AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-04-03 21:06:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2081, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆ

«Սա վարագույր չէ, սա մեր դեմքն է»

Երիտասարդ հայրիկը իր երկու դստրիկներին տարավ բալետային ներկայացման: Խոստացել էր դեռ մեկ ամիս առաջ, այն օրերինՙ երբ երեխաները հեռուստատեսությամբ ամեն օր հետեւում էին Սոչիում ընթացող գեղասահքի մրցումներին: Աղջնակները կյանքում նման բան դեռ չէին տեսել, սքանչացած էին պարզապես: Օլիմպիական այդ մրցումների վերջին փուլում արդեն սկսել էին սեփական դատողություններն անել, նույնիսկ երբեմն առարկել մայրիկին այս կամ այն գեղասահորդի առավելությունները վիճարկելիս: Տանը սկսել էին նրանց նմանակելու փորձեր անելՙ թռիչքներ, պտույտներ: Եվ այդ երեկո, մարտի 14-ին, հայրիկը կատարեց իր խոստումը: Գնացին ընտանյոք: Քույրիկները իրենց ամենաեթերային հագուստներն էին հագել, մազերին փայլուն փոշի ցանել, իսկ կրտսերը, հազիվ 7 տարեկան, առաջին անգամ կիսաբարձր կրունկով կոշիկներ էր հագել եւ նույն գույնի փոքրիկ պայուսակՙ ուսից կախ:

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում են արդեն, տոմսարկղի առջեւ: Հայրիկը վճարեց 16 հազար դրամ ու շատ գոհ մնաց, որ տոմսավաճառուհին պարկեշտորեն նախազգուշացրեց, որ նախատեսված ներկայացման փոխարեն ուրիշն է լինելու: Հոգ չէ, մտածեց, կարեւորըՙ երեխաները իսկական բալետ կտեսնեն: Մտան դահլիճ, ու թեեւ վարագույրը ուշ բացվեց, սակայն անհամբեր ոգեւորությամբ սպասում էին, ինչպես դահլիճում գտնվող մյուս հանդիսականները, այդ թվումՙ օտարերկրացիներ:

Հնչեց Չայկովսկու երաժշտությունը, զույգեր մտան բեմ, պտույտ-թռիչք, թռիչք-պտույտ, բայց ինչի՞ համարՙ չէր հասկացվում, սյուժե չկար: Բարեբախտաբար ընդամենը 10 րոպե տեւեց այդՙ թվում է նախավարժանքը: Հայտարարվեց ընդմիջում, որը տեւեց կես ժամ: Երեխաները սակայն չէին հուսահատվում: Վարագույրը նորից բացվեց, հնչեց Պիացոլայի տանգոներից մեկը, հետո մեկ ուրիշը: Բեմի վրա կար շարժում, չկար պար: Զույգերը կարծես ինչ¬որ բան էին փորձարկում, որը այդպես էլ չէր ստացվում: Ձանձրույթի նշաններ դահլիճում, հանդիսականները սկսել էին խոսակցել միմյանց հետ, իսկ կողքի աթոռին նստած չաղ ամերիկացին բջջային հեռախոսով խոսում էր բարձրաձայնՙ ամերիկերեն: Ի վերջո լույսերը վառեցին: Մարդիկ իրար դեմքին էին նայումՙ ստուգելու սեփական տպավորութունը: Քույրիկները դեռ նստած էին, չգիտեին ինչ անել: Հայրիկը զգաց նրանց հուսախաբությունը, որ իրն էր նաեւ: Ու որպեսզի արդարացնի իր սխալըՙ հիշեց մի երկու տարի առաջ նույն այս բեմում իր տեսած «Սպարտակը»: Ի՜նչ փառավոր ու շքեղ էր: Բայց երեխաներն արդեն խղճահարությամբ էին նայում հայրիկին: Նրանք այլեւս բնավ չեն գա այս դահլիճ...

***

Այժմ տեսնենք, թե այս մասին ինչ կասի մանկությունից այս թատրոնում մեծացած նկարիչ, երգիծանկարիչ ու ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը:

Հ. Ա.


