AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 19-08-2016



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-08-18 21:54:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 2648, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԽԱՅԻԼ ԱՎԱԿՈՎ. «ԵԹԵ ԿՅԱՆՔՍ ՆՈՐԻՑ ՍԿՍԵԻՙ ՆՈՐԻՑ ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈՂ ԿԴԱՌՆԱՅԻ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Զրույց ֆրանսաբնակ բալետի պարող եւ պարուսույց, Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի երբեմնի առաջատար պարող Միխայիլ Ավակովի հետ

- Միխայիլ, ուրախ եմ վերջապես հանդիպել քեզ ութ տարի էլեկտրոնային նամակագրություն ունենալուց հետո: Սկսենք յոթ տարի առաջ Փարիզում քո 50-ամյակին նվիրված գալա-համերգից: Ի՞նչ զգացողություններ ունեցար:

- Զգացողություններս շատ մեծ էին, անմոռանալի: Մանավանդ որ համերգին մասնակցեցին Շվեյցարիայում աշխատող մեր հոյակապ տղաներըՙ Արման Գրիգորյանը, Վահե Մարտիրոսյանը եւ Արթուր Բաբաջանյանը, ինչը շատ մեծ ոգեւորության առիթ էր ինձ համար: Առաջին անգամ ինքս ինձ նման նվեր արեցի: Համերգից առաջ մի փոքր տեսագրություն եղավ իմ մասին, հետո համերգը բացեցի երկու սոլո պարով, այնուհետեւ ելույթ ունեցան մեր տղաները, մի ռուս զույգ, վերջում իմ աշակերտուհիները ցույց տվեցին իմ բեմադրած «Ռոդենի քանդակները» պարային համարըՙ Ալբինոնիի «Ադաջոյի» երաժշտությամբ: Ֆրանսիական թերթերից մեկը գրեց գալա-համերգի մասին, ինձ համար ուրախալի էր, որ նշեցին մեր երիտասարդների մասին, հեղինակն ինձ հարցրեցՙ «Որտեղի՞ց ես գտել այս տղաներին»: Գալան վարում էր Էթերի Պագավանՙ վրացական ծագումով հայտնի պարուհի, Վրաստանի Առաջին հանրապետության ղեկավար Նոյ Ժորդանիայի թոռնուհին, արդեն 84 տարեկան, սակայն հիանալի կեցվածքով, որը շարունակում է ամեն օր պարապել: Գալուցս առաջ երկու օր միասին վարպետության դասեր անցկացրինք, այդ տարիքում էլ աթոռին չի նստում ու ձեռքերով ցույց տալիս, այլ մի ամբողջ վարիացիա կարող է ծայրից ծայր պարել: Շատ երախտապարտ եմ Էթերի Պագավային: Երբ 1992-ին մեր օպերայի թատրոնի տնօրեն Տիգրան Լեւոնյանը քսան մենակատարների տարավ Ավինյոնի փառատոն, նա ինձ նկատեց ու աշխատանքային պայմանագիր կնքեց հետս: Այդպես մնացի Ֆրանսիայում, սկսեցի հանդես գալ նրա բալետային խմբում` որպես առաջատար պարող, հետոՙ որպես փորձավար: Այդ առումով բախտս բերեց, ստիպված չեղա ուրիշ գործեր էլ անել... Ի դեպ, Փարիզում երբ մի անգամ պատահաբար հանդիպեցի Ռուդոլֆ Նուրեեւինՙ նրա մահից մոտ երեք ամիս առաջ, մի քիչ զրուցեցինք ու նա ասացՙ պետք է շո՛ւտ գայիր այստեղ...

