AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 02-09-2016



ԵՐԳԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-09-05 15:42:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2721, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼՄԱՍՏ ԻՇԽԱՆՈՒՀՈՒ ՀՄԱՅԻՉ ԵՎ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՀԻՆ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

Հաճելի, հնչեղ ձայնը, բեմական գրավիչ արտաքինը բավարար չեն լավ երգիչ դառնալու, հանրության ջերմ համակրանքին արժանանալու համար: Լավ երգիչ դառնում են հատկապես նրանք, ովքեր այդ ամենից զատ սիրում են երգարվեստը, վճռական են ու աշխատասեր, մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերվում հանդիսատեսին: Հայ մեծանուն երգչուհի, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Տաթեւիկ Տիգրանի Սազանդարյանն այդպիսիներից էր: Ծնվել էր 1916 թ. Սյունյաց աշխարհի հնամենի Խնձորեսկ գյուղում: Ուսուցիչ հայրը, որը հայրենի մշակույթի ու պատմության լավ գիտակ էր, մի առանձին հիացմունքով էր վերաբերվում մեր բանահյուսությանն ու պատմամշակութային հուշարձաններին: Գուցե այդ պատճառով էլ հայրենի լեռներին վեհորեն թիկնած վանքիՙ Տաթեւի անունով անվանակոչեց նորածին դստերը:

Վաղ մանկությունից Տաթեւիկն էլ սիրում էր հայրենի մշակույթը, հատկապես երգն ու երաժշտությունը: Մեծ ոգեւորությամբ երգում էր ոչ միայն զանգեզուրյան պարզ ու զուլալ ժողովրդական երգերը, այլեւ սիրված ու տարածված աշուղական երգեր: Նկատելով դստեր երաժշտական ընդունակություններըՙ հայրը դաշնամուրի դասատու է վարձում, իսկ ավելի ուշ Տաթեւիկն սկսում է երաժշտական դպրոց հաճախել: 1920 թվականից Սազանդարյանների ընտանիքն ապրում էր Բաքվում, որտեղ դպրոցական տարիներին Տաթեւիկը հանդես էր գալիս կոմպոզիտոր, խմբավար ու մանկավարժ Անտոն Մայիլյանի ղեկավարությամբ գործող աշակերտական երգչախմբում: Սազանդարյանների տանն այդ տարիներին հաճախ էին հյուրընկալվում մեր մշակույթի անվանի գործիչներ Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Աբելյանը, Հովսեփ Ոսկանյանը, Անուշավան Տեր-Ղեւոնդյանը եւ ուրիշներ: Արվեստին ու մշակույթին վերաբերող նրանց զրույցներն անշուշտ ուսանելի էին դպրոցահասակ աղջկա համար: Բայց հանգամանքների բերումով 1929 թ. Տաթեւիկ Սազանդարյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի անցավ գործարանում: Բանվորական միջավայրում մի պահ ասես նա մոռացավ երգչուհի դառնալու երազանքը: Սակայն նկատելով, որ գործընկերներից շատերը նույնպես երգ-երաժշտության սիրահար ենՙ առաջարկեց ինքնագործ երաժշտախումբ ստեղծել: Այդ արեւելյան նվագախմբի նվագակցությամբ էլ նա համերգային կատարումներով հանդես էր գալիս բանվորական ակումբներում եւ զբոսայգիների էստրադաներում:

Բայց Սազանդարյանի երազանքը ոչ թե աշուղական երգեր կատարող, այլ օպերային երգչուհի դառնալն էր: Ուստի, թեեւ նրա կատարած երգերն ու կատարման տեխնիկան չափազանց հեռու էին օպերային արվեստից, թեեւ դժվար էր պատկերացնել, թե նա կարող է օպերային երգչուհի դառնալ, այնուամենայնիվ նրան լսելու համար հատուկ հանձնախումբ կազմվեց: Հանձնախմբի անդամներ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանն ու Արտեմի Այվազյանը, ռեժիսոր Ռուբեն Սիմոնովն ու վոկալի պրոֆեսոր Ստեփան Բարխուդարյանն իհարկե համոզվել էին, որ Սազանդարյանն ունի հնչեղ ձայն եւ երգելու ձիրք, սակայն վստահ չէինՙ կկարողանա՞ արդյոք յուրացնել իտալական երգեցողության բելկանտո ոճը եւ օպերային արիաներ կատարել: Նրա կատարման տեխնիկան արեւելյան էր, արեւելյան երգեցողությանը բնորոշ խաղերով ու ելեւէջներով հարուստ. մեծ ջանքեր կպահանջվեին ձայնը մշակելու, հղկելու եւ արեւելյան խաղերից մաքրելու համար: Բայց տեսնելով աղջկա մեծ ցանկությունն ու վճռականությունըՙ վոկալի փորձառու դասատու Ս. Բարխուդարյանը ստանձնեց նրա հետ պարապելու պարտականությունը: Բարխուդարյանի փորձառությունն ու մեծ ջանքերը, Սազանդարյանի վճռականությունն ու աշխատասիրությունը պսակվեցին հաջողությամբ: Կարճ ժամանակ անց նա արդեն կարող էր մեցցո սոպրանոյի համար գրված արիաներ կատարելՙ ռուսական եւ իտալական օպերաներից: Երաժշտական ստուդիայի պարապմունքներին զուգընթաց Սազանդարյանը հաճախում էր նաեւ Հայկական կուլտուրայի տանը ռեժիսոր Ռ. Սիմոնովի ղեկավարությամբ գործող թատերական ստուդիան: Ուստի, յուրացնելով թե՛ վոկալ արվեստի գաղտնիքները, թե՛ բեմական խոսքի կուլտուրան, հետզհետե հմտացավ ու վարպետացավ: 1937 թ. Մոսկվայի Հայկական կուլտուրայի տան սրահում կայացավ արդեն պրոֆեսիոնալ երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի անդրանիկ մենահամերգը: Հանդիսատեսը համոզվեց, որ Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տան երաժշտական ստուդիայից հայ երգարվեստ է գալիս ինքնատիպ մի երգչուհիՙ մեծ ապագայի խոստումներով լի:

Եվ ահա Երեւանըՙ իր հայրենիքի մայրաքաղաքը, իր հույզերի ու երազների քաղաքը, որն արդեն օպերային թատրոն ուներ եւ առանձնակի ջերմությամբ երիտասարդ ու շնորհալի կատարողների ելույթին սպասող հանդիսատես: Առաջին դերը, որ Երեւանի Պետօպերայի թատրոնում վստահվեց երիտասարդ երգչուհուն, Գայանեի դերն էր Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում (1937-38 թթ. բեմադրություն): Բայց մեկ տարի անցՙ 1939-ին, երբ մեր օպերային թատրոնը պատրաստվում էր Մոսկվայում կազմակերպվող Հայ գրականության եւ արվեստի դեկադային, Տ. Սազանդարյանին անսպասելիորեն առաջարկվեց հանդես գալ նույն օպերայում գլխավորՙ Ալմաստ իշխանուհու դերով: Պետօպերայի նվագախմբի դիրիժոր Գեւորգ Բուդաղյանն այդպիսի առաջարկություն էր արել, որպեսզի իր սիրելի «Ալմաստ» օպերան հանկարծ չհանվի դեկադայի ծրագրից: Հիրավի, Մոսկվայի Մեծ թատրոնի բեմին, այն էլ նման պատասխանատու դերով հանդես գալը դժվարին քննություն էր երիտասարդ երգչուհու համար: Նա անչափ հպարտ էր, որ այդ դերն իրեն էին վստահել, բայց եւ շատ հուզված:

