AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 13-03-2015



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2015-03-12 22:29:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1071, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՆԵԼԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԹԵԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐՍ ՄԵԾ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՄ ՄՇԱԿՈՒՄ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պարուհի, պարուսույց եւ պարաստեղծ Նելլի Կարապետյանի գործունեությանը հետեւում եմ 1998 թվականից ի վեր: Արվեստագետ ընտանիքի զավակ Նելլին ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 1982-ին ընդունվել պարարվեստի ուսումնարան, զուգահեռ սովորել մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժանմունքում: 19861995 թթ. հանդես է եկել հայ բեմական պարի երախտավոր Ազատ Ղարիբյանի հիմնած «Կռունկ» ժողովրդական պարի խմբում, նրա հետ հյուրախաղերով հանդես եկել տարբեր երկրներում: 1999-ին վերակազմել է «Կռունկը», ստեղծել նոր ծրագիրՙ պահպանելով հանդերձ Ղարիբյանի պարերը եւ ավանդույթները: Սակայն այս պարախմբին էլ վիճակված չէր գոյատեւել, ուստիեւ Նելլին, պարարվեստի շատ այլ հայ նվիրյալների պես, սկսեց աշխատել արտերկրում: Վերջին չորս տարում, սակայն, նա պարբերաբար գալիս է Երեւան, անցած տարվանից ժողովրդական պար է դասավանդում պարարվեստի ուսումնարանում...


- Իմ արածից երբեք գոհ չեմ լինում, ինչ անում եմՙ հաջորդ վայրկյանից իսկ փոփոխություն եմ փնտրում, նաեւ այդ պատճառով ես խուսափում եմ իմ մասին խոսել, այսպես սկսեց մեր զրույցը Նելլին, ում հանդիպեցի մեր պարարվեստի ուսումնարանի անշուք, սակայն միշտ հյուրընկալ եւ շատ սիրելի պատերի ներքո:

- Բայց ուզում եմ, որ լռությունը խախտես եւ հայ հանդիսատեսն իմանա, թե այս տարիների ընթացքում ինչով է զբաղվել մեր Նելլին...

- Նախ Ֆրանսիայում էի, հետո Գերմանիայում, Հոլանդիայում, մասնակցել եմ տարբեր պարադիրների վարպետության դասերի: Մարսելում եւ Փարիզում աշխատել եմ Ֆրանսահայ երիտասարդության միության եւ «Երազ» պարախմբերի հետ: Հոլանդիայում համագործակցել եմ «Գալիլի» պարախմբի հետ: Միշտ ինձ հարց էին տալիս, թե արդյո՞ք օտար ափերում մեր պարարվեստը պիտի լինի սիրողական: Սակայն սփյուռքահայ պարախմբերի հետ աշխատելիս իմ մոտեցումը եղել է դարձյալ նույնը, ինչ որ պրոֆեսիոնալների հետ: Տարբեր տարիքային խմբերի հետ եմ աշխատելՙ կատարելով թե՛ հոգեբանական, թե՛ ստեղծագործական աշխատանք: 2007 թվականին ուկրաինական «Համաստեղությունների հիմնադրամը», որը զբաղվում է բարեգործությամբ արվեստի եւ սպորտի բնագավառում, ինձ հրավիրեց Կիեւՙ հիմնելու նոր ոճի մի պարախումբ: Ինձ հաջողվեց օտար երկրում զրոյից կազմել նախ ութ, հետոՙ տասներկու պրոֆեսիոնալ պարողներից բաղկացած մի կոլեկտիվ, որին տրվեց անգլերեն անվանումՙ «Fire Dance» (Կրակի պար): Մեր դեբյուտը եղավ պարային ներկայացում Վիվալդիի «Տարվա եղանակների» երաժշտությամբ: Խմբի պարային համարները գնալով ընդարձակեցինքՙ ծրագրում ընդգրկելով ջազ բալետ, մոդեռն, տանգո, ֆլամենկո, դոփապար: Հատուկ ուշադրություն ենք դարձրել իսպանական, լատինամերիկյան եւ արեւելյան ոճի պարերին: Պատկերացում տալու համար մեր պարերի մասինՙ թվեմ անուններըՙ «Ամազոնուհիներ», «Տանգո սրճարանում», «Լիբեր տանգո»ՙ Պյացցոլայի երաժշտությամբ, «Արեւելքի բույրը», «Սերը փակում է աչքերը», «Պարի գույները», «Պայթյուն» եւ այլն: Ելույթներ ենք ունեցել Ուկրաինայի քաղաքներում, Մոսկվայում, նաեւ Երեւանում. մտքովս չէր անցնի, թե մի օր իմ հայրենի քաղաքում պիտի որպես հյուր ելույթ ունենամ: Պարախմբին զուգահեռ գործում է նաեւ պարային փոքր դպրոց մանուկների համար: Մեր գործունեությունը հովանավորել է «Համաստեղությունների հիմնադրամը» եւ պրոդյուսեր Յուրի Ֆալյոսան: Նաեւ ողջ պարախմբով 2009 թվականին նկարահանվել ենք Զազա Բուաձեի «Դրամ դստեր համար» ռուս-ուկրաինական արտադրության ֆիլմում: Ես անձամբ պարի պարապմունքներ եմ անցկացրել ֆիլմի դերակատարուհի, ուկրաինացի երգչուհի-դերասանուհի Միկա Նյուտոնի հետ, որին կհիշեք «Եվրոտեսիլից»....

