է արդեօք է տառը դուրս ձգել եւ պահել միայն ե: Իմ կարծիքովՙ այժմ կարելի չէ այդ անել»: Առաջարկՙ է-ն պահել բառերի վերջում, բառերի սկիզբը, այլեւ բառերի մէջը, փակ վանկերում, երբ այդ է-ն փոխւում է ի-ի, նաեւ բառերի սկիզբը եւ մէջըՙ ա, ի, ո, ու ձայնաւորներից առաջ: Մնացած դէպքերում ե:

3. վ, ու, ւ: Քանի որ, ասում է դասախօսը, արեւմտահայ արտասանութեամբ ու -ն ձայնաւորից առաջ վ չի արտասանւում (օր. Աստուած), այլ մի տարբեր հնչիւնով (ու, ւ), ուստի ինքը կարելի չի համարում որեւէ փոփոխութեան առաջարկ անել, «մինչեւ ճշտութեամբ չպարզուի այս խնդիրը»: Բոլոր պարագաների տակՙ «այնտեղ միայն հնարաւոր է ուղղագրութեան մէջ փոփոխութիւն մտցնել, ուր երկու գրական լեզուներն եւս ունեն մի ընդհանո՛ւր արտասանութիւն: «Այս մասին պիտի խօսեն արեւմտեան գրական լեզուի մարդիկ»: Ուստի, «ես ոչ մի նոր առաջարկ չեմ անում, բայց եթէ այն, որ պէտք է հաշտուել թէպէտ սխալ, բայց կատարուած եւ կատարուող իրողութեան հետ, եթէ մենք չենք կարող այդ սխալի առաջն առնել»: (Խօսքը վերաբերում է Ղ. Աղայեանի ւ-ագրութեան):

4. «Գրական արտասանութեան տեսակէտից ոչ մի արգելք չկայ բառասկզբի յ-երը վերածելու հ տառի: Այս փոփոխութիւնը, սակայն, ես համարում եմ մի երկրորդ աստիճանի փոփոխութիւն, որ կարելի չէ այժմ անել : Դրանով մի քանի բառերի պատկերները շատ կը փոխուէին, ինչպէսՙ հոդ (= յօդ), հոժար (= յօժար) եւն: Իսկ բառավերջի անձայն յ -երը դուրս ձգել. ծառա, եւն: Ինչպէս գրւում է արդէնՙ Սառա, Աննա, սա, դա, նա, եւն» եւ ինչպէս գրում են առհասարակ մի քանի հեղինակներ (Լ. Շանթ, «Հին աստուածներ» եւ ուրիշներ):

Այս առաջարկներն անելով հանդերձՙ Մանուկ Աբեղեանը շեշտում է հէնց սկզբից (եւ այնուհետեւ կրկնում շարունակ). «առաջուց պիտի ասեմ, որ ինչ որ ես առաջարկում եմ իբրեւ հնարաւոր փոփոխութիւն, դա լոկ ակադեմական քննութիւն է եւ ո՛չ ինձ եւ ոչ էլ ուրիշների համար իրաւունք չեմ համարում իմ հնարաւոր համարած փոփոխութիւնները գործադրելու» :

Եզրակացութիւն. «Ես միայն մի բան կարող եմ ասել: Մեզնից ամէն մէկն էլ, ինչքան կ"ուզէ, թող խորհի ու գրի մեր ուղղագրութեան մասին, բայց երբեք իրեն չհամարի մի ակադեմիայի հաւասար, եւ ինչ որ ինքը մտածում է ու ճիշտ է համարում, երբեք իրաւունք չունի անմիջապէս գործադրելու... Մեր ամէնՙ իրենց մի մի ակադեմիա կարծող անհատների փոփոխութիւններին ուրիշ բան չի մնում վիճակուած, բայց եթէ մի նոր խառնափնթոր դրութիւն մտցնել մեր ուղղագրութեան մէջ»:

Ուստի, մինչեւ մի նոր ու հեղինակաւոր խորհրդակցութիւն կազմելը, մի տեսակ ակադեմիա, «ձեռք պիտի քաշել ամէն հին ու նոր փոփոխութիւններից եւ դառնալ աւանդական ուղղագրութեան: Այդ է ուղիղ ճանապարհը»:

Իւրաքանչիւր գիտնականի կատարեալ իրաւունքն էՙ իր տեսակէտները պատշաճ կերպով պարզել այս կամ այն հարցի շուրջը եւ պաշտպանել: Մանուկ Աբեղեան այլ կերպ չէ վարուել: Աւելին. նա հարցն արծարծել է պաշտօնական վերին մարմինների յանձնարարութեամբ ու մասնագէտների խորհրդակցական ժողովում, առանց որեւէ առարկութեան հանդիպելու: Նա մնացել է զուտ տեսականի , ակադեմական քննութեան սահմաններում: Ինքը չէ՛ կիրարկել եւ ոչ մէկ կէտն արծարծուած չափաւոր փոփոխութիւնների: Դէ՛մ է արտայայտուել հակառակ ուղղութեամբ կատարուած եւ կատարուող քայլերինՙ սպասելով, որ հրաւիրուելիք իրաւասու եւ պատկան մի վերին մարմին որոշում տայ այդ մասին, անպայման մասնակցութեամբ եւ համաձայնութեամբ արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուների ներկայացուցիչների: Այլապէսՙ «ԱՒԵԼԻ ԼԱՒ Է ՈՐ ՈՉԻՆՉ ՉԼԻՆԻ» :

