AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 31-07-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-07-30 23:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 592, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՃՇԳՐՏՈՒՄ ՏԵՐՅԱՆԻ ՁԵՌԱԳՐԻ ՎԵՐԾԱՆՄԱՆ ՄԵՋ

Վազգեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գեւորգ Էմին-Տերյանը , որ արդեն հայտնի է մեր օրերի մտավոր-գրական միջավայրում, գնահատելի իր գործն է արել, առանձին գրքով եւ ամենայն խնամքով կազմել եւ հրատարակել է Վահան Տերյանի կյանքի եւ ստեղծագործության բազմաթիվ բացահայտումներ պարունակող մի լավ գիրքՙ «Վահան Տերյան, Անտիպ եւ անհայտ էջեր (Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» , Ե., 2014, 740 էջ:

Գիրքն ունի մի շարք ուշագրավ, նորություն հանդիսացող կողմեր, iկան հետաքրքրական դիտարկումներ, ընդ որում կարդացվում է հետաքրքրությամբ, հարուցում է լրացումային զգացողություն:

Սակայն իմ այս կարճ գրությունը դրանց չի վերաբերում, դա այլ հարց է: Այստեղ ես ուզում են նկատել տալ մեկ-երկու անճշտություն, որ սպրդել է բանաստեղծի մի ձեռագրի վերծանման եւ ըստ այդմՙ տպագրության մեջ: Նկատի ունենք խուրձ-խուրձ բառի փոխարեն խունձ-խունձ չեղած բառ դնելը, մեկ լրիվ տողի բացթողում-վրիպումը եւ քնքոյշ բառի դիմաց քնքուշ տարբերակի գործածությունը:

Նախ, բանաստեղծի ձեռագրի 8-րդ տողի խուրձ-խուրձ-ը սխալ է վերծանվածՙ խունձ-խունձ: Բաց արեք գրքի էջ 668-ը, որտեղ դրված է «Լուսանկարներ» բաժնի 27-րդ լուսանկար-ֆոտապատճենըՙ Տերյանի ձեռագիրը եւ անմիջապես ներքեւում վերջինիս տպագիր վերծանվածը: Ի դեպՙ նույն լուսանկար-ֆոտապատճենը կա նաեւ գրքի սուպերշապիկի դարձերեսին:

Գ. Էմին-Տերյանը վերծանել է հետեւյալ կերպ (կետադրության իր լրացումով).

«Կանգնել ես դու նրբահասակ,

Ժպտում ես ինձ, գերում ես ինձ,

Պարզել ես ինձ երկու նիզակ,

Երկու հրով այրում ես ինձ:

Նազով նրբին ասում եսՙ ե՛կ,

Խունձ-խունձ թափածՙ մի սեւ արեգ -

Շող մազերով այրում ես ինձ:

Պարզվում ես ինձ, սիրուց գինով,

Քնքուշ ձայնով կանչում ես ինձ,

Արբած եմ ես անուշ թունով,

Ա՜խ, ի՜նչ անուշ տանջում ես ինձ» (էջ 668):

Կրկնում ենքՙ ուշադիր նայելիս պարզ նկատվում էՙ խուրձ-խուրձ , այնինչ վերծանման մեջ դրված է խունձ-խունձ :

Բերենք ձեռագրի ճիշտ վերծանությունը (կետադրությամբ եւ եղած ուղղագրությամբ).

«Կանգնել ես դու նրբահասակ,

Ժպտում ես ինձ, գերում ես ինձ,

Պարզել ես ինձ երկու նիզակ,

Երկու հրով այրում ես ինձ:

Նազով նրբին ասում եսՙ ե՛կ,

Այսպէս անուշ նայում ես ինձ,

Խուրձ-խուրձ թափած մի սեւ արեգՙ

Շող մազերով այրում ես ինձ:

Պարզւում ես ինձ սիրուց գինով,

Քնքոյշ ձայնով կանչում ես ինձ,

Արբած եմ ես անուշ թունով,

Ա՜խ, ի՜նչ անուշ տանջում ես ինձ»:

Կարծում եմ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում խուրձ , որից կրկնավոր կազմությամբ խուրձ-խուրձ բառը (փոխաբերաբար) գործածվում է արեւի շողերի («ճառագայթների») փոխարեն: Իսկ խունձ բառ, առավել եւսՙ խունձ-խունձ կազմություն հայերենում, առհասարակ, չկա:

Գ. Էմին-Տերյանը ինձ չի՞ հավատում, թող բաց անի հայերենի հին եւ նոր ցանկացած քիչ թե շատ ծավալուն կամ հայտնի բառարան (անունները տանքՙ Նոր Հայկազյան, Աճառյան, Մալխասյանց, Աղայան, Ակադեմիայի լեզվի ինստիտուտի եւ այլն) եւ կտեսնի, որ նման բառ (թեկուզՙ բառարմատ) գոյություն չունի: Ո՜ւր էր, թե լիներ:

Հպանցիկ ասեմ, որ բանաստեղծության մեջ փոխաբերաբար խոսք կա արեւի մասին, որի շողքերից երկուսը կամ մի քանիսըՙ «երկու նիզակ», «երկու հրով այրում է» պոետին, «նազով նրբին» կանչում է նրան, «խուրձ-խուրձ թափած» մի արեգ է սեւՙ այդ «այրումը» եւ այլն (հիշենքՙ հայերենում շատ տարածված են արեւի խրձեր, արեւի խուրձ եւ այլն կապակցությունները, մանավանդ բանաստեղծական խոսքում. սա նման դեպքերից մեկն է):

Այնուհետեւ, վերծանված տարբերակի մեջ բաց է մնացել, կամ թերեւս անուշադրության բերումով շրջանցվել է 6-րդՙ «Այնպես անուշ նայում ես ինձ» տողը, որը, բնականաբար, պիտի վերականգնվիՙ առանց որեւէ առարկության (այստեղ բերվածի մեջ մենք այն վերականգնել ենք):

Վերջապես, Գ. Էմին-Տերյանը ձեռագրի քնքոյշ բառի փոխարեն դրել է վերջինիս անհնչյունափոխ քնքուշ տարբերակը, որն ամենեւին էլ տեղին չէ, պետք է վերականգնել բանաստեղծի նախընտրածը:

Այս գրելուս կամ հիշեցնել-ուղղելուս նպատակը մեկն էՙ մեծ եւ ազնվական խոսքի տեր բանաստեղծի յուրաքանչյուր բառի նկատմամբ հոգածություն, որ գալիս է այն զգացումից, որ հաճախ է պատում ամենքիսՙ ըստ առիթի կամ անառիթ: Այնպես որ կուզենայի, որ հետագա հրատարակության դեպքում անպայման ճշգրտված լիներ այս մեկ-երկու անտեղիությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 31-07-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.