AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 21-03-2014



ՆՈՐ ԳՐՔԵՐ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-03-20 21:04:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1796, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ԲՆԱՇԽԱՐՀԻ ՋԵՐՄԵՌԱՆԴ ՍԻՐԱՀԱՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԸ

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սուրեն Հայրապետյանը ճանաչված նկարիչ, արձակագիր է, շնորհալի լրագրող: Նրա հեղինակությամբ լույս են տեսել բազմաթիվ գրքեր ու հոդվածներ: «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը 2013 թ. հրատարակել է նրա «Սիրո թեւերով» նոր գիրքըՙ 360 էջ ծավալով, 500 տպաքանակով: Հենց սկզբից նշեմ, որ Սուրեն Հայրապետյանի ստեղծագործությունների եւ նկարչական արվեստի աշխարհը հայրենի բնությունն էՙ իր բուսական ու կենդանական տարատեսակներով, բնաշխարհի նկատմամբ ունեցած անսահման սիրով ու հոգատարությամբ: Նա հոգու ամբողջ թելերով, խորունկ զգացումներով ձուլված է բնությանը, նրա զգլխիչ հմայքներին ու օրինաչափություններին: Անվերջ են բնության սիրահարի ու պաշտպանի որոնողական ուղին, բնության գաղտնիքների բացահայտման ձգտումները: « Ես ես ճախրում եմ ,- գրախոսվող գրքի «Հեղինակի խոսքը» (էջ 12) վերտառությամբ ինքնախոստումի մեջ գրում է հեղինակը, - հույզիս ու սիրուս թեւերին, քանի դեռ տանում են, տանում դեպի նոր ճանաչողություն, դեպի բնության մեջ, որպես արժանի զավակ, ինքնահաստատման ճամփաներ: Այդ ճամփաներով իմ լավ ընկերները, բնության մեծ նվիրյալներն են անցել, որոնց հիշատակի առջեւ գլուխ եմ խոնարհում» (ընդգծումն իմն է. Ռ.Դ.):

Միանգամայն իրավացի է գրքի խմբագիր, ճանաչված արձակագիր, նկարիչ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրյանը, երբ «Խմբագրի կողմից» վերնագրով բնութագրության մեջ (տե՛ս էջեր 4-9) նշում է. «Որսորդական պատմվածքներն ուրիշ են, այլ թեմաներ են, չհամեմատենք: Այն, ինչ ասում է Սուրենը, ոչ թե բնությունն է ուսումնասիրում, այլ կարծես հրաշք գավազանի մի հարվածով մտնում է բնությանՙ իրեն այնքան հարազատացած յուրաքանչյուր բզեզի, մեղվի, թիթեռի եւ այլոց կերպարի մեջ: Նրանց խոսեցնում, նրանց հետ մեզ էլ երկխոսության հրավիում, մեզ էլ նրանց ներաշխարհին հաղորդակից դարձնում» (էջ 5):

Եվ իրոք, անսահման բարությունն ու սերը բնության ամեն մի արարածի, ամեն մի երեւույթի, ամեն մի իրողության նկատմամբՙ Սուրեն Հայրապետյանի ինքնատիպ պատմվածքների ու նովելների, խորիմաստ ու հուզառատ նկարների էական, գլխավոր գիծն են: Գրախոսվող «Սիրո թեւերով» ժողովածուն դրա վառ ապացույցներից մեկն է:

«Սիրո թեւերով» խորագիրը կրող ժողովածուն ընդգրկում է 90-ից ավելի պատմվածքներ ու նովելներ, որոնք ընթերցվում են սիրով ու կլանված ուշադրությամբ: Բնության պահպանության գործի, շրջակա միջավայրի անաղարտության համար պայքարը ժողովածուի գլխավոր թեման է, որ շունչ ու կենդանություն է ստանում դեպքերի ու երեւույթների, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների փոխադարձ հարաբերությունների իրական, կենդանի նկարագրություններում: Այդ նկարագրություններն ավելի են հարստանում, առարկայական բովանդակություն ստանում, երբ դրանց զուգակցվում են հեղինակիՙ համապատասխան իրավիճակներում նկարահանած անզուգական պատկերներ, որոնք արտացոլում են տարբեր թռչունների որոշակի գործողություններնՙ իրենց ինքնատիպություններով ու բնաբուխ գեղեցկություններով: Իր մշտական շրջագայությունների ընթացքում հեղինակը կարողացել է «որսալ» հատկապես այն պահերը, երբ այս կամ այն թռչնատեսակը որոշակի դիրքում է, որոշակի գործողությունների ոլորտում: Հեղինակի ֆոտոհրացանիՙ նկարչական գործիքի նկարահանումներն արվեստի գործեր ենՙ իրենց գեղապատկերներով ու ինքնատիպ բովանդակությամբ: Դրանք ավելի ուշագրավ ու հետաքրքրական են դարձնում պատմվածքներն ու նովելները:

Մեկ-մեկ վերլուծել «Հունվարյան լոգանք», «Մերձեցման հրավեր», «Կանանց տոնի օրը», «Ասես աշխղեկ էի», «Ընկերովի զբոսանք», «Սերնդատվության բումը», «Մի անգամ Ողջաբերդում», «Մի օր Ծաղկաձորում», «Անգլիական այգում», «Գյումրիումՙ Հանրապետության տոնի օրը», «Սոճիների ծիծեռնապարտեզը» եւ այլ բնորոշ վերնագրերով ստեղծագործություններըՙ մեզ շատ հեռուն կտանի: Սուրեն Հայրապետյանի նկարագրումներն ու նկարահանումները պետք է կարդալ ու դիտարկել մեկտեղված, քննախույզ նպատակադրումներով: Այդ որակումները նրա ստեղծագործությունների յուրացման բնորոշ հատկանիշներն են: Բավական է կարդալ առաջին ստեղծագործությունը, որն արդեն մագնիսում է ընթերցողին եւ աստիճանաբար տանում գեղարվեստական մյուս գործերի ոլորտներըՙ մտասուզվելու բնության զարմանահրաշ գեղեցկությունների ու արարչագործությունների կախարդական աշխարհում: Մատնանշված մտքերի իմաստով Սուրեն Հայրապետյանի ստեղծագործություններն իրենց մեջ ամփոփում են դրական զորեղ լիցքեր, հսկայական էներգիա, որոնք փոխանցվում են ընթերցողին, լուսավորում նրա միտքն ու հոգին, հարստացնում նրա ներաշխարհըՙ տոգորելով կենսասիրությամբ եւ բնությունը, նրա կենդանական ու բուսական աշխարհն անաղարտ պահելու ու հարստացնելու ազնիվ մտահոգությամբ ու նվիրումով: Մինչդեռ մեր օրերի առանձին անբարո մարդիկ, ընչաքաղց օլիգարխներ ավերում ու թալանում են բնությունըՙ ահռելի վնաս պատճառելով մարդկությանը, բնաշխարհին:

Հեղինակի լեզուն պարզ է ու մաքուր, բայց ոչ պարզունակ: Սուրեն Հայրապետյանը կարողանում է երեւույթներն ու դեպքերը, գործողությունները ներկայացնել իրական հարաբերությունների ոլորտներումՙ հեռու մնալով հորինաբանություններից, շինծու մեկնաբանություններից, ավելորդ ու անտեղի դատումներից:

Վերջում հավելեմ, որ «Սիրո թեւերով» խորագիրը կրող ժողովածուն տպագրված է բարձր որակով ու ճաշակով: Այդ ժողովածուն, անտարակույս, հարստացնում է արդի հայ արձակագրությունըՙ իր արվեստի ինքնատիպությամբ, լեզվական պատկերավորման ու արտահայտչական միջոցների բազմազանությամբ, նյութերի խորիմաստ բովանդակությամբ, բնաշխարհի նկատմամբ ունեցած ազնիվ ու անապական սիրով, բնաշխարհն անաղարտ պահելու ու հարստացնելու խոր մտահոգությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.