AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-04-03 21:06:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2238, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՇԿԻՆԱԿԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սա այն դեպքն է, երբ երկու հոգի, երբեք միմյանց չտեսած, միացած են հոգեւոր անխզելի կապով:

Եղիշե Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել: Մեկն Արեւելահայաստանում է արմատներ գցել, մյուսըՙ Արեւմտահայաստանում, ու վերընձյուղել ազգի ամենանվիրական, գերագույն արժեքըՙ հոգեւոր զարթոնքը, զտել ցեղի գենը, մաքրել նրա միտքը, սրբագրել ապագան:

Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել, բայց Պոետը պաշտում էր Վարդապետին: Նա իր «Ռեքվիեմում» զուգահեռներ է անցկացնում իր Աբգար հոր ու Կոմիտաս վարդապետի միջեւ: Իսկ Ջոտտոն հենց այդպես էլ նկարել է Պոետինՙ գլուխը հակած Կոմիտասի հանգչող լուսեղեն դեմքինՙ սգավոր, դժգույն ու որբացած:

1936-ն էր. կտակի համաձայնՙ Կոմիտասի մարմինը զմռսած դագաղով Փարիզից բերում են Երեւան: Իսկ Չարենցը, հիվանդ ու հալածված, տնային բանտարկության էր դատապարտված: Կոմիտասին շրջապատող խուռն ամբոխը հանկարծ լուռ ու հնազանդ հետ է քաշվում. դագաղից քիչ հեռու Չարենցն էր կանգնած: Կոմիտասին նա այդպես էլ ողջ չտեսավ, ապրեցՙ ոգեշնչված ու հիացած նրա հանճարով, ու հիմա իր առջեւ նրա զմռսած դագաղն է: Չարենցը համրաքայլ մոտենում է ու համբուրում Կոմիտասի դագաղը: Պոետը ծաղկեպսակներից մեկից մոմե կապտաթույր ծաղիկ է պոկում ու իր հետ տուն բերումՙ որպես կոմիտասյան մասունք, հյուլեՙ նրա խնկարկված հիշատակից: Այդ ծաղիկը հիմա Չարենցի տուն-թանգարանում էՙ Կոմիտասին նվիրված անկյունում, իսկ վերեւումՙ պատին, Ջոտտոյի նկարն էՙ երկու հանճարեղ գլուխներՙ հանգչող Կոմիտասն ու իր մոտալուտ մահը տեսնող Չարենցը:

Պոետի թանգարանում նոր ցուցանմուշ կաՙ Կոմիտասի թաշկինակը: 1952 թվականից այն պահվում էր Չարենցի Անահիտ դստեր տանը: Այդ մասունքը Չարենցի կոմիտասյան պաշտամունքի առհավատչյան է:

Հայ գրերի գյուտի 1500 ամյակի կապակցությամբ 1913-ին Կոմիտասը Պոլսում հանդիսություն է կազմակերպում: Համերգներից մեկի ժամանակ նրա սիրելի աշակերտուհիներից մեկըՙ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, նվագում է Բեթհովենի սոնատը: Կոմիտասը թղթե ծաղկազարդ մի թաշկինակի ներքեւի մասում ֆրանսերեն մակագրում է ու նվիրում Աղավնուն: Իսկ դաշնակահարուհին հետո թաշկինակի դարձերեսին անգլերեն գրում է. «Հիշենք ամենուր, ամեն օր եւ ամեն ժամ Կոմիտասի նվերը, որ տրվեց համերգի ժամանակ, երբ ես նվագում էի Բեթհովենի սոնատը»: Թաշկինակի վրա տպագրված է «Ով մեծասքանչ դու լեզու» բանաստեղծությունը, որ հենց այդպես էլ արտադրվել է Թուրքիայում:

Աղավնի Մեսրոպյանն ու դերասանուհի Արուս Ոսկանյանը մանկության ընկերուհիներ են եղել: Արուս Ոսկանն իմանալով, որ Չարենցն ընդգծված վերաբերմունք ունի Կոմիտասի նկատմամբ, որոշում է Աղավնուն ծանոթացնել պոետի հետ: 1923-ին Չարենցն ու Արուս Ոսկանյանը մեկնում են Թիֆլիսՙ Աղավնուն այցելության: «Դաշնակահարուհին իր հուշերում պատմում է, թե Չարենցն ինչ կլանված ու հուզված էր լսում իր պատմությունները Կոմիտասի մասին, աղերսում Աղավնուն, որ որեւէ մանրուք բաց չթողնի, ամեն բան պատմի բոլոր մանրամասներով: Աղավնին պապիկիս ցույց է տալիս Կոմիտասի թաշկինակը: Նա նվերը սեղմում է կրծքին ու թախանձագին խնդրում Աղավնուն այն իրեն նվիրել: «Այս թաշկինակն ինձ համար ներշնչանքի աղբյուր կդառնա»,- ասում է Չարենցը: Աղավնին պապիկիս խոստանում է, որ երբ տեղափոխվի Երեւան, անպայման Կոմիտասի նվերը կնվիրի նրան»,- պատմում է Չարենցի թոռնուհինՙ Գոհար Չարենցըՙ Անահիտ Չարենցի դուստրը: Աղավնու համար էլ, փաստորեն, դժվար է եղել այդ պահին բաժանվել կոմիտասյան նվիրական մասունքից:

Տարիներ են անցնում: 1935-ին Աբովյան փողոցում Չարենցը պատահաբար հանդիպում է Երեւան տեղափոխված Աղավնի Մեսրոպյանին: Գոհար Չարենցը պատմում է, որ իր պապի ձեռքին մետաքսե մի ծրար է եղել, որի միջից երեւացել է իր նորածին մորՙ Անահիտի նկարը: Չարենցը հորդորում է Աղավնուն. «Արի մեր տուն, Աղավնի, արի տես իմ նորածին դստերը: Նա, ճիշտ է, Չարենցի աչքերն ունի, բայց ով գիտե, միգուցե մի օր Կոմիտաս նվագի: Արի մեր տուն ու հետդ բեր Կոմիտասի թաշկինակըՙ իբրեւ նվեր»:

Բայց մինչ Աղավնին կգնար, 37 թիվն է գնում Չարենցի տուն: Այդպես էլ Աղավնի Մեսրոպյանը չի հասցնում Չարենցի բաղձանքն իրականացնելՙ Կոմիտասի թաշկինակն անձամբ նվիրել նրան:

1952-ինՙ մահից երկու տարի առաջ, Աղավնի Մեսրոպյանն իր մոտ է կանչում Անահիտ Չարենցին ու հոգու պարտք դարձած խոստումը կատարումՙ նրան նվիրում Կոմիտասի թաշկինակը:

Սրբազան մասունքը Չարենցի ընտանիքին է պատկանում ու հանձնված է թանգարանինՙ ժամանակավոր ցուցադրության: Գոհար Չարենցի համար այն առավել քան արժեքավոր է. խորհրդանշում է իր պապի սերն ու ակնածանքը Կոմիտասի նկատմամբ ու ծրարում գողտրիկ մի պատմությունՙ շաղախված նվիրումի, ցավի ու հույզերի զգացողություններով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.