AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 08-05-2015



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2015-05-07 21:18:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 926, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՐՍԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայ արքայազնը Շվեդիայի թագավորական բալետից

Մայիսի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ագային ակադեմիական թատրոնում «Բարեկամության կամուրջներ» համերգային ծրագրով ներկայացան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» պարային համույթը եւ «Հզոր զգացմունքներ» պարային խմբի անդամները «Պարենք հանուն խաղաղության» միջազգային ծրագրի մասնակիցների եւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Այդ առթիվ կրկին հայրենի քաղաքում է այժմ Շվեդիայում ստեղծագործողՙ պարող եւ բալետմայստեր Արսեն Մեհրաբյանը, որը երեւանցի պարասեր հանրությանը ներկայացավ իր պարով եւ բեմադրություններով:

Մեհրաբյանի գործունեությանը հետեւում եմ 2006 թվականից, երբ նա սկսեց իր իսկ հիմնած «Հզոր զգացմունքներ» պարախմբով ժամանակ առ ժամանակ ելույթներ ունենալ Երեւանում: Մեր զրույցը վերաբերում է վերջին տարիների նրա աշխատանքներին...


- Արսեն, ինը տարի դու Համբուրգի պետական օպերային թատրոնի բալետային խմբի աստղերից էիր: Ի՞նչը ստիպեց, որ հեռանաս Գերմանիայից...

- 2009-ին թվականին զգացի, որ հասունացել է պահը ստեղծագործական կյանքս փոխելու. զգում էի, որ մնացել եմ նույն տեղում եւ առաջ չեմ գնում: Երբ մեկի հետ աշխատում ես երկար տարիներ, իսկ կողքից լսում ես ուրիշ խորեոգրաֆների, այլ տիպի բեմադրությունների, ուրիշ ոճերի մասին, ուզում ես քո սովորական դարձած կյանքը փոփոխության ենթարկել ու ինքդ էլ փորձել այդ ամենը: Որոշում ընդունեցի որոշ ժամանակ ապրել ու աշխատել Ցյուրիխում: Այնտեղ աշխատող մեր տղաներըՙ Արման Գրիգորյանը, Վահե Մարտիրոսյանը եւ Արթուր Բաբաջանյանը միշտ էլ ասել են, որ միանամ իրենց, «Ցյուրիխ բալեի» ղեկավար Հայնց Շփյոռլին նույնպես ուզում էր, որ մտնեմ իր խումբը: Որոշեցի գնալ մեկ տարով, ժամանակավորապես, մինչեւ որ տեսնեմ, թե ուր է տանում ինձ ապագան: Շատ դժվար էր ինձ համար հեռանալ Համբուրգից, կյանքս փոխել 360 աստիճանով:

- Դժվար չէ՞ր Համբուրգի օպերայի բալետմայստեր Ջոն Նոյմայերի դասական երկացանկից հետո անցում կատարել դեպի Շփյոռլիի մոդեռն բեմադրությունները:

- Դժվար էր, եւ մեկ տարի շարունակ պարելով Շփյոռլիի բալետները (երկացանկը մեծ չէր), իմ հետաքրքրությունը կորավ դրանց հանդեպ. նրա բեմադրություններն ավելի աբստրակտ են, իսկ ես սովոր եմ մեծ բալետների, իրենց մեջ որոշակի փիլիսոփայություն կրող ստեղծագործությունների: Իրականում Ցյուրիխ տեղափոխվելու գերագույն նպատակս նախ եւ առաջ իմ սեփական գեղարվեստական գաղափարներն իրականացնելն էր, որոնք կարող էի պարային լեզվով արտահայտել միայն Ցյուրիխում աշխատող մեր տղաների հետ: Ուստիեւ այդ ամեն ինչն ինձ դրդեց, որ տեղափոխվեմ Ցյուրիխ, մոտիկ լինեմ մերոնց ու ավելի շատ ժամանակ տրամադրեմ «Հզոր զգացմունքներին»: Մեկ տարի շատ լավ էր, միասին էինք, կարծես ուսումնարանի տարիներն էին կրկնվում, միայն թեՙ ուրիշ տեղ...