- Առիթներ եղե՞լ են բեմադրելու հայկական պարեր:

- Այո, «Սրերով պարը»ՙ ջութակահարուհի Վանեսա Մեյի կատարման ներքո եւ լրիվ նոր մեկնաբանությամբ, պահելով, սակայն, այն հզոր վիճակը, որ առկա է Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ: Իսկ «Ամազոնուհիները» բեմադրեցի դուդուկի երաժշտության ներքո: Հայկական դհոլի հարվածները կարող էին միախառնվել, ասենք, իռլանդական մեղեդիների եւ պարային շարժումների հետ: Իհարկե, այս համարների պարային ոճը չես համարի հայկական, բայց նրբորեն դիտելովՙ կարող ես ինչ-ինչ երանգներ նկատել դրանց մեջ: Մեր խումբը մասնակցել է նաեւ «Երեւան-Կիեւ տրանզիտ» մեծ հեռուստանախագծին, սակայն ոչ որպես ֆոնային պար (որից ես միշտ խուսափել եմ), քանի որ պարային բեմադրություններն ինքնին անկախ էին: Երգիչներից մեկն ասաց, որ բեմում իսկական պարային փոթորիկ էր, այն աստիճան, որ ինքն էր արդեն մի կողմ քաշվումՙ չխանգարելու համար պարողներին: Մեծ ուրախություն էր, որ ուկրաինացի պարողներին բերեցի Հայաստան, նրանց մանրամասն ծանոթացրի մեր մշակույթի, առօրյայի, ամեն-ամեն ինչի հետ, քանի որ բեմում պատկերվող զգացմունքները մինչեւ քո պրիզմայով, քո երակներով չանցկացնեսՙ չես կարողանա հարազատությամբ վերարտադրել եւ համոզել դիմացինին: Նրանք հուզվում էին դուդուկի երաժշտության տակ, որոշ երգեր կատարում հայերեն, եւ ինձ համար ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն էր, որ շատ բարձր որակի տեր պարողների կապեցի Հայաստանին եւ հայ մշակույթին... Հիմա խմբի վիճակը մի քիչ բարդ էՙ կապված Կիեւի հայտնի իրադարձությունների հետ...

- Ա՞յդ պատճառով վերադարձար Հայաստան...

- Չգիտեմ, եթե վերադարձս վերջնական է: Ես սիրում եմ միշտ փնտրտուքների մեջ լինել: Չեմ սիրում նույն տեղում մնալ, չեմ սիրում ձանձրանալ, ապրել երեկվա արածներով եւ զարմանալ դրանցով: Չեմ սիրում հիասթափվել, թեեւ հիասթափություններս մեծ են: Երանի 16 տարեկանում հնարավորություն ունենայի մի պայուսակ գցել ուսիս եւ շրջել աշխարհով մեկ ու ճանաչել աշխարհը. շատ ուշ եմ դա արել, բայց շատ էլ չեմ ափսոսում, քանի որ դա էլ ունեցել է իր դրական կողմերը...

- Նելլի, ես հիշում եմ 2000 թվականին քո բեմադրած «Քսանմեկերորդ դար. մետամորֆոզներ» փայլուն պարային ներկայացումը: Թվում էր, թե այն պիտի շարունակական լիներ, ամեն տարի հանդիսատեսին ուրախացնեիր նոր բեմադրություններով: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ...

