AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 17-04-2015



100-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2015-04-16 22:04:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1487, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ուսանողական տարիներին հաճախ էի ընկերակցում համալսարանական դասընկերուհուսՙ բեյրութցի Վիլմա Սարգիսյանին, որը որպես Բեյրութի «Վանայ ձայն» հայկական ռադիոկայանի թղթակից հարցազրույցներ էր վարում երեւանցի մտավորականների եւ արվեստագետների հետ: Եվ այդպես 1992 թվականի նոյեմբերի 28-ին հայտնվեցինք Ռեգինա Ղազարյանիՙ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարանում: Հուսով եմ, որ «Վանայ ձայնն» իր արխիվներում պահած կլինի Վիլմայի վարած այդ անչափ հետաքրքրական հարցազրույցը, որի ընթացքում, բնականաբար, շատ խոսք եղավ Եղիշե Չարենցի մասին: Անշուշտ, գիտեինք նրան որպես նկարչուհի, սակայն ինչպես հայության մեծ մասի համար, մեզ համար նա եւս Չարենցի ձեռագրերի մի ստվար մասի փրկիչն էր ստալինիզմի ճիրաններից, ասել է թեՙ խիզախ, գրեթե լեգենդար մի անձնավորություն...

Առաջին իսկ հանդիպմանը մի քանի հիշարժան եւ զվարճալի իրավիճակներ եղան, որոնցից հիշեմ հետեւյալը: Վիլման մի քիչ ձայնագրելուց հետո ձայներիզը հետ պտտեց, որ ստուգի ձայնագրության որակը: Եվ հանկարծ... ձայնագրիչից Ռեգինա Ղազարյանի հաստ ձայնի փոխարեն հնչեց բոլորովին ուրիշ (ճիշտ հակառակ տեմբրի) մի ձայն:

Էդ հո մեր Շահե՛նն ա խոսում, ասաց տիկին Ռեգինան եւ բոլորս ծիծաղեցինք (Վիլման նրանից առաջ ձայնագրել էր արվեստաբան Շահեն Խաչատրյանին):

Այդ օրը չէի կարծում, թե մեր ծանոթությունը կվերածվի յոթնամյա ջերմ բարեկամության: Մենք բաժանվեցինքՙ առանց նույնիսկ հեռախոսահամարներ փոխանակելու: Սակայն երկու շաբաթ անց ինձ փնտրում են համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնից: Փոքր-ինչ տարակուսածՙ ներկայացա եւ պարզվեց, որ մարզիչներից մեկը Ռեգինա Ղազարյանի ծանոթն է. վերջինս իրեն խնդրել էր համալսարանում ինձ գտնել ու փոխանցել իր հեռախոսահամարը:

Մենք քեզ շատ հավանեցինք եւ կարծում ենք, որ մենք լավ բարեկամներ կլինենք, ասաց տիկին Ռեգինան իմ երկրորդ այցի ժամանակ:

Ինչ խոսք, բանասիրական կրթություն ստացող քսաներկուամյա երիտասարդիս համար մեծ պատիվ էր նման վերաբերմունքի արժանանալ մեծն Չարենցի մտերմուհուց: Եվ իսկապես, տիկին Ռեգինայի հետ լավ բարեկամներ մնացինք մինչեւ նրա մահը...

Հետաքրքրական է, որ ես նրան ողջ կյանքում դիմեցի տիկին-ով, մինչդեռ նրա հետ ապրող իր ազգականուհինՙ Սեդա Պետրոսյանը, առաջին իսկ հանդիպմանը խնդրեց, որ իրեն ասեմ պարզապես Սեդա:

19921993 թվականների դաժան ձմեռը սկսվել էր, երեւանցիներիս մեծ մասը պատրաստ չէր դիմակայել այդ ծանր փորձությանը: Տիկին Ռեգինան ասաց, որ Մոսկվայում բնակվող իր ազգականուհինՙ ակնաբան բժշկուհի Արփենիկ Խորասանյան-Թադեն իրենց ասում է. «Թքե՛ք ամեն ինչի վրա ու եկեք Մոսկվա»:

Բայց դե ինչպե՞ս ամեն ինչ թողնենք-գնանք, մեր քաղաքն է, մնալու ենք, ափսոս, որ մեր ղեկավարներն այսպես անճարակ են...

