AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016



ԵԳԻՊՏՈՍ

Տեղադրվել է` 2016-05-19 22:05:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԲԱԶՄԱԲԵՂՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՑ ԱՐԳԱՍԻՔԸՙ «ԽՕՍՈՒՆ ՂՕՂԱՆՋՆԵՐ ՄՕՏԻԿ ԱՆՑԵԱԼԷՆ»

Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆ

(Հեղինակՙ Ալիս Տեփոյեան)

«Իմ առաջին տպաւորութիւնս եղաւ զուտ զգացական եւ սկսաւ օդանաւին մէջ, երբ առաջին անգամ տեսայ մեր պատմական Լեռըՙ Արարատըՙ իր ամբողջական գեղեցկութեամբ, իր ամբողջական վեհութեամբ. ... Արարատին տեսքը այնքան յափշտակիչ, այնքան տպաւորիչ ու յուզիչ է, որ դիտողը... հազիւ կրնայ ինքզինք զսպելՙ բարձրաձայն չհեկեկալու համար: ...Կը խորհիմ, թէ այդքան... յուզիչ ազդեցութիւն ունենալուն պատճառը այն է, թե ան կը ներշնչէ զանազան զգացումներ... որովհետեւ Արարատը համադրութիւն մըն է ուժի, տոկունութեան, գեղեցկութեան, վեհութեան: ...Այս բոլորին վրայ աւելցուցէք նաեւ մեր դարաւոր թշնամիինՙ թուրքին կողմէ առեւանգուած, բռնագրաւուած ըլլալու պատմական դժբախտութիւնը, եւ դուք կ"ունենաք հարազատ պատկերացումըՙ Արարատին ներշնչած ապրումներուն եւ յուզումներուն: Ուրեմն, այս տեսակ յուզուած հոգեվիճակով էր, որ ոտք դրի հայրենի հողին վրայ... ուղեղս թմրած էր եւ ես կորսնցուցած էի թէ՛ մտածելու կարողութիւնս, թէ՛ իրականութեան զգացումը»:

Կահիերի (Եգիպտոս) Կոկանյան սրահում 1970 թվի սեպտեմբերի 17-ին արտասանված հայրենական տպավորությունների այս խոսքերով է բացվում Ալիս Տեփոյեանի «Խօսուն ղօղանջներ մօտիկ անցեալէն» 407 էջանոց հատորի (հրատարակություն Հայ Ազգային Հիմնադրամի, Կահիրե, 2016 թ.) առաջինՙ «Դասախօսական-բանախօսական յօդուածներ» բաժինը: Գրքի շնորհանդեսը կայացել է 2016-ի ապրիլի 27-ին Կոկանյան սրահում կազմակերպված «Արեւ» թերթի 100-ամյա հոբելյանի հանդիսության շրջանակներում: Հանդիսությունը անց է կացվել Եգիպտոսի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Աշոտ Ս. եպս. Մնացականյանի հովանավորությամբ եւ «Արեւի» վարիչ մարմնի նախորդ երկարամյա ատենապետ Կարպիս Յազըճյանի նախագահությամբ: Օրվան պատվավոր հյուրերն են եղել «Արեւի» երկարամյա աշխատակիցներՙ Ալիս Տեփոյեանը եւ Պերճ Թերզյանը:

«Խօսուն ղօղանջներ մօտիկ անցեալէն» հատորի հրատարակության գաղափարը մտահղացել է եւ հրատարակչական գործընթացին մեծապես օժանդակել «Արեւ» օրաթերթի երբեմնի ժրաջան պատասխանատու խմբագիր, այժմ ավստրալաբնակ դոկտ. Ավետիս Յափուջյանը, ով նաեւ գրել է գրքի առաջաբանը, որտեղ նա հաստատում է. «Ալիս Տեփոյեանը իր ամբողջ գիտակցական կեանքը արժեւորած է ազգային-հասարակական եւ մշակութային-գրական արդիւնաշատ գործունէութեամբ», եւ մի փոքր ներքեւՙ «Ալիս Տեփոյեանը երբեք փառք չհետապնդեց, երբեք գնահատանք չփնտռեց: Իր ժողովուրդինՙ իր ծառայութեան միակ վարձատրութիւնը եղաւ իր հոգեկան բաւարարուածութիւնը, իր հոգեկան անփոխարինելի եւ անհատուցանելի երջանկութիւնը, զոր կը զգան միայն իրենց առաքելութեան նուիրուած հոգիները»:

Ազգին օգտակար լինելու նրա առաքելությունը խարսխված է անսակարկ հայրենասիրության եւ ճշմարտությանն ու արդարությանը անվերապահորեն հետամուտ լինելու ամուր հենքի վրա: «Մենք մեր ազգային բնաւորութեան եւ մշակութային արժէքներու կրողներն ենք եւ մեզանից ամէն մէկը պարտաւոր է պահպանել այն իւրայատկութիւնները, որ յատուկ է մեր ժողովուրդին» պատգամում է նա իր գրություններից մեկում:

Հատորի մյուս ութը բաժիններում («Ընդունելութիւններ», «Հանդիսութիւններ», «Հարցազրոյցներ», «Հրապարակագրական յօդուածներ», «Մահագրականներ», «Մշակութային ձեռնարկներ», «Ոգեկոչումներ» եւ «Պատմական ակնարկներ») ներկայացված են նրա մաքուր հայերենով եւ հուզախառն զգացումներով գրված հոդվածները, որոնք տարբեր առիթներով տպագրվել են «Արեւի» էջերում: Բացի վերոնշյալ «Հայրենական տպաւորութիւններից», ուշագրավ են նաեւ «Խօսքՙ արտասանուած ապրիլեան յուշահանդէսին», «Սասունի ապստամբութիւնը», «Խանդավառ ընդունելութիւն ի պատիւ հայրենադարձներուն», «Ցեղասպանութեան ծրագրումը», «Տպաւորութիւններ Հանրի Վերնէօյի «Մայրիկ» գիրքէն», «Մեր լուսապսակ թարգմանիչները», «Խոստումը զոր չկատարեցի», «Դրուագներ հայ ժողովուրդի պատմութենէն» եւ «Հանգրուաններ հայ ժողովուրդին պատմութեան վերջին 100-ամեակէն» հոդվածները: Բոլոր հոդվածներում անխտիր առկա են սրտացավ մոտեցումը, մտահոգությունը արծարծված թեմայի վերաբերյալ, ինչպես նաեւ զգացմունքային հայրենասիրությունն ու պատմական անցուդարձերի խորը իմացությունը:

Գրքի վերջաբանըՙ «Հոգու ճառագող լոյսը» խորագրի ներքո, գրել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ավելացնենք, որ համեստ բնավորության տեր, ժպտերես, երիտասարդների կարողություններին հավատացող ու նրանց սատար կանգնող Ալիս Տեփոյեանը ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս), նախնական կրթությունը ստացել է Նուբարյան ազգային վարժարանում, իսկ միջնակարգըՙ «Նոթրը դամ դեզ Աբոթր» ֆրանսիական վարժարանում: Որպես անհագ ընթերցողի, ինքնաշխատությամբ կարողացել է հայերենի իր իմացությունը հասցնել նախանձելի մակարդակի:

1948-ին ամուսնացել է ազգային-հասարակական եռանդուն գործիչ, գիտնական Վահագն Տեփոյեանի հետ, որի գիտական նյութերի շուրջ բանախոսությունները Կահիրեի Հայ Գեղարվեստասիրաց միության սրահում միշտ մեծ ժողովրդականություն էին վայելում թե՛ իրենց մատչելիությամբ, եւ թե՛ հետաքրքրական փորձարկումներով: Ալիսը ամուսնու հետ մտել է ՌԱԿ շրջանային վարչության, ապա նաեւ Հայ ազգային հիմնադրամի վարիչ մարմնի մեջ: Հայ գեղարվեստասիրաց միությունը երկուսի համար դարձել է «հարազատ տուն»: 1984-ից սկսյալ Ալիսը եղել է այդ միության փոխատենապետուհին եւ միության մշակութային ձեռնարկների գլխավոր կազմակերպիչը: Լավ ասմունքող է եւ ունի նաեւ դերասանական ընդունակություններ: 1968-69 թվականներին ՀԳՄ-ի սրահում հայերենի դասընթացներ է տվել օտար վարժարաններ հաճախող հայ երիտասարդներին:

Երկար տարիներ աշխատակցել է «Արեւ» օրաթերթին, որի խմբագրությունն է ստանձնել տասը ամիս անընդմեջ (1973-74 թթ.), երբ թերթի պատասխանատու խմբագիր Ավետիս Յափուջյանը Հայաստանում իր դոկտորական թեզն էր պատրաստվում պաշտպանել:

Ինչպես արդեն նշել ենք «Ազգ»ի մայիսի 6-ի համարում, Կահիրեում «Արեւ»ի 100-ամյակի տոնակատարության օրը ձեռամբ «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի, Ալիս Տեփոյեանին է շնորհվել Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» գրչաձեւ շքանշանըՙ համապատասխան դիպլոմով: (*)

Շնորհավորելով նրան շքանշանի եւ գրքի լույսընծայման առթիվ, ցանկանում ենք նրան քաջառողջություն եւ երկար կյանքՙ շրջապատված իր հարազատներով:

*) Շքանշանի տվչության պահը հուզիչ էր նաեւ ինձ համար, երբ պատկառելի Ալիս Տեփոյեանը շշնջում էր ականջիս. «Բայց ես այդքան կարեւոր մէկը չեմ...»: - Հ.Ա.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.