- Իսկ Պագավայից բացի ուրիշ ո՞ւմ հետ ես աշխատել:

- Պետերբուրգում սովորելու տարիներին աշխատել եմ Բորիս Էյճմանի եւ Գրիգորի Կովտունի հետ, իսկ Ֆրանսիայում մի անգամ հանդես եմ եկելՙ այսօր շատ հայտնի բալետմայստեր Անժելին Պրելժոկաժի մի մոդեռն բեմադրության մեջ: Մոցարտի երաժշտությամբ բեմադրված ներկայացում էր, որտեղ կատարում էի մեկ րոպեանոց վարիացիա դասական ձեւով, մի ոտքիսՙ պուանտ, մյուսինՙ բոթաս:

- Հետաքրքրական կլիներ, չնայած դու դասական պարողի, բալետային արքայազնի տիպաժ ունես: Ի դեպ, ունե՞ս սլավոնական արմատներ:

- Ազգանվանս եւ արտաքինիս պատճառով ինձ հաճախ են ռուս կարծել, բայց ես զտարյուն հայ եմ: Ծնվել եմ Բաքվում, հայրս Զաքաթալայից էր, մայրսՙ Երեւանից: Երեք տարեկանում կորցրել եմ մորս, իսկ հորս մի քանի անգամ եմ տեսել: Մանկուց ապրել եմ Երեւանում, մեծացել եմ տատիկ- պապիկիս մոտ: Պապիկսՙ Նազար Նազարյանը, թեեւ արվեստի հետ կապ չուներ, շատ է նպաստել իմ պարող դառնալուն, այդ պատճառով փարիզյան գալա- համերգս նվիրեցի պապիկիս հիշատակին: Քանի որ շատ բարձր թռիչք ունեի, կարողանում էի թռիչքի պահին օդում անշարժանալՙ ինձ հարմար գտան պարարվեստի տալու: Սովորեցի մեր պարարվեստի ուսումնարանում` Ֆրունզե Ելանյանի դասարանում, այնուհետեւ երկու տարի վերապատրաստվեցի Պետերբուրգումՙ Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանում` Օլեգ Սոկոլովի դասարանում: 1979- ին մասնակցել եմ Վագանովայի ծննդյան 100- ամյակի գալա- համերգին Կիրովի թատրոնի բալետի աստղերի հետՙ պարելով Վագանովայի բեմադրած Շտրաուսի վալսը: Ես ու պարընկերուհիս միակ ուսանողներն էինք, որ մասնակցում էինք այդ միջոցառմանը: Պետերբուրգից վերադառնալուց հետո երկու տարի ծառայեցի բանակում, չնայած բալետի պարողները սովորաբար չեն ծառայում: Դժվար էր: Կարող եմ ասել, որ բանակին ես ոչինչ չտվեցի, բանակն էլ ինձ ոչինչ չտվեց:

Երեւանում աշխատեցիր մեր օպերայի եւ բալետի թատրոնում, զուգահեռ նաեւՙ Ռուդոլֆ Խառատյանի հիմնած ռադիոհեռուստատեսության բալետային խմբում: Վերջին անգամ ե՞րբ ես բեմ բարձրացել Երեւանում:

1992-ին, Կարենի դերովՙ «Գայանե» բալետում:

Միայն դասականում պարելուց հետո դժվար չէ՞ր հետո Ֆրանսիայում նաեւ ժամանակակից բեմադրություններում հանդես գալ:

Քիչ-քիչ սովորեցի: Առաջին ժամանակակից բալետը, որին մասնակցեցի, «Միրոն» էրՙ Խոան Միրոյի մասին, նրա նկարների պատկերներով, ինչը շատ անսովոր էր: Ժամանակին Բալանչինը Նուրեեւի մասին ասել էր, որ դասական պարողը չի կարող ժամանակակից բալետում պարել: Սակայն եթե հիմքդ դասականն էՙ ամեն ինչ էլ կպարես: Մոդեռնը շատ օգնեց, որ մարմինս ճիշտ աշխատի, ճիշտ շնչի, ճիշտ զգա, ճիշտ գործածվեն ձեռքերը: Ինձ համար բալետում ձեռքերը շատ կարեւոր են, ավելիՙ քան ոտքերը:

- Գալա-համերգից հետո նորից բեմ բարձրացա՞ր:

- Կարծում էի, թե դա իմ վերջին ելույթը կլինի, բայց դրանից հետո «Գեղեցկուհին եւ հրեշը» բեմադրության մեջ հանդես եկա Հրեշի դերով:

- Եթե մնայիր Հայաստանումՙ երեւի այդքան երկար չպարեիր...

