AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-09-2014



Տեղադրվել է` 2014-09-18 22:26:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1843, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՆԱՐԵՎ ԿՅԱՆՔ. ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

Նաիր ՅԱՆ

Հայկական ջարդերն Արեւմտյան Հայաստանում սկսվել են 1890-ականներին ու հետագա տարիներին վերաճել ցեղասպանության, բայց մենք հատկանշում ենք 1915-ի ապրիլի 24-ը, որովհետեւ այդ օրը թուրքերը գլխատել են հայ ազգինՙ ոչնչացնելով նրա մտավորականությանը:1936-ի օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը նույնքան ողբերգական էր: Այդ գիշեր Ստալինի կամակատարները ձերբակալել են արեւելահայ մտավորականների մեծ մասինՙ Բակունց, Ալազան, Թոթովենց, Նորենց, Սուրխաթյան, Մակինցյան, Մահարի. Չարենցին պահել էին հետոյի համար: Իսկ հետոն չուշացավ: Նոյեմբերին նրան դաժան հարցաքննության ենթարկեցին: Փորձեցին հոգին թունավորել, թե իբր Բակունցը, Մահարին, մյուսները նրա դեմ ցուցմունքներ են տվել:

Չարենցը բղավում էր, թեՙ զրպարտում եք. նրանք իմ ընկերներն են եւ ընդունակ չեն դավաճանության: Հարցաքննությունը կազմեց 16 էջ:

Քանի դեռ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը ողջ էր, կարողանում էր իր հովանու տակ պատսպարել հայ մտավորականներին, իսկ երբ նրան սպանեցին, Բերիայի դրածո Ամատունի Վարդապետյանն սկսեց բոլորի գլուխները հերթով ուտել:

Մահարուն 1936-ին աքսորեցին Սիբիրՙ 10 տարով: Պիտի ազատվեր 1946-ին, բայց մեքենագրուհին սխալմամբ աքսորի տարեթիվը սխալ էր տպելՙ 1937, ու Մահարին Սիբիրում մեկ տարի ավել մնաց. վրիպակն ուղղել չհաջողվեց: Սիբիրից վերադարձավ 1947-ին: Չարենցը չկար, Բակունցըՙ նույնպես, Մահարին աքսորավայրում էր. քաղաքականացված գրական դաշտը Նաիրի Զարյանն ու Հրաչյա Քոչարն իրենցով էին արել: Մահարուն հավատացնում էին, թե Զարյանն զբաղվում է իրեն աքսորից ազատելու գործով, մինչդեռ նա իր ընկերոջ գերեզմանն էր փորում: Վանից գաղթած, որբանոց ընկած, գրական նույն ճանապարհն անցած, բայց կյանքի այլ արժեքներ ընտրած Մահարին ու Զարյանը հետաքրքրական զուգադիպությամբ մահացել են մեկ շաբաթվա տարբերությամբ:

11 տարի հետո գնացքը Մահարուն Սիբիրից Երեւան բերեց: Ո՞ւր գնար. մայրը մահացել էր, կիննՙ ամուսնացել: Քաղաքը շատ էր փոխվել. Մահարին շուրջը նայեց ու մտածեցՙ մի՞թե ես էի խանգարում:

Աքսորականներն իրավունք չունեին Երեւանում բնակվելու: Մահարին տեղափոխվում է Քանաքեռ, ամուսնանում Սիրանույշ Թութունջյանի հետ: Բայց նրա ազատությունը տեւում է 444 օր: Լավ չէր դաստիարակվել. հայդե՜, նորից Սիբիր. այս անգամՙ ազատ աքսորի:

Մահարին կոլխոզում հորթապահ է նշանակվում: Օրերից մի օր ձեռքն է ընկնում «Պրավդայի» համարներից մեկը, որտեղ գրված էր, թե պոետ Գեւորգ Էմինը ստալինյան մրցանակ է ստացել: Մահարին ոգեւորվածՙ թերթը ցույց է տալիս կոլխոզի նախագահին. «Ես ճանաչում եմ այս մարդուն»: Յոթհարկանի հայհոյանքի տարափից հետո նախագահն ասում է. «Հորթերիդ պահիր, դուՙ ուր, էս պատվարժան մարդնՙ ուր»:

