AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 16-01-2015



Տեղադրվել է` 2015-01-15 21:07:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿԻ ՎԱՐՊԵՏԸ. ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նաիր ՅԱՆ

«Ես շնորհակալ եմ Աստծուն ինձ տվածի համար: Ապրել եմ շատ բուռն ստեղծագործական կյանքով, բայց ինձ ժամանակը երբեք չի հերիքել»,- իր կյանքի 50 եւ 7 տարիները հետադարձ հայացքով այսպես է գնահատել վաղամեռիկ քանդակագործ Բենիկ Պետրոսյանը:

Արվեստի աշխարհում նրան մտերմաբար Բենո էին ասում: Ուր էլ որ լիներ Բենոն, պիտի մուրճի թխկթխկոց, խարտոցի ձայն լսվեր: Արվեստաբանները զարմանում էին, թե այդքան փոքր մարմնի մեջ որտեղի՞ց այդքան եռանդ ու ֆիզիկական ուժ: Նրա անսահման աշխատասիրությունը դրսեւորվել է քանդակագործության տարբեր ուղղություններում, եղածներին նա նոր ոճեր է ավելացրել: Բենիկ Պետրոսյանը մանրաքանդակի դպրոցի հիմնադիրն է, ստեղծել է հաստոցային քանդակների, դրվագման, քարանձավային արվեստի նոր ուղղություններ: Ժողովրդական ավանդույթներին ավելացրել է իր ձեռագիրն ու ստեղծել մոնումենտալ հարթաքանդակներ: Մետաղական քանդակի ասպարեզում նրա խոսքը չլսված ու բացառիկ էր սովետական կաղապարված ժամանակներում: Նորարարՙ քանդակագործության բոլոր ոլորտներում, համարձակ մտածողությամբ ու տարողունակ ասելիքով:

1960-ականներին արվեստում նոր խոսք ասելը հեշտ չէր. մեկը մյուսից փայլուն ու խոստումնալից արվեստագետներ, մեկը մյուսից տաղանդավոր: Այդ բազմազանության մեջ արվեստասեր հանրության ուշադրությունը սեւեռվեց նորահայտ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ինքնատիպ արվեստին: Բացօթյա ցուցահանդեսՙ Օպերայի շենքի ու Նաիրի կինոթատրոնի հարակից տարածքումՙ Կարապի լճի ափերին: 1969 թվականն էր. տուֆից, բազալտից, գրանիտից կերտված մի քանի տասնյակ քանդակներն ուղղակի սփռված էին բաց տարածքում: Սալոնային ցուցադրություններին սովոր հանդիսատեսի համարՙ արվեստի անսովոր ու հետաքրքրական մատուցում: Բացօթյա ցուցահանդեսը գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող Բենոյի դիպլոմային աշխատանքն էր, այնքան տպավորիչ, ասես հասուն ու փորձառու վարպետի ստեղծագործություններ լինեին: Բենոյի «Ծովինար» քանդակը երկար տարիներ տեղադրված էր Կարապի լճի կենտրոնում: Արվեստագետներին նաեւ զարմացրին Բենոյի չեչաքարե քանդակները: Մինչ այդՙ ոչ մի քանդակագործ չեչաքարի վրա չէր աշխատել: Այն յուրահատուկ վարպետություն է պահանջում:

Բաց երկնքի տակ, բնությանը սերտաճած ստեղծագործելը հետագայում ավելի անկաշկանդ դրսեւորվեց: Իջեւանում, Դիլիջանում, Գառնիում, Խոսրովի անտառներում Բենոն բազմաթիվ քանդակներ է թողել: Ճամփեզրին ընկած քարը նա վերածել է քանդակի ու բնությանը վերադարձրելՙ շունչ ու ոգի ներերկած: Իջեւանով անցնելիս շատերը նկատած կլինեն ճամփեզրի բարձունքի մեծ ձունՙ «Կյանքի սկիզբը» մարմարե քանդակը, Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան հարթաքանդակները եւս Բենոյի աշխատանքն են: Քարը նրա ձեռքերում փոխակերպվել է հարթաքանդակի, արձանի, որմնաքանդակի: Օգտագործելով բնական անհարթությունները, կոտրվածքները, ճեղքվածքներըՙ քարի կոշտությունը Բենիկ Պետրոսյանը վերածել է ճկուն պլաստիկայի, երաժշտության:

Բենոն իր արվեստի հետքն է թողել ոչ միայն բաց բնության գրկում, այլեւ քարանձավներում: Իջեւանի Լաստիվերի քարայրը զբոսաշրջության համար գրավիչ վայր է: Քարանձավի առաստաղին ու պատերին քանդակված հսկայական կերպարանքներն ու պատկերները ներկայացվում են որպես հին ժամանակների ժողովրդական վարպետների գլուխգործոցներ, որ կերտվել են տարիների ընթացքում, սակայն իրականում դրանց հեղինակը Բենիկ Պետրոսյանն է: 1976 թվականին միութենական լրատվամիջոցներն անդրադարձել են քարանձավային այդ արվեստին ու զարմանքով նշել, որ Բենիկ Պետրոսյանն այն ստեղծել է ընդամենը մի քանի օրում: Քարանձավային նմանատիպ ցուցասրահ նա կերտել է նաեւ Հալեպի Սիսի Հաուս կենտրոնում: 1990-ականներին շատ արվեստագետներ ցրտի ու մթի պատճառով չէին կարողանում ստեղծագործել, աշխատելու այլ տարբերակներ էին փնտրում: Բենիկ Պետրոսյանն ընդունում է Սիրիայի հրավերըՙ ձեւավորել Հալեպի Սիսի Հաուս կենտրոնը: Կարճ ժամանակում քարանձավը վերածվում է հարթաքանդակներով զարդարված յուրօրինակ միջավայրի:

Բենիկ Պետրոսյանի 1000-ից ավելի քանդակները սփռված են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում. դրանց մեծ մասի տեղը հայտնի չէ: Լինելով ստեղծագործական անսպառ մտքի տեր արվեստագետՙ Բենիկ Պետրոսյանն ուր որ եղել է, քանդակներ է թողել: Հին երեւանցիները լավ են հիշում Երիտասարդական պալատը, որի սրահներում եւս Բենիկ Պետրոսյանի ձեւավորման աշխատանքներն էին: Հսկայական ջահերը, պատրաստված յուրահատուկ տեխնիկայով, այցելուներին զարմացնում էին իրենց մոդեռն ոճով: Բենոն ձեւավորման աշխատքներ է կատարել նաեւ Արզնիի, Ջերմուկի առողջարաններում, Էջմիածնում, Զանգեզուրում:

Կամերային թատրոնն այսօր էլ սիրված վայր է շատերի համար: Թատրոնի մուտքի դռնից մինչեւ դահլիճՙ ձեւավորել է Բենիկ Պետրոսյանը: 1980-ականներին թատերական նման միջավայրը համարձակ քայլ էր համարվում: Քանդակագործի կինըՙ Ալիս Ադամյանը, պատմում է, որ թատրոնի նախասրահի մարդակերպ քանդակներին հագցնելու համար ամուսինն անգամ իր զգեստներն է օգտագործել:

Բենոն միշտ է առանձնացել իր այլախոհությամբ: 1965-ին ստեղծագործում էր իր ուսուցչուհուՙ Թերեզա Միրզոյանի արվեստանոցում, որը դարձավ ժամանակի առաջադեմ արվեստագետների ու մտավորականների հավաքատեղի: Այստեղ էին խմորվում Հայոց Մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված երթեր կազմակերպելու մտահղացումները: Բենոն սովետական ժամանակների համար խիստ համարձակ քանդակներ է կերտելՙ «Լենինյան ուղիով»ՙ Լենինն առանց գլխի, «Փառքի աթոռ»ՙ մուկնՙ աթոռի վրա, «Սովետական զինվոր»ՙ ճաղավանդակում կալանավորված զինվորական շինել ու սապոգներ եւ այլն: 1989-ին նա անհատական ցուցահանդես կազմակերպեց, որի հայսույթը տրամադրվեց արցախցի արվեստագետների ընտանիքներին: Բենոն նաեւ զենքը ձեռքին կռվել է Կիրանցի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Նա քաղաքացիական իր կեցվածքով ու իր արվեստով արտահայտել է ժամանակի, բարքերի, հասարակական կյանքի ելեւէջները:

Բենոյի արվեստի առանձնահատկությունների մասին խոսելիս արվեստաբանները շեշտում են նրա կատարողական տեխնիկան, հնարքները, քանդակի ներքին բովանդակությունն ու ենթատեքստը: 300-ից ավելի հարթաքանդակներ է ձուլել Բենոն, ընդ որում միանգամից նյութի վրաՙ կլիներ ալյումին, գիպս թե բրոնզ: Բենոն համարվում է հաստոցային քանդակի հիմնադիրը: Ստեղծագործ մտքին զուգորդելով կատարողական տեխնիկանՙ նա ձուլման եւ զոդման եղանակով ստացել է մոդեռն աշխատանքներ:

Բենիկ Պետրոսյանը դրվագումների վարպետ է: Նրա առաջին փորձը դեռ 1964-ին համամիութենական երիտասարդական մրցույթում արծաթե մեդալ բերեց հեղինակին, իսկ 69-ին «Շվիով աղջիկը» սկուտեղը Մոնրեալի մրցույթումՙ ոսկի:

Բենիկ Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվում են Եվրոպայի, Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այդ թվումՙ Տրետյակովյան պատկերասրահում:

Հունվարի 4-ին լրացավ վաղամեռիկ արվեստագետի ծննդյան 76 ամյակը: Քանդակագործի մեծագույն երազանքն էր Հայաստանում ստեղծել մանրաքանդակի միջազգային դպրոց, որի համար հիմք կհանդիսանան հենց իր մանրաքանդակները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 16-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.