Չգիտեմ, նյութական հնարավորություննե՞րն էին պատճառը, որ նրանք չգնացին Մոսկվա, թե՞ մեկ այլ պատճառ... Սակայն ամիսներ անց, երբ ուշքի գալով ձմռան մղձավանջից, այցելեցի Ռեգինային եւ Սեդային, պարզվեց, որ նրանք չափազանց ծանր ամիսներ էին անցկացրելՙ առանց մի օր բնակարանը ջերմացնելու եւ գրեթե միշտՙ վատառողջ:

Ուղղակի զարհուրելի էր, մահվան հրեշտակը մի քանի անգամ ներկա էր այստեղ...

Հիշում եմ իրենց ոգեւորությունը, երբ այդ օրը նրանց նվիրեցի իմ առաջին գիրքըՙ մակագրելով. «Չարենցի ձեռագրերի պահապան հրեշտակ Ռեգինա Ղազարյանին եւ հույժ սիրալիր Սեդային»: Ինչ խոսք, հույժ սիրալիր էին երկուսն էլ...

Հաջորդ ձմեռը ազգականները նրանց ապահովեցին փայտով, եւ համեմատաբար տանելի անցկացրին ձմեռը: Մոտավորապես երկու ամիսը մեկ այցելում էի նրանց: Ինձ հետաքրքրում էր տանտերերի պատմությունները հին Երեւանի, իրենց տոհմի եւ, անշուշտ, Չարենցի ու նրա շրջապատի մասին: Ինքըՙ Ռեգինան, իր կոլորիտային կերպարով, տոհմիկ երեւանցու եւ մտավորականի նկարագրով, իրեն այնքան բնորոշ խռպոտ ձայնով պատմում էր շատ պատկերավոր ու հյութեղՙ հաճախ ծխելով ու հազալով: Մի անգամ կարդաց իր նոր գրածՙ Չարենցի մասին հուշերի հավելումները, մեկ ուրիշ անգամՙ հիշողություններ Հովհաննես Շիրազի մասին: Համեստ բնակարանի պատերին նրա երփնագրերն էին: Սովորաբար նստում էր պատին հենված բազկաթոռին, վերեւում մոր յուղաներկ դիմանկարն էր, որ վրձնել էր նկարիչ Տարագրոսը:

Մայրս Երեւանի բնիկ Խորասանյան ընտանիքից էր: Շատ հարուստ էր պապս, որի հարստությունից ինձ ոչինչ չմնաց: Տատս Պետերբուրգում ընդունելության է արժանացել Ռուսիայի կայսրուհու մոտ: Կայսրուհին շատ է հավանել տատիս հագած հայկական զգեստը, ուստիեւ Երեւան վերադառնալուց հետո տատիկս նրան նվեր է ուղարկել մի ձեռք հայկական տարազ: Խորասանյաններին էր պատկանում հին Երեւանի ամենագեղեցիկ տներից մեկը, ճարտարապետական մի փոքրիկ գլուխգործոց: Դրա տեղում հիմիկվա տիկնիկային թատրոնի կողքի շենքն է: Քանդելուց առաջ մի անգամ ինձ զանգահարեց մեր կոմունիստ ղեկավարներից մեկը ու չարախնդալով ասացՙ Ռեգինա, գիտե՞ս, պապիդ տունը քանդելու ենք... «Քանդում եքՙ քանդեք, ի՞նչ կարող եմ անել», ասացի: 1960-ական թվականներին էր...

