AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2016-01-17 20:37:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 699, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ» ՇԱՐՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵլանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Բավական ինքնատիպ եւ աննախադեպ մի մտահղացում ունեցավ այս տարվա գարնանը «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահըՙ կազմակերպելու «Վարպետը եւ իր աշակերտները» ցուցահանդեսների շարք, որի առաջին ներկայացումը տեղի ունեցավ այս տարվա մայիսին: Այդ օրը ցուցասրահի պատասխանատու Իրինա Իսաբեկյանը տեղեկացրեց, որ այն լինելու է շարունակական, եւ ահա այս շարքի երկրորդ ցուցահանդեսը բացվեց վերջերս ՙ առաջ բերելով հանդիսականների հետաքրքրությունն ու արժանանալով ջերմ վերաբերմունքի:

Ժամանակակից հայ կերպարվեստի պատմության մեջ, բավական հարուստ այդ ներկապնակում, Էդուարդ Իսաբեկյանի գեղարվեստական ժառանգությունը մնայուն եւ արժեքավոր տեղ վաղուց է նվաճել, սակայն իր արվեստի բազմաթիվ շերտեր ուսումնասիրության եւ վերծանման կարիք դեռ ունեն: Յուրաքանչյուր նոր ցուցադրություն, նրա անվան հետ կապված յուրաքանչյուր միջոցառում կամ հանդիպում մի թարմություն, նոր էջ է ի հայտ բերում: Էդուարդ Իսաբեկյանը այն եզակի անհատականություններից է, որոնց հանդեպ բնությունը շռայլ է գտնվումՙ օժտելով բազմաշնորհներով. նրա գրիչը նույնքան գունեղ ու տաղանդավոր է, որքան վրձինը, նմանապես նա խորագետ եւ հմուտ է որպես արվետաբան եւ հրապարակախոս նաեւ: Այն որ Էդուարդ Իսաբեկյանը բանավոր խոսքի, պատումի մեծ վարպետ էր, նրան մեկ անգամ լսողն անգամ կհաստատիՙ կյանքը, մարդուն ճանաչելու փորձառությամբ, բնածին սուր զգացողականությամբ, լեզվի, բառ ու բանի ավանդական գրավչությամբ հարուստ նրա պատումի հյութեղ ոճը, որքան պարզ, նույքան իմաստուն ու ուսուցանող զրույցները ոչ միայն արվեստակից ընկերների, մտերիմների, նաեւ ուսանողների համար թանկ հիշողություններ են այսօր: Էդուարդ Իսաբեկյանը այն հազվադեպ մանկավարժներից էր, որոնք ուսանողի հետ մտերմանալու անհրաժշտությունը որպես դասապրոցեսի շարունակություն են դիտում. նա շատերի համար ոչ միայն ուսուցիչ է եղել, այլեւՙ ընկեր ու բարեկամ: Դասավանդել է բավական երկար, Գեղարվեստի ինստիտուտի հիմնադրման արաջին իսկ օրերիցՙ 1945-ից մինչեւ կյանքի վերջին տարիները, անգամ արդեն կուրացածՙ մասնակցում էր ակադեմիայի կյանքին. եւ բնականաբարՙ թվով ամենաշատ աշակերտը նա է ունեցել:

Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նույնպես աշակերտել է հորը եւ հիշողությունները երբեմն կիսում է այսպիսի հանդիպումներին: «Նա ոչ միայն դասախոս էր, այլեւ իր կյանքի փորձը հաղորդող, իր առօրյան ուսանողի հետ կիսող, ընկերություն անող մարդ էր: Քիչ առաջ ինձ հարցնում էինՙ կա՞ն իր աշակերտներից այնպիսիք, որ շարունակել են աշխատել նրա ստեղծագործական ոճով: Սակայն Էդուարդ Իսաբեկյանի առավելությունը որպես ստեղծագործող դասախոսի այն էր, որ յուրաքանչյուր ուսանողի մեջ բացահայտում էր նրա ամենաբնորոշ հատկությունը, օգնում էր բացահայտելու նրա ինքնությունը, գտնելու անհատական ճանապարհը»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Էդուարդ Իսաբեկյանին չի աշակերտել, բայց խոստովանում է, որ շատ բան է նրանից սովորելՙ հատկապես կոմպոզիցիայի հիմունքների եւ թեմատիկայի առումով: Մշակութային այս կենտրոնի գործունեության առաջին շրջանին եւ հետագա տարիներին անդրադառնալով ՙ նա ասաց. «Տարիներ շարունակ այս շենքը մահացած էր, Էդուարդ Իսաբեկյանը իր գործերով կյանք տվեց այս կառույցին: Հրաշալի է, որ կան այսպիսի նախաձեռնություններ, որոնց շնորհիվ Երեւանի կենտրոնում աստիճանաբար կայանում է այս օջախը»:

Ցուցադրության, ցուցասրահի աշխատանքների հանդեպ արվեստասերների հետաքրքրությունը, ուշադրությունը գնահատելովՙ տնօրեն Իրինա Իսաբեկյանը տեղեկացրեց, որ ցուցասրահը երեք նկար ստացել է որպես նվիրատվությունՙ Անդրեյ Շուգարովից, Խաչիկ Աբրահամյանից եւ Սամվել Մարությանից: Միաժամանակ ուրախությամբ հայտնեց ցուցասրահը` izi. TRAVEL միջազգային ծրագրում ընդգրկվելու մասին եւ ներկայացրեց ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանին: izi. TRAVEL-ը անվճար ծրագիր է. թանգարաններին տրամադրելով աշխատանքային տիրույթ, հնարավորություն է ընձեռում ծրագրի տվյալների բազայում ավելացնել տվյալ թանգարանի մասին տեղեկություններՙ սեփական ընտրությամբ. այն հասանելի է նաեւ հեռախոսներում: Թանգարանի կոդավորված նմուշները ալցելուին հեռախոսի միջոցով հասանելի են դառնում հավելյալ մեկնաբանությամբՙ հայերեն, անգլերեն, ռուսերեն, նաեւ արաբերենՙ գրավոր եւ բանավոր տեքստերով: Առայժմ այս ծրագրի մեջ ընդգրկվել են մայրաքաղաքի մշակութային չորս օջախՙ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի թանգարանը, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը, Մանկական պատկերասրահը, Ռուսական արվեստի թանգարանը:

Նոր ցուցադրությունը, նաեւ արդիական այս միտումները նկատի առնելով, Արամ Իսաբեկյանը հիշեցրեց, որ ի սկզբանե իրենց նպատակը հենց այսպիսին է եղելՙ որ այն չծառայի որպես Իսաբեկյանի աշխատանքների զուտ ցուցասրահ, այլ գործի իբրեւ կենդանի օրգանիզմ, մշակութային կենսունակ վայր, որտեղ տեղի կունենան հանդիպումներ, արվեստին վերաբերող տարաբնույթ քննարկումներ, ցուցահանդեսներ: «Ես շատ զգացված եմ իմ դասախոսներիՙ Անատոլի Պապյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վաղինակ Ասլանյանի աշխատանքներն այստեղ տեսնելով: Արվեստը այսպիսի հատկություն ունի, հնարավորություն է տալիս մարդու հեռանալուց հետո էլ հաղորդակցվել իր հետ, արվեստի մեծ առաքելություններից մեկն էլ դա է», խոսքը եզրափակեց նա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.