AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2015-06-25 21:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԺԻՐԱՅՐ ՄԱՏԻԼՅԱՆ. ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑ ՊԱՐԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ֆրանսահայ պարադիր եւ երաժիշտ Ժիրայր Մատիլյանին հանդիպեցի պատահաբար, երեւանյան մշակութային մի միջոցառման ժամանակ: Մեծ անակնկալ էր իր համար իմանալ, որ հենց նոր իր հետ ծանոթացած անձը տեղյակ է իր գործունեությանը: «Կնշանակիՙ կյանքս իզուր չեմ ապրել», կես-կատակ ասաց նա: Մեր հաջորդ հանդիպմանը խնդրեցի մանրամասն պատմել իր կյանքի ու գործունեության մասին: Փարիզում ծնված 63-ամյա Մատիլյանը այն հազվադեպ ֆրանսահայերից է, որ սահուն խոսում է ոչ միայն արեւմտահայերեն, այլեւ արեւելահայերեն եւ ողջ կյանքը նվիրել է հայ մշակույթին: Սա նրա տասնմեկերորդ այցն է Հայաստան...


- Հայրս Սամսունի գյուղերից էր, մայրսՙ Բաֆրայից, ապրել է Պոլսում: Ընտանիքում ամենափոքրն էի: Պարարվեստին նվիրվելու որոշում կայացրի, երբ Ֆրանսիա սկսեցին գալ Հայաստանի պարախմբերը, հատկապես ոգեւորվեցի վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանի արվեստով: Իրականում մենքՙ գաղթականների զավակներս կամ թոռներս, մեծ մասամբ անհաղորդ էինք մնում մեր բնիկ մշակույթին ու մասնավորապես պարարվեստին. արդեն ցեղասպանությունից առաջ արեւմտահայերը գրեթե չէին պարում ազգային պարեր: 1960-1970-ականներին ազգային մշակութային զարթոնք սկսվեց ֆրանսահայության մեջ. ես էլ այդ հոսանքին տրվելովՙ սկսեցի պարել իմ սիրելի թիֆլիսահայ պարուսույց Այգվարդ Բուռնությանի խմբում: Տարիներ հետո, ուզենալով պրոֆեսիոնալ պարող դառնալ, քսաներկու տարեկանում ընդունվեցի Փարիզի պարարվեստի ինստիտուտ, բայց ուշ էր. երկու տարի չարչարվեցի, որ հասնեի համապատասխան մակարդակի: 27 ուսանողների մեջ միայն երեք հոգի արժանացանք դիպլոմի. ինձ տրվեց բնութագրական պարի ուսուցչի, «հայկական եւ վրացական պարերի մասնագետի» վկայական: Ավարտելուց հետո մասնակցեցի «Ֆրանսիական բեմ» ընկերակցության մրցույթին, կատարեցի վրացական պար եւ իմ կարգում 450 մասնակիցների մեջ արժանացա առաջին մրցանակի: Պարել եմ երեք-չորս այլ խմբերում, բնութագրական պարերՙ ռուսական, գնչուական, ուկրաինական, նաեւ սովորեցնում էի հայկական եւ վրացական պարեր: 1985-ին բեմադրել եմ Փարիզում ներկայացված «Հաճելի ծովային պտույտ» երաժշտական կատակերգության պարերը:

1963-2000 թվականների ընթացքում Հայաստանից ինչ պարախումբ որ եկել է Փարիզՙ բոլորին հանդիպել եմ եւ բոլորից էլ ինչ-որ բան եմ սովորել: 1971-ին Սոնյա Քումրույանցի ղեկավարած տուրիստական խմբով առաջին անգամ եկա Երեւան, որի ընթացքում հանդիպեցի հայ ազգային պարի մեծ գիտակ տիկին Սրբուհի Լիսիցյանին: Երկրորդ անգամ նրան հանդիպեցի երկու տարի անց, հայաստանյան հաջորդ այցիս ժամանակ: Երկար զրուցել եմ այդ բացառիկ կիրթ, ազնիվ տիկնոջ հետ, եւ նրա ասածները հայ պարի մասին մեծ դասեր եղան ինձ համար:

Այդ ժամանակ մեր համայնքում պարախմբերը սիրողական էին, ես նպատակ դրեցի ստեղծել մի հայկական պարի խումբՙ ավելի ամուր հիմքերի եւ իմ մասնագիտական փորձի հիման վրա: 1977-ին հիմնեցի "Les ballets arme՛niens" «Լե բալե զ՛արմենիեն» խումբը. «բալետ» բառն այստեղ գործածեցիՙ շեշտելու համար, որ մեր պարերը ներկայացվում են բեմականացված, մշակված, պրոֆեսիոնալ աշխատանքով իրականացված, ոչ ժողովրդական մեկնաբանությամբ: Պարապում էինք շաբաթական երեք անգամ: Զուգահեռ հայկական եւ կովկասյան պարարվեստ էի դասավանդում տարբեր ֆրանսիական հաստատություններում եւ հայ համայնքում (300 աշակերտ եմ ունեցել Փարիզի հայաշատ արվարձաններում): Նաեւ հինգ տարի սովորեցի Փարիզի Արեւելյան լեզուների ինտիտուտում: Հայերենի ուսուցիչներս եղան ֆրանսիացի ականավոր հայագետներ Ֆրեդերիկ Ֆեյդին եւ Ժան-Պիեռ Մահեն: Երեք ամիս հաճախեցի նաեւ վրացերենի դասերին, հետո ինքնաշխատությամբ սովորեցի գրել եւ խոսել վրացերեն, իհարկե ոչ այնպես, ինչպես խոսում եմ անգլերեն, իսպաներեն կամ գերմաներեն: Սիրում եմ լեզուներ, եթե չնվիրվեի պարին ու երաժշտությանըՙ լեզվաբան կդառնայի:

Այսօր կարող է անսովոր թվալ, որ կովկասյան, վրացական պարերը Փարիզում ավելի տարածված էին, քան հայկականը: Այդ մշակույթը իրենց հետ բերել էին 1920-ականներին Ֆրանսիայում հաստատված ռուսաստանցի տարագիրներըՙ ռուսներ, վրացիներ, նաեւ հայեր: 1930-ականներին տարբեր միջոցառումներում հաճախ էին կատարում կովկասյան պարեր: Կար մի վրացի պարուսույցՙ Շոթա Աբաշիձեն, որի մոտ նաեւ շատ հայեր էին սովորում, քանի որ հայկական պարախումբ չկար: Պատերազմից հետո սկսեցին երեւալ առաջին հայկական պարային համարները: «Սոսի» պարախումբը, օրինակ, աղջիկների մեկ-երկու պարային համար ուներ, մնացածը վրացական էր: Մենք չգիտեինք, թե ինչ է, ասենք, քոչարին. առաջին անգամ քոչարի տեսանք 1965-ինՙ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի համույթի փարիզյան հյուրախաղերի ժամանակ, երբ «Պլեյել» սրահում նրանց ելույթին 2500 հանդիսականներ էին ներկա, իսկ 3000 հոգի էլ դրսում էր սպասում... Մտերիմ եմ եղել Թենգիզ Սուխիշվիլու եւ Նինո Ռամիշվիլու հետ, երկու անգամ եղել եմ Թիֆլիսում: Այնտեղից մի շատ հաճելի հիշատակ ունեմ. երգիչ Գլախո Զաքարյանը իմ ծննդյան տարեդարձին տաս երգ կատարեց ինձ համար...

