AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-05 15:42:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2173, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԵԶԻԱՅԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂՙ ԴԺՈԽՔՈՒՄ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

«Հայոց հողի ծածկագիր տեսիլքները», այսպես է վերնագրված Արտեմ Հարությունյանի վերջին ժողովածուն, որ հանձնվեց ինձ խմբագրելու համար: Անկեղծ ասած, դյուրին բան չէՙ կայացած, իր լեզվի, իր գեղագիտության հանդեպ նախանձախնդիր բանաստեղծին խմբագրելը: Անխուսափելի վրիպակներն ուղղելուց զատ երբեմն ծագում են տեքստային խնդիրներ, ասենքՙ առավել տպավորիչ դարձնելու նպատակով կրճատել որոշ բանաստեղծությունների ծավալը, խուսափել կրկնություններից, գուցեեւ ամբողջությամբ հանել որոշ բանաստեղծություններ... Ծայր աստիճան դժվարին մի աշխատանք, որը ջանացինք կատարել ամենայն պատասխանատվությամբ, առանց վնասելու ժողովածուն իր ամբողջության հետ: Սրա հետ մեկտեղ, անսպասելիորեն մեջտեղ եկած մի փաստաթուղթ պահանջ դրեց գրել մի առաջաբան, որը գուցե ինչ-ինչ բաներ հուշի ընթերցողին եւ օգնի նրան առավել խորությամբ ընկալելու բանաստեղծի նոր գիրքը:

Ա. Թ.

1977 թ., երկարատեւ մաքառումներից հետո, լույս տեսավ Արտեմ Հարությունյանի առաջին ժողովածուն` «Նշանների երկիրը»: Դյուրին չէր այդ գիրքը գրախոսել` անբարյացակամ մի մթնոլորտում, գավառամիտ-պնդաճակատ գրաքննադատության մշտարթուն հայացքի ներքո, որ շարունակ պատճառ էր փնտրում բորբոքելու իր պերմանենտ պատերազմը բանաստեղծական ամեն մի վավերական նորության հանդեպ:

Գրախոսությունը գրվեց նույն տարվա անձրեւոտ աշնանը, «Գրական թերթ»-ի համար, եւ տպագրվեց զգալի ուշացումով` 1978թ. հունիսի 30-ին: Եվ, որքան հիշում եմ, այդ օրերին էր, որ Արտեմը, ջանալով օգնել գրախոսիս, յուր բանաստեղծության մեկնությունն ուղարկեց փոստով` չգիտեմ որտեղից: Քառածալ թղթի վրա (ինչն անժխտելիորեն վկայում է, որ ինձ է հասել ծրարի մեջ, որն, անխոհեմաբար դեն եմ նետել), նամակագիրն իրեն բնորոշ էպիստոլար անփութությամբ, ո՛չ մի տեղանուն, ո՛չ մի ամսաթիվ չէր դրել, այլ պարզապես սեփական պոեզիայի մեկնությունն էր մատուցում ինձ:

Հետաքրքրական այս փաստաթուղթը չօգտագործվեց երկու պատաճառով. ա) գրված-ավարտված գրախոսությունն արդեն ներկայացված էր խմբագրության, բ) ես այնտեղ կատարելապես ուրիշ խնդիրներ էի շոշափում, ուստի հեղինակի առաջարկած ուշագրավ մտքերը ներմուծելու համար` կառուցվածքային եւ ուրիշ կարգի լուրջ փոփոխություններ պիտի կատարեի:

Ուստի այս անթվակիր նամակը մնաց իմ անձնական արխիվում, եւ նման այլ կարգի հարյուրավոր թղթերի տակից, պատահաբար, գտնվեց ճիշտ այն օրը, երբ Արտեմն ինձ հանձնեց A4 չափսի թղթի վրա խնամքով շարված նոր գրքի բանաստեղծությունները:

Ապշեցնող զուգադիպություն, որ բնավ պատահական չէր, եւ իր մեջ կարեւոր խորհուրդ ուներ: Քառասուն տարի այս թուղթը սպասել էր իր ճիշտ ժամին եւ, ամենայն հավանականությամբ, Աստծո ձեռքով լույս աշխարհ հանվել:

Ահա հապճեպ, գուցեեւ` ոտի վրա գրված այդ նամակ-մեկնությունը, որը, հասցեատիրոջ իրավունքով մեջբերում ենք ամբողջությամբ եւ վերնագրում այսպես.

