AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-03-27 21:59:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1745, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԺՈՂՈՎԱԾՈՒՙ «13 ՊԻԵՍ»

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն անցյալ տարի կազմակերպել էր «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն, որի նպատակն էր խթանել ժամանակակից հայ թատերագրության զարգացմանը, ինչպես նաեւ այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերագրության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, նոր պիեսների բեմադրությանը:

Առաջին մրցանակային տեղին արժանացավ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» ստեղծագործությունը, երկրորդ տեղին` Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս» ստեղծագործությունը, երրորդին` Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակ» պիեսը: Սահմանված էին նաեւ երկու խրախուսական պարգեւներ` որոնց արժանացան Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելիկը, համակարգիչը» եւ Նուշիկ Ղազարյանր «Վաճառականներ» ստեղծագործությունները:

Իսկ ահա այսօր հաղթող պիեսներին գումարվել են մյուս լավագույնները, տպագրվել ու դարձել ժողովածու: «13 պիես» ժողովածուում տպված ստեղծագործություններում արծարծվում են ազգային եւ համամարդկային արժեքները, անհատի եւ ինքնության փնտրտուքը եւ մեր ժամանակի հերոսը թեմաները:

«13 պիես» ժողովածուում բացի վերոնշյալ պիեսներից ներառված են` Արտաշես Արամի «Պատերազմական քրոնիկոն», Գարեգին Գրիգորյանի «Բարի հրեշտակը կամ հեռացողները», Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա», Սամվել Կոսյանի «Եվ ձյունն է իջնում», Սուսաննա Հարությունյանի «Երկիր Նաիրի», Էլեոնորա Ներսիսյանի «Գերթրուդ», Արտաշես Շահբազյանի «Մենք կվերադառնանք», Անուշ Քոչարյանի «Ֆաուստ-ուտոպիա» ստեղծագործությունները:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանը «Ազգ»-ի հետ զրույցում անդրադառնալով ներկա ժամանակի հերոսին նշեց. «Ժամանակի հերոսը պետք է գիտակցի, որ կյանքն անցողիկ է եւ այս կյանքում միայն մի բանն է մնում` սերը դեպի երկիրն ու ժողովուրդը: Եթե այդ բոլորն ամփոփվի մի մարդու մեջ, ապա հենց նա էլ կդառնա մեր ժամանակի հերոսը: Եթե դու պինդ հողին կանգնած չես, աչքդ դուրսն է, անընդհատ կապկում ես ուրիշին, կրում ես զգեստ, որը հագովդ չէ, ոչ գույնն է քեզ սազում, ոչ էլ ձեւը, ապա այդ դեպքում ոչ թե չես կարող ժամանակի հերոս լինել, այլ` մեր երկրի բնակիչ: Բոլոր ստեղծագործողներին խնդրում եմ, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ դրամատուրգիային: Օրինակ այս գրքում տպագրված է 13 պիես եւ ես վիրավորված եմ, որ չկա ոչ մի կոմեդիա ու չեմ կարող ոչ մի պիես ընտրել ժողովածուից: Կոչ եմ անում գրողներին, որ ստեղծեն այնպիսի պիեսներ, որում մարդը կտեսնի իրեն, հարեւանին, բարեկամին: Պիեսը տանը չի գրվում, այլ` թատրոնում»:

Ե.Ղազանչյանը հարցով դիմեց դրամատուրգներին, թե քանի՞ անգամ են եղել մեր թատրոններում, ի՞նչ գիտեն թատրոնի մասին, դերասանի ու թատրոնի կյանքի մասին, ո՞ւմ են ճանաչում դերասաններից, ընկերություն անում, խմում, վիճում նրանց հետ, գիտե՞ն արդյոք թատրոնն ինչ է: Թատրոնը տան գրասեղանն ու լուսամփոփը չի, գրիչն ու թուղթը չի:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանն անդրադառնալով մրցույթին ասաց. «Մենք մեր մտքում այն համոզումն ունեինք, որ մեր հոգեւոր-կենսական տարածքներում թատրոնի ունեցած դերակատարությունն ու ժառանգությունը բացառիկ է: Հայ թատրոնն անգամ պետականության բացակայության ժամանակներում ինստիտուցիոնալ դեր է խաղացել: Մեր ժամանակներում, անկեղծությունն ու ճշմարտությունը հեռացած են իրականությունից, իսկ թատրոնը շարունակում է մնալ մարդու հետ խոսելու ամենաճշմարիտ տարածքը»:

Գրող Սամվել Խալաթյանի կարծիքով, մրցանակաբաշխությունը լիովին կատարեց իր առաքելությունը. «Մյուս ստեղծագործողների համեմատ` դրամատուրգներս բավականին անբախտ ենք, գրում ենք` կբեմադրվիՙ կբեմադրվի, չէ` մնաց գզրոցում: Չնայած, մյուս կողմից, պիես կարդալը մի քիչ դժվար գործ է, բայց գոնե մասնագետների սեղանին է հայտնվում: Երբ տարիներ առաջ իմ գիրքը տպագրվեց` ինձ թվաց` չի սպառվի, բայց լավ էլ սպառվեց»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորեց այս մրցանակաբաշխությունը, քանի որ, ըստ նրա, ստեղծվում է կապ գրականության եւ թատրոնի միջեւ. «Պատահական չէ, որ թատրոնի միջազգային օրվա նախաշեմին է տեղի ունենում այս իրադարձությունը: Այսօր մենք գրողին արժեւորում ենք ոչ միայն գրականության ոլորտում, այլեւ` որպես թատրոնի նախաստեղծող: Այսօր ստեղծվում է այն, ինչը վաղը պետք է նպաստի մեր թատրոնի զարգացմանը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.