AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014



ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-03-27 21:59:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1646, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՍԵՐՈ, ՍԵՐՈ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Ռոմեն ԿՈԶՄՈՅԱՆ

«Բեյրութ Ինտերնեշընըլ» հյուրանոցի նախասրահում նստած էր Եվգենի Պրիմակովը, որն այդ ժամանակ Մոսկվայում Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն էր եւ հաճախ էր լինում Միջին Արեւելքի երկրներում, հատկապես Բեյրութումՙ որպես կոնֆլիկտի կենտրոն:

Պրիմակովին ուղեկցում էին ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեից երկու հրահանգիչ, ազգությամբ ռուս տղաներ, որոնցից մեկըՙ Մատուսովը հայ իրականության հետ կապված մեկն էր, քանի որ Ալժիրում աշխատել էր լուսահոգի Էդվարդ Խոջայանի հետ ու նրա միջոցով ծանոթացել, մտերմացել նաեւ, հատկապես, Միջին Արեւելքում աշխատող հայ դիվանագետների հետ:

Օրերը հանգիստ էին, որեւէ բախում չէր նախատեսվում եւ դա էր պատճառը, որ Բեյրութ հրավիրվեց Սերո Խանզադյանը, որն ապրում էր Մոսկվայից ժամանած պատվիրակության հետ:

Պայմանավորված ժամին, վերելակի դռան առջեւ սպասում եմ Սերոյին եւ այդ պահին ինձ են մոտենում, միջին հասակի, երկու կին տոպրակներով ծանրաբեռնված եւ ասում.

Կուզեինք Վարպետին հետ երթալ (ու ձեռքով ցուց են տալիս ելքը, դիմացի մայթը, որ այդ տարիներին Բեյրութի ամենամեծՙ ծովափնյա Ռաուշե կոչվող շուկան էր), իր հետ «թաբլո» մը առնել:

Որքան էլ ինձ համարել ու համարում եմ Սփյուռքի գիտակ, այդ պահին չհասկացա, թե ինչ ըսել է «երթանք թաբլո մը առնենք»: Ինձ թվաց, թե ուզում են Սերոյին Ռաուշե տանել ու նրա համար մի նկար գնել, երթանքն էլ հասկացա ոչ թե հյուրանոցի մուտքը, ինչպես հետո պարզվեց, այլՙ շուկա:

Ասվածիս հասկացության տրամաբանությամբ էլ ես ասում եմ.

- Իսկ չի՞ լինի, որ առանց Վարպետի «թաբլոն» առնե՞ք:

Խոսակիցներս շփոթված ինձ են նայում.

- Ինչպե՞ս կըլլա:

- Ինչո՞ւ չըլլար, մտեք Ռաուշե, Ձեր ճաշակով մի «թաբլո» գնեք ու նվիրեք Վարպետին: Նա այդքան ժամանակ չունի շուկա գնալու:

Զարմացած, շվարած հայացքներ, լռություն ... ապա.

- Ռաուշեի պետքը չունինք, մենք հոս «թաբլոն» կառնենք ... ու ֆոտոխցիկը տեսնելուն պես, եսՙ բութս հասկացա, որ աղջիկները Սերոյի հետ նկարվիլ կուզեն:

Նկարվեցին, Սերոյին նվերներ տվեցին, որոնք Վարպետն ընդունեց ուրախությամբ, աղմուկով ու կատակներով:

Այդ ընթացքում մոսկովյան հյուրերը նայում են, խնդմնդում, ծիծաղի ձայն է լսվում, գուցե եւ Սերոյի հետ չկապված, իսկ վերջինս նստածների կողմը մի շանթող հայացք է նետում ու հերոսի նշանը կրծքին փակցրած, հպարտ-հպարտ դուրս գալիս փողոց ու հարցնում.

- Ռոմիկ ջան, էդ ո՞վ էր էդ լակոտը:

Էդ լակոտը դարձավ ՍՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ, Մինիստրների Խորհրդի նախագահ եւ այն մարդկանցից էր, որ հիրավի արժանի էր ղեկավար լինելու:

Տարիներ շարունակ նա անմիջական կապի մեջ էր, հատկապես, Յասեր Արաֆաթի հետ, որի պահակախումբը, երբ նստում էր դեսպանատան այգու տաղավարներից մեկում, 2-3 օր այդ տաղավարի կողքից անցնել չէր լինում ...

Որպեսզի ընթերցողը չկարծի, թե միայն Պրիմակովն էր լակոտ, հիշեմ, որ, հատկապես, հայերիս կողմից մեծագույն ջանքերով ու զոհերով ձեռք բերված ազատության օրերին, Սերոն լակոտ անվանեց նաեւ սովետների այն ժամանակվա Պրոֆմիությունների նախագահ Շալաեւին: Եթե վերջինս նման էր Պրիմակովին, ես կուզեի, որ այդպիսի լակոտներ իմ հայրենիքում եւս լինեին, որ հասկանային, թե ի՞նչ է նշանակում «մեր Ջերմուկը նավթից թանկ է...», դրանով ատոմակայանը կաշխատացնենք: (Անշուշտ, վերջին հանճարեղ միտքը տողերիս հեղինակինն է):

Ուրեմն, Սերո, Սերո մինչեւ վերջ, կասեր մեր առաջին Նախագահը, իսկ մենք Սերոյի հետ գնանք Այնճար, ուր մեկնեց մի հսկա ավտոշարասյուն, որին տեղաբնակներն ընդունեցին հավուր պատշաճի, աղ ու հացով: Սերոյի հետ հանդիպումն անցավ բացօթյա, լեփ-լեցուն ժողովուրդով, դպրոց եւ եկեղեցի այցելելուց հետո:

Քանի որ Այնճարը դաշնակցականների բերդն էր, ուրեմն Սերոյին տարան մի ցուցասրահ, ուր կուսակցության պատմությունն էրՙ զանազան ցուցանմուշներով, նկարներով ու, պարզ է, եռագույնով:

Մթնոլորտը լարված էր, հյուրընկալներն ամեն կերպ ցանկանում էին ցույց տալ դաշնակցության դերն ու տեղը, զանազան երկիմաստ արտահայտություններով ու ակնարկներով, որոնցից մեկը հիշարժան է:

- Վարպետ, գիտե՞ք, թե մայիսի 28-ն ինչ օր է:

Սերոն բեղերը ոլորեց եւ շատ արագ ու պատրաստակամ ասաց.

- Ագարակի կոմբինատի բացման օրն է:

Լռություն:

Սերոն, հարձակվող տոնով, դիմելով հարց տվողին.

- Դու դա գիտեի՞ր:

- Ոչ,- եղավ պատասխանը:

- Ուրեմն, իմացիր, որ առաջին հանրապետության օրը լինելով բացի, ամսի 28-ը Ագարա՛կի պղնձամոլիբդենա՛յին կոմբինա՛տի բացման օրն ա: Տեսա՞ր, որ ես քեզանից շատ բան գիտեմ:

Իրավիճակը փոխվեց, կարծես թե, լարվածությունն անցավ, իսկ երբ մենք բոլորս կանգնեցինք եռագույնի առջեւ եւ նկարվեցինք, մթնոլորտը դարձավ եղբայրական ու բարեկամական:

Ճառեր, երգեր, պարեր եւ, անշուշտ, օղի, որը Սերոյի տրամադրությունը բարձրացնելուց զատ, այլ բան չէր անում, չնայած քանակին:

Սերոյի Բեյրութում գտնված օրերին մի ընտանիք, որի անունը չեմ տալու, անընդհատ պտտվում էր նրա շուրջը, որպեսզի Երեւան վերադարձին Սերոն միջնորդի Բժշկական ինստիտուտից հեռացված իրենց զավակին վերականգնելու:

Սերոյին պատմեցի իրադրությունը եւ զգուշացրեցի, որ հյուրանոց վերադարձին, եթե իրեն ինչ որ մեկի տուն ընթրիքի գնալու հրավիրեն, թող հրաժարվի:

- Իհարկե, իհարկե, ոնց որ կասես, Ռոմիկ ջան:

Եվ, երբ մեքենայից իջանք, հյուրանոցի դռանը, ուր հրավիրողները մեզ էին սպասում, Սերոն բարձրաձայն, ինձ փնտրելով ասաց.

- Էն ո՞ւմ տունն էր, որ չպտի գնայինք, Ռոմիկ ջան:

Փափուկ վիճակը փրկեց լուսահոգի Շահեն (Արշո Թութունջյանի ամուսինը), որը, իբր, խմած Սերոյին քնելու տանելու պատրվակով, վերջինիս բարձրացրեց 618 սենյակ, ուր 2-3 ժամ նստեցինք եւ ի՞նչ էինք անում. երգում էինք ու արտասանում, ով ինչ գիտեր, Սերոն գերազանցեց բոլորիս ու վերջում 618-ն ի՞նչ թվական է, իր շնորհիվ իմացանք, որ Սբ Հռիփսիմե վանքի հիմնադրման թվականն է:

Երբ «Մխիթարը» վերջացրեցի, Ժյենը (կինն է) ասաց. Ադա, Սերո, դու չգիտե՞ս, որ մենք կուխնու մեբել չունենք: Ես էլ վերցրի ու 16 մամուլ ավելացրեցի:

Ռուսական եկեղեցու ՚ՔՍՈ-ի տանն ենք, դեսպանատան աշխատակիցներն են կանանց հետ, ֆուրշետ է, խոսում են, խմում, ծիծաղում ու նարդի խաղում, Սերոն շախով զառը նետում է ու մեկ-մեկ հարցնում, թե ով որտեղից է, ինչ ծագում ունի եւ լսելով թաթար, բելառուս, կալմիկ, ուկրաինացի եւ այլն, հայերեն կնոջս ասում է.

- Աիդա ջան, սրանց մեջ ամենահալալ ռուսը ես ու տյու ենք:

Սերոյին առոք-փառոք ճանապարհեցինք, Աէրոֆլոտի Տերենտեւը նրան նստեցրեց առաջին շարքի երեք տեղանոց նստարանինՙ իմ կնոջ ու մեկ այլ երիտասարդ տիկնոջ հարեւանությամբ:

Սերոն, պատմում է տիկինս, ոսկե աստղը կրծքին, ժամանակ առ ժամանակ կանգնում է, իրեն ցույց է տալիս եւ ամեն կերպ աշխատում է գրավել իր կողքին նստած կնոջ ուշադրությունը, որը բացարձակ անտարբեր, կարծես թե չի տեսնում նրա ներկայությունը:

Սերոն դիմում է կնոջս ու ասում.

- Աիդա ջան, ողջ ինքնաթիռն ինձ ճանաչեց, բացի մեր հարեւանուհուց:

Հարեւանուհին Սերոյին նայելով.

- Ինչպե՞ս թե չճանչցա, Վիլյամ Սարոյանը չե՞ք ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.