AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016



ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐ

Տեղադրվել է` 2016-02-18 22:22:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 531, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԱՀԱՊԵՏ` ՌՈԲԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 90 ՏԱՐԵԿԱՆ

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Ռոբեր Հատտեճյանը գուցե այնքան էլ ծանոթ անուն չէ Ատլանտյանի արեւմտյան ափերում, սակայն նրա գրական եւ լրագրողական ձեռքբերումները դասում են նրան հայկական մշակութային պատմության գլխավոր դերակատարների եւ ամենահայտնի անձնավորությունների շարքը: 2016 թվի հունվարին նա մուտք գործեց իր կյանքի իններորդ տասնամյակը, նույնքան եռանդուն եւ նույնքան նվիրված իր գործին ինչպես երբեւէ:

Ստամբուլում եւ Հայաստանում պատշաճորեն նշում են այս արտակարգ մարդու 90-ամյակը: Չնայած գործում է Թուրքիայում, նրա ստեղծագործական բեղմնավոր ուղին իր ազդեցությունն է թողել ոչ միայն ստամբուլահայ համայնքի, այլեւ ամբողջ սփյուռքահայության վրա:

Հատտեճյանի արգասավոր ստեղծագործությունը կարելի է դասել ինչպես գրականության, այնպես էլ լրագրության շարքում: Գրական եւ լրագրողական տաղանդների համակցությունը նրան դարձրել են առողջ դատողության տեր համայնքային մի ղեկավար, ով կարողացել է առաջնորդել իր հայրենակիցներին եւ անցնել նրանց հետ բազմաթիվ փորձությունների ու դժբախտությունների միջով:

Նախեւառաջ նա ականավոր գրող է, ով արձակի ժանրում ստեղծել է այնպիսի գործեր, որոնք նոր ուղի են հարթել: Իր կյանքի 70 տարիները նա նվիրել է հայ լրագրությանը, 50-ը որպես գլխավոր խմբագիր «Մարմարա» օրաթերթի:

Աթաթուրքի կողմից Թուրքիայի Հանրապետության հաստատումից ի վեր այդ երկիրը բազմաթիվ քաղաքական վերիվայրումների միջով է անցել, որոնցից յուրաքանչյուրը անպայմանորեն իր ազդեցությունն է թողել տեղի հայ համայնքի վրա: Հատտեճյանը ապացուցել է, որ այն բացառիկ շրջահայաց ու խելամիտ անձնավորություններից մեկն է, ով համայնքի ֆիզիկական ներկայությունը ապահովելով, կարողացել է պահպանել նաեւ նրա մշակութային ինքնությունը, առանձնահատկությունը:

Հակառակ 1923-ին կնքված Լոզանի պայմանագրի դրույթներին, որոնք լեզվական, մշակութային եւ կրոնական ազատություններ էին խոստանում Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին, հայկական համայնքի կյանքն այնտեղ, նոր հանրապետության սկզբնական շրջանում հատկապես, դարձել էր հեղձուցիչ: Ցեղասպանությունից հետո, հայ համայնքի փոքրաթիվ անդամները կարողացան վերապրել Ստամբուլումՙ թուրքական վրեժխնդիր իշխանություններսի աչալուրջ հսկողության ներքո, որոնք խստագույն սահմանափակումներ էին կիրառում, այդ թվում նաեւ գրական գործերի եւ մամուլի հրատարակումների գրաքննություն: Նման պայմաններում հայերն իրենք իրենց մեղավոր էին զգում, որ չեն «արժանացել» իրենց զոհված եղբայրների ու քույրերի ճակատագրին եւ անհայտ կորել այս աշխարհի երեսից: Ահա այս մթնոլորտում էր, որ հայ համայնքը պետք է ձեւավորեր իր հավաքական կյանքն ու զարգացներ իր գրականությունը:

Մինչեւ համաշխարհային առաջին պատերազմը Ստամբուլը հայկական մշակույթի եւ գրականության կենտրոնն էր, որտեղ հայկական ոգին էր վեր հառնում Վարուժանի, Սիամանթոյի, Թեքեյանի, Զոհրապի եւ մյուսների հանճարեղ ստեղծագործությունների շնորհիվ: Բայց նոր դարաշրջանը, իր սահմանափակումներով, առաջ բերեց մի նոր մթնոլորտ, որտեղ խորհրդանշական եւ սյուրռեալիստական ժանրերը միայն կարող էին անվնաս գոյություն ունենալ: Հայ գրողների մարդկային եւ սոցիալական ընդզումները պետք է արտահայտվեին ավելի լայն, համամարդկային թեմաների շրջանակներում: Նազիմ Հիքմեթի եւ Օրհան Վալիի նման թուրք գրողների ստեղծագործությունների միջոցով եվրոպական գրականությունը ներթափանցեց նաեւ հայ գրականության ոլորտները: Անրի Բերգսոնը, Ալբեր Քամյուն, Ժան Պոլ Սարտրը եւ Թ.Ս. Էլիոթը դարձան օրինակելի տիպարներ հայ գրողների համար: Ռոբեր Հատտեճյանը մեկն էր այդ տաղանդավոր գրողներից: Մյուս խոստումնալից հանճարների թվում էին Հայկազն Գալուստյանը, Կարպիս Ճանճիկյանը, Զավեն Բիբերյանը եւ Անտան Օզերը, որոնք ափսոս, երկար չապրեցին ձախակողմյան քաղաքական շարժմանը մասնակից դառնալու հետեւանքում ձեռք բերած հիվանդությունների կամ տառապանքների պատճառով:

Հատտեճյանը, Զարեհ Խրախունին եւ Զահրադը դիմացան փորձություններին եւ շարունակեցին մեծապես նպաստել ստամբուլահայ գրականության զարգամցանը, որն իր հերթին նաեւ սփյուռքի եւ Հայաստանի գրականության վրա ազդեցություն թողեց, իսկ Վարդերես Գարագյոզյանն ու Գարիկ Պասմաճյանը կամուրջ հանդիսացան այդ երկուսի միջեւ:Հակառակ ծանրաբեռնված լինելով խմբագրի ամենօրյա պարտականություններով, Հատտեճյանը դարձավ իր սերնդի ամենաարգասավոր գրողը: Ավելին, սովորական օրաթերթը վերածեց գրական հանդեսի, որտեղ ականավոր գրողներ գլուխ գլխի եկան եւ երիտասարդ տաղանդներ հայտնաբերվեցին ու դաստիարակվեցին:

Հատտեճյանն իր առաջին թատերախաղը հրատարակեց 1959-ին «Կեանքի մը երեք կիրակիները» խորագրի ներքո, եւ արժանացավ «Անահիտ» գրական մրցանակին: Նրա «Յակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» մենագրությունը (1965 թ.) բացահայտում է մեծ երգիծաբանի կյանքը, տաղանդը եւ տխրությունը: Հնարավոր է, որ այս գործը գրելիս նա ներշնչված է եղել եւ ըստ այդմ կառուցել է իր մենագրությունը Անրի Թրուայայի հայտնի կենսագրությունների ոճով, որտեղ ականավոր մարդկանց (Տոլստոյ, Տուրգենեւ, եւայլն) կյանքի մանրամասները ներկայացնելուց բացի, հեղինակը նաեւ նրանց ժամանակներին հատուկ թեժ հարցեր է քննարկել: «Բառասխալը» կարճ պատմվածքների հատոր է, որ նա հրատարակել է 1972-ին: Իսկ «Կիրակնօրեայ հաշուեփակը» եւ «Վաստակը» թատերախաղեր են, որոնցից առաջինը սիրո եւ ամուսնության մասին է, իսկ երկրորդըՙ ծերանալու, տարիքն առնելու: 1977-ին հրատարակված «Օրագրիս տասնըհինգ էջերը» ճանապարհորդական նոթեր ենՙ գրված աշխույժ լրագրողական ոճով եւ համեմված գրական անանց գրավչությամբ: «Մարդոց մեծության եւ խեղճութեան մասին» խորագրով 1977-ին հրատարակված կարճ պատմվածքների մրցանակակիր հատորը խորամուխ է լինում մարդկային երկու հակադիր վիճակների քննության մեջ եւ նոր ու արդիական մոտեցումով է փորձում բացատրել դրանք: Բայց նրա գլուխգործոցը համարվում է «Առաստաղ» վեպը, հրատարակված 1983-ին, որի հերոսը, մի հաշմանդամ, ստիպված է անկողնին գամված, կյանքի մնացյալ օրերն անցկացնելՙ դիտելով առաստաղը, որը փոխաբերական իմաստով դառնում է մի հարթակ, ցուցադրական մի էկրան, որի վրա նա դիտում է իր երեխաների կյանքն օտար երկրում, հեռավոր Կանադայում, վտանգված ձուլման եւ խորթ մշակույթի ենթարկվելու հեռանկարով: Հայկական կարոտախտն է այստեղ խոսում իր ամբողջ ուժգնությամբ:

Նշվածները սոսկ մի փոքրիկ հատվածն են Հատտեճյանի գրական ստեղծագործությունների: Նա շնորհալի, արտակարգ օժտված անձնավորություն է, ֆենոմենալ երեւույթ: Նրա գրիչը սահուն է, ոճըՙ պարզ, հասկանալի, բայց իր պարզության մեջ նաեւ ընդգրկուն, մարդկային բնավորության տարաբնույթ երեսներն ընկալող, եւ այդտեղ է նրա մեծությունը:

Հարգված ու սիրված թերթըՙ «Մարմարան» խմբագրելուց բացի, Հատտեճյանն ստեղծել է նաեւ իր «ապրանքանիշը» համարվող «Յուշատետրը», ամենօրյա հոդվածների շարքը, որտեղ նա ուշադրությունը բեւեռում է մարդկային առօրյա հոգսերի վրա, շատ հաճախ խրվելով փիլիսոփայական խոհերի մեջ: Սովորական մի թռչունի նկարագրությունն, օրինակ, կարող է աստիճանաբար վերածվել բնության գաղտնիքների բացահայտմանը եւ գեղեցկության գովքի: Ընթերցող հասարակայնությունը բախտավոր է, որ այդ ամենօրյա հոդվածների շարքը ի վերջո վերածվում է հատորների, որոնց թիվը, եթե չեմ սխալվում, հասնում է 70-ի: Իսկ նրա գրիչը շարունակում է արտադրել:

Խորհրդածելով այս մարդու կյանքի եւ գործունեության շուրջ, մենք գալիս ենք այն եզրակացության, որ նա ավելին է սովորական մի անհատ լինելուց: Նա շատ ավելի հետաքրքրական է, գրավիչ եւ հուզական: Մի խոսքով, մի ամբողջ գիտական, կրթական կառույց է, հաստատություն:

Նա գրելը դարձրել է իր կյանքի նպատակը եւ ոչ մի րոպե չի ցանկանում վատնել առանց ստեղծագործելու: Դրանով է նա փոխհատուցում այն, ինչ ստացել է համայնքից մասնավորապես եւ մարդկությունիցՙ ընդհանրապես, եւ դրանով էլ նա ծառայում է իր համայնքին եւ մարդկությանը որպես ստեղծագործ մարդու օրինակելի տիպար:

Դետրյթ, ԱՄՆ, Թագրմ. Հ.Ծ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.