AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 06-06-2014



ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Տեղադրվել է` 2014-06-06 03:33:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1701, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ՔՈԲԱՅՐ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Թումանյան քաղաքի հյուսիսարեւելյան մասում, Դեբեդի ձախակողմյան լեռնաշղթայի ցածրադիր լանջին, երկաթգծից վերեւ, ժայռի պռնկին` անկրկնելի Քոբայրավանքը կարծես հսկում է ամբողջ տարածքը: Վանք, որի հարավային պատը, ըստ երեւույթին, լեռներից պոկված ապառաժներից, վնասներ է կրել: Իսկ այժմ Քոբայր վանական համալիրի վերականգնողական աշխատանքներն են կատարվում, հայ-իտալական համագործակցության շնորհիվ:

Քոբայրը դարեր առաջ եղել է դպրության օջախ, գրչության կենտրոն: Այն բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից: Պարսպի մնացորդները` 4-5մ բարձրությամբ, պահպանվել են տարածքի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան մասերում:

Ի դեպ, վանական շենքերի պատերին ու տապանաքարերի վրա եղել են ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն արձանագրություններ:

Քոբայրավանքի բեմական խորանը ծածկված Է մոնումենտալ անկրկնելի որմնանկարներով, որով էլ վանական համալիրը առանձնանում է ուրիշ շատ վանքերից:

Բարձրարվեստ որմնանկարները, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը եւ գանգակատուն-տապանատունը, պահպանվել են միայն որոշ չափով:

Քոբայրի վանքի որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են, որոնց պահպանությամբ, հուրախություն բոլորիս, զբաղվում է մշակույթի նախարարությունը եւ Իտալիայի ԱԳՆ-ն:

2006թ. կազմվել է առաջին զեկույցը վանական համալիրի առկա վիճակի մասին. նշվել են առաջնահերթ կարիքները, կատարվել է Կաթողիկե եկեղեցու որմնանկարների նմուշառում քիմիական եւ ֆիզիկական վերլուծությունների նպատակով: Վերլուծություններն իրականացվում են Միլանի Ջինո Բոցցայի կենտրոնում: Առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ պետք է անհապաղ կատարել երկրաբանական ուսումնասիրություն եւ մշակել լանջերի անվտանգությունն ապահովող նախագիծ, ինչպես նաեւ որմնանկարները պահպանելու համար հրատապ միջոցառումներ:

Ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ Քոբայրի որմնանկարները վերականգնելու փորձ կատարվել է խորհրդային շրջանում: 1967թ. մաքրվել են մակերեւույթները, իսկ հետագայում` 1971թ. իրականացվել է ծեփի եւ որմնանկարի շերտի վերականգնում ամրակայող նյութերով, որոնց մասին չի գտնվել որեւէ գիտական փաստագրություն:

Իսկ ահա 2008թ. Կաթողիկե եկեղեցու խորանը զարդարող որմնանկարները լուրջ վտանգված էին: Սպիտականերկը, որն օգտագործվել էր որմնանկարի որոշ կերպարների հագուստների եւ դեմքերի համար, վերափոխվել էր մուգ գույնի կապարի բիօքսիդի: Առկա են եղել անջատված հատվածներ: Անհրաժեշտ էր անհապաղ իրականացնել ամրակայման աշխատանքներ որմնանկարների կարեւոր հատվածների կորստից խուսափելու համար: Ամենավտանգավոր անջատված մասերն առկա էին գմբեթարդի եւ ներկայումս քանդված թաղի միջեւ գտնվող հատվածում, որտեղ աճել էին տարատեսակ բույսեր եւ թփեր:

2008թ. եւ 2009 թ. իտալացիների եւ հայ վերականգնողների մի փոքր խմբի հետ համատեղ իրականացվել են հետեւյալ աշխատանքները` իոնազերծված ջրով բոլոր մակերեւույթների, բորբոսների եւ քարաքոսերի մաքրում, մակաբուծային բուսականության հեռացում, անջատված բոլոր հատվածների ամրակայում եւ ամբողջ պարագծով ծեփով լցափակում, բաց հատվածների մշակում:

2013թ. ամռանն իրականացված ամրակայման փոքրածավալ միջամտություններն ավարտվեցին: Բաց թողնված հատվածների չեզոք գույնով շերտը եւ նկարի շերտի ռետուշավորումը կիրականացվեն միայն ճարտարապետական վերականգնումից հետո, որը պետք է նախատեսի խորանի գմբեթարդի ծածկի իրականացումՙ որմնանկարները պաշտպանելու համար:

