AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 21:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 703, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳՈՒՅԺ. ԱՐՓԻԿ ՄԻՍԱՔՅԱՆ

Հ. Ա.

Արփիկը. այսպես էին կոչում նրան. ոչ միայն մտերիմներն ու բարեկամները, նաեւՙ անծանոթներն ու հակառակորդները: «Արփիկը դեմ է», կամ «Արփիկը համաձայն է», կարեւոր հարցերում ասում էին ոչ միայն ֆրանսահայ գաղթօջախում: Կարծես մի ամբողջ կազմակերպություն լիներ: Արփի՛կը: Այդ անունը նույնացել էր նրա հրատարակած թերթինՙ «Յառաջին», որի հետ միասին կարծես մի էստեբլիշմենտ լիներ, որին դիմում էին բոլորը, նաեւ ֆրանսիական մամուլն ու կառավարությունը, երբ հարկ էր լինում հայության կամ Հայաստանի մասին տեղեկություն ու տեսակետ իմանալ:

Իսկ տեսակետ ու դիրքորոշում ունենալը Արփիկ-«Յառաջ»ի առաքելությունն է եղել ի սկզբանե, նրա հորՙ դաշնակցական նշանավոր մտավորական, խմբագիր Շավարշ Միսաքյանի օրերից, այսինքն 1925 թ.ից, երբ նա, հայր Միսաքյանը, շարունակեց անկախության շրջանին Երեւանում խմբագրած իր նույնանուն թերթը տպել արդեն Փարիզում: Սզկբունքայնությունը այդ թերթի սկզբունքն էր, եւ կուսակցական պատկանելիությունը չէր կարող շեղել նրան այդ սկզբունքից, հատկապես երբ խոսքը գրական եւ մտավորական արժեքներին էր վերաբերում, ինչպես հակադաշնակցական Շահան Շահնուրի պարագայում, որի «Նահանջը» 1929 թ.ին տպագրվեց հենց «Յառաջում», իսկ դուստրը հետագայում քրոջական հոգատարություն ցույց տվեց հիվանդ Շահնուրին, որի աճյունն ամփոփվեց հենց Միսաքյանների Պեր Լաշեզի դամբարանում, ուր հենց երեկ ամփոփվեց նաեւ Արփիկի մարմինը:

Արփիկը 1957 թ.ին հոր անակնկալ մահվանից հետո ակամա ստանձնեց թերթը ու 57 տարի ամբողջ, մինչեւ 2009 թ., ղեկավարեց, պահեց, խմբագրեց այն, պահպանելով հոր սկզբունքները, լրագրական պարկեշտությունից մինչեւ վտանգված արեւմտահայերենի պաշտպանություն, մինչեւ դասական ուղղագրության մոլեռանդ ջատագովում եւ մոտեցումների անկախություն:

Հակառակ իր ֆրանսիական կրթությանը, նա մերժելով մերժեց թերթը գոնե կիսով- նոր սերնդի համար- ֆրանսերեն լույս ընծայելու հորդորները: «Ես հավատարիմ կմնամ հորս նվիրական սկզբունքին: Պիտի շարունակեմ հայերեն հրատարակել թերթը այնքան ատեն, որ ողջ եմ», ասում էր նա նույնիսկ այն ծանր պահերին, երբ խմբագրությունը հերթական նամակն էր ստանումՙ «Մեծ հայրիկը մեռավ, կխնդրենք դադրեցնել թերթին բաժանորդագրությունը»...