ՆԵՐՔԻՆ ՎԱՅՐԸ

Այդ անձնական (առանձին, գաղտնի, մասնակի, ներքին) վայրը, տեղը, որտեղ պոետական տեսիլքը վերագտնում է, հայտնագործում, իր աղբյուրը (սկիզբը) եւ որտեղից առաջ շարժվելու ուժ է ստանում, նաեւ իր գործն անելու կարողություն, Քրեյնի մոտ մտապատկերվում է ծովի հետ, Օդենի մոտ` ստորերկրյա ջրերի եւ ժայռերի, Ուիթմենի մոտ` մոռացված թռչնի երգի, եւ Դիկկինսոնի մոտ` իր հոր այգու սահմանների հետ: Նման տեսլային, տեսիլքային շարժումը դեպի այդպիսի վիճակներն ու վայրերը, նահանջ ու խուսափում չէ իրականությունից, այլ ճանապարհորդություն` հայտնագործելու պոետի սիրտն ու ինքնությունը, եւ ազնիվ փորձ` հետ բերել դեպի իրականություն, դեպի արեւի լույսը այդ երեւույթները: Այստեղ որեւէ խոսք լինել չի կարող հեդոնիզմի մասին կամ էլ միտումնավոր մթագնման (անհասկանալիության), կամ էլ ռոմանտիկական փակուղու. դա պարզապես պոետական անհրաժեշտության խնդիր է, որի նպատակն է վերահաստատել մարդու հավատը իր սեփական պատկերի եւ ինքնության հանդեպ` իր մահկանացու ճակատագրի շարունակության մեջ:

Նամակագիրս, այնուհետեւ, ինձ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել «Կանաչ մանկություն» շարքին` գրելով այսպես.

...ինձ հաջողվել է (թվում է գուցե) որոշակի խոսակցություն սկսել ներաշխարհի հետ, որը մանկության ժամանակ դուրսն է, դրսի աշխարհը, Աստծո խոր զգացողություն (կտաս ինձ ուղիդ, քայլողը գնաց, մնաց ժամանակը կավճացած), այսինքն, արտաքին աշխարհում գործողը, ապրողը, մնաց ժամանակը կավճացած` միտքը, սարսափը, անշարժ կյանքը` տարերքի: Բայց սրանից էլ կա փախուստ` դեպի ուրիշ աշխարհ (մանկության սկզբնական զգացողություններ), մթնող ցողը շուրթ է ճագարի եւ այլն...

Մեր խորին համոզմամբ սա ոչ այլ ինչ է, քան պոետական յուրատեսակ մանիֆեստ, իսկ այսօրվա եզրույթով ասված` «ճանապարհային քարտեզ» ստեղծագործական հետագա գործունեության, գուցեեւ ընդհանրապես կյանքի համար, եթե հաշվի առնենք հետեւյալ նախադասությունը. «...վերահաստատել մարդու հավատքը իր սեփական պատկերի եւ ինքնության հանդեպ` իր մահկանացու ճակատագրի շարունակության մեջ» :

Ես չգիտեմ, եթե այս նամակը ժամանակին օգտագործեի որեւէ հոդվածում, կօգնե՞ր արդյոք Արտեմի «արտառոց» պոեզիայի ընկալմանը, կթեթեւացնե՞ր արդյոք բանաստեղծի նրա ճակատագիրը... Չեմ կարծում, քանի որ նրա ստորագրությամբ լույս տեսնող յուրաքանչյուր տողը հարուցում էր քննադատության մի շարք ներկայացուցիչների զայրույթը: Ավելին, այս տեքստը հրապարակելու դեպքում, «տեսական» հրաշալի հիմք էինք պարգեւելու «ազգապահպան» քննադատությանը` նոր գրոհների համար. «Ահա. խնդրեմ, տեսե՛ք, կարդացե՛ք, ինքն է ասում իր բերանով...»:

Ամեն մի տեքստ, իսկապես, ընթերցման իր ժամանակն ունի: Մենք համոզվեցինք դրանում` Արտեմ Հարությունյանի վերջին ժողովածուն կարդալով ու համադրելով վերոբերյալ ծրագիր-նամակի հետ: Եվ, ո՜վ զարմանք, այսօր, մոտ քառասուն տարի անց, նա կարծես խախտում է իր իսկ սահմանած սկզբունքները, շեղվում նախօրոք գծված հստակ ու սլաքի պես դեպի ապագա խոյացող արահետից: Արահետ, որը գուցե տակավին տրորված չէ բանաստեղծական ոչ մի ներբանով, զի իրենն է, ինքն է գծել մտովին տասնամյակներ առաջ, բայց հանկարծ արահետը կորչում է, ջնջվում, փոխարենն առաջարկելով արդիականության խավարի մեջ կորած դարուփոս մի ճանապարհ, որ անխուսափելիորեն տանում է դեպի...

Այսինքն, արդեն բերել-հասցրել է: Այսպիսով, նա հայտնվել է այն ճանապարհին, ավելի ճիշտ այն իրականության մեջ, որն սկսեց տող առ տող, բանաստեղծություն առ բանաստեղծություն, տասնամյակներ առաջ, կանխազգալ, այնուհետեւ շոշափելու աստիճան մարմնավորել «Նշանների երկիր»-ին հաջորդած բոլոր ժողովածուներում: Մի կանխատեսում, որ գրքից գիրք դառնում էր ավելի տեսանելի եւ նույնիսկ ավելի շոշափելի: Նա այլեւս չի քայլում դեպի... Նա պարզապես հայտնվել է Դժոխքում կամ, եթե փոքր-ինչ փոփոխենք քաղաքագիտական լպիրշ եզրույթը` Կառավարելի Դժոխքում, որն այլեւս Երկիր մոլորակի ընդերքում չէ, ինչ-որ անհայտ տեղում, այլ մեր շուրջը, մեր ներսում: Եվ այնտեղ հասնելու համար ուղեկից Վիրգիլ պետք չէր, Արտեմն ինքը եկավ այստեղ իր ոտքով, կամովին, հրաշալի իմանալով, թե ուր է գալիս, լիովին գիտակցված, գիտակցված այնքան, որքան ճշմարիտ բանաստեղծն իր արյամբ, իր ուղնուծուծով, առանց երկմտելու, կստանձներ այդ առաքելությունը: Եվ հիմա չգիտես` պոեզիա՞ն նրան բերեց այդտեղ, թե՞ ինքը` բանաստեղծը, պոեզիային իր հետ քարշ տվեց աղետի կենտրոն... Ինչ որ է, նրանք երկուսով միաժամանակ հայտնվեցին Դժոխքում եւ կարծես մտադիր չեն հեռանալ այդտեղից#:

Իսկ ինչպիսի՞ն է նրա անդրադարձը:

Սոսկումից նա չքարացավ: Գուցե նախապես գիտե՞ր, թե ինչ է տեսնելու, գուցեեւ սեփական առաքելության ամբողջական ատանձնումը նրան օժտել է հզոր իմունիտետով, անխոցելի մի զրահով` անհողդողդ հայացքով դիտել մարդասիրական ֆրազներ բարբաջող արդիականության սատանայի անսպառ ճիվաղությունները եւ գեղարվեստորեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել:

Նա դռները լայնորեն բացում է սարսափների առջեւ, որ սելավի պես լցվում են նրա միկրոպոեմները, անցնելով, անշուշտ, հեղինակային խստագույն պրիզմայի միջով, իրենց թիկունքին ստանալով նրա կնիքը: Ոչինչ չի վրիպում նրա աչքից: Բանաստեղծի այս ընդգրկուն հայացքը կարելի է բնորոշել լուսանկարչական հանրահայտ մի եզրույթով. «ձկան աչք», կարճաֆոկուս օբյեկտիվ, որ կարողանում է առավելագույն լայնությամբ ներկայացնել լուսանկարվող տեսարանը:

Այդ իրականությանը, բնականաբար, իր վերաբերմունքն է ցույց տալիս բանաստեղծի լեզուն, որ հորդում է կատաղի, պատկերները հրմշտում են իրար, բառեր կան, որ ասես ապտակ լինեն, անսահմանորեն ընդարձակվում է տեղի եւ ժամանակի ընդգրկումը, նախադասությունների արտաքուստ անկապ իրարահաջորդումը հիշեցնում է սյուռեալիստների e՛criture automatique-ը` «ինքնաբերական գրությունը», այն տարբերությամբ, որ այս դեպքում ոչ միայն հսկելի է հեղինակի կողմից, այլեւ որոշակիորեն հասցեավորված իրականության դիվականորեն եռեփող քաոսին, եւ իր պոետական ագրեսիվությամբ ձգտում է գերազանցել որոշակի նպատակներով բեմադրված դժոխային աբսուրդը. օքսյումորոնը, դառնակծու հեգնանքը, սեւ հումորը, ձաղկող սատիրան լրացնում են իրար` ստեղծելով քերթողական հրաշեկ մի լավա.