Մի անգամ Գրականության եւ արվեստի թանգարանի աշխատողներից մեկն ինձ տվեց Չարենցին շատ նման մի տղամարդու լուսանկար եւ խնդրեց ցույց տալ Ռեգինա Ղազարյանին ու ճշտել, եթե իսկապես Չարենցն է: Լուսանկարը տվեցի տիկին Ռեգինայինՙ առանց մի բառ ասելու: Նա այն մոտեցրեց աչքերին ու ասաց.

Չարե՞նցը... Նմա՛ն է, բայց նա չէ: Մի՞թե Չարենցն այսպիսի ականջներ ուներ: Չէ՛, նա չէ...

Փաստորեն որքան լավ էր նա ճանաչում Չարենցին, որ անգամ ականջներից կարող էր տեղը բերել:

Որոշ բաներ շատ լավ մտապահել եմ նրա ասածներից.

Ես չէի հասկանում, թե ինչ մեծության հետ գործ ունեմ, դե շատ ջահել էի... Շատ է եղել, հետս կատակ էր անում, եթե դուրս չէր գալիս, հրում-գցում էի, ինքը փոքր-մոքր էր, եսՙ շատ ուժեղ: Հիմա որ հիշում եմՙ մի քիչ անհարմար եմ զգում:

Կյանքում չեմ մոռանա, թե ինչպես ընդունեց Խանջյանիՙ իբրեւ թե ինքնասպան լինելու մասին լուրը: Ինչպես էր հեկեկում երեխայի պես ու չէր հավատում...

Ափսոս, որ Չարենցի հետ ոչ մի լուսանկար չունեմ: Էն ժամանակ նկարվելը իրադարձություն էր: Բայց լավ է, որ գոնե ունեմ այ էս մի նկարը Չարենցի չկայացած հարսնացուիՙ Էռա Շմիդտի հետ: Սիրուն աղջիկ էր, լեհուհի, հրավիրվել էր «Հայկինոյում» նկարվելու, բայց ոչինչ չստացվեց, ո՛չ կինոն, ո՛չ Չարենցի հետ ամուսնությունը...

Երբ Մոսկվայում գնացի Մայակովսկու թանգարան, ինձ ցույց տվեցին Մայակովսկու անտիպ թղթերից մեկը, որտեղ գրված էր. «Ես կուզեի գրել ինչպես Չարենցը»...

Սարսափելի ժամանակներ էին, եղբայրը եղբորն էր մատնում, բոլորը մեկմեկու կասկածում էին... Երբ Միկոյանը Ստալինի մահից հետո Երեւանում առաջին անգամ բարձրաձայնեց Չարենցի անունը, եթե իմանաս, ինչպես վեր թռա ու վազեցի այն տունը, որի հատակում թաղել էի Չարենցի ձեռագրերը:

Պարույր Սեւակը գալիս էր մոտս, ժամերով նստում էինք, վերծանում խոնավությունից փչացած չարենցյան ձեռագրերը: Սեւակը բանաստեղծի իր ինտուիցիայով կռահում էր, թե այսինչ ջնջված բառը ինչ կարող էր լինել...

Մի անգամ հարցրի, թե դեռ իր մոտ կա՞ որեւէ ձեռագիր Չարենցից:

Կան որոշ բաներ, նաեւ մի բանաստեղծություն, որ նվիրել է դերասանուհի Մագդա Բուրջալյանին: Առայժմ դա հրապարակ հանելու բան չէ... Ոչ մեկին ցույց չեմ տվել, մենակ մի անգամ Աղասի Այվազյանը եկավ մոտս, շատ խնդրեց-աղաչեց, որ ցույց տամ իրեն, դե նրան չէի կարող մերժել...

