AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Տեղադրվել է` 2015-02-19 22:54:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1367, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԾԱՆՈԹ, ԲԱՅՑ ԱՆԾԱՆՈԹ ՏԵՐՅԱՆ

Նաիր ՅԱՆ

Սովետահայ դասագրքերից Վահան Տերյան մեզ հայտնի պոետը թոքախտավոր, դալկադեմ, թախծոտ կերպար է: Ասում ենքՙ տերյանական աշուն, տերյանական քնքշանք, տերյանական թախիծ. Տերյանին այդպես ներկայացնելն իրականում կուսակցական վերնախավի թելադրանքով է եղել: Պետք էր հասարակության ու գրականության պատմության համար հորինել պոետական այնպիսի կերպար, որը սերունդների համար կասկած չհարուցեր, թե Տերյանն ընդվզող, ազգային գաղափարախոսության համար պայքարող քաղաքական գործիչ է եղել:

Տերյանի հոդվածներն ու նամականին մինչեւ այժմ հրատարակվել են կրճատումներով, խեղաթյուրումներով, ուղղակիՙ կամայականորեն: 130 տարի է անցել նրա ծննդից եւ 95 տարիՙ նրա մահվանից. այդ ընթացքում անգամ գրականագետները լիարժեք չեն ճանաչել Վահան Տերյանի իսկական կերպարը, այն հային, որը կանգնած է «Մթնշաղի անուրջներ», «Փշե պսակ», «Գիշեր եւ հուշեր», «Կատվի դրախտ» բանաստեղծական շարքերի, «Հոգեւոր Հայաստան», «Հայ գրականության գալիք օրը» հոդվածների հետեւում: Տերյանի կյանքի հատկապես վերջին տարիների մասին սակավ ու խեղաթյուրված տեղեկություններ են հաղորդվել մեզ: Մի կենսագրական դրվագ. գրվում է, թե Տերյանը մեկնում է հյուսիս: Իրականում պատրվակն աքսորն էր. Տերյանին Սիբիր են աքսորել: Լենին-Ստալին զույգը նրան հեռացրել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրից: Տերյանն իր Ղազարոս եղբորը գրում է. «Այս կնիկամարդը վաճառեց Արեւմտյան Հայաստանը: ...Եթե մեռնեմ, աճյունս կտեղափոխեք հայրենի Գանձա»: Երբ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով գծվում էին հայոց երկրի սահմանները, Տերյանը կռիվ էր մղում Տրոցկու դեմ:

Վահան Տերյան պոետի, քաղաքական, հասարակական գործչի կյանքի մանրամասները, չհանրայնացված ու թաքցված դրվագները հրապարակված են: Լույս է տեսել նրա ծոռանՙ Գեւորգ Էմին-Տերյանի գիրքըՙ «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» ժողովածուն: Գրականագետները հավաստիացնում են, որ գրքի էջերում մեկ ուրիշ Տերյան կա, նա, որին մինչեւ հիմա չենք ճանաչելՙ հաստատակամ, համառ, ինքնավստահ, ընդվզող, ուժեղ: «Անգամ գրքի կազմի վրա ուրիշ Տերյան է պատկերված: Նկարն առաջին անգամ է հրապարակվում: Այն եւս թաքցված է եղել: Ժողովածուում ընդգրկված են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արխիվային նյութերը: Դրանք ուսումնասիրելով ու կարդալովՙ համոզվում ենք, որ Տերյանի իսկական կերպարն ու մեր իմացած Տերյանը բոլորվին ուրիշ մարդիկ են: Նրա նամակները մկրատված են հրապարակվել, անգամ զավեշտի հասնող աղավաղումներ ենք տեսնում: Մի նամակում նա ռուսերեն գրում է. «Не могу же я туда пойти босеком»: Թարգմանվել է այսպեսՙ «Հո չեմ գնա այնտեղ բոսյակի պես»: (Մինչդեռ պետք է լինիՙ «Հո չեմ գնա այնտեղ ոտաբոբիկ»): Նրա նամականին, հոդվածները, հուշագրությունները նաեւ գաղափարական կրճատումների են ենթարկվել: Մինչեւ չկարդաս նրա փիլիսոփայական մտքերը, վերլուծությունները, չես հասկանա, թե ինչու է հանգում հոգեւոր Հայաստանի գաղափարին: Իսկ այդ ամենը խնամքով ու զգուշորեն թաքցվել, կրճատվել ու սքողվել է արդեն հարյուր տարի»,- նկատում է գրքի հեղինակըՙ գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը:

1919 թվականին Տերյանը դուրս է գալիս կոմունիստական կուսակցությունից. ժողովածուում տպագրված է նրա այդ դիմումը: Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը նրան ռազմաճակատ ուղարկելու մասին որոշում է կայացնում: Դա նշանակում էրՙ կուսակցական վերնախավը մեծ վտանգ է տեսել ու ցանկացել է ամեն կերպ ազատվել փոխնախարարի պաշտոն եւ պատգամավորի մանդատ ունեցող Տերյանից: Նրան ազատում են իր զբաղեցրած բոլոր պաշտոններից:

