AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 31-07-2015



ՎԱՍՏԱԿ

Տեղադրվել է` 2015-07-30 23:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 945, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԵՐԲ ԻՐԱՆՈՒՄ ԴԵՌ ԲԱԼԵՏ ԿԱՐ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց «Իրանական ազգային բալետի» երբեմնի մենակատար Երջանիկ Մարտիկյանի հետ

Այս տարի ԱՄՆ-ից ստացա արժեքավոր մի գիրքՙ «Իրանական ազգային բալետ» պարախմբի երբեմնի մենակատար Լեւոն Նշանյանի անգլերեն ինքնակենսագրություն-հուշերի մեծածավալ հատորը: Հուշագրությունը հետաքրքրական տեղեկություններ է հաղորդում նախահեղափոխական Իրանի մշակութային կյանքի եւ հատկապես բալետի վերաբերյալ, որոնցում, բնականաբար, կարեւոր դերակատարություն են ունեցել նաեւ իրանահայերը: Սկսեցի որոնել նրանց, այդ թվումՙ Նշանյանի բնորոշմամբ, «ժողովրդական դերերի գերազանաց պարող» Երջանիկ Ջանբազյանին: Եվ բարեբախտությամբ անցած ամիս Երեւանում իր պարախմբով հանդես եկած ամերիկաբնակ պարադիր Աննա Ջանբազյանը տեղեկացրեց, որ Երջանիկ Ջանբազյան-Մարտիկյանըՙ իր հորեղբոր դուստրը, արդեն երեք տարի է բնակվում է Երեւանում...

1930-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում ծնված, Իրանում մեծացած եւ Անգլիայում բնակված տիկին Երջանիկին եւ նրա ամուսնունՙ նույնպես իրանահայ Վլադիմիր (Վովա) Մարտիկյանին հանդիպեցի իրենց բնակարանում, Երեւանի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում, եւ ծայր առավ մի հետաքրքրական զրույց այս չափազանց սիրալիր ամոլի հետ..


- Տիկին Երջանիկ, լինելով Ռուսաստանում ծնված, ինչպե՞ս հայտնվեցիք Իրանում:

- Հորսՙ Թորգոմ Ջանբազյանին, Ստալինի ժամանակ աքսորել են Սիբիր, որտեղ էլ նա մահացել է: Դրանից հետո մայրսՙ Ռոզա Ջանբազյանը, չորս երեխաների հետ Ռուսաստանից Բաքվի ճանապարհով գաղթել է Պարսկաստան, որտեղ ապրում էր իր մայրը: Նախ հաստատվեցինք Ղազվինում, քանի որ գաղթականներին թույլատրված չէր ապրել մայրաքաղաքում, սակայն մի գիշեր տատիկը մեզ նստեցրեց մեքենա, եւ գաղտնի մեկնեցինք Թեհրան...

- Դուք եղբոր դուստրն եք Իրանում բալետային արվեստի հիմնադիրներից Սարգիս Ջանբազյանի: Նրա՞ շնորհիվ դարձաք բալետի պարուհի...

