AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 11-04-2014



ԹԱՏՐՈՆ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-04-10 21:32:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1766, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՉՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ

Նաիր ՅԱՆ

Քիչ ուշացածՙ տարեդարձի առթիվ

Ամեն տարիՙ ապրիլի 1-ին, վաղ առավոտից նրա տան հեռախոսը մի գլուխ զնգում էր ու զնգում: Բոլոր զանգերին ինքն էր պատասխանում, երկար-բարակ մաղթանքներին ու շնորհավորանքներին արձագանքում էր մի հատիկ «ապրես»-ով կամ «շնորհակալություն»-ով: Չէր սիրում իր ծննդյան օրը: Ապրիլի 1-ին լրագրողներն ուղղակի ներխուժում էին նրա տուն. ոչ մեկին չէր մերժում:

Նստում էր իր տան նախասրահի բազմոցին ու չէր սպասում հարցերի: Նրա պարագայում ի՞նչ հարց: Հատկապես կյանքի վերջին տարիներին անհագ ցանկություն ուներ խոսելու, պատմելու. կարծես ներսում կուտակված, ամբարված լիներ տասնամյակների չպատմածն ու չասվածը: Թերեւս այդպես էլ կար:

Հերթական ապրիլմեկին զանգեցի Վարպետին, դեռ խոսքը բերանումս, ասացՙ արի: Զարմացավ, որ առանց լրագրողական «զենքերի» եմ. ուրախացավ: Ճիշտ է, երբեք տեսախցիկին ու ձայնագրիչին կարեւորություն չէր տալիս, դրանց ներկայությունից չէր ձգվում, չէր փոխվում, բայց այդ օրը երեւի հենց այդպես էլ ուզում էրՙ զրուցել առանց «երկրորդ վկայի»: «Էն պատռված վերնաշապիկը կարող եմ հագնել, փաստորեն, օպերատորդ չկա»,- ասաց ու խռպոտ ու լիաթոք ծիծաղեց: Մեր այս անգամվա «անզեն» հանդիպումից ուղիղ մեկ տարի առաջ ես «սպառազինված» էի այցելել Վարպետին: Նստեց իր սիրած տեղըՙ բազմոցին, ու առանց դեսուդենի, սկսեց խոսել: Օպերատորն անհանգիստ շարժումներ էր անում ու փորձում աչքով-ունքով ինչ-որ բան հասկացնել ինձ: Խորեն Աբրահամյանի վերնաշապիկըՙ ուսից մի քիչ ներքեւ, մի թզաչափ պատռված-կախված էր: Քաջ իմանալով, որ նա դրանից վատ չի զգա, Վարպետին ցույց տվեցի վերնաշապիկը: «Տես, է, էսպես դուրս եմ եկել տանից, 15 րոպե առաջ եմ վերադարձել: Դե լավ, հո սրա համար շոր չեմ փոխելու»,- ասաց ու շարունակեց խոսել: Ստիպված էի ասել, որ էկրանին պատռվածքը երեւալու է: Գնաց ու վերադարձավՙ պատռված վերնաշապիկի վրայից մեկ ուրիշ վերնաշապիկ հագած: Պատռվածքը, ճիշտ է, քողարկվել էր, բայց արդեն երկու տարբեր գույների օձիք պիտի երեւար էկրանին: Վառեց հերթական ծխախոտն ու շարունակեց պատմությունը: Հաղորդումից հետո շատերին եմ հարցրելՙ հիշո՞ւմ եքՙ ինչ էր հագել Խորեն Աբրահամյանը: Ոչ ոք չմտաբերց: Վարպետն ասելիք ուներ, նրա էներգետիկ հզոր դաշտը, հմայքը, ձայնի երանգը, հայացքի խորությունը կլանում էին ունկնդրին, ու անկարեւոր էին դառնումՙ նա պատռվա՞ծ վերանաշապիկով էր, թե տասը օձիքվ: Վստահ եմՙ եթե չփոխեր վերնաշապիկը, ոչ մի հեռուստադիտող չէր էլ նկատի ուսի պատռված ու կախված կտորը:

Մի անգամ հայտնի մտավորականների, հասարակական գործիչների ու լրագրողների միջավայրում խոսք բացվեց հրապարակային ելույթների, ելույթ ունեցողների շարժուձեւի, ուղղախոսության ու խոսքի մշակույթի մասին: Քննադատողներ ու քննադատվողներ շատ եղան: Թատերագետ մի տիկին հայտարարեց, որ ինքն ուղղակի անարգանքի սյունին կգամի նրան, ով կհամարձակվի ծխելով խոսել իր հետ ու, մանավանդ, այդպես երեւալ էկրանին: Հարցրի. «Հապա Խորեն Աբրահամյա՞նը: Նրան բացառությո՞ւն եք անում»: «Ինչպե՞ս թե Խորիկը: Խորիկը ե՞րբ է ծխել, այն էլ էկրանից»,- զարմացավ տիկինը: Բոլորը փռթկացրին:

Էթիկայի ու էսթետիկայի կանոնները մատնանշելիս երբեք ոչ ոք չի քննադատել, թե ինչու է Խորեն Աբրահամյանը միշտ ծխում ու ծխելով զրուցում: Նրան կարելի էր, որովհետեւ ծխելը նրա բնական վիճակն էր: Ծուխն ու խոսքն ընդելուզված, ներդաշնակված, միմյանց լրացրած էին դուրս գալիս նրա ներսից:

Նրան կարելի էր ե՛ւ ծխելով խոսել, ե՛ւ գինովցած, որովհետեւ անկեղծ էր, անմիջական, բնական:

Նոր արժեհամակարգից հաճախ էր նեղսրտում, արվեստի նկատմամբ անլուրջ մոտեցումներիցՙ վրդովվում, ժողովրդի դառը կյանքիցՙ մտահոգվում: Երազում էր բեմադրել «Առաջին սիրո երգը» ֆիլմի շարունակությունըՙ 50 տարի հետո: Այդ գաղափարը շատ էր ոգեւորում նրան: Ուզում էր խաղալ, բեմադրել, անվերջ աշխատել: «Գալիս է մի տարիք, երբ թատրոնից չես ուզում դուրս գալ, ուզում ես անընդհատ դիմացդ հանդիսատես տեսնել, նրա շունչն զգալ, նրա աչքերի մեջ նայելովՙ նրան բան ասել, սիրտդ ու հոգիդ բացել: Հիմա ես էդ տարիքում եմ: Մի տեսակ կարոտ եմ զգում հանդիսատեսի նկատմամբ: Կարծես առաջին անգամ եմ նրան տեսնում. ապշելու բան է»,-անկեղծանում էր արտիստը: Նրա «Ջին խաղից » ստացած տպավորությունն այնպիսին էր, կարծես թե՛ հանդիսատեսը, թե՛ ինքն իրար, իսկապես, առաջին անգամ էին տեսնում: Խորեն Աբրահամյանը խաղում էրՙ առանց խաղալու: Իմ սերունդը, ցավոք, չխաղալով խաղալու օրինակներ բեմի վրա քիչ է տեսել: Ներկայացման ժամանակ նկատեցի, որ հատկապես երիտասարդներս աչքներս չենք կտրում Խորիկից, չենք հասցնում «մարսել» նրա շարժուձեւի, խոսքի բնականությունը, որովհետեւ սովոր չէինք անկեղծության. անկեղծ ազդակը տեղ հասնելու համար պիտի բացեր մեր հոգուՙ կեղծ արժեհամակարգերից ընդարմացած շերտերը, իսկ մենք անգամ չգիտեինք էլ, որ թեկուզ ընդարմացած, բայց հոգու շերտեր ունենք: Այդքան էլ երջանիկ սերունդ չենք, որ տեսած լինեինք Խորիկի անգերազանցելի «Կորիոլանը», որի մասին զտարյուն արվեստագետները խոսում ենՙ որպես թատերական գլուխգործոցի: Մեր սերնդին մնացին Խորեն Աբրահամյանի կինոդերերն ու այն կրկնօրինակումները, որոնց վարպետությունը ոչնչով չի զիջում բնօրինակին, ավելինՙ հաճախ գերազանցում է: Ինակենտի Սմակտունովսկին, տեսնելով Խորեն Աբրահամյանի կրկնօրինակմամբ իր «Համլետը», ասել է. «Մի գլուխ ինձ եք գովում, տեսեք, թե ինչ է արել Խորեն Աբրահամյանը: Եթե ուզում եք իսկական «Համլետ» հասկանալ, լսեք նրա կրկնօրինակումը: Ես հայերեն ոչինչ չեմ հասկանում, բայց հանճարեղ է»: Այդ հանճարեղ «Համլետի» հայերեն բնօրինակն ինչ-ինչ մարդկանց «հանճարեղ» անփութության ու անտարբերության պատճառով տարիներ առաջ կորավ-անհետացավ: Ոչ ոք պատասխանատվության չենթարկվեցՙ ինչո՞ւ եւ ինչպե՞ս ոչնչացվեց «Համլետի» հայերեն կրկնօրինակը: Երբ անպատժելիությունից դժգոհող գլուխներ տարուբերվեցին ու լեզուներ ծլթծլթացին, հանկարծ ինչ-որ տեղից ավետիս տարածվեց, թե մասնավոր հեռուստաընկերություններից մեկի աշխատակիցի ձեռքն է ընկել ֆիլմի անորակ տարբերակը, ու Խորեն Աբրահամյանի կրկնօրինակած «Համլետը», բախտի բերմամբ, թե պատահմամբ, փրկվեց: Բայց թե երբ եւ ում մտքով կանցնի բարի երազի ազդեցության տակՙ մի անգամ գոնե ցուցադրել այդ ֆիլմը, հավանականությունների տեսությունն անգամ չի կարող պատասխանել այս հարցին:

Հ.Գ. - Խորեն Աբրահամյանն ասում էր. «Ապրիլի 1-ի միակ լուրջ բանն այն է, որ այդ օրն եմ ծնվել: Թեպետ չգիտեմՙ դա կարելի՞ է լուրջ համարել»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.