Ավանդապահ էր անտեղիտալիորեն, լավագույնս տիրապետելով հանդերձ ավանգարդիզմի բոլոր դրսեւորումներին: Առիթ ունեցել եմ, 1993-ին, թե՞ 1994-ին, լինելու «Յառաջի» խմբագրատանը, տպարանում: Թերթը տպագրվում էրՙ այսպես կոչված բարձր տպագրությամբ, արճիճային տողաշար մեքենայովՙ լինոտիպով, Փարիզում մնալով որպես այդպիսին թանգարանային նմուշ: Լուսանկար չէր տպագրում, չէր կարող. Ֆրանսիայում ցինկոգրաֆներ արդեն չէին մնացել կլիշե սարքող: «Անշուշտ կրնանք համակարգչային տպագրության անցնիլ, բայց կուզենք պահել այս ամենը, նախՙ մեծ ջանք թափած ենք սեփական տպարան ունենալու համար, եւ երկրորդՙ համակարգչային տպագրության անցնելու պարագային ստիպված պիտի ըլլանք այլ տպարաններու դուռն իյնալու, որ անշուշտ մեծ ծախսեր կենթադրե», ասում էր նաՙ աչքի պոչով նայելով դիմացի գրասեղանին նստած օգնական խմբագրինՙ Արփի Թոթոյանին...

Պրոֆեսիոնալ էր որպես լրագրողՙ արհեստի բոլոր նրբություններին տիրապետող, դյուրահավատությունն ու ավելորդ խանդավառությունը բնավ հատուկ չէին նրան, ի տարբերություն սփյուռքահայ շատ խմբագիրների: Անկախության առաջին տարիներին, թեեւ շատ բարեկամներ ուներ իշխանության վերին ատյաններում կանգնածների մեջ, սակայն տեղեկությունները 2-րդ աղբյուրից ճշտելու համար շաբաթը առնվազն մեկ անգամ զանգահարում էր «Ազգ»ի խմբագրություն եւ իր տղամարդկային ձայնով հարցերը տալիս էր հակիրճ ու կոնկրետ: Մեծ հուսախաբություն էր նրա համար 1994-ին ՀՅԴաշնակցության փակումը Լ. Տեր-Պետրոսյանի կողմից: Ոչ թե դաշնակցականի դուստր լինելու պատճառով, այլՙ սկզբունքորեն: Մինչ այդ քաջությամբ էր տարել հոր սկսած դիմադրությունը դաշնակցական ոտնձգությունների դեմ: Վերջիններս պահանջում էին դաշնակցական խմբագրից եւ հետագայում նրա դուստրից «Յառաջը» վերածել կուսակցական օրգանի: Նույնիսկ 80-ական թթ.ին, իրենց հետեւորդներից պահանջեցին դադարեցնել թերթի բաժանորդագրությունը եւ Փարիզում հիմնեցին իրենց օրաթերթըՙ «Կամքը», որը շատ երկար կյանք չունեցավ, մինչ «Յառաջը» շարունակեց իր երթը մինչեւ...

Այդ երթը ընդհատվեց 2009-ի մայիսի 31-ին, սեփականատիրոջ որոշմամբ: 57 տարի հետո Արփիկը այլեւս չէր կարող շարունակել: Համայնքի առաջնորդները բոլոր ջանքերը թափեցին համոզելու Արփիկին «Յառաջի» տպագրությունը նոր խմբագրությամբ եւ վարչությամբ շարունակելու արտոնություն տալ: Անտեղիտալի էր նաեւ այդ պարագայում: Արփիկով պետք է ավարտվեր «Յառաջը», եւ վե՛րջ:

Բոլորի աչքի առաջ էր մեր նմանօրինակ մի քանի նշանավոր թերթերիՙ Անդրանիկ Ծառուկյանի «Նայիրիի», Սիմոն Սիմոնյանի «Սփիւռքի» պարագան. իրենց սեփականատեր խմբագիրներից հետո այդ թերթերի դիմագիծը փոխվեց, չասելու համար այլ բան...

Արփիկի երկրային կյանքի ավարտով, որը պատահեց հունիսի 19-ին, փարիզյան հանգստյան տներից մեկում, փակվեց հայ լրագրության եւ մտքի հոլովույթի մի կարեւոր հանգրվան, որը կմնա մեր պատմության մեջ որպես կարեւոր մի շրջափուլ:

Խորին հարգանք իր հիշատակին ու վաստակին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.