...Մինչ այդ բակում մի նավթավաճառ,

որին խեւ Բեհեզբուղն էր ուղարկել

(նա հիմա հատուկ ծառայությունների վարիչն է

Պետական գաղտնի խորշերում),

հնչեցրեց զանգը Ահեղ Դատաստանի,

եւ հանց քողարկված որդեր մարդիկ դուրս թափվեցին,

իրենց բազմափականք տներից փողոց,

կուպրադեմ-կարծրացած սեւացած ժամանակը

փշրվեց-ցրիվ եկավ անտրացիտի պես,

որ միլիոն տարի նստել էր հողի բանտում

եւ հիմա վառվում էր զայրույթից:

Եվ նորից զայրացած հեղափոխության դեւը

դուրս եկավ ամենօրյա խղճին ընդառաջ:

Իսկ ի՞նչ եղավ այն «ներքին վայրը», որի մասին նա գրում էր երեսունինը տարի առաջ: Արտեմ Հարությունյանն աննկուն մարտիկի պես մնալով իր իսկ կանխատեսած Դժոխքում, ժամանակ առ ժամանակ «դառնում է մտքով տուն», եւ ոչ միայն այս ժողովածուի մեջ: Մշտական «երթուդարձը» դեպի Արցախ եւ օրեցօր դժոխացող աշխարհ, հաստատված չվերթների պես տեղի էր ունենում գրքից գիրք: Նոր ժամանակների թոհուբոհի մեջ, ասես մի պահ նա կորցնում է իր ելման կետը.

...չկար երազի այն թեթեւությունը,

որ մանկություն էր կոչվում

Ստեփանակերտի մեր այգու հետ ձուլված:

Եվ բանաստեղծը, կարծես շփոթված, հարցնում է. «Ո՞րն է իմ հասցեն վերջնական»: Հասցեն, սակայն, մնում է նույնը, իսկ «ներքին վայրը» դառնում է «արտաքին», առկա իրականություն, աչքի առջեւ ծավալվող գործողություն, երբ կարդում ենք մի ամբողջ շարք` նվիրված Արցախն ազատագրողներին: «Արցախի պատերազմը եւ նոր լեզվի հայտնությունը» բանաստեղծությունն ավարտվում է հետեւյալ տողերով.

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ...

նոր լեզու է հայտնվում անարգել...

Հավատարիմ իր սկզբունքին եւ բնության անխախտ օրենքին, իր պոեզիայի հետ ապրում է փրկարար եւ կենսատու զարգացումը` արտացոլելու ոչ միայն հերոսականը, այլեւ որպես գեղագիտական համարժեքորեն դիմադրում սատանայական` արտաքուստ մշտափոփոխ, բայց էությամբ նույնը մնացող ժամանակներին: «Ժամանանակն ինքն է ստեղծում պատկերները, իսկ ես ընդամենը համապատասխան բառեր եմ գտնում նրանց համար»,- գրում էր Ստեֆան Ցվայգը «Երեկվա աշխարհը» հուշապատումի մեջ: Արտեմ Հարությունյանի պարագայում նույն վիճակն է, թերեւս, կարեւոր մի տարբերությամբ. նրա «գիտակցության հոսքի» մեջ պատկերն ու բառը ասես գալիս են միաժամանակ` ստեղծելով մշտանորոգ մի «նոր լեզու»: Բանաստեղծն այս գրքում արդեն «խոսում» է այդ «նոր լեզվով», որը նրա հնի օրգանական շարունակությունն է, որին արդեն ծանոթ ենք նրա նախկին ժողովածուներից եւ որի մշտական նորոգումը պիտի տեսնենք նրա հաջորդ գրքերում:

Երեւան, հուլիս, 2016

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 02-09-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.