Կաթողիկեին կից մատուռ-ավանդատունն ամբողջությամբ նկարազարդ է: Ներկայումս պահպանվել է միայն որմնանկարների մի փոքր հատված, հիմնականում` հյուսիսային պատին եւ գմբեթարդին: Հարավային կողմում եւ թաղի վրա, ուր անձրեւաջրերի ներթափանցումը մեծ խնդիր է առաջացրել, որմնանկարը զգալի հատվածներով թափվել է` մերկացնելով պատը:

Ինչ վերաբերում է զարդանախշերին, ապա ներկայումս դրանք քիչ ընթեռնելի են, առկա են պիգմենտների փոփոխություններ, մակերեւութային նստվածքներ` աղտոտվածություն, փոշի, մակերեւույթների վրա աղային նստվածքներ, մոմ եւ ամրակայող ակրիլիկ նյութեր:

2013թ. ամռանն սվաղն ավելի մեծ հատվածներով էր անջատված եւ ակնհայտ էին շաղախի որոշ մակրոուռչումներ, որոնք անհրաժեշտ էր ամրակայելով կցել պատի շարվածքին:

2013թ. հունիսին իտալացի վերականգնողնրի խումբն իրականացրեց հրատապ միջամտություն որմնանկարների հասանելի հատվածների անվտանգության ապահովման նկատառումներով: Սյունասրահ գավթի պատերի, ինչպես նաեւ մատուռ-ավանդատան արեւմտյան ճակատի որմնանկարների ամրակայման աշխատանքները շարունակվեցին հուլիսին` ներգրավելով նաեւ որմնանկարների վերականգնման դասընթաց ուսանողների համար:

Ուսուցողական ծրագիրը նախատեսում էր առկա վիճակի եւ ընդունված մեթոդների վերաբերյալ թեմատիկ գծագրերի եւ քարտերի ստեղծումը, ինչպես նաեւ աշխատանքային տարբեր փուլերի եւ պահպանվածության վիճակի` միջամտություններից առաջ եւ ընթացքում, լուսանկարչական փաստագրում:

Փոխնախարար Արեւ Սամուելյանը անդրադառնալով Քոբայր վանական համալրին ասաց, որ մշակույթի նախարարության պարտականությունն է հետեւել, որպեսզի մշակութային ժառանգությունը պահպանվի. «Չի կարելի հուշարձաններն աղճատել, փոփոխել, բացի բացառիկ դեպքերից: Հուշարձանները միայն «վիտրինայի», զբոսաշրջության համար չեն, չի կարելի ամեն ինչը թանգարանացնել, հուշարձանը պետք է իր միջավայրին համապատասխան բնական վիճակում լինի»:

Իսկ համալիրի վերականգման նախագծի հեղինակ, ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանի խոսքով, եկեղեցու վիճակն այս պահին այնքան էլ լավ չէ:

Տեղի վերականգնողական աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության ղեկավար Ալիկ Անանյանն իր հերթին ավելացրեց. «Խոյակները ժամանակի ընթացքում գլորվել, ընկել էին անդունդով ներքեւ: Թումանյան քաղաքի տեղաբնակներն են օգնել մոտ 700 կգ քաշ ունեցող խոյակները վերեւ բարձրացնելու աշխատանքներում: Մոտ երեք տարի է, ինչ աշխատում ենք տարեկան 6-7 ամիս: Այդ ժամանակահատվածում մեզ հաջողվեց զանգակատունը ավարտել»:

Ա. Անանյանն իրենց ամենամեծ հաջողությունը համարում է այն, որ հին քարերն ամբողջովին գտան իրենց տեղը:

Նման հոգեւոր-մշակութային կենտրոնների պահպանումը պետք է այսօր գերակա շահ լինի: Այս տարվա համար մշակույթի նախարարությունը միջոցներ է հատկացրել` ավարտին հասցնելու վերականգնման աշխատանքները, որոնք կիրականացվեն նախագիծը կազմած իտալացի փորձագետների եւ Իտալիայի ԱԳՆ-ի հետ համագործակցության ծրագրի շրջանակում վերապատրաստված հայ վերականգնողների խմբի կողմից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 06-06-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.