«Լե բալե զ՛արմենիենը» ստեղծելովՙ նպատակ ունեի այն հանել հայ համայնքի սահմաններից, ներկայացնել օտարազգիներին: Ի սկզբանե մերժում էի ելույթներ ունենալ ճաշկերույթների կամ քաղաքական հանդիպումների ժամանակ: Դրա շնորհիվ սկսեցինք մասնակցել միջազգային փառատոների Ֆրանսիայում, նաեւ Հունաստանում, Հոլանդիայում, Շվեյցարիայում: Ամենաշատը 25 հոգի է եղել խմբում, պարում էինք վեց կամ ութ զույգով: Ունեինք նաեւ ութ-տաս երաժիշտ կատարողներՙ դհոլ, դուդուկ, շվի, ակորդեոն, քանոն, թառ, քամանչա: Բոլորը հայեր էին, սակայն պարողների մեջ երբեմն եղել են ոչ հայերՙ իտալացի, հոլանդուհի, ֆրանսուհի: Ներկայացրել ենք հայկական եւ վրացական, կովկասյան պարերՙ գյովընդ, վերվերի, Ղարաբաղի պար, Կազբեկուրի, աջարական եւ այլն: Իմ բեմադրությունները քաղում էի հիմնականում Վանաձորի «Հորովել» խմբիցՙ շարժումները հարմարեցնելով մեր պարողներին: Մեր հայկական պարերի շարքը տեւում էր մեկուկես ժամ, կովկասյանըՙ կես ժամ. առանձին էինք պարում, որպեսզի հանդիսատեսը զգար մշակութային տարբերությունները: Իմ պարային բեմադրությունները գտնվում էին ավանդականի եւ ոճավորվածի միջեւ: Խմբի համար վրացական զգեստներ, չուխաներ կարում էր Մասիս Աբրահամյանը, որը ժամանակին պարող էր եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վրացական պարերի առաջին կատարողն էր Փարիզում: Մեր տարազները երբեք շատ ճոխ չեն եղել, քանի որ, իմ կարծիքով, բեմական շատ շքեղ հագուստը շեղում է: Մեր խումբն ինքնագործից բարձր էր, սակայն, ի վերջո, արհեստավարժ չէր. արհեստավարժն ամեն օր պիտի պարապի, իսկ պարողների մեջ միայն երեք-չորս հոգի ունեին մասնագիտական պատրաստվածություն: Այդուհանդերձ, երբ Հայաստանի ռադիոյի նվագախումբը եկավ Ֆրանսիա եւ ծանոթացավ մեզ հետ, երգահան Խաչատուր Ավետիսյանը տաս օր աշխատեց մեր երաժիշտների հետ, հաճելիորեն զարմացավ, գնահատեց, որ մենք հավատարիմ ենք մնում հայկական ոճին եւ հայտարարեց, որ «Լե բալե զ՛արմենիենը» Սփյուռքի իր ամենասիրելի խումբն է: 1988-ի Հայաստանի երկրաշարժից հետո խումբը սկսեց ցրվել, շատերը եկան Հայաստանՙ օգնություն ցուցաբերելու, եւ խումբը վերջնականապես փակվեց 1990-ին: Ցավոք, մեր խմբի կատարումներից ոչ մի ձայնագրություն չի պահպանվել:

Ասեմ, որ «Լե բալե զ՛արմենիենի» գործունեության շնորհիվ համաշխարհային դռներ բացվեցին, եւ 1990 թվականից հետո Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում կարողացանք շրջագայություններ կազմակերպել Հայաստանի խմբերի համար, ինչպեսՙ Երեւանի պիոներ պալատի խմբիՙ Լաուրա Ավետիսյանի, Երեւանի Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի խմբերիՙ Սամվել Բալոյանի ղեկավարությամբ: Աստծո շնորհիվ իրար հանդիպեցինք եւ մոտավորապես 30-ից ավելի խումբ կարողացանք ուղարկել եվրոպական երկրների փառատոներին, որպեսզի Հայաստանի նոր Հանրապետությունը ներկա գտնվի համաշխարհային բեմերում:

Դրանից հետո իմ պարընկերուհի Սեդա Փափազյանի հետ սկսեցինք ելույթ ունենալ զուգապարերովՙ հայկական, վրացական եւ տարբեր ոճավորված պարեր: Հանդես ենք եկել հայկական եւ ֆրանսիական հաստատություններում, դպրոցներում, նաեւ մասնակցել ենք Ավինյոնի հեղինակավոր փառատոնին: Տաս տարուց ավելի էՙ չեմ պարում: Պարելը թողնելուց հետո դուդուկ եմ նվագում «Վերվերի» հայկական պարախմբում: Ի դեպ, կինսՙ Ժանին Նվեր Չալոյանը խմբի ստեղնահարն է, իսկ եղբայրս ավելի քան քառասուն տարի դհոլ է նվագում խմբում: 2000-ից մինչ օրս հանդես եմ գալիս «Դլե յաման» երաժշտախմբում: Այն Նորմանդիայում ստեղծել է ռոք երաժշտության քաջիմաց մասնագետ, ամերիկահայ Արետ Մատիլյանը (նա պիտի որ իմ ազգականը լինի, բայց ստույգ չգիտենք մեր կապը): Նա է խմբի երաժշտությունը ստեղծում, միասին մշակում ենք երաժշտությունը, ես նվագում եմ դուդուկ եւ շվի: Կարեւոր է ինձ համար աշխատել դուդուկի հնչյունները ներառել արեւմտյան ոճերի երաժշտության մեջ: Խմբի կազմում են նաեւ ֆրանսիացի երգչուհի Բեատրիս Վալանտենը եւ շվեդուհի Միա Բյոռլինգսոնը, որը հարվածային գործիքներ է նվագում: Կատարում ենք անգլերեն, ֆրանսերեն, նաեւ հայերեն երգերՙ «Կաքավիկ», «Կիլիկիա», երբեմնՙ այլ երաժշտությամբ, սակայն երաժշտությունը դուրս է գալիս հայ ժողովրդական հիմքերից:

Այս ամենից բացիՙ նաեւ գրում եմ հայ պարի եւ երաժշտության մասին: Նադեժդա Լուժինի եւ Սյուզան դը Սուայեիՙ 1987-ին լույս տեսած «Բնութագրական պար» գրքի հայկական պարերին նվիրված գլխի հեղինակը ես եմ: Բացի այդ, քառասուն տարվա ընթացքում կազմել եմ «Հայ գործիքային երաժշտությունը» շտեմարանը, որը համայնապատկերային ձեւով ներկայացնում է հայ ավանդական երաժշտությունը եւ հայ ժողովրդի մեջ տարածում գտած գործիքները: Մեր տասնչորս պատմիչների երկերում (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Սեբեոս եւ այլք) հիշված են տարբեր նվագարաններ: Ծաղկաքաղ եմ կատարել Սրբուհի Լիսիցյանի, Ռոբերտ Աթայանի, Նիկողոս Թահմիզյանի ուսումնասիրություններից: 2013-ից այն տրամադրելի է http://www.armentrad.org կայքէջումՙ ֆրանսերեն եւ անգլերեն, որը իրականացավ հայ երաժշտության մեծ խանդավառ Ժիրայր Սուրենյանի շնորհիվ: Այդ կայքէջում ներկայացված են հայ ավանդական արվեստները, երաժշտությունից բացի նաեւՙ ճարտարապետություն, մանրանկարչություն, պարարվեստ եւ այլն: Հետաքրքրությունը մեր արվեստների հանդեպ շատ մեծ է, այս երեք տարում բազմաթիվ արձագանքներ ունենք ոչ միայն Ֆրանսիայից ու եվրոպական այլ երկրներից, այլեւ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայիցՙ հայերից եւ ոչ հայերից:

«Վերվերիի» ելույթներում միշտ ընդգրկված է ասմունք. ծրագրել ենք մի ներկայացում, որի ընթացքում հայերեն եւ ֆրանսերեն հնչելու են Պոլ Վեռլենի եւ Վահան Թեքեյանի բանաստեղծությունները: Հույս ունեմ սեպտեմբերին դարձյալ գալ Հայաստան, ծրագիր կա կազմակերպել «Դլե յամանի» համերգները Թումոյում եւ «Նարեկացի արվեստի կենտրոնում»... ինչպես նաեւ նպատակ ունենք «Վերվերի» խմբով հաջորդ տարի հանդես գալ Հայաստանում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.