AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 18-04-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-04-18 00:36:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1863, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 31

100-ԱՄՅԱ ՄԵՐ ՍԱՀՅԱՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սահյանաբույր, սահյանաշունչ, սահյանական տարի է 2014-ը: Ապրիլի 14-ին լրացավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը: 20-րդ դարում գրած նրա տողերը մեզ հետ տարանք 21-րդ դար, որովհետեւ տեխնիկայից չորացող, անալի ու անգույն մեր կյանքում մարդամոտ խոսքի, մտերմիկ ձեռքսեղմումի, անկեղծ բառի կարիք ունենք: Սահյանն իր պոեզիայով ձեռքի մեծ ափը պարզում է բոլոր-բոլորիս, որ երբեք մեզ մենակ չզգանք, որ իր ափի ջերմությունը միշտ մեզ հետ լինի:

Սահյանն ամենուր մարդուն փնտրեցՙ ծառ ու ծաղկի, սար ու ժայռի, ամպ ու անձրեւի մեջ: Բնապաշտ բանաստեղծը բնության ամեն շրշյուն, ամեն գույն ու դող նույնացրեց մարդու հետ: Բնությանը սերտաճածՙ նա հայրենի եզերքի ամեն ազդակ ու ձայն որսաց ու անցկացրեց իր պոեզիայի միջով: Բառը թրծեց բնության քուրայի մեջ, բյուրեղացրեց, իմաստավորեց ու տվեց մարդուն:

Որքան էլ դասական ու մեծ համարում ունենա գրողը, նրան անաչառորեն գնահատողը ժամանակն է: Իսկ ժամանակի քննությանը դիմանում է նա, ով անկեղծ է գրել: Տաղաչափության կանոնները, թեմայի ու արտահայտչամիջոցների տեսակները ժամանակի հետ հնանում են: Դրանց գրական-գեղարվեստական արժեքը մնում է իր ժամանակի տիրույթում: Համո Սահյանը տաղաչափական նորարարություն չբերեց իր հետ, ոչ էլ ընկավ արտահայտչամիջոցների հետեւից: Նրա ամենամեծ հաղթաթուղը անկեղծ ու կենդանի խոսքն է, որ անփոխարինելի արժեք է բոլոր ժամանակներում: Սահյանը նման է միայն մեկինՙ ինքն իրեն: Ինքն է ու ինքը իր պոեզիայում, կյանքում, մտերիմների ու ընկերների հուշերում:

Գրաքննադատ Ֆելիքս Մելոյանին դժվար է խոսել ու պատմել Սահյանի մասին: Տարիների մտերմությունն ու դրան հաջորդած դատարկությունը, որ Սահյանը թողեց մահից հետո, դառն ու քաղցր զգացողություներն իրար է խառնել: «Կախգլուխ մարդ էր. ի՞նչ ասեմ: Մարդկանց աշխարհը Համոյի համար չէր, նրանը բնությունն էր: Եթե իրեն հարազատ մարդկանց մեջ մեկ էլ մի անծանոթ մարդ հայտնվեր, այնպես կփոխվեր, էն համով Համոյից բան չէր մնա: Էլ չեմ ուզում խոսել. Համոն չկա, այ ուրիշ բան կողքիս լիներ, էնքա՜ն կխոսեի ու կպատմեի»,- ձեռքը թափ տվեց ու լռեց Ֆելիքս Մելոյանը:

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը չի հասցրել մտերմանալ Համո Սահյանի հետ, բայց առիթներ ունեցել էՙ վայելելու նրա ընկերակցությունը: Հիշում է. «Երեւանի Պետական Համալսարան մտա, Հրանտ Թամրազյանը մոտեցավ ու ասաց. «Սամվել, բա չե՞ս ասիՙ գլխիս օյին է եկել»: Գնացինք նրա կաբինետ, դուռը բացեցի, տեսնեմ ներսում Սահյանն է: «Ի՞նչ օյին, ընկեր Թամրազյան, Սահյանն իր ոտքով եկել է, Դուք ասում եքՙ օյի՞ն»: «Եկել է, բայց կոնյակ չունեմ»,-ասաց Թամրազյանը:

Վազեցի տուն: Կինս երկու շիշ կոնյակ բերեց, տվեց ինձ: Տարա համալսարան: Նստեցինք, խմեցինք: Թամրազյանն ասաց. «Համո, մեր ժամանակը եկել է. երկուսս էլ պիտի գնանք: Ես ինչ ունեմ-չունեմ թղթին եմ հանձնել, դու ծույլ մարդ ես, միայն բանաստեղծություն ես գրել, բայց ինչքա՜ն համով ու սիրուն պատմություններ ունես: Դրանցից պատմիր Սամվելին ու իմացիր, որ չեն կորչի»:

Սահյանը մի պատմություն պատմեց, որ ոչ ոք չգիտե, ես էլ եմ առաջին անգամ պատմում: Այսպես սկսեց. «Սովետական գրող» հրատարակչությունը որոշել էր տպել ադրբեջանցի աշուղ Ալասկերի գիրքը եւ առանց իմ համաձայնությունը հարցնելու ինձ նշանակել էր գրքի խմբագիր: Ասացիՙ էդ էր պակաս, որ ես էդ թուրքի գրածները բանաստեղծություն սարքեմ, ինքն էլ իրեն բանաստեղծ համարի. չեմ անելու: Ասածներս բառ առ բառ հասցրել էին նրան: Մի օր էլ մեր դռան զանգը տվեցին: Գլազոկ եք ասում, ինչ եք ասում, դրանով նայեմ տեսնեմ Ալասկերն է կանգնած, կողքին էլՙ իր բոյին հավասար մոթալի պանիր: Դուռը բացեցի, որ ասեմՙ Ալասկեր, իզուր ես եկել, մեկ է, չեմ խմբագրելու գիրքդ: Նա իսկի ինձ չբարեւեց էլ, տեսավՙ դուռը բաց է, սկսեց էդ մոթալի պանիրը ներս հրել:Հիմա նա ներս է հրում, ես դուրս եմ հրում, վերջը Ալասկերը հաղթեց, ու գիտե՞ս ինչու: Հարցրիՙ ինչո՞ւ: Որովհետեւ մեր տնեցիք անցան նրա կողմը, լուրջ-լուրջ պատասխանեց:

Սահյանը սպանիչ հումոր ուներՙ սուր, դիպուկ, խորը: Պատմություններ կան, որոնց ականատեսը միայն ես եմ եղել: Այդ պատմություններն իր պոեզիայի նման ենՙ ինքնատիպ ու անկեղծ»:

«Ելել եմ սարը սնձի, յարս, յարս:

Յարս գար, գտներ ընձի,

Վարիր ջանս»:

Այս երգը նրան հիշեցնում էր Սիսիանը, Սիսիանի սարերը, իր մանկությունն ու մանկության սերերը: Շատ էր սիրում այս երգը: Սեղանի շուրջը նստածՙ մեկ էլ միտումնավոր դնդնում էր: Իսկ դա նշանակում էր, որ ես պիտի երգեմ նրա համար: Ծտի չափ էր ուտում, բայց սիրում էր խմել. մթնոլորտն ու միջավայրն էր սիրում, որտեղ գտնվում էինք բոլորս: Բայց կյանքի վերջին տարում է՛լ չէր կարողանում խմել: Մի օր ասաց. «Տղերք, ուզում եմ, որ մեծ, քրտնած գավաթներով գարեջուր դնեք առաջներդ, մի գավաթ էլ իմ դիմաց դնեք, դուք խմեք, ես նայեմ»: Աստծու անունը չէր տալիս, բայց Աստված հագած մարդ էր Սահյանը: Բանաստեղծական մի տող ունի.