- 1998 թվականին ես ստեղծագործական արդյունավետ համագործակցություն ունեցա երջանկահիշատակ մաեստրո Արամ Ղարաբեկյանի եւ ամերիկահայ պարուհի Աիդա Ամիրխանյանի հետ, որոնք գնահատելով իմ նվիրվածությունը պարարվեստինՙ անվերջ փորձում էին համոզել, որ ես կարող եմ վերակազմակերպել իմ հարազատ կոլեկտիվըՙ մի քանի տարի առաջ կազմալուծված «Կռունկ» պարախումբը: 1999 թվականին ավարտում էր ուսումնարանի իմ ղեկավարած ժողովրդական պարի կուրսը: Նրանց հետ մեկտեղ վերաբացվեց «Կռունկը», վերականգնեցինք վարպետիսՙ Ազատ Ղարիբյանի բեմադրությունները, ստեղծեցինք նորերը: Ինձ մշտապես հետաքրքրում էր ի մի բերել այն լավագույնը, որ կա տարբեր ազգերի պարերի մեջ: Այդ գաղափարն էր ընկած «Քսանմեկերորդ դար. մետամորֆոզները» բեմադրության հիմքում: Ով դիտել է այս ներկայացումըՙ կարող է ասել, որ դա միանգամայն նոր խոսք էր հայ պարարվեստում, հայ մշակույթում: Իտալացի մի պրոդյուսեր իր զարմանքը հայտնեց, որ Հայաստան աշխարհում կարող էր տեսնել նման պարային մշակույթ: Նա մեզ հրավիրեց Իտալիա, ինչը տեղի չունեցավ ինչ-ինչ պատճառներով, չնայած ես այլ առիթով, սեփական ռեսուրսներով, իմ խումբը տարա Իտալիա եւ մասնակցեցինք Բերգամոյի պարի փառատոնին: Վերադառնալով 2000 թվականի մայիսի 13-ի մեր ներկայացմանը, ասեմ, որ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրենը, դիտելով մեր փորձերը, ասաց, որ համերգն ամբողջովին իրենք են նկարահանելու: Թեեւ տարբեր հեռուստաընկերություններ էլ ցանկություն էին հայտնել նկարահանել, սակայն ես մյուսներին մերժեցիՙ արդեն խոսք տված լինելով «Արմենիային»: Ինչեւէ, նկարահանեցին, մոնտաժեցին, ես անհամբեր սպասում էի, թե երբ է կայանալու այդ երեխայի ծնունդը, սակայն որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ ամբողջ նյութը ջնջվել է: Այն իմ մեջ խորը հիասթափություն առաջացրեց, սակայն ինձ մխիթարում էիՙ ասելով, որ ինձնից խլեցին աշխատանքս, սակայն չեն կարող խլել ոտքերս եւ միտքս, սիրտս ու հոգիս: Չնայած պիտի ասեմ, որ ներկայացումից առանձին պահեր ցուցադրվել են հեռուստատեսությամբ: Դրանից հետո նկարահանվեցին ֆիլմեր «Կռունկի» մասինՙ «Ճախրանք1» եւ «Ճախրանք2», Հայաստանի տարբեր վայրերում անմահացնելով թե՛ ղարիբյանական արվեստը, թե՛ իմ բեմադրությունները: Այս մասին կարելի է անվերջ խոսել, բայց չգիտեմ ինչու թախիծ եկավ վրաս, էլ չեմ ուզում խոսել...

- Թախիծը ցրելու համար ասա, թե ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ ծրագրեր ունես հիմա...

- Արվեստագետը դրսեւորվելու համար առողջ մթնոլորտի, մաքուր օդի կարիք ունի: Եթե ես մինչ այժմ լռում էիՙ ուրեմն օդն այնքան էլ մաքուր չէր: Նախկինում էլ ինձ հրավիրել էին ղեկավարելու մեր ուսումնարանի ժողովրդական պարի բաժինը, սակայն հրաժարվել էի, դեռ հոգեպես պատրաստ չէի: Մեկ տարի պահանջվեց, որ որոշում կայացրի վերադառնալ ուսումնարան: Այստեղ շատ բան է փոխվել. ուսումնարանում անվերջ փնտրում եմ իմ ուսուցչուհունՙ լուսահոգի Թերեզա Գրիգորյանին, չեմ կարող չխոստովանել, որ նրա պակասը շատ եմ զգում... Դասավանդելուն զուգահեռ համագործակցում եմ տարբեր արտիստների հետ, պարային համարներ բեմադրում տարբեր նախագծերի համար, կատարում փոքր, աննկատ, լուռ աշխատանքներ: Փորձում եմ նրանց, ում հետ համագործակցում եմ, փոխանցել կյանքում ձեռք բերածս... Փորձում եմ հանդիսատեսի կարգավիճակում հասկանալՙ ի՞նչ է կատարվում իմ երկրում, արվեստի ասպարեզում... ինքս էլ ստեղծագործական խմորումների մեջ եմ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 13-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.