AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2016-01-17 20:37:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 963, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՆՈՒՆ. ՇՈՒՇԱՆԻԿ ԱՓՈՅԱՆ

Աննա ԱԴԱՄՅԱՆ, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ասիստենտ

Նվիրվում է անվանի երաժշտագետի պայծառ հիշատակին

Յուրաքանչյուր անհատի կյանքում լինում են պահեր, երբ նա խորապես շնորհակալ է լինում իր ճակատագրին, որն իրեն նվիրել է այնպիսի հանդիպումներ, ինչպիսին իմ եւ Շուշանիկ Ափոյանի հանդիպումն էր որպես ուսանող եւ դասախոս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իմ ուսումնառության տարիներին, եւ մեր հետագա երկարամյա ու ջերմ մտերմությունը:

Հիրավի, անգնահատելի է երաժշտագետ, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Շուշանիկ Ափոյանի ներդրումը հայ կատարողական արվեստի պատմության կերտման գործում: Կանգնած լինելով հայ երաժշտագիտության ակունքներումՙ Շուշանիկ Ափոյանն, իրապես, իր ողջ կյանքը նվիրաբերեց հայրենական դաշնամուրային արվեստի ստեղծման եւ զարգացման պատմության հետազոտմանըՙ սերունդներին թողնելով հիմնարար եւ բազմաբովանդակ աշխատություններ դաշնամուրային արվեստի պատմության հետագա ուսումնասիրությունների համար: Հայ դաշնամուրային արվեստի բնագավառում այսօր հազիվ թե գտնվի մի որեւէ աշխատություն, որի համար որպես սկզբնաղբյուր եւ հիմք ծառայած չլինեն Շուշանիկ Ափոյանի ուսումնասիրությունները:

Նա ծնվել էր 1923 թվականին, Երեւանում: 1947-1948 թթ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան երկու մասնագիտություններովՙ դաշնամուրային եւ պատմա-տեսական: 1950 թ. ավարտելով ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկավարՙ դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Տիգրանով), 1953-1955 թթ. փորձառություն է անցել Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայումՙ ականավոր մանկավարժ եւ դաշնակահար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւ Արոնովիչ Բարենբոյմի ղեկավարությամբ: Առանձնակի հիացմունքով էր հիշում իր փորձառության ժամանակահատվածը ականավոր երաժշտի ղեկավարությամբՙ հիշելով, թե ինչ բծախնդրությամբ էր անվանի գիտնականն աշխատում յուրաքանչյուր մտքի, անգամ բառի հետ, եւ ինքն էլ, հաստատաբար, այդ ավանդույթի կրողն ու շարունակողն էր հանդիսանում, իր փորձառությամբ եւ խստապահանջությամբ ուղղորդելով ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին:

Տարբեր թվականներին դասավանդել է դաշնամուր Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական եւ Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցներում: Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է դաշնամուրի դասավանդման մեթոդիկա, Երեւանի պետական կոնսերվատորիայում վարել է դաշնամուրային արվեստի պատմության եւ տեսության եւ դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի դասընթացները: Մի խումբ մասնագետների հետ Երեւանի կոնսերվատորիայում իր հիմնադրած բաժանմունքը, որը հետագայում կազմավորվեց որպես կատարողական արվեստի եւ մանկավարժության ամբիոն, նա ղեկավարեց շուրջ տասը տարիՙ 1980-1990 թթ.ՙ առաջինը մշակելով դաշնամուրային արվեստի պատմության եւ մեթոդիկա առարկաների ծրագրերը: Նրա ջանքերով կազմակերպվում էին միջկոնսերվատոիական հանդիպումներ, դասախոսություններ, որոնց շնորհիվ ընդլայնվում եւ հարստանում էին հայ երաժշտագիտական կապերն ու ուսումնասիրությունները:

1960 թվականից Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ էր: Պարգեւատրվել է մի շարք կոչումներով եւ շքանշաններով, այդ թվումՙ 2011 թվականին Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով «Մովսես Խորենացի» շքանշանով:

Երաժշտագետի երկարամյա, բեղուն գործունեության մեջ սերտորեն միավորված էին գիտական աշխատանքն ու մանկավարժությունը:

Մեծագույն քնքշությամբ էր մոտենում հատկապես մանկահասակ աշակերտների ուսուցմանը, նրանց հետ խոսելով երեխային բնորոշ մատչելի լեզվովՙ տարբեր հնարներով զարգացնելով նրանց երեւակայությունն ու ճաշակը: Իրեն հատուկ մանկավարժական բնազդով եւ փորձառությամբ ապշեցուցիչ դիպուկությամբ էր նկարագրում աշակերտների ընդունակություններն ու բնավորությունը: Դաշնամուրային հնարների մի ողջ ներկապնակ էր ներկայացնում նրա դասըՙ ունկնդրին եւ աշակերտին պատճառելով մեծ բավականություն, հարստացնելով մասնագիտական ներաշխարհը:

Որպես մանկավարժ եւ երաժշտագետ, իր մարդկային եւ մասնագիտական որակների շնորհիվ ստեղծել եւ պահպանել էր հրաշալի կապեր ժամանակի ոչ միայն հայ, այլ նաեւ ռուս եւ օտարազգի երաժշտագետների ու մանկավարժների հետ: Շրջելով տարբեր երկրներում եւ հավաքագրելով անհայտ ու հետաքրքրական փաստեր եւ նյութեր հայ անվանի կատարողների մասինՙ իր արխիվում գուրգուրանքով պահում էր նրանց հետ ունեցած նամակագրության ապացույցներըՙ հաճախ թերթելով անցած տարիների հուշերը: Շուշանիկ Ափոյանի գիտական հետազոտությունները բարձր են գնահատել ժամանակի հանրահայտ երաժիշտներըՙ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ն. Կորիխալովան, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ակադեմիայի պրոֆեսորներ Ա. Մալինկովսկայան, Մ. Ղամբարյանը, կոմպոզիտոր Ալ. Հարությունյանը եւ այլք:

Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, ակնարկների, մեթոդական ուղեցույցների եւ 8 մենագրության: Կազմել եւ հրատարակել է նաեւ դաշնամուրային ստեղծագործությունների տարբեր ժողովածուներ: Նրա հոդածներն ու ակնարկները տպագրվել են «Երաժշտական Հայաստան», «Երաժշտական ակադեմիա» (Մոսկվա, ՌԴ), «Երաժշտական լուսավորչություն» (ՌԴ) եւ այլ գիտական պարբերականներում, տեղական եւ արտասահմանյան մամուլում:

«Սովետական Հայաստանի դաշնամուրային արվեստը» (1968, ռուսերեն), «Ռոբերտ Անդրիասյան. դաշնակահարը եւ մանկավարժը» (1984, ռուսերեն, թարգմանվել է հայերեն եւ հրատարակվել 1999-ին, Անթիլիասում), «Հայ դաշնամուրային արվեստի պատմություն. 1850-1920» (2006, դասագիրք, հայերեն լեզվով) մեծածավալ հետազոտությունները հիմնաքարային նշանակություն ունեն հայ դաշնամուրային արվեստի հետազոտմամբ զբաղվող մասնագետների համար: Իսկ 2008 թվականին հրատարակված նրա վերջինՙ «Անմոռանալի անուններ. ակնարկներ հայ դաշնակահարների մասին» աշխատությունն իր ամբողջ կյանքում հավաքագրած տեղեկությունների եւ հետազոտությունների մի յուրահատուկ հանրագումար է ներկայացնում, որը բարձր են գնահատել մեր ժամանակների ամենաճանաչված երաժիշտները:

Վստահ եմ, որ անվանի երաժշտագետ, դաշնակահար, արվեստի մեծ նվիրյալ Շուշանիկ Ափոյանի անունն էլ սերունդների համար արդեն դասվել է անմոռանալի անունների շարքին եւ շարունակելու է հավերժի իր ճամփորդությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.