AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1045, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՐԱԿԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Նաիրյան երգիչ Վահան Տերյանի այս ամենաբնութագրիչ նկարը, որ տեսնում եք, իրականում անտիպ է եւ երկար ժամանակ մնացել է ծածուկ: Պատճառն այն է, որ այստեղ երեւում է մեզ անծանոթ, աշնանային վալսից հեռու մի ազգային գործիչ, որն ուներ կտրուկ դիրքորոշումներ, սուր գնահատականներ, անվախ ելույթներ: Կարճ ասածՙ այստեղ «էն խեղճ, վիզը ծուռ Տերյանը չէ». այս բնութագրումը հենց պոետի ծոռանՙ գրականագետ, վերջերս լույս տեսած «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր» մենագրության հեղինակ Գեւորգ Էմին-Տերյանինն է: Նա գիտի ավելին, քան տասնամյակներ շարունակ մեզ է ներկայացվել դպրոցական ու բուհական դասագրքերից: Իրական Տերյանի առեղծվածըՙ հարցազրույցի տողերում:


- Հովհաննես Թումանյանին անվանել էին «Մեր նոր քերթության անհաս Արարատը», «Ամենայն հայոց բանաստեղծ»: Բայց եկավ Տերյանն ու ասաց. «Նրա պաֆոսը իմ պաֆոսը չէ, նրա աշխարհն իմ աշխարհը չէ»: Ինչո՞ւ, ինչպիսի՞ն էր Տերյանի աշխարհը:

- Տերյանն այսպես է ասում, որովհետեւ Թումանյանն արդեն ուրիշ էպոխայի հեղինակ էր, իսկ ինքըՙ նորի սկիզբը: Այդ է պատճառը, որ Տերյանն այսօր քսան տարեկանին այսչափ հարազատ է, սիրելի. չէ՞ որ նրա էպոխան դեռ չի ավարտվել: Հարցի առնչությամբ գործ ունենք Խորհրդային Միությունից ժառանգված կեղծիքի հետ, ըստ որիՙ գրականության նորագույն շրջանն սկսվում է ոչ թե Տերյանից, այլ Չարենցից: Ինչո՞ւ: Տերյանը մահացավ 1920 թվականի հունվարի 7-ին, խորհրդային իշխանությունը հաստատվեց նույն թվի դեկտեմբերից: Հետեւաբար հայ գրականության նորագույն կամ ինչպես ասում էինՙ խորհրդահայ գրականության շրջանը չէր կարող ներառել խորհրդային իշխանությունների հաստատումից ամիսներ առաջ մահացած Տերյանին: Այսինքն, նրանով փակեցին նոր շրջանը, իսկ Չարենցով սկսեցին նորագույնը: Այնինչ եթե չնայենք պատմական իրադարձություններին, ապա մեր գրականության լեզուն, մոտիվը, թեման, հերոսը փոխվում են Տերյանի ստեղծագործությամբ: Անկախացումից հետո այս վերարժեւորումը, ավաղ, չի եղել:

- 1917 թվականին Մամբրե Պատենճյանը հայտարարեց, թե Տերյանն ազդվել է հատկապես Պոլ Վեռլենից: Հետո հարցադրում առաջ քաշեցՙ եթե չլիներ Վեռլենը, Տերյան բանաստեղծը կլինե՞ր:

- Ընդհանրապես, գրականությունը փոխազդեցությունների շարք է: Ասենք Տերյանի պարագայում ֆենոմենալ բան ենք տեսնում. քսան տարեկան երիտասարդը մի բրոշյուր է հրատարակում, որից հետո գրականության նահապետները (Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան եւն) վերանայում են իրենց լեզվական հայացքները: Նման բան աշխարհում շատ քիչ է լինում: Բայց ասել, թե Թումանյանն ազդվել է Տերյանիցՙ ճիշտ չէ: Պատենճյանի բնութագրումը հավանաբար ուրիշ պատճառ ունի. շատ ակտիվ լինելովՙ Տերյանը մտավորականներին մեղադրում էր ապաքաղաքական մնալու մեջ: Սրա հետ մեկտեղ ինքը մինչեւ կյանքի վերջ ոչ մի խմբավորման չպատկանեց: Այդ պատճառով իր դեմ հարձակումները շատ էին, որոնցում մարդկային վերաբերմունքը ներկայացվում էր գրաքննադատական սոուսով, ինչպես այս մեկը:

- Տերյանի մահից 95 տարի հետո ենք սկսում հասկանալ, որ չարաշահել ենք «Տերյանական աշուն» կամ «Տերյանական թախիծ» արտահայտու-թյունները: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս դրանք մտան գրականագիտության մեջ, ապաՙ դասագրքերի:

- Այնպես չէ, որ դա սխալ է: Աշնան մոտիվը, իհարկե, մեծ ու զգալի տեղ ունի նրա ստեղծագործության մեջ, բայց նա բազմաշերտ է: Սխալը Տերյանին միա՛յն որպես աշնան երգիչ ներկայացնելն է: Ընդհակառակը, վերջինս ավելի շատ պայքարի, քան թե նահանջի հեղինակ է: Պարզապես նրան տեղավորել են այդ կաղապարի մեջ:

- Իսկ նրա հետ շփվող ժամանակակիցնե՞րը: Իրենց հոդվածներում Թումանյանը, Իսահակյանը եւ այլք ինչո՞ւ չէին բացահայտում իրական Տերյանին:

- Թումանյանը մահացավ շատ անսպասելի, որը ողբերգություն էրՙ մեր ամբողջ մշակույթին: Իսահակյանն էլ արդեն Խորհրդային տարիներին անգամ իր կենսագրությունն էր թաքցնում, որ եղել է դաշնակցական, թաքցնում էր հայդուկի երգերը: Ավելինՙ Տերյանը սիմվոլիստ բանաստեղծ էր, եւ նույնիսկ դա չէր կարող հրապարակվել, որովհետեւ Սովետական Միությունը սիմվոլիզմը համարում էր բուրժուական, անկումային, անթույլատրելի ուղղություն:

- Խորհրդային իշխանությանն ինչ-որ բանով խանգարո՞ւմ էր Տերյանը:

- Չէր խանգարում: Ընդհակառակը, նրան օգտագործում էին իրենց լեգիտիմությունը բարձրացնելու համար, որովհետեւ Տերյանն անբիծ վարք ուներ: Նա էլ իր հերթին կարծում էր, թե բոլշեւիկների հետ գործակցելովՙ կկարողանար ինչ-որ խնդիրներ լուծել, իսկ այդ պահին վճռվում էր Արեւմտյան Հայաստանի լինել-չլինելու հարցը: Սակայն Շահումյանի գնդակահարությու-նից ու Տերյանի մահանալուց հետո իշխանությունները վերցնում են ու բռի մեթոդներով հավաքում բանաստեղծից մնացած փաստաթղթեր, նամակներ եւն: Այսպես թաքցնում են այն, ինչը հակաբոլշեւիկյան էր: Ու քանի որ գիտեինՙ Տերյանն այս առումով պրոբլեմատիկ հեղինակ է, տերյանագիտությունը պահում էին խորհրդային իշխանությունների կողմից վստահելի մարդկանց ձեռքերում: Սկզբում դա Մակինցյանն էր, ապա Պարտիզունին, որոնք տերյանագիտության մեջ մոնոպոլիստ էին:

- Տերյանի մի կարեւորագույն արխիվը հենց Մակինցյանի ժառանգների փակի տակ է: Ի՞նչ եք կարծում, այս սառույցը ե՞րբ եւ ինչպե՞ս է հալչելու:

- Ես չեմ պատկերացնում: Պետք է գնալ բերել Մոսկվայում պահվող այդ արխիվը, որ Տերյանի մահից հետո Մակինցյանը, ատրճանակը ձեռքին, գնում էր եւ խլում ոչ միայն այրուց, այլեւ մտերիմներից: Ըստ երեւույթինՙ այդտեղ նաեւ Մակինցյանի դեմքը բացահայտող բաներ կան: Կարծում եմ, որ դրա համար պետք է լինի պետական միջամտություն, ոչ թե բանակցեն առանձին անհատներ, որովհետեւ դա հայ ժողովրդի հարստությունն է:

- Ձեր «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր» շրջադարձային գիրքն ինչպե՞ս ծնվեց: Նրա շնորհիվ այսուհետ ուրի՞շ Տերյան կմտնի դասագրքեր:

- Երկրորդ կուրսի ուսանող էի, երբ ծանոթանալով նրա կյանքի ու ստեղծագործական էջերինՙ նկատեցի որոշ անտրամաբանական, նույնիսկ ծիծաղելի բաներ: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել արխիվը: Իրականում դեռ տասն այսքան գիրք էլ կարելի է տպել, բայց ես վերցրել եմ այն, ինչ առանցքային է պոետին հասկանալու համար. նամակներն են, որ լրիվ փոխում են Տերյանին, այնտեղ ե՛ւ հայհոյանք կա, ե՛ւ շատ խիստ գնահատականներ, ե՛ւ տարբեր հոդվածներ: Չեմ կարծում, թե ձեր ասած նոր Տերյանի մուտքը դասագրքերՙ շուտ լինի: Բայց որ լինելու է, անպայման: Հետո հարցեր ու դրվագներ կան, որ դեռ պետք է նորից բացվեն եւ ուսումնասիրվեն:

Հ.Գ. Մեր պատրաստած այս հարցազրույցն արդեն տպագրման էր ենթակա, երբ տեղեկացանք, որ Գեւորգ Էմին-Տերյանը հաջողությամբ պաշտպանել է «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր» թեկնածուական ատենախոսությունը, ինչի առիթով միանում ենք բոլոր շնորհավորանքներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.