- Բայց Ցյուրիխում էլ երկար չմնացիր:

- Այո, մեկ տարի անց զգացի, որ այստեղ եւս բավական է, քանի որ եկավ մի պահ, որ Շփյոռլիին սկսեց դուր չգալ, որ ես տղաներին ընդգրկում եմ այլ նախագծերումՙ անհանգստանալով, որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունից կարող ենք վնասվածքներ ստանալ: Նա սովոր չէր, որ իր արտիստներն իր մոտ պարելուց բացի ուրիշ աշխատանք էլ կատարեն: Տղաները համոզեցին մեկ տարի էլ մնալ, համաձայնվեցիՙ հաստատ իմանալով, որ դա իմ վերջին տարին է լինելու Ցյուրիխի բալետի հետ: Այդ երկու տարում շատ աշխատեցի տղաների հետ (արդեն այդ նպատակով էի մեկնել Ցյուրիխ), կատարեցի բեմադրություններ տղաների հետ, 2010-ին մեր առաջին ելույթը տեղի ունեցավ Մյունխենի «Կառլ Օրֆ» համերգասրահում, «Հզոր զգացմունքների» անդամ Տիգրան Միքայելյանի նախաձեռնությամբ (նա Մյունխենի Բավարական օպերայի մենապարող է) 2011-ին երրորդ անգամ պարեցինք Երեւանում ու նաեւ մասնակցեցինք Ֆրիուլիի մեծ փառատոնին Իտալիայում: Երկրորդ տարվա վերջին նամակ ստացա Շփյոռլիից, որ պայմանագիրս չի շարունակվելու, չնայած արդեն որոշել էի դուրս գալՙ առանց նրա հետ անձնական խնդիրներ ունենալու: Արդեն, միեւնույն է, մեծ փոփոխություններ էին լինելու «Ցյուրիխ բալեում», մեկ տարի անց Շփյոռլին այլեւս չէր ղեկավարելու խումբը (նրան փոխարինեց Քրիստիան Շփուքը): Դիմեցի մի քանի տեղ, Մյունխեն, Վիեննա, Օսլո, սակայն պետք էր սպասել, ազատ տեղեր չկային. որքան էլ լավ պարող լինես, պիտի սպասես, որ որեւիցե թատրոնում որեւէ հաստիք ազատվի...

- Ի վերջո գերմանախոս աշխարհը փոխարինվեց Սկանդինավիայով...

- Այո, առաջարկը եղավ Ստոկհոլմիցՙ Շվեդիայի Թագավորական բալետի նոր նշանակված ղեկավար Յուհաննես Օհմանից, որը նախկինում Գյոթեբորգի բալետի խմբի ղեկավարն էր: Նա ինձ գիտեր Ցյուրիխից, հավանել էր եւ առաջարկեց համագործակցել: Համաձայնվեցի, չնայած Սկանդինավիան ինձ թվում էր շատ հեռու, շատ մութ մի տեղ (բացի նրանից, որ այստեղ կես տարի մութ է): Մեր տղաներից արդեն այստեղ էր աշխատում Ավետիք Կարապետյանը, որը հիմա Ֆրանսիայում է: 2011-ին «Շվեդիայի Թագավորական բալետի» պրեմիեր դառնալով մի նոր էջ բացվեց իմ կյանքում: Ստոկհոլմում առաջին դերս եղավ «Մարդուկ-Ջարդուկի» Արքայազնը:

- Ի՞նչ բալետմայստերների հետ ես աշխատել այս ընթացքում:

- Անցած չորս տարիներին համագործակցել եմ տարբեր խորեոգրաֆների հետ: Շատ հետաքրքրական էր աշխատանքը դանիացի Ֆրանկ Անդերսենի հետ, որը վերաբեմադրում է իր հայրենակից 19-րդ դարի նշանավոր բալետմայստեր Բուռնոնվիլի բալետները: Նրա ոճը շատ ինքնատիպ է եւ թարմ: Ստոկհոլմում շատ հաճելի փորձառություն եղավ աշխատանքը շվեդ նշանավոր բալետմայստեր Մաթս Էկի հետ, որը մեծ պրոֆեսիոնալ է, շատ հստակ գիտի իր անելիքը: Նա ինձ նկատի ունենալովՙ մի քանի դեր է բեմադրել, որի համար շատ հպարտ եւ ուրախ եմ «Ռոմեո եւ Ջուլիետի» բեմադրության մեջ Ջուլիետի հոր դերը ինձ համար բեմադրեց: Սա բոլորովին նոր մոտեցում էր, ըստ որի ներկայացման վերջում հայրն է սպանում Ջուլիետին: Շատ եմ զրուցել Մաթս Էկի հետ, թե ինչու է նման լուծում տալիս: Նա ասաց, որ այսօրվա կյանքից է ներշնչվել, հայտնի է, որ եղել են դեպքեր, երբ մեր օրերում հայրը պատժել է աղջկանՙ տարիներ շարունակ նկուղում պահելով, իսկ իսլամական երկրներում մինչեւ հիմա եղել են հոր կողմից աղջկան կյանքից զրկելու դեպքեր, ուստիեւ Էկը որոշել է դա արտահայտել «Ռոմեո եւ Ջուլիետի» իր տարբերակում: Այդ բեմադրության մասին վավերագրական ֆիլմ նկարահանվեց, տեսագրվեց, ներկայացրինք Փարիզում եւ Լոնդոնում: Ի տարբերություն Նոյմայերի, որ դասական էր, Մաթս Էկն ավելի ժամանակակից է: Նա միակ ժամանակակից խորոգրաֆն է, որ կարողացել է դասական բալետների սյուժեները բեմադրել նորովի, միայն իրեն հատուկ ոճով ու մեկնաբանությամբ: «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Ժիզելը» թե «Կարմենը» նա բեմադրել է ժամանակակից շարժումներովՙ դրամատիկական ճիշտ լուծումներ տալով այդ դասական սյուժեներին:

Էկից բացի աշխատելու հնարավորություններ եմ ունեցել նաեւ ուրիշ հետաքրքրական ժամանակակից բալետմայստերների հետ, օրինակՙ Փարիզից օպերայի պարող եւ բալետմայստեր Լորան Հիլերը, որի հետ հիմա աշխատում եմ «Դոն Կիխոտ» բալետում: Նորից հանդիպեցի Նատալյա Մակարովային, որի հետ համագործակցել էի 2003-ին. չնայած ութ տարի էր անցել եւ կապը չէի պահել, բայց մի օր նամակ ստացա, որ Ուրուգվայի բալետում ներկայացվելու է «Բայադերան», եւ Մակարովան հանձնարարել է կապվել ինձ հետ այդ բալետում պարելու: Ինչ խոսք, շատ հաճելի էր, որ Մակարովան, անցած տարիների ընթացքում այդքան արտիստների հետ աշխատելուց հետո, չէր մոռացել ինձ եւ հենց իմ թեկնածությունն էր առաջարկել: Ուրուգվայում երեք շաբաթ աշխատեցի Մոնտեվիդեոյի օպերայի թատրոնի բալետի ղեկավար Խուլիո Բոկկայի հետ, պարեցի երկու ներկայացում:

- Ինչով է տարբերվում աշխատանքը Շվեդիայում մյուս երկրներից:

- Ստոկհոլմում աշխատելու ամենամեծ առավելությունն այն է, որ ունեմ մեծ ազատություն, կարող եմ ազատ օրեր վերցնել, թատրոնում շատ ծանրաբեռնված չլինել, Համբուրգի պես տարին հարյուր ներկայացում չենք պարում, կարողանում եմ իմ անձնական նախագծերով եւս զբաղվել, գալ Հայաստան, աշխատել այլ արտիստների հետ: Այժմ Շվեդիայի Թագավորական բալետում են աշխատում նաեւ Վահե Մարտիրոսյանը եւ նույնպես «Ցյուրիխ բալետի» մենապարուհի Սարա Ջեյն Բրոդբեքը, որ համագործակցել է «Հզոր զգացմունքների» հետ, երկու անգամ մեզ հետ ելույթ ունեցել Երեւանում: Այսպիսով, մենք կարծես մի փոքրիկ ընտանիք լինենք Ստոկհոլմում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 08-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.