AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-26 12:10:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2948, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Նաիր ՅԱՆ

3350 լուսանկար, 3350 նահատակ

Եթե Ստեփանակերտ գնաք, անպայման զրուցեք տեղաբնակների հետ. ժամանակ գտեք ու լսեք նրանց: Ուղղակի լսեք. ուրիշ է հայրենիքը սիրելու նրանց կերպը: Նաեւ մի քիչ ուշադիր եղեք, որ նկատեք, թե ինչքան մաքուր են պահում ստեփանակերտցիներն իրենց քաղաքը: Որովհետեւ Ստեփանակերտն ու ստեփանակերտցիները մի ամբողջություն են, միմյանց սերտաճած: Աղբարկղեր քիչ կան Ստեփանակերտում, բայց Ստեփանակերտի փողոցներում ու բակերում լուցկու չոփ էլ չես տեսնի:

Եթե Ստեփանակերտ գնաք, անպայման այցելեք զոհված ազատամարտիկների հուշ-թանգարան: Այդպիսի ստեփանակերտցի չկա, որ գոնե մեկ անգամ այնտեղ եղած չլինի: Աշակերտներիՙ հայրենասիրական դաստիարակությունն սկսվում է այստեղից: Զորակոչիկներին մինչեւ զորամաս տանելն այստեղ են բերում: Տարեկան 18 000 այցելու է ունենում թանգարանը, այդ թվումՙ զբոսաշրջիկներ: Սակայն այս տարի Արցախ եկող զբոսաշրջիկների թիվը պակասել է, թանգարան այցելողներինըՙ եւս: Պատճառն ապրիլյան քառօրյա սրացումն է. օտարերկրացիներն Արցախն այլեւս չեն դիտարկումՙ որպես անվտանգ ու խաղաղ տարածք:

ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշ-թանգարանը ստեղծվել է 2002 թվականին, «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հկ-ին կից, որը հիմնադրել է արցախցի Գալյա Առուստամյանը: ՀԿ-ի եւ թանգարանի ստեղծումը տխուր նախապատմություն ունի: Գալյա Առուստամյանի որդիները 1990-ականներին մասնակցել են արցախյան հերոսամարտին: Կրտսեր որդինՙ Գրիգորի Առուստամյանը, 1992-ի նոյեմբերի 19-ին զոհվել է: Որդու շիրմին ամենօրյա այցելությունների ժամանակ տիկին Գալյան հանդիպել է բախտակից շատ մայրերի. ամեն մեկն իր պատմությունն է պատմել, որդու կարոտից ու մրմուռից ա՜խ քաշել, ու մտահղացել են ստեղծել «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հկ-ն, որն արդեն քսան տարուց ավելի մի հարկի տակ է համախմբում զոհվածների ընտանիքներին: Վիշտը մեկտեղել է նաեւ հույզերն ու զգացումները: Տղաներն այնքան նման են իրար, մայրերն այնքան ընդհանուր բան ունեն. վիշտը բոլորին մի մարմին ու մի հոգի է դարձրել: Գալյա Առուստամյանը հետաքրքրվել է բոլոր զոհվածների կենսագրությամբ, մահվան դիպվածով, անձնական պատմություններով, ու 2002-ին հասունացել է միտքըՙ ստեղծել հուշ-թանգարանՙ ի հիշատակ արցախցի զոհված տղաների: Տիկին Գալյան գյուղեգյուղ, տնետուն է շրջել ու բոլորի լուսանկարները, անձնական իրերը, ամենաթանկ մասունքները հավաքել, կարճ ժամանակում ստեղծել զոհված ազատամարտիկների թանգարանը: 3350 լուսանկար, 3350 պատմություն, 3350 կիսատ կյանք ու հերոսապատումով սրբագրված մահ: Մինչեւ 2014 թվականը տիկին Գալյան էլ հենց եղել է թանգարանի տնօրենը, այդ ընթացքում բազմաթիվ գրքեր է գրել ու կազմել. բոլորն էլ ազատամարտիկների մասին: Նրա մահից հետո որդինՙ Արթուր Առուստամյանն է ստանձնել թանգարանի ղեկավարումը. նույն պարտավորությամբ ընդունում է այցելուներին, ներկայացնում մեր հերոս տղաների մարտական ուղին ու կանգ առնում նրանց մահվան տարեթվի վրա: Բոլորն էլ երիտասարդ էին, կյանքով ու ավյունով լի, բոլորի համար էլ կյանքը գին չուներՙ առանց ազատագրված հայրենի հողի:

Պատմում են, որ մի անգամ լրագրողներից մեկը հետաքրքրվել էՙ թանգարանի պատերին փակցված 3350 լուսանկարներում ո՞րն է տիկին Գալյայի 21-ամյա որդին: Նա ցույց չի տվել, պատասխանել էՙ բոլորն էլ իմ որդիներն են: Հիմա էլ Արթուր Առուստամյանը չի ցույց տալիս եղբոր լուսանկարը: «Բոլորն էլ իմ եղբայրներն են»,-ասում է:

Թանգարանում միայն արցախցի ազատամարտիկների լուսանկարներն են. ի սկզբանե է նպատակը դա եղելՙ մեկտեղել միայն արցախցիների անձնական պատմություններն ու կենսագրությունները: «Ոչ ոք ստույգ չգիտե, թե քանի ազատամարտիկ է զոհվել այդ տարիներին, մոտավոր թիվը 6000-ն է: Գիտեմ, որ արցախցիները 3350-ն են, իսկ Հայաստանիցՙ մոտ 2700-ը: Եթե բոլորի թանգարանը ստեղծեինք, երկու անգամ ավելի տարածք կպահանջվեր: Հիմա մտադիր ենք ապրիլյան քառօրյայում զոհված մեր տղաների համար առանձին անկյուն ստեղծել: Նրանք նույնպես հերոսներ են ու պետք է տեղ գտնեն այս հարկի տակ: Պատերազմը շարունակվում է, ու ցավոք, այս լուսանկարները համալրվում են նորերով»,- ասաց Արթուր Առուստամյանը:

Անձնական իրեր, ինքնաշեն հրացաններ, մարտական հագուստ, շինել, տափաշիշ, դանակ ու դաշույն, զինվորական սապոգներ, գրիչներ ու մատիտներ. երիտասարդ, դեռ կյանք չմտած տղաներից մնացած մասունքները շատ չեն: Յուրաքանչյուրը նվիրական մի պատմությունից է ծնվել. ծնողները սրտի թրթիռով ու մրմուռով են դրանք հանձնել թանգարանին: Սակայն թանգարանում կա մի հատված, որից մարդու սիրտ է մորմոքում: Տիկին Գալյան խորագիր է դրել այդ բաժնին. «Գրիգորի Առուստամյանի եւ բոլոր ամուրի զոհվածների հիշատակին»: Այստեղ Գրիգորիի նշանադրության մատանին է ու նշանադրության կոստյումը: 1993-ի տարեմուտին Գրիգորին պետք է նշանվեր. սիրած աղջիկ ուներ: Մայրը պատրաստվել էր, մատանի ու հագուստ գնել, սակայն որդին 92-ի նոյեմբերին զոհվեց:

Ջահել էին, պիտի ամուսնանային. շատերի ընտանիքներում սրտի թրթիռով սպասել են երանելի օրվան, պատրաստություն տեսել: Չիրականացած նշանադրությունն ու հարսանիքը, հայերնիքի համար նահատակված տղաների մահվան պատմությունն ավելի ցավոտ ու ողբերգական են դարձնում, մանավանդ երբ իր նպատակին այդպես էլ չծառայած ճերմակ տարոսիկը, ամուսնական կոստյումն ու մատանին տեսնում ես որպես թանգարանային մասունքՙ ապակու տակ դրված:

Թանգարանի պատերից մեկին հաղթանակից հետո Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին շքերթի մեծադիր լուսանկարն է: Հրապարակով անցնում են տանկերը: Ասում ենՙ ադրբեջանցիները հեռուստացույցով տեսել են հաղթական շքերթի կադրերն ու զարմացել, թե որտեղի±ց հայերին այսքան զենք-զինամթերք: Հայերն էլ պատասխանել ենՙ չե±ք հիշում, պատերազմի ժամանակ ձեզնից ենք խլել:

Արթուր Առուստամյանն իրական դեպքերի վրա հիմնված հումորային պատմություն ունի, որն անեկդոտի է վերածվել ու շրջել նաեւ մամուլում: Ուրեմն այսպես. ռուս լրագրողները հարցնում են Սամվել Բաբայանին.

-Ռուսները պատերազմում օգնո±ւմ են հայերին:

-Այո՛:

-Ինչո±վ:

-Նրանք զենք-զինամթերք են տալիս ադրբեջանցիներին, մենք էլ կռվի ժամանակ խլում ենք նրանցից:

Թանգարանի բակում ինքնաշեն թնդանոթներ ու գրադ-կայանքներ կան: Դրանցով են մեր տղաներն Արցախի քաղաքներն ու գյուղերն ազատագրել, դրանցով են կռվել ադրբեջանական պրոֆեսիոնալ զինտեխնիկայի դեմ ու հաղթել: Թնդանոթների վրա փակցված են հակիրճ տեղեկություններՙ պատրաստել է Առնո Միքայելի Մկրտչյանը, պատրաստել է Գավրիկ Միրզոյանը, պատրաստել է Սամվել Վարդանյանը:

Նրանք ոչ միայն պատրաստել, այլեւ գործածել են այդ ինքնաշեն զենքերը: Բոլորի անունների տակ գրված էՙ նահատակ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 26-08-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.