AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014



ՊԱՐՈՒՅՐԻՆ ՀԻՇԵԼԻՍ

Տեղադրվել է` 2014-04-23 22:32:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 2159, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԼՈՒՍԵՂԵՆ ՈՒ ՀԱՎԵՐԺԱԳՆԱ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ

Ռոմա ԴԱԼԼԱՔՅԱՆ

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը 2014 թ. տպագրել է ճանաչված բանաստեղծ, գեղագետ Ռոմանոս Սահակյանի «Անկրկնելի Պարույրը» խորագիրը կրող գիրքը , որի տպագրությունը հովանավորել է «Մաշտոց» քոլեջը (Գլենդեյլ, Լոս Անջելես):

Ռոմանոս Սահակյանի գրքում զետեղված են հուշեր Պարույր Սեւակի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ, երկու խոհական¬փիլիսոփայական պոեմներՙ նվիրված Պարույր Սեւակին: Միաժամանակ ներկայացված են հատվածներ Ռ. Սահակյանի «Ժամանակակից հայ պոեմի տիպաբանությունը» վերտառությամբ թեկնածուական ատենախոսությունից: Այդ հատվածներն առնչվում են Պարույր Սեւակի մի քանի պոեմներին, որոնք անհրաժեշտաբար ու ժամանակին վերլուծվել են Ռ. Սահակյանի ատենախոսությունում:

Գրախոսվող գրքի հեղինակը մոտ մեկ տասնամյակ (1961-1971 թթ.) սերտորեն կապված է եղել Պարույր Սեւակի հետ եւ կրել է նրա վարք ու բարքի, ստեղծագործության բարերար ազդեցությունը:

Սեւակի լայնահուն հոգու ու սրտի, մտքերի, ազգային մտածողության հմայքը եւ ուժը, յուրահատուկ ինքնատիպությունն ակնբախորեն երեւում են տարբեր հարաբերությունների, իրողությունների, դեպքերի վերհիշումների շղթայում: «Պատմել իմ հոգեբարեկամ Պարույր Սեւակի մասին,¬ «Երկու խոսքում» գրում է Ռ. Սահակյանը,¬ անչափ դժվար է: Պատճառն այն է, որ պետք է ոչ միայն ներկայացնել զգայուն, հաճախ նաեւ բռնկուն բնավորությամբ մարդուն, այլեւ 20-րդ դարի 60-ականների մշակութային եւ ազգային գործչին ու առաջնորդին» (էջ 5, ընդգծում իմն է- Ռ.Դ.): Եվ ապաՙ «Հուշեր գրելը ամենեւին սովորական փաստերի արձանագրում չէ: Այս կամ այն մեծ մարդու, արվեստագետի հետ շփվելը դաս է ոչ միայն քո, այլեւ ապագա սերունդների համար»: (էջ 7):

Դրսեւորելով այդպիսի պատասխանատվությունՙ Ռ. Սահակյանը մի անթաքույց երախտագիտությամբ ու նվիրումով փորձում է «փրկել» հորձանուտ կյանքի այն փոքրիկ դրվագները, որոնք ապրել է Պարույր Սեւակի կողքին, եւ որոնք դաս կլինեն նաեւ այլոց համար (իր մտքերն են- Ռ.Դ.): Եվ վերապատմումով դժվար է ներկայացնել Ռ. Սահակյանիՙ Սեւակի հետ ունեցած բոլոր հանդիպումները, դրանց խորքային իմաստները կամ տարբեր հարաբերություններում նրա բռնած դիրքը, եւ այդ բոլորից բխած սեւակյան դիտողություններն ու իմաստալից դասերը: Միայն կարդալով, անմիջական տպավորություն ստանալով կարելի է յուրացնել Ռ. Սահակյանի հուշագրական բազում ակնարկների միտքն ու բովանդակությունը: Իսկ հուշապատումներում քիչ չեն այն փաստերն ու իրողությունները, տարբեր մարդկանց հետ ունեցած հանդիպումներում Պարույրի արտահայտած մտքերը, առանձին առիթներով հնչեցրած ելույթները, որոնք ինչ¬որ չափով նպաստում են տաղանդավոր բանաստեղծի, քաղաքացու, ազգային գործչի կերպարի ամբողջացմանը:

Պարույր Սեւակի համար գեղարվեսական գրականությունը, առողջ հրապարակագրությունը հոգեւոր զենքեր էին, որոնք նպաստո՛ւմ էին եւ ե՛ն կյանքի բոլոր ոլորտների վերափոխմանն ու զարգացմանը, հասարակական, բարոյահոգեբանական կյանքի վերընթացին: Ըստ Պարույր Սեւակիՙ ոչ թե արվեստը պիտի իջեցնել ժողովրդի մակարդակին, այլ ժողովրդին պետք է բարձրացնել արվեստի մակարդակին: Ահա Ռ. Սահակյանի հուշագրությունից արտածվող եզրակացությունները:

Ռոմանոս Սահակյանի գրքում տեղ են գտել նաեւ երկու խոհական¬քնարական պոեմներՙ «Ճակատագիր» եւ «Հեսանված իմ դար» վերնագրերով (տե՛ս էջեր 63-95): Այդ պոեմներում Պարույր Սեւակի գաղափարախոսության դիրքերից արտացոլված են մեր ժամանակները, ինչպես նաեւ Պարույր Սեւակի ապրած տարիները, երբ «Աշխարհը իր ծուռ ճամփով էր գնում, // ու ամեն երազ մնում անկատար, // չար ուժեր կային, դավ էին հյուսումՙ // հզոր արմատդ ցնցելու համար, // աշխարհին պետք էր նոր ապաքինում, // եւ դու ծնվեցիր հենց դրա համար» (էջ 64):

Ռ. Սահակյանը խորապես համոզված է, որ Պաույր Սեւակի «ստեղծածը միշտ կապրի, // հեքիաթ կդառնան սեր ու անրջանք, // եւ գարունները մեր այն ծաղկաբույր, // դուՙ ապրողների ցավ ու ափսոսանք, // դուՙ նրանց կորուստՙ աղի, գինեթույր...» (էջ 74):

Կյանքը դրականապես կփոխվի, քանզի «Նոր սերունդներ են դեռ գալու աշխարհ, // եւ քո թռիչքն են շարունակելու, // քո ապրած ցավը դարձրած սուրբ նշխարՙ // մեր կորսված հողն են նրանք փրկելու, // ինչ որ ինձ ու քեզ մնաց լոկ երազՙ // հենց այդ երազն են նրանք գրկելու» (էջ 74):

Գրախոսվող գրքի վերջում (էջեր 96-146) ներկայացված է մի ծավալուն հատվածՙ Ռ. Սահակյանի «Ժամանակակից հայ պոեմի տիպաբանությունը» վերնագիրը կրող թեկնածուական ատենախոսությունից: Քննարկելով ժամանակակից հայ պոեմի տարատեսակներըՙ Ռ. Սահակյանը հենք է ընդունել նաեւ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ», «Ուշացած իմ սեր», «Երգ երգոց», «Նահանջ երգով», «Եվ այր միՙ Մաշտոց անուն» պոեմները եւ այլ ստեղծագործություններ: Պարույր Սեւակը, միաժամանակ լինելով գրականության տեսաբան, հիմնավորել է, որ ստեղծագործության մեջ պետք է դիմել ներըմբռնողությանը (ինտուիցիային): Իսկ ներըմբռնողությունը, ներքնատեսությունը հմտորեն արտահայտված են Պարույր Սեւակի հիշյալ պոեմներում եւ այլ երկերում:

Ուրեմնՙ Ռ. Սահակյանն իր գրքում նպատակադիր է զետեղել մատնանշված հատվածըՙ Պարույր Սեւակին մեկ այլ կողմից ներկայացնելու ու գնահատելու համար:

Այսպիսովՙ Ռոմանոս Սահակյանի ինքնատիպ հուշերի, պոեմների եւ այլ նյութերի համատեքստում վեր է հառնում Պարույր Սեւակի անզուգական կերպարը, դրսեւորվում նրա լուսեղեն ու հավերժագնա ոգին, պարույրսեւակյան իմաստալից հանքաշերտերը, որոնք ունեն ներազդեցության հզոր լիցքեր ու էներգիա եւ ուսանելի, հոգեկրթիչ դասեր կարող են պարգեւել հատկապես բարձր դասարանների աշակերտներին, ուսանողներին, մտավորականության լայն շերտերին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.