AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 12-06-2015



ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-06-11 22:34:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 665, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Գոհար ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մարդ, որի բարձրաստիճան դիվանագետի համազգեստի տակ բաբախում է տաղանդավոր երաժշտի զգայուն սիրտը

Մայիսի 28-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում կայացավ դասական երաժշտության երեկոՙ «Ռոմանտիկ երաժշտության համերգ» խորագրով:

Համերգի առաջին մասում բարձր երաժշտության սիրահարների ուշադրությանը ներկայացվեց կոմպոզիտոր, մեր հայրենակից Դավիթ Մնացականյանի «My way Ulrika» հանրահայտ ստեղծագործությունըՙ դաշնամուրի եւ նվագախմբի համար, որը կատարեց Սոնա Արշակյանըՙ «Festival Orchestra» նվագախմբի ուղեկցությամբ, երկրորդ եւ երրորդ մասերում հնչեցին Ռոբերտ Շումանի եւ Էդվարդ Գրիգի դաշնամուրային կոնցերտները, ինչպես եւ Արամ Խաչատրյանի հանրահայտ վալսըՙ «Մասկարադ» սյուիտից:

Համերգից ստացած տպավորությունս աննախադեպ էր: Իսկ Դավիթ Մնացականյան կոմպոզիտորն այդ օրն ինձ համար հայտնություն էր: Նրա ստեղծագործությունն օժտված է բացառիկ մեղեդայնությամբ, նուրբ ռոմանտիկայով, հանգստությամբ, եւ, ասես, հոսում է մարդկանց սրտերը: Տպավորությունս էլ ավելի խորացավ, երբ ծանոթացա նրա հետ, եւ պարզվեց, որ Դավիթ Մնացականյանը նաեւ միջազգային հարաբերությունների փայլուն գիտակ է եւ մեծ ճանապարհ անցած, ճանաչում ունեցող միջազգայնագետ:

Ծնվել է 1949 թվականին: Ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի դասարանը, որից հետո աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում, որի գեղարվեստական ղեկավարն այն տարիներին հանրահայտ ու խստապահանջ Օհան Դուրյանն էր:

1974 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը եւ նույն տարվանից աշխատանքի անցել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի արտասահմանյան երկրների բաժնումՙ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններՙ Բեռլինում, Վիեննայում եւ Բոննում:

Թվարկենք դրանցից մի քանիսը. 1999-2001 թթ.ՙ Հնդկաստանի Բոմբեյ (ներկայիսՙ Մումբայ) քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական, 2001-2004 թթ.ՙ Հնդկաստանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության ավագ խորհրդական, 2004-2005 թթ.ՙ ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ, 2005-ից Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսն է Գյոթեբուրգում (Շվեդիայի թագավորություն):

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական 2-րդ աստիճանի որակավորում, արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պատվավոր ծառայող» կոչման: Փայլուն տիրապետում է անգլերեն եւ գերմաներին լեզուներին:

Դավիթ Մնացականյանը դեռ մանկությունից շրջապատված է եղել երաժշտությամբ, ինչի համար նա այսօր անսահման պարտական է ծնողներին, բայց առավելապես մորըՙ Հայաստանի վաստակավոր արտիստուհի, Հայաստանի պետական երգչախմբի նախկին մեներգչուհի Մելինե Վահանի Մնացականյանին, ով նաեւ դասավանդում էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում եւ Երեւանի պետական կոնսերվատորիայում: Դավիթի հայրըՙ կոմպոզիտոր Վազգեն Սահակի Մնացականյանը, համոզված էր, որ որդին «իրեն չի քաշի», շատ առաջ կգնա դիվանագիտական աշխատանքի աստիճաններովՙ հասնելով մինչեւ Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակ: Այնուամենայնիվ հոր ցանկությունը կյանքի է կոչվել. թոռնիկըՙ նույնպես ճանաչված դիվանագետ Զոհրապ Մնացականյանը, ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է:

Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում որպես ջութակահար աշխատելու տարիներին Դավիթ Մնացականյանը նվագել է ականավոր դասականների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում եւ հետագայում սկսել է հեղինակել արդեն իր երաժշտական ինքնատիպ գործերըՙ արժանանալով ճանաչված վարպետ կատարողների հիացմունքին եւ քաջալերանքին: Նրան, սակայն, վիճակված չէր ամբողջությամբ տրվելու երաժշտական կախարդական աշխարհին, եւ երկար տարիներ Դավիթ Մնացականյանը համատեղում է ե՛ւ աշխարհի նշանավոր բեմերում իր փայլուն ստեղծագործական կատարումները, ե՛ւ դիվանագիտական աշխատանքըՙ համերգային ֆրակը փոխարինելով դիվանագետի խիստ պաշտոնական համազգեստով: Բայց, այնուամենայնիվ, նրան ճանաչողներին վաղուց ակնհայտ է մեկ բանՙ դիվանագետի պաշտոնական համազգեստը կրող այդ անձնավորության կրծքի տակ բաբախում է երաժշտի զգայուն սիրտը:

Առաջին ստեղծագործությունըՙ «Իմ ճանապարհը», որը նա գրեց Հայաստանից հեռու եւ որը շատ արագ հայտնի դարձավ եւ ջերմորեն ընդունվեց երաժշտական աշխարհում, շաղախված է անսահման մեղեդայնությամբ, սիրով ու կարոտով:

- Դրանում ես իմ անսահման կարոտն եմ արտահայտել իմ Հայրենիքիՙ Հայաստանի նկատմամբ, եւ անվանումըՙ «Իմ ճանապարհը», ինձ համար մեծ իմաստ ու թաքուն երազանք է պարունակումՙ ուր էլ գնամ, միեւնույն էՙ իմ ճանապարհը, իմ ուղին Հայաստանն է...

- Երկրորդ ստեղծագործությունսՙ «Christmas Fantasy»-ն գրեցի, երբ Իսրայելում բնակվող աղջիկս Ամանորին ինձ եկավ այցելության: Նրա անսպասելի այցելությունը ինձ այնքան ուրախություն պատճառեց, որ մի գիշերում գրեցի: Կարճ ժամանակ անց «Ամանորյա ֆանտազիան» հնչեց Գյոթեբուրգ քաղաքի գերմանական եկեղեցում եւ մեծ ընդունելության արժանացավ:

Ճանաչողները Դավիթ Մնացականյանին դիպուկ բնորոշմամբ կոչում են մաեստրո: Ծանոթանալով նրա անցած ճանապարհինՙ ես նույնպես համոզվեցի, որ նա նվաճել է այդ տիտղոսը: Նրա հեղինակային գործերը հնչել են աշխարհի մեծ բեմերում, բազմաթիվ սրտեր նվաճել, իսկ «Իմ ճանապարհը» ստեղծագործության երաժշտությունը աշխարհի օլիմպիական մրցելույթներում օգտագործել են մի քանի նշանավոր գեղասահորդուհիներ:

Այսօր Դավիթ Մնացականյանը երազում է Հայաստանում կազմակերպել մեծ համերգ եւ մայր հայրենիքում հնչեցնել իր ստեղծագործությունները: Երազում է երեւանյան որեւէ բեմահարթակում հավաքել հայ, ռուս եւ շվեդ ինչպես արվեստի, այնպես էլ դիվանագիտական էլիտայի ներկայացուցիչներին, սերտացնել բոլորին, նրանց սրտերում ներարկել արվեստի ջերմությունը, եւ, որ իր համար շատ կարեւոր էՙ Հայաստանի ապագայի նկատմամբ հավատք:

- Այդ օրը կգա, ես հավատում եմ,- ասաց Դավիթ Մնացականյանը: -Ես անսահման լավատես մարդ եմ, քանի որ շրջապատված եմ դրական մարդկանցով եւ նույնքան դրական էներգետիկ դաշտով: Ինձ այսօր մեծագույն ներշնչանք է պարգեւում կինսՙ Օլգան, ով մենեջեր է աշխատում, բայց առավելապես հիասքանչ մուսայի մեծ դերակատարում ունի իմ կյանքում: Իմ ծրագրերը կյանքի կոչելու գործում «ավանդ» ունի անգամ իմ հավատարիմ շունըՙ Դակը: Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ իմ Հայրենիքը, որից սկզբնավորվել եւ մեծ ճանապարհ եմ մտել:

Այնպես որՙ կհանդիպենք Հայաստանում...

Մոսկվա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 12-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.