Գուրգեն Մահարուն մի չար ձեռք ամբողջ կյանքում համառորեն հալածել է. բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Գուրգեն Մահարի» ստվարածավալ մենագրությունը կարդալիս ենք համոզվում: Գիրքը մի քանի ամիս առաջ է լույս տեսել: Հեղինակը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է Մահարու կենսագրության ամեն դիպվածը, ստեղծագործության բոլոր շերտերը, կերտել գրողի կերպարն իր ժամանակաշրջանի վարք ու բարքի, քաղաքական-հասարակական երթեւեկի, գրական միջավայրի ամբողջականության մեջ: Մահարին ընդելուզված է իր ժամանակի գրական-հասարակական կյանքին: Գիրքը մինչ այժմ Մահարու մասին տպագրված ամենածավալուն աշխատությունն է:

Դավիթ Գասպարյանը նկատում է. «Եթե իր ժամանակաշրջանից ու գրական մթնոլորտից մեկուսացված ներկայացնեի Մահարուն, ընթերցողը չէր կարողանա լիարժեք ճանաչել այդ շիտակ, ուղղամիտ, համարձակ ու հալածված մտավորականին: Մահարու ստեղծագործությունը լավ ուսումնասիրված չէ: Անտիպ էջեր շատ կան: Նա բանաստեղծական այնպիսի շարքեր ունի, որոնք այն ժամանակներում գրել-ներկայացնելը խիզախություն էր: Այդ ստեղծագործությունների պատճառով Մահարին վտարվեց Գրողների միությունից: Մահարու մարդկային ու գրողական կերպարն ամբողջական ներկայացնելու համար ուսումնասիրել եմ բոլոր տարիների գրական մամուլը, նրա նամակարգրությունը, ամեն, ամեն ինչ, ինչը թեկուզ հեռահար կապ է ունեցել Մահարու հետ: Ես ապրել եմ նրա հետ, զգացել նրա զգացածը. Մահարին մեծ ողբերգություն ապրած մտավորական է, հրաշալի պոետ ու արձակագիր: Ես ուղղակի սիրահարվել եմ նրա տեսակին» :

Դավիթ Գասպարյանն առանձին բաժիններով ներկայացրել է Մահարու կյանքի բոլոր փուլերը, գրական ու մարդկային շփումներն իր ժամանակակիցներիՙ Չարենցի, Բակունցի, Սահյանի, Սեւակի, Շիրազի եւ այլոց հետ: Հեղինակը խոր ապրումներ է ունեցել հատկապես նրա սիբիրյան կյանքն ուսումնասիրելիս: Աքսորավայրի նամակները սահմռկեցնող են:

Քաղց, ցուրտ, հալածանք, թոքախտ: Թոքախտը Մահարուն 48 կգ. էր դարձնում: Ստալինյան մրցանակի առթիվ Մահարին նամակով շնորհավորում է իր հորեղբոր տղա Վարդան Աճեմյանին ու բուժվելու համար դեղ խնդրումՙ ստրեպտոցիդ: Ո՛չ պատասխան նամակ է ստանում, ո՛չ ստրեպտոցիդ: Աքսորն ու մեռնելը խաղուպար էին դարձել, իսկ մարդիկ ապրել էին ուզումՙ թեկուզ վախով:

Մահարուն թոքախտի ճիրաններից ազատում է իր բախտակից Անտոնինանՙ մերձբալթյան երկրներից մի գեղեցկուհի, որ սիրահարվել էր 48 կիլոգրամանոց վտիտ պոետին : Բժիշկն ասում էՙ անհույս է, միգուցե մի շիշ օղի ճարեք-բերեք, մարմինը շփենք, ջերմությունն իջնի: Անտոնինան օղին հայթայթում է: Մահարին շիշը գլխին է քաշում, խմում. մեռնել, ուրեմնՙ մեռնել, գրողը տանի: Առավոտյան արթնանում է. ջերմություն չունի: Անարեւ Սիբիրում նրանք ամուսնանուն են, ու անարեւ սիբիրյան ծնունդ նրանց դստրիկը մահանում է: Երկրորդ զավակըՙ որդին, ազատության մեջ ծնվեց-ապրեց, բայց թերհաս էր. դարձյալ սիբիրյան անարեւ սիրո պտուղ:

Դավիթ Գասպարյանը պատմում է Մահարու կյանքի ծանր ու դժնդակ դիպվածներն ու ավելացնում. «Կարծես կենսագրական վեպ լինի: Մահարու կյանքն այնքան լեցուն է դրամատիկ իրադարձություններով, որ այն կարելի է գեղարվեստական գործի վերածել: Այդ մեծ կտավի վրա կերեւա նախորդ դարակեսի գրական, հասարակական ու քաղաքական ամբողջական պատկերն իր կերպարներով, ու նրանց մեջՙ առանցքային տեղումՙ Մահարին» :

Մահարին էլ, Չարենցն էլ, Զարյանն էլ, Բակունցն էլ, բոլոր-բոլորն իրենց ժամանակի ոգին ու դրոշմն են կրում: Նրանց նմանությունն ու տարբերությունը գնահատում ու արժեւորում է այն ժամանակաշրջանը, որում ապրել են ու ինքնադրսեւորվել. մեկըՙ կուսակցական գաղափարակիր, մյուսըՙ գրչի ու անդավաճան սկզբունքների տեր անհատ:

Դավիթ Գասպարյանն անդրադառնում է նաեւ Մահարու եւ նրա ժամանակակիցների գրական ու անձնական հարաբերություններին: Այս համատեքստում վիճահարույց պատմություններ էլ կան, օրինակՙ կապված Պարույր Սեւակի հետ:

«Մահարին ու Սեւակը գրական կյանքում շատ մտերիմ էին: Սեւակը պաշտամունք ուներ Մահարու նկատմամբ: Երբ 1964-ի հունվարի 24-ինՙ Սեւակի 40 ամյակին, լույս տեսավ նրա «Մարդն ափի մեջ» ժողովածուն, Մահարին «Կայուն հաղթանակներ եւ ժամանակավոր պարտություններ» խորագորվ գրախոսական գրեց, որտեղ որոշ դիտողություններ էր անում Սեւակին: Մահարին ուզում էր անթերի տեսնել Սեւակին: Հետո այստեղից-այնտեղից լուրեր տարածվեցին, թե իբր Մահարին մի հոդված է գրում, որում Սեւակին մեղադրում է գրագողության մեջ: Մահարին ու Սեւակը թշնամացան: Գրողների միությունը Մահարու «Այրվող այգեստանների» դեմ շարժում սկսեց: 20-րդ դարի մեր մեծ վեպերը երեքն ենՙ Չարենցի «Երկիր Նաիրին», Շահնուրի «Նահանջ առանց երգին» ու Մահարու «Այրվող այգեստանները»: Վանի մասին պատմող ամենահրաշալի ստեղծագործությունը, որ կարծես երաժշտություն լինի, սուր քննադատության արժանացավ, ուղղակի ոչնչացվեց: Մահարին ասում էրՙ Վանի հերոսամարտով հպարտանում ենք, բայց ո՞ւր է հիմա Վանը, որտե՞ղ են վանեցիները: Եթե հերոսամարտ էր, ինչո՞ւ ենք կորցրել Վանը: Նա իրատեսորեն էր վերլուծում պատմական փաստերն ու քաղաքական խաղերը: Բայց այդ ժամանակՙ 1965-66-ին, Հայաստանում հայրենասիրական նոր ալիք էր բարձրանում, ժողովուրդն ազգային գիտակցության զարթոնք էր ապրում: Ու Մահարուն սկսեցին ահաբեկել, ստորացնել. «Այրվող այգեստաններն» այրեցին նրա պատուհանի տակ: Մահարին հեռացավ երկրից, գնաց կնոջՙ Անտոնինայի հայրենիք: Կային գրողներ, որոնք մինչեւ վերջ կանգնեցին Մահարու կողքին ու պաշտպանեցին նրանՙ Վահագն Դավթյան, Հրանտ Մաթեւոսյան: Պահպանվել են տարբեր գրողների հետ նամակագրությունները, որոնք բացահայտում են, թե ով ով է եղել իրականում» ,- մանրամասնեց Դավիթ Գասպարյանը:

Ամառային մի շատ սովորական գիշեր փոխեց Գուրգեն Մահարու կյանքը: Կյանքՙ մինչեւ 1936-ի օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը, եւ կյանքՙ դրանից հետո: Իսկ այդ գիշեր Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանն ու Գուրգեն Մահարին «Երեւան» հյուրանոցի առաջին հարկում նստածՙ կոնյակ էին խմում ու ձմերուկով ողողում իրենց կոկորդը: Մի անծանոթ մոտենում է նրանց սեղանին, ձերբակալում Մահարուն ու տանում խեղված ճակատագրերի մութ աշխարհ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-09-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.