Տերյանի մահից հետո նրա կինըՙ Անահիտը, վերադառնում է Մոսկվա: Պողոս Մակինցյանը գալիս է Անահիտի մոտ, ատրճանակ քաշում նրա վրա ու բռնի ուժով խլում Տերյանի արխիվը: Մակինցյանն այդ ժամանակ արդեն զբաղեցնում էր Տերյանի պաշտոնըՙ ազգությունների կոմիսարիատի կոմիսարի տեղակալն էր: Նա վախենում էր, որ մի օր իրականությունը կբացահայտվի. Տերյանն ամեն ինչ գրել էր, իսկ նրա տողերում քաղաքական գործիչները դիմակազերծված էին, մերկացված: Մակինցյանի գնդակահարությունից հետո Տերյանի արխիվը մնում է նրա կնոջ, այնուհետեւՙ դստեր մոտ, որոնք նույնպես խնամքով թաքցնում են պատմական ճշմարտություններով լեցուն պայթյունավտանգ փաստաթղթերը: Դրանք վկայում են, որ Տերյանի պաշտոնն զբաղեցրած Մակինցյանը ստորագրել է Կարսի պայմանագիրը: Հետագայում կուսակցական խաբեբայություններով ամեն ինչ արվում էՙ մեռած Տերյանին ստորացնելու, նրա հիշատակն անարգելու համար, թեՙ դու Բրեստում ապստամբում էիր, իսկ քո ընկերըՙ Մակինցյանը, տես, գնաց ու Կարսի պայմանագիրն ստորագրեց:

Պողոս Մակինցյանըՙ որպես առաջին տերյանագետ, հորինում է բոլշեւիկ Տերյանի պոետական կերպարն ու սերունդներին մատուցում հորինված Տերյանին:

Գեւորգ Էմին-Տերյանը պատմեց, որ ինքը դիմել է Անահիտ Մակինցյանինՙ Տերյանի արխիվը նրանից ստանալու ակնկալիքով, սակայն Մակինցյանի դուստրը մերժել է, ասելովՙ այդ թեման փակված է ընդմիշտ: Գեւորգն առայժմ բավարարվել է գրականության եւ արվեստի թանգարանի նյութերով, դրանք համեմատել մինչեւ այժմ լույս տեսած, նաեւ տարբեր ժամանակաշրջանների մամուլում տեղ գտած հրապարակումների հետ: Կան նաեւ ընդհանրապես չտպագրված հոդվածներ, նամակներ, գրախոսություններ:

Տերյանի գրվածքներից շատերը նրա մահից հետո ներկայացվել են այլ ենթատեքստով ու այլ նպատակով: Դրանք շահարկվել ենՙ պոետի անունը սեւացնելու նպատակով: Օրինակ «Сухумская ловушка» հոդվածի վերնագրով սովետական տերյանագիտությունը ներկայացրել է, թե իբր մինչեւ հոկտեմբերյան հեղափոխությունը Սուխումիում բուժվող Տերյանն ապստամբություն է բարձրացրել ժամանակավոր կառավարության դեմ: Այնինչ իրականում դա բողոքի նամակ է, որով Տերյանը դժգոհել է թոքախտավորների առողջարանի սանիտարահիգիենիկ պայմաններից: Չկար սնունդ, տարրական պայմաններ: Այս հոդվածի բովանդակությունը դիտավորյալ երբեք չի հրատարակվել, որպեսզի կարողանան շահարկել ու ձեւախեղել Տերյանի քաղաքական հայացքները: Այդպիսի ութ հոդված կա, որ ընդգրկվել է ժողովածուում: Մեզ են հասել նաեւ չուսումնասիրված ու չվերծանված գրվածքներ, որոնք արեւելագետ ու պատմաբանասեր Տերյանը գրել է հին հունարեն եւ սանսկրիտ: Նա ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Կայծեր» վեպը, Սունդուկյանի «Պեպոն», «Կտակը»: Տերյանը գրել է «Դոն Ժուանի վերջին տեսիլը» պոեմը, որը կորած է համարվում: Եղիշե Չարենցը Դեմիրճյանի լեզվի մասին խոսելիս մի նախադասություն է մեջբերում Տերյանի այդ ստեղծագործությունից:

Տերյանը ծաղրում է Լենինին ու Ստալինին. դա անում է թաքցված, բայց ընթերցողին պարզ է դառնում, թե խոսքն ում մասին է: Գեւորգ Էմին-Տերյանը կարծում է, որ չհրապարակված հոդվածներ ու նամակներ էլի կան ու դեռ բացահայտելու, Տերյանին նոր լույսի ներքո ճանաչելու հնարավորությունները սպառված չեն: Ինչպե՞ս եւ ե՞րբ կբացվի Մակինցյանների մոտ պահվող արխիվը, գաղտնազերծումն ի՞նչ նորություններ կբերի. երիտասարդ գրականագետը վստահ է, որ այդ օրը կգա, գիրքը շարունակություն կունենա: Ակնհայտ է, որ Տերյանի գրվածքներում կան նաեւ Պողոս Մակինցյանի դեմ ուղղված քննադատություններ, այդ պատճառով էլ դուստրը չի համաձայնում արխիվը բացել:

Հարյուր տարվա ընթացքում Տերյանի կյանքն ու ստեղծագործությունն ուսումնասիրվել է, հազարավոր հոդվածներ, տասնյակ մենագրություններ են գրվել, սակայն իրականում կա փաստագրություն, որին վերապահված է իսկական Տերյանին բացահայտելու մենաշնորհը: Տերյանն ինքն է ներկայացնում իրեն ու իր ժամանակը: Տասնամյակներ շարունակ այդ վկայությունն անտեսվել ու քողարկվել էՙ ասպարեզ հանելով կոմունիստական վարչակարգին ձեռնտու ուրիշ մի Տերյանի կերպարՙ հլու-հնազանդ բոլշեւիկյան գաղափարներին եւ թոքախտից դալկացած կեցվածքով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.