AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015



ՀԵՏԱՀԱՅԱՑ

Տեղադրվել է` 2015-06-04 21:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1950, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԻՄ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ

Հրավարդ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր

Վիգեն Ղազարյանի գեղանկարչական անհատական ցուցահանդեսի առիթով

Քաղաքակիրթ ամեն մի ազգ ունի իր տեսակի հատուկ բնութագիրը: Հայի տեսակը շատ ինքնատիպ է, բոլորից տարբերվող: Երբեմն այն հանելուկային է թվում, բայց միշտ գործնական: Մեր մեծերը դա վաղուց են նկատել: Հայը աշխատասեր է, համառ ու անհանգիստ: Մի բանով չի բավարարվում. ձեռքը գցում է ամեն տեղ: «Թվով ամենափոքրն է,- գրում է Դերենիկ Դեմիրճյանը,- տառապանքովՙ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակովՙ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքն ամենից համառ կառչեց նրան...»: Ավելացնենքՙ ոչ միայն կառչեց, այլ օր ու գիշեր մաքառեց, արարեց առանց հուսահատության: Այս խոսքերը մտաբերեցի, երբ փորձեցի գրել իմ վաղեմի բարեկամիՙ Վիգեն Ղազարյանի մասին - արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայյի թղթակից անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր:

2015 թ. ապրիլի 8-15-ը Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի սրահում կայացավ Վիգեն Ղազարյանի 130 նկարների հետահայաց ցուցահանդեսը: Մինչ այդ նա ցուցադրվել էր 2009 թ. Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում, առանձին նկարներով մասնակցել արվեստաբան նկարիչների ցուցահանդեսին ու մի քանի հանրապետական տարեկան ցուցահանդեսների Նկարիչների միությունում: Էքսպոզիցիան ներկայացնում էր նրա ստեղծագործական աշխարհը:

Վ. Ղազարյանի գեղանկարչական գործունեությունը բաղկացած է երկու փուլիցՙ դպրոցական եւ ուսանողական շրջան (1959-65 թթ.) եւ Հայաստանի անկախության շրջան (1990-ից առ այսօր): Նա Ղ.Ղուկասյանի անվ. Պիոներների պալատում եղել է տաղանդավոր մանկավարժ նկարիչ Գագիկ Ղազարյանի սանը: Նրա նկարչական խմբակում իրենց առաջին քայլերն են արել տաղանդավոր նկարիչներ, դիզայներներ, ճարտարապետներՙ Ռոմիկ Ջուլհակյան, Ռուբեն Ղեւոնդյան, Կարեն Աղամյան, Անատոլի Պապանյան, Գաստելլո Գասպարյան, Հովիկ Հովհաննիսյան, Հրայր Գրիգորյան, Աշոտ Բաղդասարյան: Ցանկը կարելի է շարունակել:

Ցուցադրված նկարները փոքրադիր են, բայց բազմազանՙ ինչպես նրանց ժանրերը, այնպես էլ տեխնիկական միջոցներըՙ յուղաներկ, ջրաներկ, գուաշ, ակրիլ թղթի, ստվարաթղթի եւ կտավի վրա;

Խ.Աբովյանի հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության եւ մեթոդիկայի բաժինն ավարտելուց հետո անցնելով երկհերթ աշխատանքիՙ նկարիչը զրկվեց ստեղծագործելու նվազագույն հնարավորությունից: 1969-ին դառնալով ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ, նա ամբողջապես լծվեց գիտական աշխատանքի: Մինչեւ 1988 թ. զարհուրելի երկրաշարժը նրա դասախոս եւ մտերիմ, տաղանդավոր նկարիչ Արտաշես Հունանյանը հերթական մի հադիպման ժամանակ ցանկություն հայտնեց տեսնել Վ.Ղազարյանի ուսանողական շրջանի գործերը: Տեսնելուց հետո բացականչեց. «Դու իրավունք չունես չնկարել»: 1990-92 թթ. Վիգենը իր դուստրերին տանում էր Կանազ գործարանի նկարչական ստուդիա, որ ղեկավարում էր հազվագյուտ ճաշակով եւ բարձր գիտելիքներով օժտված տաղանդավոր նկարիչ եւ արվեստաբան Նիկոլայ Քոթանջյանը, որի հետ Վ.Ղազարյանը աշխատում էր ՀՀ ԳԱԱ արվետի ինստիտուտում: Նա եւս ցանկություն հայտնեց տեսնել Վիգենի աշխատանքներից նմուշներ: Նա նույնպես ասացՙ իրավունք չունես չնկարել անկախ տարիքիցդ եւ անկախ նրանից, թե նկարիչ կդառնաս, թե՞ ոչ. դա հենց անհրաժեշտ է գիտական աշխատանքիդ համար: Վիգեն Ղազարյանը դա գիտեր իր փորձով, քանի որ մանրանկարներն ուսումնասիրելիս նախ եւ առաջ դրանք արտանկարում էր մատիտով: Եվ ահա 1990-ական թթ. նա նկարել վերսկսեց ստուդիայի սաների հետ:

Որպես կանոն Վ.Ղազարյանին ներշնչում են կենդանի իրականությունը եւ հուշերը, ինչպես նաեւ ամեն տեսակի եւ տարբեր ազգերի ու շրջանների նկարներՙ ու արվեստի գործեր: Բազմապիսի ներշնչումները, այդ թվում նաեւ պոեզիայից եւ արձակից, նրան սովորեցնում են նորովի դիտել շրջապատող աշխարհըՙ սկսած պատուհանից երեւացող տեսարաններից մինչեւ թոռնիկի մանկական նկարները, որոնք նրան անսպասելի հորինվածքների են դրդում: Եվ վերջին շրջանի այդ տիպի նկարները ցուցահանդեսը դիտած ֆրանսիացի միջնադարագետ ամուսինները Ավինյոն քաղաքից ցուցադրումը անվանեցին «սուպեր», մոտ իսպանականին, հավանաբար դրանք զուգորդելով Միրոյի ինչ-ինչ նկարների հետ: Դրանք տարբեր միջավայրերում գտնվող կենդանական, մարդկային եւ բուսական ֆանտաստիկ ոչ այնքան տրամաբանության ենթարկվող պատկերներ են, որոնք նման չեն նույն հեղինակի սխեմատիկ, երկրաչափականորեն կարգաբերված կամ համեմատաբար «սպոնտան» պատկերներին, որոնք արվել են սկսած ուսանողական տարիներից, երբ նա տարված էր ինչպես բանաստեղծական, այնպես էլ նկարչական սյուրռեալիզմով: Այդ պատճառով անմիջապես բնությունից արված նկարներից հետո ամենաբազմաքանակը հիշողությամբ եւ երեւակայության խաղերով արված նկարներն են: Զարմանալի է, որ հարկադրված դադարներից հետո արված գործերը գրեթե չեն կորցնում իրենց անմիջականությունը: Նույնը վերաբերում է նաեւ տարբեր տեխնիկաներով արված նատյուրմորտներին:

Ինչպես ասվեց, թեմատիկ նկարներում որոշակի տեղ են գրավում մանկական հիշողություններն ազատ վերարտադրող իմպրովիզացիոն ոճով հորինվածքները: Դիմանկարները թվով քիչ են եւ տարբեր ժամանակների, բայց անկախ այն բանից , թե բնորդից են արված, թե՞ երեւակայական են, ինչպես Քրիստոսի եւ Հովհաննես Մկրտչի նկարները, անմիջական են թե՛ գույնով, թե՛ կերպարով եւ թե թողած տպավորության առումով: Դրանցում անենից ավելի զգացվում է նոր շրջանի հայ վարպետների, հատկապես Եղիշե Թադեւոսյանի ազդեցությունը: Կարեւոր տեղ են գրավում ինքնանկարներըՙ 18 տարեկանից մինչեւ գրեթե 70 տարեկան: Ցուցադրված վերջին ինքնանկարում պակասում է նախկինների հուզականությունը, բայց փոխարենը այն աչքի է ընկնում ամուր կառուցվածքով, ինչը մատնում է Պոլ Սեզանի ազդեցությունը, որի նամակները, որի մասին հուշերը եւ առաջին հոդվածների հայերեն թարգմանությունները խմբագրել է նա եւ գրել առաջաբան, որոնք լույս են տեսել «Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից: Սեզանի ազդեցությունը ակնհայտ է նաեւ նրա 1990-2000-ական թթ. բնանկարներում եւ նատյուրմորտներում:

Վ. Ղազարյանի տարբեր ժամանակների նկարների ներշնչման աղբյուր են ծառայել հիմնականում բնությունը, մարդիկ եւ կենդանիները:

Թվով ամենաշատը փոքր եւ միջին չափերի բնանկարներն ենՙ արված 1965-2008 թթ. ընթացքում: Դրանք յուղաներկով, գուաշով, պաստելով եւ ջրաներկով նկարված մեծ մասամբ բնության եւ բնակավայրի փոքրիկ անկյուններ են, բայց կան նաեւ ոչ մեծ պանորամային տեսարաններՙ արված Երեւանում, Հանքավանում, Հաղարծինում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Բերձորում (Լաչին), Ախալքալաքում եւ այլուր, մեծ մասը տեղում, մի մասն էլ ճեպանկարների հիման վրա կամ հիշողությամբ խառը կամ առանձին նյութերով:

Դիմանկարները, հատկապես ինքնանկարները, շատ տարբեր են ինչպես կատարման մաներայով, այնպես էլ տիպաժներով: Եվ դրանք, քանի որ արված են տարբեր ժամանակներում եւ կրում են ինչպես տարբեր վարպետների ազդեցության կնիքը, այնպես էլ կարեւոր է, թե երբ են նկարված եւ ինչ տեխնիկայով:

Ինքնատիպ են նաեւ Վ. Ղազարյանի այն նկարները, որոնք ֆանտաստիկ հիշողություններ են ներկայացնում նրա մանկական եւ պատանեկան տպավորությունների հիման վրա - «Երկար էշ» (2003), «Դեպի սպանդանոց խաղով ու պարով» (1993), «Կորած մանկություն» (2000-ական թթ.): Նկարչի մանկությունը անցել է Գետառ Զանգվի վտառի ափերին, որտեղով դեպի սպանդանոց էին քշում ոչխարի հոտեր, եղջերավոր անասունների նախիրներ, ձիերի երամակներ, բայց մանկական հասակում նա դեռ չէր ընկալում դրա ողբերգական աստառը: «Կորած մանկությունը» նեկայացնում է մետաֆիզիկական նկարչության ոճով պատկերված ամայի մի հին բակՙ մանկական ձեռքերով գծված ֆուտբոլի դաշտով ու հին հետնաբակային կոլորիտային տներով:

Իրենց յուրահատուկ գրավչությունն ունեն Վ.Ղազարյանի կրոնական եւ խոհական նկարները - «Քանդված գերեզմաններ» (1964), «Մուտք Երուսաղեմ», «Ժամերգությունից հետո» (1994), «Երգում են քահանայք» (1994), «Կաթողիկոսի մահը», զանազան մանրանկարների ներշնչմամբ սյուժետային պաստելային պատկերներ տեղ-տեղ ջրաներկի խառնուրդով եւ այլն:Դրանք կրոնական թեմաների նորովի ու ազատ մեկնաբանումներ են: Օրինակ, կիլիկյան «Ութ մանրանկարիչների» Ավետարանի համանման «Քրիստոսի ծանակումը» նկարում թեման չի ավարտվում միայն կանոնիկ միջնադարյան պատկերով, այլ առանձին շարունակվում է Վանո Խոջաբեկյանի կինտոյական զվարճացող պերսոնաժներով:

Արվեստագիտական բարձրարժեք հատորներ, սքանչելի նկարչություն, գիտա-մանկավարժական բեղմնավոր գործունեություն...Բայց արի ու տես, որ դրանով չի սահմանափակվում Վիգեն Ղազարյան ստեղծագործ անհատի առաքելությունը: Դեռ երիտասարդական տարիներից նա ոչ միայն հրապուրվել է գրականությամբ, գրականության տեսությամբ (այստեղ անշուշտ իր դերն է ունեցել հայրըՙ անվանի գրականագետ Հովհաննես Ղազարյանը), այլեւ ապրել պոեզիայով... 1991 թ. լույս է ընծայվում «Խճանկար» բանաստեղծությունների ժողովածուն, որը ջերմորեն ընդունվեց ընթերցողի կողմից: Նա պատրաստել է «Պատուհաններ» վերտառությամբ բանաստեղծությունների եւ դասական ու 20-րդ դարի անգլո-ամերիկյան եւ ռուս պոետների բանաստեղծությունների թարգմանություններ բնագրերից, նաեւ հարյուր պատմվածքների փունջ ու վիպակՙ երեւանյան կյանքի շուրջ վաթսուն եւ ավելի տարիների կոլորիտային դրվագներով:

Ահա եւ խոսքս ինչպե՞ս չավարտեմ իմ տաղանդավոր ընկերոջն այնքան հատուկ «հայի տեսակի» բնութագրումով: Դա մեր ազգային գենետիկ հատկանիշի շարունակության ուժն է, որ գալիս է հին ժամանակներից:

Նկար 1. Վիգեն Ղազարյան, Ինքնանկար, 1997, յուղաներկ

Նկար 2. Հիսուս Քրիստոս, 1996, յուղաներկ

Նկար 3. Դեպի սպանդանոց խաղով ու պարով, 1993, գուաշ, ստվ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.