Թագավորն ապրած կենա,

Աստվածս ցորնին ասեմ:

Վարպետի հետ 7 տարի ընկերություն եմ արել. անչափ հպարտ եմ դրա համար: Համո, Համո. «Առուն մասուր է տանում, կարմիր սարսուռ է տանում...» , - բանաստեղծ Մերուժան Տեր-Գուլանյանը չկարողացավ զսպել հուզմունքը:

«Նրա ամենասիրելի վայրերից մեկը Սիսիանի Տատնաձորն էրՙ հրաշալի բնապատկեր, որ պահպանել էր կուսական հմայքը: Իր ծննդյան օրը հավաքվեցինք Տատնաձորում: Ցուրտ էր, իսկ Համոն ցրտին չէր դիմանում. Հայրենական պատերազմում հիվանդացել էր ու լրիվ չէր ապաքինվել: Խմիչք էլ էինք տարել հետներս: Բայց նրան չէր կարելի խմել, մենք էլ չխմեցինք: Ասաց. «Տղերք, խմիչքը նորից տուն տանելը մեղք է: Եկեք թաղենք հողի տակ»: Էդպես էլ արեցինք: Հաջորդ տարի նորից նույն տեղը գնացինք, խմիչքները հողի տակից հանեցինք, տեղը մեզ հետ բերած նոր շշերը թաղեցինք: Ու էդ ավանդույթը տեւեց 10 տարիՙ մինչեւ 1993 թվականը: Դրանից հետո Համոն մահացավ: Տատնաձոր գնացինք նրա մահից 15 տարի հետո միայն: Հողի տակից հանեցինք Համոյի պահած շշերը: Ստորագրել էր դրանց վրա: Երկար ժամանակ ձեռքներս չէր գնում բացել էդ շշերը, բայց վերջը մի օր խմեցինք:

Չգիտեինքՙ Համոն երբ է գրում: Մեկ էլ թղթի մի կտորի վրա արագ-արագ մի բանաստեղծություն կգրեր, կդներ սփռոցի տակ:

Համոն բնության մի մասնիկն էր, բնությունից էր սնվում: Վատառողջ էր. գնում էինք Աղոթասարՙ 3000 մ բարձր ծովից, անմիջապես առույգանում էր, որովհետեւ լիցքավորվում էր բնությունից:

Լրագրողները շատ են շահարկում Համոյի խոսքերը: Նա հումորով ասում էր. «Միշտ մտածել եմՙ ինչի՞ց կմեռնեմՙ կաթվածից, ավտովթարից, բայց չէի մտածի, որ սովից եմ մեռնելու»: Նա էդպես է ասել, որովհետեւ լյարդը հիվանդ էր, ու իրեն ուտել, խմել չէր կարելի: Իսկ հիմա շատերը հայտարարում են, թե Սահյանը սովից մեռավ, չի կարելի էդպես, ամոթ է»,- Վարպետի մասին հուշերը վրդովմունքով ավարտեց «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Շչորս Դավթյանը :

Սահյանի որդունՙ Նաիրի Սահյանին , հոր մասին հարցնելիս ասում է. «Նա Սահյանն է, եսՙ ընդամենը Սահյանի որդին: Եթե նա, Սահյան լինելով, խուսափում էր ելույթներից, հարցազրույցներից, հապա ե՞ս ինչքան եմ խուսափում նման բաներից:

Հորիցս խրատ չեմ լսել. նա լուռ էր դաստիարակում իր զավակներին, ու այդ լռությունն ավելի ազդեցիկ էր, քան ցանկացած խրատ:

Մի օր բանաստեղծություն գրեցի. մայրս ասացՙ տար հայրիկիդ կարդա: Գնացի, կարդացի. լսեց մինչեւ վերջ. լռեց, հետո ասաց. «Էլ չգրես»: Երկար ժամանակ դադարեցի գրել»:

Սահյանին հիշողներ, բարեբախտաբար, դեռ կան: Նրա մտերիմներն ու հարազատները, բանաստեղծությունը շաղախած հուշերի հետ, պատմելու առիթներ էլի կունենան: «Ազգ»-ը կհետեւի նրանց պատմություններին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 18-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.