Արդեն որերորդ ամիսն էՙ ՀՀ մշակույթի նախարարություն որեւէ հարցով չես կարող դիմել: Բոլորը զբաղված են Օպերային թատրոնի հարցով: Մի ամբողջ մշակութային կառույց իր ողջ անձնակազմով այսօր լուծում է կարեւորագույն խնդիրՙ ինչպես փրկել ազգային թատրոնը կործանումից:

Տասհինգ տարի առաջ, երբ բղավում էինք, որ Օպերային թատրոնը վերածվում է «դուքյանի», ամենաբարձր ատյաններից ժպիտը դեմքներին պատասխանում էինՙ «համակերպվեք»: Պատասխանը նման էր այն բժշկի խորհրդին, որ հիվանդին նշանակում է ցեխաջրերՙ ասելով. օգնելըՙ չի օգնի, բայց մարմինդ կամաց-կամաց հողին կընտելանա:

Եթե ի սկզբանե պարզ էր, որ Օպերային թատրոնը գլորվում է դեպի հակամշակութային դաշտ, էլ ինչու են ձեւացնում, թե իբր փրկության մեխանիզմներ են փնտրում: Մի՞թե հասկանալի չէ, որ այդ կառույցում պտտվող գումարները գայթակղում են արկածախնդիրներին: Ներդնելՙ չի նշանակում կողոպտել, գողանալ, թալանել: Չգիտես ինչուՙ այս արատը բնորոշ է դարձել այն ժամանակվանից, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց: Մի՞թե անկախություն ասելով հասկանում ենք թալանչիների անխափան գործելաոճ:

Արհեստավարժ դիլետանտիզմը դարձել է մասնագիտություն: Բացատրեմ.

Օպերաՙ լատիներեն նշանակում է երկ, գործ, աշխատանք, ստեղծագործություն (opus): Օպերային ժանրում ձուլվում են պոեզիան եւ դրամատիկ արվեստը, վոկալ եւ գործիքային երաժշտությունը, դիմախաղը եւ պարարվեստը, գեղանկարչությունն ու բեմանկարչությունը, զգեստի եւ լույսի արվեստը: Մի խոսքով, բոլոր արվեստների համալիր ստեղծագործության արդյունքում կարող ենք ստանալ օպերային ներկայացում եւ ոչ մի փողային «ատկատների» մասին խոսք անգամ չի կարող լինել:

Շատ պաշտոնյաներից կարող ենք լսել, թե ի՞նչ պարտադիր է, որ Հայաստանում ունենանք Օպերային թատրոն, իբրՙ Հայաստանից ավելի մեծ երկրներ կան, որ չունեն օպերային թատրոն: Հիշեցնեմ, որ հայ օպերային արվեստը 150 տարեկան է, եւ ոչ մեկը իրավունք չունի նրա գոյության իրավունքը վիճարկելու:

Օսմանյան կայսրությունում, երբ Թուրքիայի 90 %-ն անգրագետ էր եւ նույնիսկ ազգանուններ չունեին, Տիգրան Չուխաջյանը գրեց իր առաջին օպերանՙ «Արշակ Բ»-ը: Հասկանալի պատճառներով այն ժամանակ դա կոչվում էր «Օլիմպիա», եւ Չուխաջյանի մահվան օրը «Մշակ» թերթը գրեց. «Մահՙ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում»: Նույն ճակատագրին արժանացան նաեւ հայ անվանի երգահաններ Կարա-Մուրզան, Վ. Սարգսյանը, Ե. Բաղդասարյանը, Գ. Արմենյանը, Ա. Տիգրանյանը, Ա. Սպենդիարյանը, Ռ. Մելիքյանը: Իսկ եթե նրանք հնարավորություն ունենային ստեղծագործելու, ասենք, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի կամ, օրինակՙ Չայկովսկու նման բարենպաստ պայմաններում... Չէ, մենք հանճարեղ ազգ ենք: Մի՞թե Արամ Խաչատրյանին կթողնեին Օպերային թատրոն մտնել, եթե նա չստեղծագործեր Մոսկվայում, կամ Առնո Բաբաջանյանինՙ Ֆիլհարմոնիա... Շարա Տալյանը ընդհանրապես կաստինգը չէր անցնի: Ո՞վ հեռացրեց Օհան Դուրյանին Օպերային թատրոնից... իսկ Արամ Ղարաբեկյանի՞ն: Լորիս Ճգնավորյանը օպերաներ է գրում պարսիկների համար: Դե, մենք շատ կոմպոզիտորներ ունենք, թող Մանսուրյանն էլ Գերմանիայի համար գրի:

Մի՞թե Հայաստանում միշտ վատ է եղել: Ո՛չ: 1956 թ., երբ Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնը պետք է մեկներ Մոսկվա, «Մեծ թատրոնում» ներկայացներ հայ օպերային արվեստի տասնօրյակը, ողջ հայ ժողովուրդն իր մասնակցությունն էր ցուցաբերում այդ հյուրախաղերի կազմակերպմանը: Մեկ օրինակ. Կիրովի անվան գործարանի բանվորները արտահերթ հերթափոխ էին վերցրել, որ կարողանան ֆինանսապես օգնել թատրոնին, իսկ Օպերային թատրոնի տնօրենությունը հնարավորություն էր ընձեռել բանվորներին դիտելու բեմական փորձերը: Ականատեսները պատմում են, թե ինչպիսի ոգեւորությամբ էին հետեւում Վարդան Աճեմյանի կամ Չարեքյանի, Թավրիզյանի, Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Նար Հովհաննիսյանի բեմական եւ երաժշտական արհեստավարժությանը:

Կարելի է այս ամենին այժմ քմծիծաղով վերաբերվելՙ որպես միամիտ, ռոմանտիկ երեւույթի, բայց չէ՞ որ մեր ազգին բնորոշ է ենթագիտակցաբար ձգվել դեպի աղբյուրը, որտեղից մաքուր ջուր է հոսում:

«Ով անմեղ է, թող առաջինը քար գցի»: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ թատրոնի պատմության մեջ ամեն ինչ լավ ու հանդարտ է ընթացել, իսկ հիմա ամեն ինչ վատ է: Միշտ էլ եղել են ինտրիգներ, լավ մասնագետների հեռացումներ, ներկայացումներ են փակվել, բայց այդ ամենը ներվել է, որովհետեւ կար սիրված արվեստի նկատմամբ ինքնազոհողություն:

Ասում ենՙ Չարեքյանը թուղթ ու մատիտը վերցրած նայում էր բոլոր ներկայացումները եւ գրառում բոլոր բացթողումներն ու վրիպումները, իսկ ներկայացումից անմիջապես հետո նկատողություններ անում: Մեկ անգամ նույնիսկ բեմի վարագույրը ճիշտ չբացվելու համար 3 խիստ նկատողություն են ստացել ներկայացման վարող ռեժիսորը, մեքենավարը եւ բեմի բանվորը: Բանն այն էր, որ վարագույրը պետք է բացվեր ուղիղ 7-ն անց 30-ին, 3 րոպեն արդեն համարվում էր խախտում, իսկ վարագույրները պետք է բացվեին սահուն եւ առանց ալեկոծումների: Երբ Չարեքյանին հարցրել ենՙ ինչո՞ւ է այդքան խիստ, եղած-չեղածը մի վարագույր է, Չարեքյանը պատասխանել է. «Սա վարագույր չէ, սա մեր դեմքն է»:

2014 թ. մարտի 14-ին բալետային ներկայացում էր Ազգային թատրոնում: Կային բավականին թվով արտասահմանցի հյուրեր, որոնք նույնպես չգիտեին, թե ինչ են դիտելու: Երեսուն, թե քառասուն րոպե ուշացումով բացվում է վարագույրը, եւ ինչ-որ տղաներ «տրիկոներով» սկսում են «ֆռֆռալ» բեմում: Բոլորի դեմքին գրված էՙ «զոռով եմ պարում, չիմանաք, թե ես վատն եմ»: «Մունաթապարը», թե՞ զբոսանքը ավարտվում է այն ժամանակ, երբ դահլիճի լույսերը վառվում են: Ուրեմնՙ կարելի է ընդմիջում անել, եւ հյուրերը փորձում են սրճարանում սառը ըմպելիքով կամ տաք սուրճով փոխհատուցել հակագեղագիտական տպավորությունները: Սակայն սրճարանում նրանց սպասում էր շատ ավելի վատ տեսարան: Նույն «տրիկոներով» տղաները սրճարանում ծխում եւ բարձր-բարձր խոսում էին, իսկ պատերից կախված հակագեղանկարչական, «ռաբիս» նկարները կարծես հարցնում էինՙ դուք այստեղ ի՞նչ գործ ունեք: Դրան ավելացնենք քյաբաբ-սոխի բուրմունքը, հյուրերն անմիջապես դուրս են թռչում արտաքինից գեղեցիկ այդ թամանյանական շենքից: 5.000 դրամով կարող էին ավելի լավ «քյաբաբանոց» գնալ, մտածում էին հյուրերը, իսկ մեր հանդիսատեսը կարծես ոչինչ չեղածՙ ներս էր մտնում նայելու երկրորդ գործողության զավեշտապատկերը:

Հ.Գ. - Իտալիայում ավանդույթ կա. եթե հանդիսատեսին դուր չի գալիս երգիչ-երգչուհին կամ, ասենք, բեմադրությունը, ապա շատ հանգիստ սկսում են ձվեր եւ լոլիկներ շպրտել բեմ: Միգուցե մենք նույնպես կիրառենք այդ ավանդույթը, եւ եթե ներկայացումները չլավանան, հոգ չէ, հանդիսատեսներ միշտ կլինեն եւ ավելի շատ, քանՙ հիմա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.