AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 22-05-2015



Տեղադրվել է` 2015-05-23 16:24:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԲԱՌԱՐԱՆ ԵՎ ՀԱՄԱԲԱՐԲԱՌ

Վազգեն Գ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, Լեզվաբան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արդեն հրապարակի վրա է գրաբար Աստվածաշունչ գրքի Համաբարբառըՙ նորովի կազմված եւ բառարանագրական լավագույն մշակման առնված: Հրատարակվել է Հայաստանի Աստվածաշնչական ընկերության կողմից (Ս. Էջմիածին, 2012, մեծադիր, երկսյուն, մանրաշար 1908 էջ), մեկենասությամբ Տ. Փառեն արք. Ավետիքյանիՙ «ի յիշատակ ննջեցելոցն գերդաստանի իւրոյ»: Այն կազմվել է Աստվածաշնչի նոր հրատարակության հիման վրա (Ս.Էջմիածին, 1997 թ.):

Ուրախությամբ պետք է նշել, որ սա, իրոք, հայ նոր բառարանագրական մի մեծ ձեռքբերում է, երախտագետ հոգածությամբ ի լույս հանված գիրք, որ ըստ ամենայնի հարկավոր է ոչ միայն «ի պէտս հոգեւորականաց եւ բանասիրաց Սուրբ Գրոց վասն պարապմանց», այլեւ առհասարակ նույնի ընթերցմանն օժանդակ: Մեր լեզվի ամենահին վիճակի արձանագիր Սուրբ Գրքի բառապաշարի քննությամբ զբաղվողի համար աննման հնարավորություն է այս Համաբարբառը:

Ամեն մի բառարան տվյալ լեզվի բառապաշարի շտեմարան է, որ ունի լայն տեղեկատվական հնարավորություն: Բառարանի մի տեսակն է համաբարբառը, որ լինում է առանձին կամ ընդհանրական:

Հայերենի առումով ունենք հոգեւոր գրականության բազմապիսի համաբարբառներ: Դրանք բնորոշվում են մի շարք հատկանիշներովՙ ըստ ժամանակի, գրական երկի բառապաշարի ընդգրկման, տպագրության տարբերության, ունեցած ծավալի, ինքնուրույն կամ թարգմանական գրականությանը վերաբերելու եւ այլն:

Իսկ ըստ բառային միավորի, իբրեւ գլխաբառի, ներկայացման հատկանիշիՙ համաբարբառները լինում են երկու տեսակՙ բառաքերականական եւ բնագրային: Վերջինս բառարանի կատարյալ տեսակն է, որը պահանջում է լայն ծավալի, նույնիսկ տքնջան աշխատանք: Նույնպիսի աշխատանքի արդյունք է այս Համաբարբառը:

Նկատենք, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանության բնագրի համաբարբառի ստեղծումը մեզանում եղել է համեմատաբար ուշ: Նախապես կազմվելիս են եղել Ավետարանների սեղմ, ձեռագիր «համաբարբառներ», որոնք երբեմն թողնում են բառացանկերի տպավորություն:

Համաբարբառներ երեւան են գալիս ոչ միայն համեմատաբար վաղ անցյալում (օրինակՙ Ղազար Բաբերդացու, Ոսկան Երեւանցու գրչագիր Ավետարանների վերջում դրված ցանկերը, որոնք ունեն համաբարբառի արժեք, գրված 1610-1620-ական թթ.), այլեւ հետագայում (հմմտ.ՙ «Ցանկ սրբոց չորից աւետարանչաց», Շամախի, 1709 թ., ձեռագիր, կազմողՙ Անանիա Էրզրումեցի Ալավերդյան, «Ցանկ Գիրք Նոր Կտակարանին», Կ.Պոլիս, 1753, տպագիր, կազմողՙ Բաղդասար Դպիր եւ այլն):

Բուն իմաստով համաբարբառներ ստեղծվում են 1650-ական թթ.հետո, երբ հայ տպագրիչ Ոսկան Երեւանցին հրատարակում է հայերեն Աստվածաշունչըՙ վերջում դնելով Նոր կտակարանի համաբարբառը:

Հետագայում եւս կազմվում են գրաբար համաբարբառներ, ընդ որում ավելի ծավալուն, Սուրբ Գրքի բոլոր մասերի ընդգրկմամբ: Համաբարբառների ստեղծումն ավելի մեծ նշանակություն է ունենում հաջորդ տասնամյակներին: 18-րդ դ. կեսերից ունենք համաբարբառներ, որոնք ինքնուրույն են թե՛ նյութի ընդգրկման եւ թե՛ կազմության սկզբունքների տեսանկյունից:

Հայերեն սուրբ գրային համաբարբառի ստեղծման բնագավառում աննախադեպ երեւույթ է եղել Թադեւոս վրդ. Աստվածատուրյանի կազմած «Համաբարբառ Աստուածաշունչ Գրոց Հին եւ Նոր կտակարանաց» (Երուսաղէմ, 1895 թ.) գիրքը, որը տասնամյակներ շարունակ ծառայում էր բանասիրությանըՙ իբրեւ գրեթե ամենօրյա գործածության գիրք:

Այժմ ուսումնասիրողի սեղանին է դրվում նշածս Համաբարբառը, որն ունի զգալի տարբերություններՙ կապված նախկինում լույս տեսածի ինչ-ինչ բացթողումների լրացման, թերացումների հաղթահարման, որոշակի ճշգրտումների անցկացման, բնագրային վկայությունների հստակեցման հետ:

Գրքի «Առաջաբան»-ում (ընդամենըՙ 2 էջ) կան հստակ եւ սեղմ ցուցումներ: Համաբարբառն ընդգրկում է Աստվածաշնչի ամբողջ բառապաշարի մեծագույն մասը, իսկ վերջինիս մի մասի վերաբերյալ արվում է որոշակի վերապահություն. «բառացանկից դուրս են թողնվել միայն տեղանունները, անձնանունները, որեւէ տարածքային պատկանելություն ցույց տվող, ինչպես նաեւ ազգերի, ժողովուրդների, ցեղերի, տոհմերի ներկայացուցիչ նշանակող բառերը»ՙ նպատակ ունենալով դրանք ամփոփել առանձին հատորի մեջ:

Այնուհետեւ, Համաբարբառի մի մեծ արժանիք է այն, որ յուրաքանչյուր գլխաբառին կից նշվում է նրաՙ բնագրում ունեցած գործածության քանակը.սա շատ կարեւոր է հայերենի ընդհանուր բառապաշարի վիճակագրական վերլուծության տեսանկյունից:

Ճիշտ են վարվել կազմողները (պատ. խմբ. Դավիթ Գյուրջինյան, խմբ. Շուշան Կարապետյան, էջադրող` Աննա Օհանջանյան), որ «համաբարբառում առանց սուրբգրային մեջբերումների են ներկայացվել շաղկապները, նախադրությունները եւ նախդիրները, դերանունները, քերականական տարբեր մասնիկներ», այլեւ որոշ մակբայներ: Այդուհանդերձ, վիճելի կամ տարակուսելի է նախդիրների եւ նախադրությունների գործածությանը վերաբերող մեջբերումների բացառումը, որովհետեւ դրանցում կան դեպքեր, որոնք հետաքրքրական են իմաստային, ինչպես նաեւ ոճական տարբերությունների տեսանկյունից:

Կազմողների արածն արժանի է դրվատանքի նաեւ լեզվական այլ հանգամանքների առումով: Ճիշտ են վարվել, երբ առանձին բառահոդված չեն հատկացրել հարադիր բայերին, դարձվածային միավորներին, որովհետեւ դրանք մշտապես նկատելի են բաղադրության հիմնական բաղադրիչի բերումով, հակառակ դեպքումՙ տեղիք էր տրվելու կրկնությունների, հիմնականի եւ հարակիցի առանձնացման անհստակության եւ այլն:

Մենք կողմնակից չենք բառարանի բերվող նախադասությունների մեջ գլխաբառն այլ տառատեսակով դնելուն, քանի որ նախընտրելին պիտի լիներ այն շղայով տալը:

Մեր ընդհանուր տպավորությունն այն է, որ սույն համաբարբառը գտնելու է ավելի մեծ ընդունելություն, մեծապես ծառայելու է իր բուն նպատակինՙ ընձեռել ճանաչողական, մասնավորաբար բանասիրական աշխատանքի լայն հնարավորություն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 22-05-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.