Չարենցից բացի խոսքուզրույցում երկրորդ ամենից հիշվող անձը Սեդայի հանգուցյալ մայրիկն էր, որի պաշտամունքը շարունակվում էր նրանց տանը: Ինձ համար տարօրինակ էր, որ այդ երկու տարիքն առած կանայք, թվում է, չէին հաշտվում բնական մահով կյանքից հեռացած իրենց հարազատի կորստի հետ: Հիշում էին Դեղնուկ անվանած իրենց սիրելի մեքենան, որը վաճառել էին եւ որի մասին խոսում էին ինչպես կենդանի արարածի: Տիկին Ռեգինան հիշում էր Մահարուն, Շիրազին, շատ ուրիշներիՙ դրական թե բացասական գույներով, թեեւ հիմնականում չէր կենտրոնանում բացասականի վրա:

Ռեգինան քիչ էր խոսում, բայց նրա զրույցը միշտ իմաստալից էր, լի ժողովրդական բառ ու բանով ու հումորով, գրական, գեղեցիկ հայերենով, իսկ ռուսերեն խոսում էր առանց առոգանության: Բայց ավելի շատ խոսում էր ավելի քան խոսքաշեն Սեդան կամ տիկին Ռեգինայի ասածՙ Սեդուլը, ողջ կյանքում որպես գերմաներենի դասախոս աշխատած այդ լեցուն, բավական թուխ տիկինը: Ինձ չափազանց զվարճալի էր թվում, որ ճարտար լեզվով ու վերամբարձ ոճով խոսող Սեդան Ռեգինային հաճախ ասում էր Բալիկ:

Էս տարիքի բալիկ տեսած կա՞ս, ամեն անգամ ժպտալով հարցնում էր ինձ Ռեգինան:

Երկուսն էլ ծայրահեղ կենսասեր էին, գեղեցկապաշտ ու հայրենասեր: Սիրահարված կյանքին, Հայաստանին, Երեւանինՙ նկատում ու գնահատում էին տեսած ամենաչնչին գեղեցկությունն անգամ: Երկուսն էլ խոստովանում էին, որ եթե չեն նայում հայելունՙ չեն զգում իրենց տարիքը: Ակտիվ հետեւում էին Հայաստանի անցուդարձին մամուլով եւ հեռատեսիլով: Դողում էին իրար վրաՙ մեծարելով մեկը մյուսին («Հայ ժողովուրդը Ռեգին պետք է ոսկե արձան կանգնեցնի», ասում էր Սեդան): Հետաքրքրվում էին ինձնով, ընտանիքովս, ուրախանում իմ հաջողություններով, միշտ խրախուսում էին գործունեությունս: Իսկ երբ արդեն գնում էի իրենց մոտից, միշտ պարտադիր կերպով երկուսով ինձ ճանապարհ էին դնումՙ սպասելով դռների մեջ ու անպայման ձեռքով անելով, երբ իջնում էի աստիճաններով:

Ռեգինա Ղազարյանի ութսունամյակի օրըՙ 1995 թվականի ապրիլի 17-ի երեկոյան, նրանց տուն գնացի ընկերուհիներիցս մեկիՙ Զառա Մոկացյանի հետ: Եվ մինչ Սեդան անվերջ գովաբանում էր գեղեցկատես Զառային եւ խոսում ամեն ինչիցՙ կողքի սենյակում ես գրառում էի Ռեգինա Ղազարյանի խոսքը: Նա ասաց, որ իր կյանքի մեծագույն գործը համարում է Չարենցի ձեռագրերի փրկումը, քանի որ դրանց մեջ կային բազմաթիվ, ինչպես ինքն էր սիրում ասել, «հոգեցունց» ստեղծագործություններ: Այդ առթիվ մի փոքր հոդված գրեցի «Ազգի» համար, որտեղ Ռեգինա Ղազարյանի արարքը համեմատեցի Մշո Ճառընտիրը փրկած երկու գաղթական հայուհիների սխրանքի հետ...

