AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015



ՀԻՆՈՒՆՈՐ

Տեղադրվել է` 2015-04-10 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1025, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀՄԱՅՔԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Զամբիլֆրոշ» ավանդազրույցի հայերեն առաջին մշակման առիթով

Անցյալն ու ներկան երբեմն այնպես են զուգահեռվում, կողք կողքի ապրում, ասես այդ անցյալը ոչ թե հիշողության վերապրում է, այլ ներկայի մեջ շարունակվող շոշափելի զգացում: Այսպիսի տպավորություն ստացա հրապարակագիր, գրող Արտակ Վարդանյանի հետ մեկ-երկու ժամվա զրույցից: Քաղաքային կյանքի, աշխատանքային իր մթնոլորտի մի անկյունում կարծես միշտ ներկա է այդ արձագանքը.- եւ սա իրենից, իր անձից եկող զգացողություն է, քանի որ նա իսկապես կրողն է անցյալի այդ ձայնի` բնական ու սրտամոտ: Դա զրույցի մի տեսակ է, ծննդավայրից եկող ձայն` մանկության հարազատությամբ, բնությունից ներքնապես չհեռանալու ենթագիտակցական պահանջ` արմատների կանչ, հայաթափվող բնակավայրի ցավ, վերադարձ դեպի բնություն, դեպի Լեռը, մեկ բառով` Կարոտ, որ մարմնավորում ստանում է նրա գրավոր խոսքի բոլոր ձեւերում` էսսե լինի, բանաստեղծություն, պատմվածք, վիպակ թե հրապարակագրություն: Այդ կարոտն է նրան բերել գրականության միջավայր, որտեղ բառի տարածքը ինքնարտահայտվելու առաձգական հնարավորություն ունի, եւ ներսիդ լռությունը ակամա հանձնվում է նրան:

Արտակ Վարդանյանը 12 գրքի հեղինակ է` «Իմ կարոտները», «Վիշապասար», «Վիշապասարի կանչը», «Արմատներ», որտեղ խոհը, ապրումը, հուշն ու այսօրը ձուլված են իրար: Ծննդավայրում ավագներից, տատից լսած հեքիաթները, ավանդազրույցներն ու պատումները արթուն են հիշողության մեջ, ինչն անպատասխան չի մնացել` տարիներ անց նրան տանելով ազգագրության ու բանահավաքության ոլորտ: Հրապարակված երեք ժողովածուները` «Ալ խնձորիկ», «Կաքավիկ», «Թաթոս պապի զրույցները» բանահյուսական նմուշների գրական մշակումներ են: Գուցե պատահական չէր, որ հայկական տարբեր բնակավայրերում շրջելիս բանահավաքչական աշխատանքների ընթացքում ուշադրությունից չվրիպեցին ազգային ուտեստների այն գաղտնիքները, որ նրան պատմում էին բանասաց տարեց կանայք, եւ միտք հղացավ հավաքել դրանք եւ կազմել մի ժողովածու, որի արժեքը ոչ միայն կորսվող ազգային շատ ուտեստների պահպանումն է, նաեւ պատմություն ու ժամանակաշրջան է ներկայացնում, միջավայր ու կոլորիտ, ըստ որում` ոչ միայն արեւելահայ հատվածի, նաեւ` արեւմտահայ: Արտակ Վարդանյանի «Հայ ավանդական խոհանոց» գիրքը գրեթե պատրաստ է հրատարակության, հեղինակը նվիրել է այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միայն թե լույս տեսնել կարող է սպասվող հովանավորի առկայությամբ:

Նրա գրական հետաքրքրությունների ծիրում առավելապես արեւելքն է`ավանդաբար իմաստուն ու խորհրդավոր համարվող` գունային ճոխությունների ու ձայների գլխապտույտ բազմազանությամբ, զգացումների` հաճախ ծայրահեղության հասնող շռայլությամբ ու հակասություններով, խորքում` ներդաշնակություն գտնելու, բնությանը ձուլվելու ձգտումով: Ծննդավայրի` Նախիջեւանի Ազնաբերդ գյուղի տեղանքն ու աշխարհագրությունը ինչ խոսք իրենց դերն ունեցել են, եւ միջավայրը, որտեղ անցել է նրա կյանքի վաղ շրջանը` դրացի ժողովուրդների մշակույթը, սովորույթներն ու բարքերը, մասնավորապես քրդաբնակ գյուղերի հետ անմիջական կապը, նրանց հետ շփումները, տանը լսած պատմությունները, երգերն ու ավանդազրույցները անշուշտ ունեցել են ազդեցություն:

Ազգագրական, բանահյուսական թեմաներով որոնումները ինքնին ենթադրում են հարակից ժողովուրդների լեզուների, մշակույթների իմացություն. այդպես նրան հրապուրեց պարսկական հին մշակույթը, որը տարավ պարսկերենի իմացության, հետագայում` իրանցի մտավորականների հետ բարեկամության. 2010-ին լույս տեսած ինքնակենսագրական վիպակը խորագրված է «Իմ պարսկերենը»: Պարսկական հին մշակույթի, դիցաբանության ուսումնասիրութունն ու դրանց զուգահեռումները հայկականի հետ ծնունդ տվեցին «Արաշ» ավանդազրույցի գրական մշակման գաղափարին, որի աշխատանքներն ընթացքի մեջ են:

2007-ին Արեւմտյան Հայաստան կատարած ուղեւորության ընթացքում իր համար հայտնաբերում է քրդական բանահյուսության գեղեցիկ մի նմուշ` «Զամբիլֆրոշ», որ նա գտնում է Բիթլիսի, Մուշի երաժշտական կրպակներում քրդական երգերի ձայնասկավառակներ փնտրելիս: «Զամբիլֆրոշի» կատարումների տպավորությամբ սկսում է բանասիրական պրպտումներ, ծանոթանում է ավանդազրույցի` Հաջիե Ջնդիի հայերեն կարճառոտ թարգմանությանը, Ժակլին Մուսայելյանի` Սանկտ-Պետերբուրգում տպագրած մենագրությանը եւ հրապուրված ստեղծագործության բնական, ազնիվ ու հովվերգական մթնոլորտով, նաեւ նկատի առնելով ավանդազրույցի հիմքում ընկած արժեքների (սեր, հավատարմություն, անձնազոհություն, ազնվություն) համամարդկային բնույթը, որոշում է գրական մշակման ենթարկել այն, ինչի հաջող փորձը նախընթաց տարիներին արդեն ունեցել էր:

Միջնադարյան այս ավանդազրույցը սիրո հուզիչ պատմություն է, սյուժեի պարզ կառուցվածքով, սակայն մարդկային բարոյականության էական շերտեր շոշափող: Սիրային հայտնի պատմություններն ավանդաբար ողբերգական ավարտ են ունենում. հայտնի Ռոմեոյի ու Ջուլիետի, Տրիստանի եւ Իզոլդայի, կամ Սարոյի ու Անուշի ճակատագրական սերը կարծես խորհրդանիշն է երկրային կյանքում սիրո զգացումի անհամատեղելիության: Այս սիրավեպը տարբերվում է նշվածներից սիրային փոխհարաբերության բնույթով: Այստեղ սերը առաջին հայացքից միակողմանի է թվում` հայտնի եռանկյունի հիշեցնող. հիմնականը ընտրության գաղափարն է: Զամբյուղագործ տղային սիրահարված էմիրի կինը` դղյակի հարուստ տիրուհին, պատրաստ է ամեն զոհողության` հանուն սիրած էակին տիրանալու, հանուն մի համբույրի հրաժարվել այն ամենից, ինչ ունի: Կանացի հմայքի անհաջող փորձը նրան մղում է խարդավանքի դիմել: Եվ հասարակ ծագմամբ, պարզ ապրուստով ապրող մի պատանի, որին գայթակղության փորձություն է բաժին ընկնում` հարուստ գեղեցկուհու զգլխիչ սեր եւ երեխաների, կնոջ հանդեպ պատասխանատվություն: Ընտրությունը թվում է հեշտ, նա անվարան մերժում է գեղեցկուհու սերը, նժարին դրված հակադիր ուժերից գերակայում է հավատարմությունը, սակայն հետագա զարգացումները` չհանգչող, հետզհետե սաստկացող զգացումը` սիրո կիրքը դրամատիկ վիճակների է տանում, գործողության ողբերգական ավարտով: Գեղեցկուհու հետապնդումներից փախչող երիտասարդը վազում է անտառ, դեպի բնություն, հրաշքով կեղեւը բացած չինարի ծառը ծածկում է նրան օտար աչքերից, կարծես ձուլում իր հետ, սակայն անակնկալ դիպվածով երկու սրտերը ձուլվում են իրար մահաբեր համբույրով:

Քրդական բանահյուսական նմուշներին անցյալում անդրադարձել են մեր գրողները. հայտնի են Ավ. Իսահակյանի, Հովհ. Շիրազի, Վրթանես Փափազյանի, Հմայակ Սիրասի մշակումները: «Զամբիլֆրոշ» սիրավեպի գրական մշակումով Արտակ Վարդանյանը շարունակում է նախորդների ավանդները` նախ որպես քուրդ ժողովրդի մշակույթի հանդեպ վերաբերմունքի` ուշադրության արտահայտություն, կարեւոր նաեւ ճանաչողական առումով, ինչն անշուշտ բարեկամության նշան է երկու ժողովուրդների միջեւ:

Արդեն վաղուց ուրբանիզացված մեր կյանքում, 21-րդ դարում առավել քան տեխնոկրատացված, ավանդական արժեքներից, բնությունից ու բնականությունից հեռացող մարդու հոգեկան աշխարհի համար այսպիսի պատումները ինչ-որ տեղ թվում են էկզոտիկ, սակայն երբեք` ժամանակավրեպ, ճիշտ հակառակը` ավելի սպասված ու պահանջված են, որովհետեւ ինչպես տեսնում ենք` սիրո եւ հավատարմության, նվիրաբերումի ու ազնվության դեֆիցիտը մեր կյանքում տագնապեցնող է դառնում:

Գրքի առաջաբանում բանասիրական գիտությունների դոկտոր Արմանուշ Կոզմոյանը անդրադառնալով ավանդազրույցի ծագմանը, դրա բանասիրական ուսումնասիրություններին ու մշակումներին` ընդհանրացնող հետեւության է հանգում. ««Զամբիլֆրոշի» հետագա գրավոր մշակումները ցույց են տալիս հավերժական թեմաների ճկուն հարմարեցումը փոփոխվող ժամանակների պահանջներին, իդեալների գերակայություններին, զանգվածների արժեքների սանդղակին»: Գնահատելով գրական մշակման առանձնահատկությունները` գտնում է, որ հեղինակի «պատկերավոր հայերենը արտահայտել է քրդական լեզվամտածողական եւ գեղագիտական ողջ կոլորիտը»: Եվ իսկապես, պոեմը հաջողված է կառուցվածքային ու բովանդակային ներդաշնակումով, ժանրին հատուկ դասական մոտեցումով, սյուժեն, ինչպես գրքի խմբագիր, բանաստեղծ Սուրեն Մուրադյանն է գրում, «հյուսված է ներքին ռիթմով, հանգով ու երաժշտականությամբ, պահպանված են գեղեցիկ սյուժեին հարիր կենդանի ոճն ու լեզվական հարուստ արտահայտչամիջոցները»: Հաճելիորեն աչք է շոյում գրքի նկարչի` Վաչե Ամրոյանի գունային ու պատկերային ձեւավորումը` «Էդիտ Պրինտ» հրատարակչատան բարձրորակ տպագրությամբ:

Ի դեպ, հասույթի մի մասը հրատարակիչ Մկրտիչ Կարապետյանը փոխանցելու է իրաքաբնակ եզդիների օգնության հիմնադրամին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.