Ի՞նչ եղաւ այնուհետեւ: Վրայ հասաւ առաջին մեծ պատերազմը: Տեղի ունեցաւ հայկական ահռելի եղեռնը: Եւ, բնականաբար, չգումարուեց ծրագրուած խորհրդակցութիւնը հայ լեզուի ուղղագրութեան մասին: Վ-ագրութիւնը եւ ւ-ագրութիւնը շարունակեցին իրենց ճամբան, առանց աջ ու ձախ նայելու եւ մէկին կամ միւսին հարցնելու:

Իսկ ի՞նչ արաւ Մանուկ Աբեղեանը: Նա ինքնագլուխ կերպով որեւէ քայլ չի կատարեց: Շարունակեց գրել աւանդական ուղղագրութեամբ եւ ուսուցանել նոյնը:

Այնուհետե՞ւ: Բոլշեւիկեան յեղաշրջում Հայաստանում: Սկզբնապէս ու մասնակի ժողովներումՙ ուրիշների կողմից բերուած առաջարկներ ուղղագրութեան փոփոխութեան մասին: Մ. Աբեղեանըՙ դարձեալ դէ՛մ բոլորին: Այդ մենք գիտենք հաստատ:

Յետոյՙ խորհրդահայ կառավարութեան որոշումը- անպայման եւ միանգամից կիրարկե՛լ արմատական փոփոխութիւններ ուղղագրութեան մասին: Լեզուական մարզում եւս յեղափոխութեան վճիռ: Ու, ձեւի համար միայն, հրաւիրել մասնագէտների խորհրդակցութիւն, այն եւսՙ շատ նեղ ու սահմամանափակ շրջանակում, սոսկ տեղական ոյժերի մասնակցութեամբ: Օրուայ իշխանութիւնները պէ՛տք իսկ չեն համարել հրաւիրել արեւմտահայ ներկայացուցիչներ: Չէ կատարուել, ուրեմն, Մանուկ Աբեղեանի անհրաժեշտ դիտած ամենագլխաւոր եւ անառարկելի նախապայմանը: Չեն յարգուել նաեւ միւս նախապայմանները: Ուստի դէմ են արտայայտուել բոլորը, բնականաբար նաեւՙ Մանուկ Աբեղեանը: Բայց եւ այնպէս, բռնի կերպով եւ հակառակ ամենքի, 1922 թ. Հայաստանում պատրադրուել է ուղղագրութեան «յեղափոխական ռեֆորմը»:

Ու Մանուկ Աբեղեանին դարձրել են քաւութեան նոխազ ՙ չարաշահելո՛վ նրա բարոյական հմայքը եւ հեղինակաւոր դիրքը հայ լեզուի ու գրականութեան մարզում: «Մանուկ Աբեղեանի ուղղագրութիւնը»- ահա անգէտ կամ չարակամ որակումը ոմանց: Տալ չուզելո՛վ կամ չհամարձակելով բուն իսկ անունը հասցէատիրոջ, այսինքնՙ սովետական բռնատիրութեան, որ նենգութեան ու տմարդութեան հետՙ նաեւ ճարպիկութիւնն ունեցաւ Մանուկ Աբեղեանի անուան հետ կապելու այն: Աւելին դեռ: Պատասխանատու բոլշեւիկների խելապատակից դուրս վիժեց ե՛ւ մի առաջարկՙ առհասարակ «արխիւ նետել» մեսրոպեան տառերը եւ լատինականները որդեգրել նրանց փոխարէն: Ամենայն ինչ կատարեալ պիտի լինէր այն ժամանակ:

Յայտնի է այնուհետեւ պատմութիւնը: Կրաւորական դիմադրութիւն եւ ներքին դժգոհութիւնՙ երկրում: Բուռն բողոքներ եւ դիմադրութիւն արտասահմանի հայութեան մէջ: Եւ, անշուշտ, այդ ամենուն վերագրել պէտք է այն, որ իշխանութիւնը ընկրկեց 1940 թուին եւ գէթ մասնակի վերադարձ կատարեց դէպի մեր պատմական ուղղագրութիւնը: Գոհունակութեան մի թեթեւ զգացումՙ ամենքի եւ բոլորից առաջ Մանուկ Աբեղեանի համար:

«Հայրենիք» ամսագիր, 1955, փետրվար, թիվ 2, էջ 46-56

(կրճատումներով)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.