- Պատերազմի ժամանակ Պարսկաստանում շատ հիվանդություններ էին տարածված, ես էլ, լինելով թուլակազմ, վարակվեցի, ու բժիշկը խորհուրդ տվեց մարմնամարզությամբ վերականգնել առողջությունս: Հորեղբայրսՙ Սարգիս Ջանբազյանը, ինձ կանչեց բալետի իր դասարանըՙ մարմնամարզության փոխարեն բալետ պարապելու: Ի դեպ, ծնողներս երկուսն էլ շատ լավ պարել են. հայրս ժամանակին Վրաստանում սովորել է պարել վրացական ու կովկասյան պարեր: Հորեղբորս բալետի դպրոցում տարեցտարի առաջ գնացի, սկսեցի գլխավոր դերեր պարել, օրինակՙ «Բախչիսարայի շատրվանում» կատարել եմ Զարեմայի դերը: Որոշ ժամանակ դասավանդեցի Սարգիս Ջանբազյանի դպրոցում, սակայն հետո առանձնացա ու բացեցի պարի իմ սեփական դպրոցը: Բեմադրել եմ ներկայացումներՙ Սեն-Սանսի, Գրիգի ու այլոց երաժշտությամբ, Իրանի բալետի ազգային ինստիտուտում ունեցել եմ աշակերտներ, որոնց մեջ պիտի առանձնացնեմ այսօր Ամերիկայում ապրող պարուհի Աիդա Ամիրխանյանին: Հետագայում, երբ Պարսկաստանում հիմնվեց Իրանական ազգային բալետը, շահի քեռայրը, որը նախարարն էր, ինձ հրավիրեց այնտեղ հանդես գալու: Անգլիայից եւ ԱՄՆ-ից ուսուցիչներ էին հրավիրումՙ մարզելու, օրինակՙ հայտնի պարող Վիլյամ Դոլարը: Անհամեստ թող չհնչի, բայց 1960-ականներին բավական ճանաչված էի Պարսկաստանում: Շահի ժամանակ ոչ մի խնդիր չկար Պարսկաստանի պես երկրում բալետի պարուհի լինելու, կառավարությունը քաջալերում էր, որ մարդիկ զբաղվեն արվեստով, սպորտով: Մոտ տասներկու տարի պարեցի «Իրանական ազգային բալետում»: Ես պրիմա-բալերինա չէի, սակայն մենակատար էի, մասնակցել եմ «Քնած գեղեցկուհին», «Մոխրոտիկը», «Հազարան բլբուլը», «Ռոմեո եւ Ջուլիետ» եւ այլ բալետների: Հատկապես ճանաչում ձեռք բերեցի Մանուել դե Ֆալյայի «Կրակի պարով»: Իրանական բալետի կազմում հանդես եմ եկել Իտալիայում, Բելգիայում, Մարոկկոյում, Ճապոնիայում, Աֆղանստանում: Իմիջիայլոց, Թեհրանի «Մետրոպոլ» սրահում Սարգիս Ջանբազյանի բեմադրած «Անուշ» բալետում կատարել եմ Անուշի դերը, իսկ եղբայրսՙ Ավետիսը, Սարո է պարել: Պարսիկ մի պալատական այդ պատմության ներքո ապրած հուզմունքից սրտի անհանգստություն ունեցավ: Ցավոք, Պարսկաստանի իմ գործունեությունից ինձ մնացել է միայն մեկ բալետային լուսանկար: Երբ հեղափոխության պատճառով Պարսկաստանից հեռացանք, մեր անցյալի գեղարվեստական նյութերը չթողեցին երկրից դուրս տանել: Ափսոսում եմ, քանի որ դրանց մեջ հետաքրքրական բաներ կային, օրինակՙ նվերներ Սորայա եւ Ֆավզիա թագուհիներից: Ի դեպ, որոշ ժամանակ եղել եմ Սորայա թագուհու մարզանքի ուսուցչուհին: Մի անգամ զվարճալի մի բան եղավ: Թագուհին ասաց, որ ցանկանում է բազուկների մկանները զարգացնել: Ես էլ, լինելով շատ ուղիղ խոսող, շուռ եկա եւ հաշվի չառնելով, որ դիմացինս թագուհի է, ասացիՙ ի՞նչ է, կուլտուրի՞ստ եք ուզում լինել...

- Հետագա ձեր կյանքն անցավ Լոնդոնում...

