AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-07-24 21:21:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1659, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՈՍԿԵԾԻՐԱՆԱՄԵՐՁ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՍՈՖԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, ով հայ հանրությանը որպես անմիջական եւ անկեղծ կերպավորման խորհրդանիշ հայտնի է շատ ֆիլմերից, «Ոսկե ծիրանի» դիտումներում Կիմ Կի-Դուկի ֆիլմն էր տեսել` «Կղզին» ու տպավորված էր: Նրան դուր էր եկել փառատոնի ընդհանուր մթնոլորտը, հայ երիտասարդ ռեժիսորների լայն ներկայացվածությունը, ռեժիսորական եւ դերասանական շրջանակի հետաքրքրվածությունը փառատոնով: Նա իր տպավորությունը երկու կինոդիտման առիթով կիսեց «Ազգի» հետ` նախ խոսելով Կի-Դուկի ֆիլմի մասին.

- Կարծես թե ոչ մի բան չի կատարվում ֆիլմի ներկայացրած աշխարհում, ջրի վրա են , չէ՞, ապրում կորեացիք, ճապոնացիք, տները ջրի վրա են: Ամբոջ օրը ձուկ են բռնում, նույն տեղում մաքրում, ուտում, ապրում-կենակցում են, նույն ջրում հոգում իրենց կարիքները. ապշելու բան` թվում է ուրիշ բան չի կատարվում էդ կղզում ու չի կարող կատարվել: Բայց... էդ արանքում սպանում են իրար, ինքնասպանություններ են լինում` լռության ու մշուշի մեջ ինչեր ասես չեն կատարվում: Թվում է` աշխարհից հեռու մի տեղ է, իրարից հեռու ընկած տներ, թոհուբոհից հեռու, մեծ քաղաք չէ, բայց մեկ է, այնտեղ էլ են իրար սպանում, մի խոսքով` ապշելու բան է Կիմ Կի-Դուկը: Երեւի ճապոնական-չինական գրականությունն էր մեզ վրա ազդել` էդ աշխարհները հեռվից սիրում ենք: Կիմ Կի -Դուկի միայն անունն էի լսել ու ոչինչ չէի տեսել նրա գործերից: Տեսա «Դատարկ տունը», հետո «Պիետան»: Ես իրեն Արարատի նկար նվիրեցի` ամուսնուս ընկերոջ նկաներից. հիացավ, ուրախացավ, կանչեց, ես ու ինքը նկարվեցինք նկարի ֆոնին, իր հեռախոսահամարը փոխանցեց: Չգիտեմ` իմացա՞վ ով եմ, թե ոչ:

Մի ուրիշ ֆիլմով էլ եմ տպավորված` «Անա Արաբիա»` իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայի: Լրագրող աղջիկը մտնում է արաբական թաղամասի մի տուն, իսկ հետո դուրս գալիս նույն դռնով ու պարտեզով հեռանում` ֆիլմի սկիզբն ու վերջը: Ո՞ւմ մասին որ եկել էր իմանալու` մահացած հրեա մի կնոջ, Օսվենցիմում էր տառապել, հետո եկել է Իսրայել, ամուսնացել պաղեստինցու հետ, երեխաները կիսով հրեա, կիսով արաբ են, իսկ նրա անունն արդեն Անա Արաբիա է` արաբի ու իսրայելցու միությունը խորհրդանշող: Նույնիսկ հրեա ռեժիսորը ելք է որոնում, թե երկու ժողովուրդների միջեւ պատերազմի վերջը ոնց պիտի լինի: Եւ տեխնիկական լուծումն էր ապշելու, առաջին անգամ էի տեսնում այդպիսի բան` կադրը չի ընդհատվում, մոնտաժ չկա հսկայական ժամուկեսանոց ֆիլմում: Ոչ ժամանակն է փոխվում, ոչ տեղը:

Ռոման Բալայանին որ տեսնում եմ` ինձ համար «Ոսկե ծիրանը» սկսում եւ ավարտվում է Ռոմանով: Երջանիկ եմ զգում, որ Ռոմանը էդ կիեւյան, ուկրաինական թոհուբոհի մեջ կարողացել է գալ:

Դերասանական-պրոդյուսերական շրջանակը գալիս է: Շատ են գալիս: Գնալով մեծ թափ է առնում «Ոսկե ծիրանը»: Մեր ուսանողությունն էստեղ է` շատ կարեւոր է: Առաջ ուղղակի գալիս էին դասի (Ս. Սարգսյանը դասավանդում է թատրոնի եւ կինոյի ինստիտուտուոմ), հիմա բոլորն ուզում են ֆիլմ անել մակարդակով, որ իրենց ֆիլմը «Ոսկե ծիրանում» կարողանան ներկայացնել:

- Վաղուց չէինք տեսնվել, վերջին շրջանում ավելի հանրահայտ ես դարձել, մի շարք ֆիլմերում նկարահանվեցիր, լավ նախագծերի մասնակցեցիր, գո՞հ ես քո կինոկյանքից:

- Երբ նկարահանվեցի Մարիամ Սահակյանցի «Փարոս» գեղարվեստական ֆիլմում 2005 թվականին, նա «Մոսֆիլմից» էր: Այն ժամանակ նա իր ֆիլմում ընդգրկել էր Սոս Սարգսյանին եւ Սերգեյ Դանիելյանին, նաեւ` Սոֆիկո Ճիաուրելին էր այնտեղ նկարահանվել: Այդ ֆիլմից հետո Մաշան (այդպես են կոչում Մարիամ Սահակյանցին), թողեց Մոսկվան ու Հայաստանում է աշխատում: Այդ ֆիլմը բազմաթիվ փառատոների է մասնակցել: Անցած տարի Մաշայի ֆիլմը «Ոսկե ծիրանում» մրցանակ ստացավ, այս տարի` «Հայակում»: Այդ Ֆիլմից հետո նակարահանվեցի ֆրանսիական` Կետիկյանի ֆիլմում, հետո Ամերիկայից Բրեյդեն Քինգը եկավ, նրա «Այստեղ» ֆիլմում նկարահանվեցի:

- Արտերկրի պրոդյուսերները փաստորեն գնահատում են քեզ:

- Մաշան մինչեւ հիմա հիշում է` ոնց եմ ես աշխատել: Բրեյդեն Քինգն ասում էր` էլ չեմ ուզում ուրիշ ոչ ոքի նկարել, նույնն ասել էր մնջախաղի դերասան Յուրա Կոստանյանին, ով նրա ֆիլմում իմ հերոսուհու ամուսին էր խաղում: Նա զարմացել էր, որ Հայաստանոււմ էսպիսի դերասաններ կան: 2005-ի Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» կարճամետրաժ ֆիլմից հետո, ուր Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ էի խաղում, ես այլեւս որեւէ ազգային կինոկենտրոնի հետ կապ ունեցող ֆիլմում չեմ նկարվել, եթե հասկացար` նկարահանվել եմ արտերկրց եկած ռեժիսորների ֆիլմերի փոքրիկ դրվագներում: Բայց նկարահանվել եմ «Նժդեհում», Մամո, Նժդեհի կողքին կռվող նրա ընկեուհու կերպարում, էդ ընթացքում նաեւ Գոռ Կիրակոսյանի «Կորած-մոլորածը» ֆիլմի մի դրվագում նկարվեցի:

- Սերիալներում նկարահանվեցիր, ինչը շատ էր զարմացրել ինձ:

- Սերիալները ես ֆիզիկապես չէի կարողանում տանել, գիտես: Տես` ինչպես էր լինում: Կանչում էր մի վաղեմի ուսանող ընկեր, գնում ես` չես մերժում, բայց մի բանում փառք ու պատիվ նրանց` նրանք թույլատրում էին, որ ես մաքրեմ սցենարը: Մի անգամ չթույլատրեցին` շորերս հավաքեցի ու գնացի: Ես ինքս նկարվում էի, ու չէի նայում, հիմա փառք Աստծո, Հ1 ում «Մեր գյուղը» սերիալում նկարվեցի, 16 մասանոց ֆիլմ է, որը մոնտաժվել է ու նոր գնացել եթեր: Այսինքն` էն, ինչի կռիվն էի անում: «Մեր գյուղը» Ելենա Արշակյանը, ռեժիսորը, դարձրել է մեկ ֆիլմ ու հիմա «Ոսկե ծիրանում» ցուցադրվում է:

- Այսինքն որպես դերասանուհի բավարարված ես զգում քեզ` աշխատելու հնարավորությունների առումով:

- Ես, իհարկե, պակաս եմ զգում, որովհետեւ եթե դերասանուհին բեմում չի խաղում, ես զրո եմ դնում նրա արածին: Էդպես ստացվեց իմ կյանքը, որ ես «Մալյան» թատրոնում էի, երեք անգամ հեռացա-վերադարձա, էս վերջին անգամն էնպես հեռացա, որ էլ չվերադառնամ:

- Հեռացնո՞ւմ են, թե հեռանում ես:

- Ամեն պայման ստեղծվում է, որ դու էլ չլինես այդ թատրոնում: Բայց կարծում եմ` ես չեմ տուժել մեծ հաշվով, ուղղակի կարոտը, որ բեմում չեմ, ու ցավը, որ էլ չեմ խաղում, դրանք մշտապես ինձ հետ են:

- Հայ կինոյի վիճակը դու ամենից լավ կգնահատես:

- Եթե «Հայակին» գաս` կտեսնես, որ ամեն տարի բազմաթիվ ֆիլմեր են արվում, այնքան շատ, որ դրանց հիման վրա փառատոն է կազմակերպվում: Քանակի մեջ որակ միշտ կարելի է գտնել:

- Քո ֆորմատին սպասում ես փաստորեն:

- Հիմա նաեւ մարդկանց, հանդիսատեսի ջերմությունն եմ զգում, մարդիկ մոտենում են, խանութում, այլուր`ճանաչում են: Էսօր տաքսիի փողն ինձ մյուս ուղեւորները չթողեցն վճարել:

Տարիների ընթացքում ես ինքս զգում եմ, որ ամրացել եմ որպես դերասանուհի: Դա անդրադառնում է ժողովրդի վերաբերմունքի մեջ, նրանց հայացքներում է երեւում: Ես անգամ ինչ- որ մի բան անելիս` կարծես էդ մարդկանց համար եմ անում: Իհարկե կուզենայի թատրոնում խաղալ նաեւ, բայց դա ինձնից կախված չէ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.