Ներկայացումը ԽՍՀՄ մայրաքաղաքում մեծ հաջողություն ունեցավ, եւ այդ հաջողության մեջ անշուշտ իր ներդրումն ուներ նաեւ Տաթեւիկ Սազանդարյանը: Միութենական մամուլն այդ օրերին լի էր դեկադային նվիրված հոդվածներով, որտեղ բարձր էին գնահատված հատկապես Երեւանի Պետօպերայի երիտասարդ կատարողները: Իսկ Սազանդարյանի համար այդ գնահատականների մեջ ամենաարժեքավորը թերեւս Ալմաստի առաջին դերակատար (Մոսկվա, Մեծ թատրոն, 1930 թ. բեմադրություն) Մարիա Մակսակովայի կարծիքն էր: «Սազանդարյանն ինձ գերեց: Քսաներեք տարեկանում լինել այդպիսի հիասքանչ դրամատիկական դերասան եւ վոկալի՞ստ...»: Հիացած էին նաեւ հայ մշակույթի անվանի գործիչները: «Կոմունիստ» թերթի 22.09.1939-ի համարում տպագրված իր խոսքում անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը գրում էր. «Ուժեղ տպավորություն է գործում երիտասարդ արտիստուհի Սազանդարյանը Ալմաստի դերում: Նրա կատարման մեջ երեւում է այդ բարդ դերի վրա տարված համառ ու մտածված աշխատանքը»:

Այսպես եղավ Տաթեւիկ Սազանդարյանի մուտքը մեծ երգարվեստ, այսպես միանգամից նա նվաճեց հանդիսատեսի հիացմունքը, սերն ու համակրանքը: Այդպես նա շարունակեց իր հետագա բեմական գործունեությունըՙ նույն խանդավառությամբ հանդես գալով նաեւ իրեն վստահված մյուս դերերում: Հիշենք Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում Օլգայի դերը նրա կատարմամբ, Զիպելըՙ Շ. Գունոյի «Ֆաուստ»-ում, Մարթանՙ Ա. Այվազյանի «Թափառնիկոս»-ում, Լյուբաշանՙ Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում, Կարմենըՙ Ժ. Բիզեի «Կարմեն»-ում, Փառանձեմըՙ Տ. Չուխաճյանի «Արշակ երկրորդ»-ում, Թամարըՙ Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկ»-ում, Դալիլայի դերերգըՙ Կ. Սեն-Սանսի «Սամսոնը եւ Դալիլան» օպերայում, Ամներիսը եւ Ագուշենանՙ Ջ. Վերդիի «Աիդա» եւ «Տրուբադուր» օպերաներում, Շուշանըՙ Ա. Բաբաեւի «Արծվաբերդ»-ում, Աննանՙ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում, եւ այլ դերերգեր: Հետեւաբար կարծում ենք, որ միանգամայն իրավացի էր անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանը, երբ գրում էր. «Սազանդարյանը իրարից բոլորովին տարբեր բնավորություններ կերտելու վարպետ է: Հիշենք նրա հոյակապ Ալմաստը, հոգեկան տվայտանքների մեջ ալեկոծվող, փառասեր ու տիրական հայ իշխանուհին: Իսկ նրա կողքին նուրբ ու քնքշագին, քնարական Թամարն ու Աննան, բոցավառ Կարմենն ու խղճուկ, անօգնական մանչուկ Բերբերոն»:

Եվ այսպես, ժամանակի ընթացքում Սազանդարյանը դարձավ հայ երգարվեստի մեծագույն վարպետներից մեկը: Բայց դրա համար անշուշտ կարեւոր էին ոչ միայն իր նվիրվածությունն արվեստին, այլեւ հրաշալի գործընկերները, այն ջերմ միջավայրը, որը ձեւավորվել էր Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Իր ավագ գործընկերներից Սազանդարյանն իհարկե շատ բան սովորեց: Նա առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում հայկական օպերային թատրոնի հիմնադիրներ Շարա Տալյանին, Հայկանուշ Դանիելյանին, բազմավաստակ դիրիժոր Միքայել Թավրիզյանին: Տարիներ անց երգչուհին իր հուշերում Հայկանուշ Դանիելյանի մասին գրում է. «Ես բախտ եմ ունեցել մի քանի օպերաներում լինել Դանիելյանի մշտական խաղընկերը: Այդ ներկայացումներն ինձ համար մեծ դաս են եղել եւ բերկրանքի աղբյուր: Դանիելյանը երիտասարդներիս երբեք վերեւից չէր նայում, այլ հոգատար էր եւ անհանգիստ, մեր հաջողությամբ ուրախանում էր, իսկ անհաջողությամ ժամանակ օգնում... Դանիելյանը անողոք էր միայն անտաղանդ ու ծույլ մարդանց նկատմամբ»: Ինքնին հասկանալի է, որ նման հարգանքը փոխադարձ էր, ավագ ընկերներն էլ իրեն էին գնահատում թե՛ իբրեւ արվեստագետ, թե՛ իբրեւ գործընկեր: Ուստի կարծում ենքՙ տեղին է ներկայացնել նաեւ Հ. Դանիելյանի կարծիքը Սազանդարյանի մասին: Նա գրում է. «Սազանդարյանը լավ է երգում մեր երգերը եւ այդ լավի տակ ես նախ եւ առաջ ուզում եմ շեշտել պոետական այն նուրբ, բայց եւ կյանքով լի շունչը, որ հաղորդում է նա իր կատարած երգերին, եւ այն, որ երգչուհին կարողանում է հարազատ մնալ հայ լեզվին, հայ երաժշտական ինտոնացիոն կարգին, նրա մելոդիկ հստակությանը, կատարողական արվեստին»: Ճիշտ է նկատել Հ. Դանիելյանը. իսկապես, օպերային դերերգերից զատ Սազանդարյանը մեծ հմտությամբ ու վարպետությամբ կատարում էր նաեւ մեր ժողովրդական երգերը եւ հայ կոմպոզիտորների, հատկապես Կոմիտասի հրաշալի ստեղագործությունները: Շատերին է հիացրել կոմիտասյան «Ալագյազ»-ի սազանդարյանական հուզիչ կատարումը: Բայց թերեւս երգչուհու ամենասիրելի դերը միշտ մնաց իշխանուհի Ալմաստըՙ Սպենդիարյանի հիասքանչ օպերայում: Անզուգական էր Սազանդարյանն այդ դերում:

Իսկապես, բազմաշնորհ արտիստուհի էր Սազանդարյանը, եւ արվեստում հաջողության հասնելու նրա գաղտնիքներից մեկն էլ այն էր, որ անպայման ուսումնասիրում, խորապես ընկալում էր ոչ միայն իր դերը, այլեւ օպերային ստեղծագործությունն ամբողջությամբ, բոլոր կերպարներն ու նրանց փոխհարաբերությունները: Դա նրան հնարավորություն էր տալիս ամբողջությամբ հասկանալու եւ ճշտորեն արժեւորելու օպերային երկը: Ուստի ստեղծագործությունների վերաբերյալ նրա արտահայտած կարծիքները եւս արժեքավոր են: Ահա թե ինչ է գրում երգչուհին իր հուշերում «Ալմաստ»-ի մասին. «Ալմաստի վոկալ-երաժշտական բնութագիրը Սպենդիարյանն արել է կոմպոզիտոր-դրամատուրգի հիանալի զգացողությամբ, օգտագործելով օպերայի համար բոլոր արտահայտչամիջոցներըՙ արիա, արիոզո, ռեչիտատիվ, սիմֆոնիկ պատկերներ, լեյտմոտիվներ, խմբերգեր, պար...»:

Հայ երգարվեստին մատուցած մեծ ծառայությունների համար երգչուհին բազմաթիվ պարգեւների է արժանացել: 1944 թ. Մասնակցելով վոկալիստների համամիութենական մրցույթինՙ նա առաջին կարգի դիպլոմի է արժանացել, իսկ 1951-ինՙ Պետական մրցանակակիր դարձել: 1956 թ. Սազանդարյանին շնորհվել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում, իսկ 1997-ինՙ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

1960 թ. երգչուհին էքստեռն կարգով ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, իսկ 1970-ից մինչեւ կյանքի վերջը դասավանդում էր նույն կոնսերվատորիայում: 1977-ից կոնսերվատորիայի պրոֆեսոր էր եւ վոկալի ամբիոնի վարիչը: Սազանդարյանը սիրված ու ճանաչված էր նաեւ մեր հանրապետությունից դուրս, համերգներով բազմիցս հանդես էր եկել արտասահմանյան երկրներում:

Տաթեւիկ Սազանդարյանը վախճանվեց 1999 թ.ՙ երաժշտասերների հիշողության մեջ մնալով ոչ միայն որպես հայ օպերային արվեստի լավագույն վարպետներից մեկը, այլեւ իր արվեստին նվիրված ծառայող իսկական արվեստագետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 02-09-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.