- Այո, այնտեղ պար էի դասավանդում, հետո ստեղծեցի «Արաքս» հայկական պարախումբը, որը գոյատեւեց ութ տարի: Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավար Վարդան Ուզունյանը ինձ խնդրեց մի հայկական պարախումբ ստեղծել, որպիսին չկար Լոնդոնում: Միմիայն սիրողներից կազմված պարախումբ ստեղծեցի, բայց չորս տարուց նրանք արդեն կիսապրոֆեսիոնալ պարողներ էին: Հիմքը բալետի վրա դրեցի, սակայն պարային բեմադրությունները կատարում էի հայկական երգ-երաժշտության ու շարժումների հիման վրա: Եղբորս մահվան ազդեցության տակ ստեղծեցի «Բողոք» պարը, որը բավական հետաքրքրական էր: Այն մենապարեց Շաքե Ավանեսյանը, որն այսօր հայկական պարերի ճանաչված կատարող է Անգլիայում: Խմբով մասնակցել ենք անգլիական պարի փառատոների եւ առաջին տեղն ենք գրավել: Բանաստեղծ Գեւորգ Էմինը մի անգամ Լոնդոնում ներկա եղավ «Արաքսի» մի ելույթին եւ շնորհավորելովՙ ինձ ասաց, որ նման կատարում ինքը երբեւէ չի տեսել Հայաստանում: Բալետը եւ հայկական առնական պարերը միաձուլել էի, շատ գեղեցիկ էր ստացվել:

- Ձեր եղբայրները նույնպես արվեստի աշխարհից են, պատմեք նրանց մասին խնդրեմ:

- Երկու եղբայր, երկու քույր էինք: Քույրսՙ Վերժիկ Ջանբազյանը, Թեհրանում ուներ շատ ճանաչված «Վենյուս» վարսավիրանոցը, ողջ թագավորական ընտանիքի վարսահարդարն էր, միշտ նրան էին կանչում պալատՙ կանանց վարսերը հարդարելու: Եղբայրներիցս Էդվարդ Ջանբազյանը եղել է Վիեննայի օպերային թատրոնի մենապարող, Մադրիդում սովորել է իսպանական ժողովրդական պարեր: Նա մահացավ այս տարի, Վիեննայում: Ամուսնացած էր ավստրիացի պարուհի Քրիստին Գոգուշ-Ջանբազյանի հետ: Մեր ամենափոքր եղբայրըՙ Ավետիսը, ապրեց ընդամենը 42 տարի: Նա գրել է «Ապրիլի 24» սիմֆոնիկ պոեմը, որը Ավստրիայում թողարկվել է ձայնապնակով: Դա նրանից միացած միակ գործն է, չնայած Ավետիսը ուրիշ շատ ստեղծագործություններ էր գրելՙ «Դավիթ Բեկ», «Սամվել» օպերաները, սիմֆոնիկ գործեր, սակայն մահից առաջ, 1971-ին, նա ասել էր իր ավստրիացի կնոջը, որ իրենից հետո իր բոլոր նոտաները թղթաղաց մեքենայով ոչնչացնի: Շատ ծանր պատկեր էր. մենք գնացինք թաղմանը ու տեսանք, որ փողոցում օդը լցված է Ավետիսի ձեռագրերի փշրանքներով...

Տիկին Երջանիկը խոսում է դանդաղ, շատ բան արդեն չի հիշում, իսկ պարոն Վովան լրացնում եւ ճշտում է նրա պատմածը: Վլադիմիր Մարտիկյանը ողջ կյանքում զբաղվել է գործարարությամբ եւ սպորտով (սեղանի թենիս). 2001-ին որպես Անգլիայի ներկայացուցիչ մասնակցել է Համահայկական խաղերին եւ արժանացել դիպլոմիՙ որպես ամենատարեց մասնակից: Պատերից մեզ են նայում նրանց զույգ որդիների եւ չորս թոռնիկների լուսանկարները, որոնք բնակվում են Լոնդոնում եւ Վիեննայում: «Բայց մենք ամբողջ կյանքում օտարության մեջ ապրելուց հետո որոշեցինք Հայաստանում հաստատվել, եւ ուրախ ենք, որ մեր զավակներն էլ այսպիսով կապ կունենան իրենց հայրենիքի հետ», գոհունակությամբ նշում են Մարտիկյան ամուսինները...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.