AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015



ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԵՄԵՐՈՒՄ

Տեղադրվել է` 2015-02-19 22:54:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1348, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇՏՈՒՏԳԱՐԴՈՒՄ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Փետրվարի 15-ին Շտուտգարդի թատրոնում կայացավ Նիկոլո Ջոմմելլիի «Վաղարշակ» (Niccolo Jommelli «Il Vologeso») օպերայի բեմադրության առաջնախաղը (երկրորդը կայացավ երեկ), որ բեմադրիչներ Յոսսի Վիիլերի, Սերջիո Մորաբիտոյի ( Jossi Wieler, Sergio Morabito ) ընտրությամբ վերնագրվել է «Բերենիկե. թագուհին հայոց»: Ներկայացման երաժշտական ղեկավարը Գաբրիելե Ֆերրոն ( Gabriele Ferro ) է, բեմի եւ զգեստների նկարիչըՙ Աննա Ֆիիբրոքը ( Anna Viebrock ):

Գլխավոր հերոսներն են հռոմեացի կայսր Լուցիոս Վերոսըՙ դերակատար Սեբաստիան Քոհլհեփփ (Sebastian Kohlhepp), Վաղարշակըՙ Սոֆի Մարիլլեյը ( Sophie Marilley ), Բերենիկեն կամ Բերենիսըՙ դերակատար Անա Դուրլովսկի ( Ana Durlovski ): Ներկայացումները շարունակվելու են փետրվարի 22-ին, մայիսի 9-ին,17-ին, 22-ին, 25-ին, 30-ին, հունիսի 4-ին:

Իտալերեն լեզվով 2 ժամ 55 րոպե տեւողությամբ այս 249 տարվա պատմություն ունեցող օպերայի վերաբեմականացումը Շտուտգարդի թատրոնում, ըստ գերմանալեզու մամուլի ու ռադիոյի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Քննադատների մի մասը գտնում է, թե տեղին է կոմպոզիտորի 300-ամյակի առիթով հնչեցնել նրա գեղեցիկ ստեղծագործություններից մեկը, որ ժամանակին 90-ից ավելի բեմադրություն է ունեցել, մյուս մասն էլ դժգոհ է:Երկու ռեժիսորները, որոնց նախկին բեմադրություններն արժանիորեն գնահատվել են շտուտգարդյան բեմում, այս անգամ ստիպված են եղել նաեւ հանդիսատեսի դժգոհ բացականչությունը լսել ներկայացումից հետո, փոխանցում է «Բայրիշե ռունդֆունկը»ՙ հիմնավորելով, թե ֆլեգմատիկ երաժշտությունը, վիպական հենքը եւ բեմանկարչի աշխատանքը դուր չեն եկել այսօրվա հանդիսատեսին, թեպետ, նշում է նաեւ, թե Մոցարտն էլ ժամանակին հրապուրված չի եղել հիշյալ կոմպոզիտորի ստեղծագործությամբ:

1699-ին ստեղծված «Լուցիոս Վերոս» լիբրետոյի հեղինակը իտալացի պոետ ու լիբրետիստ Ապոստոլո Ձենոն (1668- 1750) է: Մի հեղինակ, որի ստեղծագործությունների հիման վրա օպերաներ են գրել ժամանակի նշանավոր կոմպոզիտորները, ինչպես օրինակՙ Ալբինոնին, Վիվալդին, Սկարլատտին: «Լուցիոս Վերոս»ը մեր հապճեպ շարադրմամբ հետեւյալ դիպաշարն է ներկայացնում: Հռոմեացի կայսր Մարկոս Ավրելիոսի գահակից Լուցիոս Վերոսը (130- 169) սիրահարվում է իր հակառակորդիՙ պարթեւների Վաղարշակ թագավորի կողակցինՙ Բերենիկեին: Որեւէ մեկը չի էլ կասկածում, թե ռազմի դաշտում զոհված Վաղարշակը իրականում ողջ է, ավելինՙ նա վերադառնում է: Բերենիկեն դժվար ընտրության առաջ է: Բայց ոչ միայն նա. կայսեր դուստրըՙ Լուցիլլան էլ պատրաստ չէ իր նշանածին զիջել:

