AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 21:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

1-Ը ՀՈՒՆԻՍԻ՜, 1-Ը ՀՈՒՆԻՍԻ՜, ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՆՆ Է 1-Ը ՀՈՒՆԻՍԻ՜

Նաիր ՅԱՆ

Վաղ առավոտ է. «Հաղթանակ» զբոսայգում ասեղ գցելու տեղ չկա: Խռնված ամբոխըՙ մանկասայլակներով, հացուջրով, հովանոցներով ու փոխնորդ շորերով, խումբ-խումբ արշավել է կարուսելների վրա: Զբոսայգու աշխատակիցները որքան էլ հորդորում են հերթ կանգնել, կարգուկանոն պահպանել, չի ստացվում: Առավել ճարպիկ հայրիկ-մայրիկները, երկմետրանոց պարիսպների վրայով ցատկելով, իրենց երեխաներին արտահերթ նստեցնում, ավելի ճիշտ շպրտում են կարուսելի վրա փղիկի գիրկը կամ ձիուկի մեջքին: Մանուկների տոնի կապակցությամբ կարուսելների մեծ մասն անվճար է: Բոլորին հրմշտելով, գոռգոռալով ու թոռնիկներին ճվահան անելով քափուքրտինքի մեջ մտած տատիկները նետվում են ամբոխի մեջ ու մեկ էլ հայտնվում մանկական շոգեմեքենայի վագոնակում. երեխաները չկան, կեսճամփին են մնացել:

- Արգամիկ, Սուրենչիկ, Էլենչո, ուր մնացիք, այ բալա: Ոնց որ քնած լինեք, չասի փեշս բաց չթողնեք: Հեչ էս դարի էրեխեք չեն , է՜: Ժողովուրդ, թողեք էրեխեքն առաջ գան, էս ինչ անշնորհք մարդիկ եք, տո՛,- ճվճվում են կարմրատակած տատիկները:

Մարաթոնյան մրցավազքն անվնաս հաղթահարած երեխաները պլշած նայում են շուրջբոլորը, շատերը պինդ գրկում են մայրիկների պարանոցը, հրաժարվում կարուսելից, կամ բացբերան վիշապիկի գրկին հայտնվելուն պես անզուսպ լաց են լինում: «Հաղթանակ» զբոսայգով մեկ զիլ հնչում է սիրված երգը «Փոքրերի աշխարհՙ միշտ արդար խաղ է, երգ ու պար. օրը մեզ համար տոն է անդադար...»:

Հունիսի մեկի կեսօրն անց է: Հյուսիսային պողոտայից պատանեկան մի ձայն որոտընդոստ գոչում է. «Կեցցե՜ն մեր մանուկները... երեխաները մեր ապագան են... հապա մի ցույց տվեք, երեխանե՛ր, ձեր փուչիկներն ու պաղպաղակները, որ նվիրել են այս գեղեցիկ միջոցառման հովանավորները»:

Խառնիխուռն, բազմերանգ երեխաներն ու մայրիկ-տատիկներն այս ու այն կողմից փուչիկները վեր են բարձրացնում. դրանց միջից երեւում են նաեւ հատուկենտ պաղպաղակներըՙ կծոտած ու կիսահալ:

- Ախր, սիրելի ծնողներ, ես ձեզ խնդրեցի, չէ՞ՙ չբացել ու երեխաների ձեռքը չտալ պաղպաղակները, մինչեւ ես չասեմ: Հիմա մեր օպերատորն ինչը նկարի: Իզուր խոսակցություն եք բերում վրաս,- նեղսրտեց պատանեկան ձայնը:

Մայրիկ-տատիկները մեղավոր հայացքով նայում են պատանեկան վրդովված ձայնին: Փողոցով մեկ զիլ հնչում է հիթային երգըՙ «Մեկը հունիսի, մեկը հունիսի, մանուկների տոնն է մեկը հունիսի...»:

Հրապարակներում կավճանկարի մրցույթ է: Աղջնակային ձայնը փաղաքույշ երանգով հայտարարում է. «Մեր բարերարարների շնորհիվ Երեւանում են Հայաստանի մարզերի մանկատների սաները, որոնք հարմարավետ ավտոբուսներով տեղափոխվել են Երեւան, նրանց տրամադրվել է առավոտյան նախաճաշ եւ հյութ, չէ, երեխաներ: Մանկատան սաներից բացի, մեր հովանավորներն այստեղ են հրավիրել Երեւանի վարչական շրջանների անապահով ընտանիքների երեխաներին: Եկեք բոլորս ծափահարենք մեր հովանավորներին, որոնց շնորհիվ այսօր դուք հրաշալի, հեքիաթային օր ունեք, սիրելի երեխաներ»:

Իրենց համեստ զգեստապահարանի ամենավառ գույնի հնամաշ շորերը հագած երեխաներըՙ արեւահար թշիկներով, քաչալ գլուխներով, կիպ կպչում են դաստիարակների ոտքներին, բայց նրանց սաստող հայացքին արժանանալովՙ հետ քաշվում: Դաստիարակները փութաջանորեն ծափահարում են ու աչքերով հրամայում երեխաներինՙ ծափահարել: Փոքրիկները վախվորած իրար են զարկում թաթիկները:

Արեւն ինչքան ուժ ունի, այրում է: Մանկատների ու անապահով ընտանիքների երեխաներին խնայողաբար կավիճ է բաժանվում:

- Երեխանե՛ր, մոտեցե՛ք ձեզ համար գծված վանդակներին ու դրանց մեջ նկարեքՙ ինչ ուզում եք: Քսան րոպեից ավարտեք նկարը, որպեսզի որոշենք հաղթողին: Նրան սպասում է մեր հովանավորի մրցանակը: Ծափահարենք մեր սիրելի հովանավորին: Ավելի աշխույժ, սիրելի՛ երեխաներ,- աղջկական փաղաքույշ ձայնը հուզմունքից դողում է:

Երեխաների ձեռքն են տալիս կավիճներն ու ցույց տալիս ասֆալտին գծված փոքրիկ վանդակները: Խրտնած հորթուկների պես նրանք անկանոն խմբերով մտնում են կավճանկարի հրապարակ, պպզում ու ծուռումուռ գծեր քաշում համարակալված վանդակների մեջ: Այս ու այն կողմից լսվում են լացի ձայներ Դաստիարակները չեն կողմնորոշվում մոտենան լացկաններին, թե սպասեն աղջկական ձայնի հրահանգին:

Հրապարակով մեկ զիլ հնչում է մանկական ամենատարածված երգերից մեկը. «Մանուկների աշխարհում հեքիաթն է իշխում: Մանուկների աշխարհում ժպիտ կա ու վառ խնդում...»:

Սուպերմարկետի մուտքի մոտ կարճփեշ, բարձրակրունկ կոշիկների վրա երերացող մանկահասակ մի աղջիկ ձգված ժպիտով հրավիրում է բոլորին. «Գնումներ կատարեք, եւ ձեր փոքրիկը երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կստանա նվերՙ մի տուփ քաղցր ձողիկ»:

- Աղջիկ ջան, իսկ առանց գնումների չեք տա էդ ձողիկից,- խնդրում է թոռան ձեռքը բռնած մի տատիկ:

- Չէ, տիկին ջան, միայն գնումներ կատարելու դեպքում ենք ձողիկը տալիս,- լայնժպիտ պատասխանում է աղջիկը:

- Դե լավ, Դավո ջան, պապան իրիկունը քեզ ձողիկ կառնի, ոչինչ: Էլ առնելու բան չունենք. հացն ու կարտոշկան էր, էն էլ ուրիշ տեղից առանք-պրծանք, արի տուն գնանք, հաց սարքենք իրիկունվա համար,- թոռանը հորդորում է տատն ու բռնում տան ճամփան:

Սուպերմարկետով մեկ հնչում է ռուսական հայտնի երգը. «Чунгa-чанга, весело живем, чунгa-чанга лето круглый год...»:

Հյուսիսային պողոտայի սրճարաններում ֆրանսիական օծանելիքի ու համադամ կերակուրների բույրերն ու հոտերը խառնվել են իրար: Այցելուները մեծ մասամբ երիտասարդ ընտանիքներ ենՙ սիրուն-սիրուն հագնված երեխաներով, որոնց ձեռքներին փաթեթավորված տուփերով կամ թղթե տոպրակներով նվերներ կան: Թանկարժեք հագուկապով հայրիկ-մայրիկներն իրենց փոքրիկների համար իտալական պաղպաղակ, ֆրանսիական տորթեր ու թարմ քամած հյութ են պատվիրում:

Սրճարաններում մեղմորեն ծոր են տալիս ամերիկյան ջազն ու իսպանական ֆլամենկոն:

Հունիսմեկյան երեկոն իջնում է քաղաքի վրաՙ իր մութ գրկում հավասարապես պարուրելով «Հաղթանակ» զբոսայգու կարուսելները, պայթած փուչիկների ճմռթված մնացորդները, կերած պաղպաղակների ճռճռան թղթերը, մանկատան երեխաների կավճանկարներն ու Հյուսիսային պողոտայի խայտաբղետ սրճարանները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.