AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 10-07-2015



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2015-07-09 21:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1206, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՆԱԴԵԺԴԱ ԽԱՌԱՏՅԱՆ

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հայ գիտության, արվեստի եւ այլ բնագավառում կան այնպիսի անձնուրաց մարդիկ, որոնք ծագումով չլինելով հայ, իրենց ողջ կյանքը եւ գործունեությունը նվիրաբերել են մեր մշակույթի զարգացմանը եւ բարգավաճմանը: Նույնիսկ Հայաստանի պատմության ամենածանր պահերին նրանք չեն հեռացել երկրիցՙ կիսելով իրենց երկրորդ հայրենիքին բաժին ընկած բոլոր դժվարությունները: Այդպիսի անձանցից է XX դ. 60-90-ական թթ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի առաջատար պարուհի Նադեժդա Խառատյանը:

Նադեժդա Խառատյանը (օրիորդական ազգանունը` Կուռոպյատնիկ), ազգությամբ ուկրաինուհի, ծնվել է 1948 թ. սեպտեմբորի 16-ին, Արտյոմովսկ քաղաքւմ (Ուկրաինա): Երբ Նադեժդան վեց տարեկան էր, նրանց ընտանիքը տեղափոխվեց Երեւանՙ մշտական բնակության: Նադեժդան 1957 թ. ընդունվեց Երեւանի պարարվեստի ուսումնարանը, որտեղ առաջին իսկ տարիներից աչքի էր ընկնում թե՛ իր պարային ունակություններով եւ թե՛ ջանասիրությամբ: Վերջին կուրսերում ուսանել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար պարուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սեմանովսկայայի մոտ: Նադեժդա Կուռոպյատնիկը Երեւանի պարարվեստի ուսումնարանի ամենափայլուն շրջանավարտներից էր: Ավարտական համերգին (1966 թ.) նա կատարեց Նիկիայի դժվարագույն պարադերը Լ. Մինկուսի «Բայադերկա» բալետի «Ստվերներ» պատկերում, որի խորեոգրաֆիայի հեղինակն էր հանճարեղ Մարիուս Պետիպան: Ես անձամբ, լինելով ուսումնարանի սկսնակ աշակերտ, ներկա եմ եղել այդ ավարտական համերգին եւ մինչեւ օրս պահպանել եմ հիացմունքը, որը ապրեցիՙ տեսնելով շրջանավարտ Նադեժդա Կուռոպյատնիկին Ստվեր-Նիկիայի դերում:

Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո Նադեժդան մեկնեց Լենինգրադ, որտեղ ընդունվեց ռուս ականավոր պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նատալյա Դուդինսկայայի վարպետության կատարելագործման դասարանը: Ահա թե ինչ պատմեց Նադեժդա Խառատյանը ինձ տված հարցազրույցում, որը հրատարակվեց « » հանդեսի 2011 թվականի 3-րդ համարում, նվիրված Դուդինսկայայի 100-ամյակին. «Բառափոխելով Կ. Ստանիսլավսկու հայտնի ասույթը, պետք է նշեմ, որ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը ինձ համար սկսվում էր հանդերձարանից: Արդեն ուսումնարանի շքամուտքից ինձ ինչ-որ անսովոր, կախարդական զգացմունք էր համակում: Հանդերձապահուհին տարիքավոր ֆրանսուհի էր (չգիտես ինչու ես ենթադրում էի, որ հեղափոխությունից առաջ նա եղել է տնային դաստարակչուհի), որն ընդունում էր մեր վերարկուները եւ մեզ հետ խոսում էր ֆրանսերեն: Հետո ես բարձրանում էի աստիճաններով: Պատերին Գ. Ուլանովայի, Տ. Վեչեսլովայի եւ ուսումնարանի այլ հանրահայտ շրջանավարտների ֆոտոնկարներն էին: Մենք պարապում էինք Ա. Վագանովայի անվան դասարանում: Ահա պատին փակցված նրա դիմանկարը, եւ այդ հնաոճ պատշգամբները, եւ այդ վագանովյան դարաշրջանի պահպանված ոճը: Եվ ահա եսՙ այդ մթնոլորտում... Երբեմն հավատս չէր գալիս, կսմթում էի ինձ` այսինքն, Նադյա, դու որտեղ ես գտնվում: Դա հիասքանչ էր, եւ այդ հիշողությունները ես պահպանում եմ իմ ողջ կյանքի ընթացքում:

Դասարանում Դուդինսկայան մեզ հետ աշխատում էր մանրակրկիտ: Նա հղկում էր ամեն մի դիրքը, ամեն շարժումը, հանձնարարում հետաքրքրական եւ բարդ շարժումների համակցություններ, իսկ դասի վերջում աշակերտուհիներից ամեն մեկը կատարում էր իր վարիացիան` իր ամպլուային եւ կարողություններին համապատասխան: Երեկոյան մենք գնում էինք նայելու բալետային ներկայացումներ Մարիինյան թատրոնում, իսկ Դուդինսկայան հաճախ մեզանից մեկին իր մոտ էր հրավիրում: Նա միշտ շատ ուշադիր էր եւ հոգատար իր ուսանողուհիների նկատմամբ: Օրինակ, երբ ես «Մարդուկ-Ջարդուկում» կատարում էի Մաշայի դերը, Դուդինսկայան ինձ տվեց իր անձնական տունիկան (բալետային շրջազգեստը), որպեսզի ես դրանով հանդես գամ: Դա շատ հուզիչ էր: Հետագայում, երբ ես արդեն աշխատում էի Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում, Նատալյա Դուդինսկայան եւ Կոնստանտին Սերգեեւը եկան Երեւան` մեր բեմում բեմադրելու Պ. Չայկովսկու «Կարապի լիճը»: Իսկ ես այդ պահին նախապատրաստում էի Ժիզելի պարադերը: Եվ Դուդինսկայան, չնայած ծանրաբեռնվածությանը, ժամանակը չխնայեցՙ ինձ հետ հղկելով ամբողջ պարադերը, ինչպես դրա տեխնիկական մասը, այնպես էլ կերպարը»:

Եվ այսպես, 1968 թ. Նադեժդան վերադարձավ Երեւան եւ անմիջապես որպես մենակատար ընդունվեց օպերայի եւ բալետի թատրոնՙ մի քանի տարի անց արդեն առաջատար պարուհու դիրք գրավելով: Մինչեւ 1990-ական թթ. սկիզբը նա կատարեց գլխավոր պարային դերերը դասական եւ ժամանակակից բալետներում: Դրանցից հիշատակենքՙ Ժիզել եւ Միրտա (Ա. Ադանի «Ժիզել»), Անտառահարսերի տիրուհի (Լ. Մինկուսի «Դոն Քիշոտ»), Իսպանական աղջիկը (Ռավելի «Բոլերոյի» երաժշտությամբ համանուն բալետում, բեմադրող` Ե. Չանգա), Ֆրանչեսկա Դա Ռիմինի (համանուն բալետում Յու. Ժդանովի բեմադրությամբ, Պ. Չայկովսկու երաժշտությամբ), 11-րդ վալս («Շոպենիանա»), Նա (Կ. Օրբելյանի «Անմահություն» խորեոգրաֆիկ սիմֆոնիա, բեմադրող` Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ա. Ասատուրյան), Նվարդ (Գր. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», բեմադրող` Ա. Ասատուրյան): 1979 թ. Ռուդոլֆ Խառատյանը (այժմՙ Հայաստանի ժողովրդական արտիստ) ստեղծեց «Հայկական հեռուստատեսության բալետ» պարային խումբը: Այստեղ Նադեժդան գլխավոր դերերով հանդես եկավ թե՛ բազմաթիվ մանրապատումներում, թե՛ մի շարք բալետներում` Կոնստանցա («Մոցարտ»), Օֆելյա («Համլետ»), ինչպես նաեւ «Հե՜յ, ով կա այնտեղ» (ըստ Վ. Սարոյանի համանուն պիեսի) եւ «Խելագարված ամբոխներ» հեռուստաբալետներում: Բոլոր մանրապատւմները եւ բալետները` Ռ. Խառատյանի բեմադրությամբ:

Քսան տարուց ավելի Նադեժդան եւ Ռուդոլֆը եղել են ոչ միայն բեմական պարընկերներ, համաշխատակիցներ, այլ նաեւ ամուսիններ (այստեղից էլ Նադեժդայի ազգանունը, որը նա կրեց մինչեւ կյանքի վերջը): Սակայն, ցավոք սրտի, ընտանեկան կյանքը սկսեց քայքայվել եւ ավարտվեց ամուսնալուծությամբ: Ինչեւէ, Նադեժդան եւ Ռուդոլֆը ունեն երկու տաղանդավոր զավակ: Որդին` Հակոբ Խառատյանը, 1990 թ. ավարտել է Ս. Պետերբուրգի պարարվեստի ուսումնարանը, հետագայում «Kirov Academy of Ballet»-ը (Վաշինգտոն), եղել է Կանադայի եւ ԱՄՆ-ի մի շարք բալետային խմբերի առաջատար պարող: Այժմ գլխավորում եւ դասավանդում է Արիզոնայի դասական բալետի դպրոցում: Դուստրը` Սոնա Խառատյանը, ուսումը սկսելով Երեւանի պարարվեստի քոլեջում, այնուհետեւ շարունակել է «Kirov Academy of Ballet»-ում (Վաշինգտոն), ներկայումս «Washington Ballet» խմբի առաջատար պարուհին է:

Վերադառնանք Նադեժդային: Ժամանակակիցների, այդ թվում եւ իմ հիշողության մեջ տպավորվել է այդ պարուհու հիասքանչ կերպարը` գեղեցկադեմ, բարեկազմ, «սլավոնական» հատուկ երկարաձիգ համամասն կեցվածքով: Նրա կերտած պարադերերին բնորոշ էր քնարականությունը, մի փոքր «ոչ աշխարհիկ» երանգավորումը: Նրա թեթեւ ոստյունները հիացնում էին հանդիսատեսին:

Եվ այդպիսի թեթեւ ոստյունով, մոտիկներին չտանջելով իր երկարատեւ հիվանդությամբ, նա հանկարծակի հեռացավ կյանքից: Նրա վախճանը վաղաժամ էր եւ անսպասելի: Սակայն մեկ անգամ եւս կրկնենք, որ Նադեժդա Խառատյանը, լինելով այլազգի ծագումով, իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ մշակույթին, զարդարեց հայ պարային բեմը եւ իր վերջին հանգրվանը գտավ հայկական հողում:

Աստված հոգին լուսավորի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 10-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.