- Ես միշտ շատ եմ սիրել աշխատել: Իմ աշխատած տարիներին օպերայի թատրոն առաջինը մտնում էինք ես ու Հովհաննես Դիվանյանը ու վերջինը դուրս էինք գալիս դարձյալ մենք: Դիվանյանը շատ աշխատասեր էր, ինձ համար օրինակ էր: Ես գրեթե դաս բաց թողած չկամ: Իսկ այսօր.... անցյալ օրը գնացել էի մեր բալետի խմբի փորձին. տղաները գալիս- նստում են, նստած էլ մնում են: Հարցնում եմՙ «Ինչի՞ չեք պարապում, տղաներ»: Անկեղծորեն պատասխանում ենՙ «Չենք սիրում պարապել»: Ինչպե՞ս կարելի է առանց պարապելու բեմ դուրս գալ: Այսօր չպարապեցիրՙ դու կզգաս, որ հետ ես մնում, վաղը չպարապեցիրՙ ընկերներդ կզգան, երրորդ օրը չպարապեցիրՙ հանդիսատեսը կզգա: Հասկանում եմ, որ այստեղ պարապելու համար խթան չկա, բայց դա արդարացում չէ:

- Ֆրանսիայում պարուսուցումից բացի կատարել ես նաեւ բալետմայստերական աշխատանք:

- Ոչ շատ: Արդեն նշածս «Ռոդենի քանդակներից» բացի բեմադրել եմ նաեւ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» պարային համարըՙ Բախի երաժշտությամբՙ միացած աֆրիկյան տամտամներին: Ռախմանինովի մի պրելյուդի երաժշտությամբ էլ բեմադրել եմ «Բանտարկյալը» պարային համարը, որի հերոսը բանտում գտնվող Սոլժենիցինն է: Ինքս էլ կատարել եմ այդ դերը:

- Եվ ինչո՞վ ես զբաղվում այժմ:

- Հիմա աշխատում եմ «Ֆրանս կոնսեր» կազմակերպության հետ. Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուգում կազմակերպում ենք Ուկրաինայից, Ռուսաստանից տարբեր խմբերի հյուրախաղերը: Իմ գործը որակով բալետային խմբեր գտնելն է: Անցած տարի եղանք Դոնի Ռոստովում, երեք ամսում Ֆրանսիայում եւ Բելգիայում ներկայացրինք Ռոստովի պետական երաժշտական թատրոնի բեմադրություններից «Տրավիատան» ու «Մարդուկ- Ջարդուկը»: Ի դեպ, Ռոստովում հանդիպեցի ներկայիս կնոջսՙ ծնունդով երեւանցի երգչուհի Մարիաննա Զաքարյանին: Նա Ռոստովի թատրոնի մեներգչուհի է, հանդես է եկել Վիոլետայի, Ջիլդայի, Ժաննա դ Արկի, Ռոզինայի դերերգերով, երգում է նաեւ օպերետում, իսկ հայկական միջոցառումներին միշտ հրավիրվում է Կոմիտաս կատարելու...

- Հաճա՞խ ես գալիս Հայաստան:

- Համարյա ամեն տարի գալիս եմ Երեւան, բայց երբեքՙ բալետային գործերով: Ու ամեն անգամ ցավում եմՙ տեսնելով, որ մեր բալետի վիճակը չի փոխվում, որ ներկայացումները շատ քիչ են, որ ունենք հիանալի պարողներ, բայց ոչ Հայաստանում: Շատ կուզեի մեր բալետը լավ վիճակի մեջ տեսնեինք:

- Գո՞հ ես քո արտիստական ուղուց:

- Եթե կյանքս նորից սկսեիՙ նորից բալետի պարող կդառնայի: Բեմը հրաշք է, շատ եմ սիրում: Ճիշտ է, այն նաեւ քեզնից շատ էներգիա է խլում, բայց երբ վերջին ծափերը հնչում ենՙ ամեն ինչ մոռանում ես...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 19-08-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.