Հիշյալ լիբրետտոն ժամանակին հետաքրքրել էր եվրոպական օպերային թատրոններինՙ Իտալիայում, Վիեննայում, Պրահայում, Մյունխենում, Համբուրգում, Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում: Սակայն թատրոնները վերնագրի հարցում միակամ չէինՙ հաճախ են ընտրել գլխավոր հերոսներից մեկնումեկի անունը: Թատերայնությամբ հարուստ հենքը անտարբեր չէր թողել նաեւ ժամանակին հանրահայտ Վյուրթեմբերգյան արքունի երգչախմբի խմբավար Նիկկոլո Ջոմմելլիին (1714- 1774): Օպերայի նրա տարբերակն առաջին անգամ խաղարկվել է 1766-ին Եվրոպայի ամենամեծ օպերային թատրոնումՙ Լյուդվիգսբուրգի պալատական թատրոնումՙ «Վաղարշակ» (Il Vologeso) անվանմամբ: Թե ինչն է շտուտգարդյան բեմում Ջոմմելլի օպերան ներկայացնելու առիթ հանդիսացել, հստակեցնում է տեղական թերթերից մեկը: Մորաբիտոն 1993-ին համերգային կատարմամբ ունկնդրել է հիշյալ ստեղծագործությունը եւ հմայվելՙ երաժշտության հոգեբանական խորությամբ ու սրությամբ, ինչպես նաեւ թատերային պատմությամբ ու զարմացել, թե ինչպես արդի թատրոնները այս ստեղծագործության ներուժը չեն նկատել: «Ինչո՞ւ է վերնագիր ընտրվել Բերենիկե. թագուհին հայոց» տարբերակը, գերմանացի լրագրողներից մեկի այս հարցին թատրոնի գլխավոր դրամատուրգ Մորաբիտոն պատասխանում է, թե վերնագիրն ընտրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե Ջոմելլին, թե Վաղարշակն անհայտ անուններ ենՙ «դժվարհասկանալի»:18-րդ դարից մեզ հասած լիբրետոյում ընդգծված գլխավոր կերպարներից յուրաքանչյուրիՙ Լուցիոս Վերոսի, Վաղարշակի, Բերենիկեի եւ Լուչիլլայի անունները կարող էին վերնագիր լինել, ասում է բեմադրիչը եւ շարունակումՙ Ջոմմելին այսօրվա տեսանկյունից մեծ հոգեբան է, իսկ անտիկ հենքի հանդեպ ժամանակակիցներիս հետաքրքրությունը կարող է բացատրվել նաեւ խաղաղության կարոտ մեր աշխարհի դիտակետիցՙ ինչպես է «վերաձեւում» պատերազմը մարդուն:Սա հուզիչ պատմություն է մի կնոջ մասին, որ հավատում է, թե ամուսնուն կորցրել է ռազմի դաշտում: Կնոջ ողբի պահին նրան սիրահետում է մեկ ուրիշը, ու հանկարծ հայտնվում է կարծեցյալ սպանված ամուսինըՙ մարմնապես ու հոգեպես խեղված: Սա շատ այժմեական, հետաքրքրական կոնֆլիկտ է, եւ կինը պետք է վճռի, ընտրություն կատարիՙ խեղված ամուսի՞նը, թե՞ հաղթանակած հերոսը:

«Բերենիկե. թագուհին հայոց» ազդագիրը տեսնելուն պես մեզ մշտապես ուղեկցեց բնական մի հարցՙ ունեցե՞լ ենք Բերենիկե (Բերենիս, Վերոնիկ) անվանյալ հայոց թագուհի: Սկզբում հարցն ուղղեցինք մեր պատմաբաններինՙ «Հայոց թագուհիներ» գրքի հեղինակ Արտակ Մովսիսյանին, Արմեն Կլոդ Մութաֆյանին: Երկու հեղինակներն էլ հուշեցին, որ այդ անունով թագուհի հայոց մեջ հայտնի չէ եւ մտացածին կարող է լինել: Ներկայացման գլխավոր բեմադրիչ Սերջիո Մորաբիտոն մեր գրավոր հարցմանն ի պատասխան հաստատեց, թե հիշյալ օպերայում Բերենիկեի կերպարը ոչ թե պատմական է, այլՙ հնարածին: «Բայց այս կերպարում արտացոլվում է ձեր հայրենի երկրի իրական ճակատագիրը, որ գտնվելով դեպի արեւելք ընդլայնվող հռոմեական կայսրության եւ այսօրվա Հյուսիսային Իրաքի տարածքը հանդիսացող Պարթեւաստանի միջեւ, այս երկու ուժերի, երկու ճակատների միջեւ էր հայտնվել, հայոց տարածքի վրա կռիվ էին մղում, այնպես, ինչպես օպերայում Բերենիկեի համար, մի կերպար, որ «գործիք» է դառնում, «շահագործվում», ինչպես հռոմեացի կայսր Լուցիոս Վերոսի, այնպես էլ պարթեւների արքա Վաղարշակի կողմիցՙ ոխերիմ թշնամուն, մրցակցին վնասելու, ոչնչացնելու համար», ի պատասխան մեր հարցման գրել էր բեմադրիչ Սերջիո Մորաբիտոն:

Ինչեւէ, մի կողմ թողնելով օպերայի բեմականացման վերաբերյալ մասնագետների իրարամերժ գնահատականները, նաեւ այն փաստը, որ իրականում այդպիսի թագուհի չունենք, ես «հուսախաբ» չեմ. թուրքական, ադրբեջանական ակտիվ լոբբին Շտուտգարդում միգուցե կաշկանդվիՙ տեսնելով «Բերենիկե. թագուհին հայոց» ազդագիրը: Նրանք այդ օրերին չեն եղել մեր տարածաշրջանում...

Գերմանիա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.