AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 06-02-2015



ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-02-06 00:32:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2103, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆՙ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ

ՆԱԻՐ ՅԱՆ

Գեղանկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տունը պետական աջակցությամբ թանգարանի է վերածվել: Այն, ինչը մեզ համար թանգարան է, հնություն, ազգային բացառիկ արժեք, Ագուլեցու համար կենսակերպ է, սովորական երեւույթ: Մենք հիանում ենք նրա արծաթակուռ ապարանջաններով ու գլխանոցներով, տարազներով ու թեւնոցներով, որոնք կրել են Արեւմտահայաստանի, Նախիջեւանի, Արցախի, Ջավախքի հայուհիները: Լուսիկ Ագուլեցին դեռ երիտասարդ տարիներից հիմնովին փոխել է իր զգեստապահարանը, սկսել ուսումնասիրել հայ բանահյուսությունն իր բոլոր շերտերով, ազգագրությունըՙ վաղնջական ժամանակներից, ու վճռել վերականգնել մեր ազգային ավանդույթները, ծեսերը, կենցաղավարությունն ու սովորույթներըՙ անխախտ հետեւելով դրանց: Ինքն էլ դարձել է այդ արժեքների կրողն ու վառ օրինակն իր նիստուկացով, բնույթով ու արտաքինով: Տասնամյակներ շարունակ նա հավաքում է հին հայկական արդուզարդ, գորգեր, կարպետներ, կահ-կարասիՙ այն ամենն, ինչը կապված է հայ ինքնության ու մշակույթի հետ: Իր նկարած կտավները վաճառում է եւ այդ գումարով գնում հնաոճ իրեր, նվագարաններ, որոնցից շատերն ուղղակի փրկվել են արկածախնդիր վաճառողների կամայականություններից, Թուրքիա ու Ադրբեջան կամ այլուր տեղափոխվելու վտանգից: Լուսիկ Ագուլեցու շնորհիվ հին հայկական շատ տարազներ են վերականգնվել ու նորից կյանքի կոչվել, իսկ ծիսական արարողությունների, կենցաղավարության, տիկնիկների ու խորհրդանիշերի նրա մեկնաբանությունները ազգագրության դասեր են: Գեղանկարչուհին Կենաց ծառերի, զանազան ծիսական տիկնիկների մի ամբողջ հավաքածու ունի: Հորդորում է բոլորին առաջնորդվել հայկական ավանդույթներով ու սովորույթներով, որոնք բացառիկ գեղեցիկ են, բարի նպատակներով ու խորունկ իմաստով:

Գեղանկարչուհին Գլենդելի հայկական համայնքի խնդրանքով պատրաստել է Ջավախքի, Ալաշկերտի, Շատախի, Երեւանի, Արդվինի տարազներ, որոնք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ցուցադրվելու են Ամերիկայում: Տպագրատանն է նրա նոր գիրքը, որից մի քանի օրինակ է դեռեւս լույս տեսել, մյուսները կհրապարակվեն մոտ ժամանակներս: Լուսիկ Ագուլեցու հերթական ժողովածուն ներկայացնում է ժողովրդական բանահյուսության, կենցաղավարության, սովորույթների ամբողջական պատկերը: «Հայոց տոնածիսական մշակույթն ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու ստեղծագործությունների». այսպես է վերնագրել գիրքը Լուսիկ Ագուլեցին: Օգտվել է անվանի ազգագրագետների, գրողների, անգամ պատմիչների աշխատություններիցՙ Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Գարեգին Սրվանձտյանց, Րաֆֆի, Սարգիս Հարությունյան, Սրբուհի Լիսիցյան եւ էլի տասնյակ անուններ: Գեղանկարչուհին մանրամասն ներկայացրել է 5 տաղավար տոների նշանակությունն ու խորհուրդըՙ շեշտելով դրանց եկեղեցական ու ժողովրդական ծեսերի զուգակցումները: Եկեղեցական համարվող տոները հայոց մեջ նախաքրիստոնեական արմատներ են ունեցել, որոնք հետագայում ժողովուրդը համադրել է քրիստոնեական ավանդույթների հետ: Այդ խաղաղ ներդաշնակությունը սերնդեսերունդ ապրել է հայ ժողովրդի մեջ ու դարձել ազգային մշակույթ: Ժողովրդական խաղիկների, ավանդազրույցների, կենցաղի, տոնածեսերի, արհեստների ու արվեստների շերտերն իրենց ամբողջ խորությամբ ներկայացնելովՙ Լուսիկ Ագուլեցին ջանացել է ցույց տալ, թե հայերս ինչ հզոր մշակույթ ու քաղաքակրթություն ունենք, որոնցից, ցավոք, լիովին հրաժարվել ենք: Տեառնընդառաջ, Ամանոր, Նավասարդ, Սուրբ Ծնունդ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Խաղողօրհնեք. եկեղեցական ու ժողովրդական տոներով հագեցած է ամբողջ տարին: Մեր նախնիները յուրաքանչյուր օրն ապրել են իմաստավորված, տիեզերքի հետ անքակտելի կապով, անգամ տունն ու բակը կահավորել բարեբերության, հաջողության խորհրդանիշերով: Լուսիկ Ագուլեցին ուսումնասիրել է նաեւ այլ ժողովուրդների ծեսերն ու սովորույթները: Հաճախ սահմռկեցուցիչ, միստիկ ուժերին ծառայող նողկալի գործողություններ են կատարել հին համարվող ազգերը, ինչ է թե տարին բարեբեր լինի, աստվածները բարի աչքով նայեն իրենց ցեղին: Իսկ մեր ծեսերը քարոզում են խաղաղություն, անչար, բարի, մարդասիրական, ընտանիքըՙ որպես սրբություն գնահատելու գաղափարներ: Մեր նախնիների ստեղծած ծեսերը ծառայել են ընտանիքն ու ազգը չար ուժերից պաշտպանելու ձգտումներին: Այդ միտումով են հորինվել նույնիսկ տիկնիկները, երեւակայական կերպարները: Օրինակՙ Ակլատիզ, Նուրին, Ուտիս եւ տասնյակ այլ տիկնիկների իմաստավորման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք հայուհիներն իրենց պատկերացմամբ առարկայացրել ենՙ տիկնիկը պատրաստել ու այն կիրառել կենցաղում: Նրանց նվիրված խաղիկները ժողովրդական բանահյուսության գոհարներ են, արտացոլում են մեր բարբառային հարստությունը, խոսքային ճկունությունը: Գեղանկարչուհին առանձնահատուկ տեղ է հատկացնում Կենաց ծառին, որի տարատեսակներն, ըստ տոնածեսերի, կիրառվել են հայոց մեջ: Կենաց ծառի խորհուրդը, նշանակությունն ու պաշտամունքը դրսեւորվել են Հայոց աշխարհի տարբեր բնակավայրերում: Իսկ քրիստոնեության շրջանում Կենաց ծառը նույնացվում է Սուրբ Խաչի հետ: Այսպես, եկեղեցական ու ժողովրդական խորհրդանիշերը համընթաց ուղեկցել են հայ ազգին: Իր գրքում Լուսիկ Ագուլեցին տոնածեսերի նկարագրություններին զուգադրել է իր պատրաստած տիկնիկները, Կենաց ծառերը, զարդարված խաչերը, թեմատիկ գեղանկարները, որպեսզի տեսանելի լինեն այն բոլոր խոսքային պատկերները, որոնք արտացոլում են տոնածեսերը:

«Այնքան հարուստ ենք մենք, այնքան ուժեղ մեր անցյալի պատմությամբ ու մշակույթով. դրանք ստեղծված են, կան, մնում է պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել: Ուրիշ ազգերը գողանում են մեզնից, մեր ստեղծածը սեփականացնում, իսկ մենք ինքնակամ հրաժարվում ենք մեր դարավոր մշակույթից ու ծեսերից: Օրինակՙ հարսանիքի ժամանակ հարսը ծաղկեփունջ է նետում օրիորդների մեջ: Պատկերացնո՞ւմ եքՙ ի՜նչ հրաշալի կլինի, եթե հարսն իր քսակը նետի, որի մեջ խորհրդանշական մատանի կամ մետաղադրամ կա. ով այն բռնի, նա էլ կամուսնանա: Տարոսիկներ ենք գնում կամ պատրաստումՙ ընդօրինակելով օտարներին: Իրականում մենք ունենք հարսանեկան տարոսիկներ պատրաստելու մեր ձեւըՙ ձեռքով պատրաստված ծառՙ ճյուղերինՙ գունագեղ տարոսիկներ: Մենք շատ ենք հեռացել մեր արմատներից. դա վտանգավոր է, այդպես հեշտ կուծանանք, կձուլվենք, կմասնատվենք: Եթե մեկ-երկու հայուհի հետեւի իմ խորհուրդներին ու օրինակին, ես ինձ վարձատրված կզգամ: Այդ ձգտումով եմ ապրում ու առաջնորդվում, եւ, հավատացեք, շատ շնորհքով ընտանիքներ կան, որ սովորում են ինձնից, իրենք էլ սերմանում ազգային ավանդույթներ ու ծեսեր»,- ոգեւորվում է գեղանկարչուհին:

Լուսիկ Ագուլեցին իր հարսներին հարսանեկան հայկական տարազով է իր տուն բերել. վստահեցնում էՙ սիրով են հագել հարսնացուները սկեսրոջ առաջարկած զգեստները: Ասում է. «Եթե իմ ընտանիքը չընդուներ ու չսիրեր այն, ինչով շրջապատված եմ ես, ինձ հետ նույն հարկի տակ այսքան սիրով ու համերաշխ չէր ապրի»:

Հետեւել ժողովրդական ավանդույթներին, ծեսերին, բառ ու բանին, անգամ երեւակայական կերպարների ուժին, ապրել քրիստոնեական հավատով ու պայծառ հայացքով. այդպիսին են եղել մեր նախնիները եւ ունեցել են լիքը մառաններ, միշտ վառ օջախ, բազմանդամ գերդաստան ու սրբության սրբոց ամուր ընտանիք: Ամուր ընտանիքով ենք ամրացրել պետության հիմերն ու պահպանել մեր հայ ինքնությունը, մեր տեսակն ու նկարագիրը: Հենց որ աչքներս գցել ենք օտարի սովորույթներին, մեզ պատուհասել է պառակտությունն ու օտարի լուծը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 06-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.