Բալիկ ջան, ժամանակը չէ՞, որ մեր սիրելի Արծվիի դիմանկարը ստեղծես, մի անգամ հարցրեց Սեդան:

Անպայման, անպայման, ասաց տիկին Ռեգինան:

Ամբողջ կյանքում պիտի ափսոսամ, որ Ռեգինա Ղազարյանն այդպես էլ չնկարեց ինձ: Ես անհարմար էի զգում իրեն հիշեցնել, ինքն էլ երեւի մոռացավ կամ արդեն ի վիճակի չէր:

Անդրանիկ զավակս կես տարեկան էր, երբ առաջին անգամ նրան տարանք տիկին Ռեգինայի տուն: Մինչեւ հիմա երբեմն կրկնում ենք որդուս ուղղած նրա խոսքերը. երբ փոքրիկս իր տարեկիցներին ոչ բնորոշ խորազնին հայացքով նայեց Ռեգինայի աչքերի մեջՙ վերջինս ասաց.

Էդպես լուրջ-լուրջ ինձ մի՛ նայիր, քաշվում եմ...

1999 թվականի ամռանը Երեւան եկավ Դայանա Տեր-Հովհաննիսյանը: Մի անգամ միասին այցելեցինք Ռեգինա Ղազարյանենց: Անմոռանալի երեկո էր: Սեդան այդպես էլ չհասկացավ, որ Դայանան Ամերիկայից է եւ իր անունը Գայանե չէ, ուստիեւ ամբողջ երեկո հետը մի գլուխ գերմաներեն էր խոսում ու նրան դիմում էր «Գայա՛ն ջան»-ով: Իսկ տիկին Ռեգինան հարցեր էր տալիս Դայանայիՙ Չարենցի անգլերեն թարգմանությունների մասին, հետաքրքրվում նրա ստեղծագործությամբ, ընտանիքով: Դայանանՙ շփոթված եւ ուրախ, իր կոտրված հայերենով փորձում էր ինչ-որ բաներ ասել, սակայն ի վերջո ավելի շատ ես էի խոսում...

Նույն թվականի աշնանը Ռեգինա Ղազարյանին տեսա վերջին անգամ: Տկարացել էր, թեեւ ոտքի վրա էր: Մտանք կարճ ժամանակով, գրեթե չզրուցեցինք...

Կատարվեց չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը: Իր պետականությանը, իր ժողովրդին հասցված այդ սոսկալի հարվածին չդիմացավ Ռեգինա Ղազարյանի զգայուն սիրտը: Նրա վախճանի մասին իմացա աշխատավայրում, մամուլից եւ այնպես ազդվեցի, որ այդ օրը այլեւս ի վիճակի չեղա աշխատելու: Ութսունչորս տարեկան էր, այո, բայց ի՞նչ կապ ունի տարիքը, եթե կյանքից հեռանում է խորապես դրական մի անձնավորություն, հարազատ մի հոգի...

Տխուր էր այցելել միայն Սեդային, տեսնել տիկին Ռեգինայի բազկաթոռը դատարկ, դռների մեջ Սեդային տեսնել մենակՙ ինձ հրաժեշտ տալիս... Կարծեմ մեկ եւ կես տարի անց Սեդան միացավ իր պաշտելի մայրիկին ու իր ոչ պակաս պաշտելի Բալիկին: Բաղրամյան փողոցի այդ հյուրընկալ հարկաբաժինը դադարեց Ռեգինա Ղազարյանի օջախը լինելուց: Հիմա ամեն անգամ այդ շենքի մոտով անցնելիս անպայման աչք եմ նետում պատին ամրացված հուշաքարին, որի գրությունըՙ «Ռեգինա Ղազարյանՙ հավերժ Չարենցի հետ», վայրկենապես ջերմացնում է սիրտս եւ հիշեցնում իմ ավագ բարեկամին...

Անշուշտ, Ռեգինա Ղազարյանին շատ ավելի մոտիկից ճանաչողներ կանՙ նկարիչներ, գրոց-բրոց մարդիկ, որոնք շատ ավելի հետաքրքրական բաներ կարող են պատմել նրա մասին: Այսօր, ապրիլի 17-ին, լրանում է այդ եզակի անձնավորության հարյուրամյակը: Միգուցե սա լավ առիթ է, որպեսզի նրան մոտիկից ճանաչողները սկսեն հանդես գալ հուշագրություններով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 17-04-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.