AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 09-09-2016



ՖՈՏՈԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-09-08 21:44:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2839, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ

Վահան ՔՈՉԱՐ

Խմբագրությանս խնդրանքով, հայտնի լուսանկարիչ եւ պոլիգրաֆիստ, «Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ Վահան Քոչարը այս եւ հաջորդ էջերում անդրադառնում է այն երեւույթին, որը իրավամբ կարելի է հայկական ֆենոմեն կոչել: Արդարեւ, մի՞թե ֆենոմենալ չէ փաստը, որ Միջին եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, նաեւՙ Անդրկովկասում, լուսանկարչությունը հայկական ծագումնաբանություն ու կիրառում ունի, իսկ մեր արվեստագետ լուսանկարիչներից ոմանք հասել ու նվաճել են համաշխարհային բարձունքներ: Ազգային ո՞ր հատկանիշներն են, գենետիկ ի՞նչ մղումներ են, որ հայերին մղել են, դեռեւս 19-րդ դարի կեսերին, այս տարածաշրջանում ընտելանալ այդ գործիքին եւ լավագույնս կիրառել այն:

Կարծում ենք իսկական ժամանակն է Երեւանում ունենալ հայկական լուսանկարչության ֆենոմենը, հայ վարպետների գործերը, ժառանգությունը մեկտեղելու, պահպանելու եւ ուսումնասիրելու հարմար վայր, թանգարան: Լուսանկարչական արվեստի համար անհրաժեշտություն է ցուցադրական տարածքներ ունենալը, որը, ի դեպ, շատ գրավիչ կլինի աշխարհի լուսանկարիչների համար եւս: Իսկ լավ լուսանկարչի լավ գործերի ներկայացումը միջազգային տարբեր ցուցահանդեսներում, ալբոմներում եւ ամսագրերումՙ նշանակում է լավագույն եւ էժանագույն քարոզչություն մեր երկրի համար:


Ժամանակակից թվային տեխնոլոգիաների առաջընթացի դարում, երբ լուսանկարչությունը համընդհանուր մատչելիություն ձեռք բերեց, նայելով նրա անցած ուղունՙ ակնհայտ կտեսնենք նրանում գոյություն ունեցող հայկական ֆենոմենը:

Ճակատագրի բերումով մեր ժողովրդի մի զգալի հատված սփռվեց աշխարհով մեկ, հաստատվելով իրեն ապաստան տված երկրում, ուր կարճ ժամանակում իր ձիրքերի, համառության եւ աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում ունեցավ տվյալ պետության բազում բնագավառներում:

Ժամանակագրական առումով հայ լուսանկարիչների գործունեության ամենավաղ տվյալներն այսօր պատկանում են Աբդուլլահ (Հիւրմիւզեան) եղբայրներին: XIX դարի 50-ական թվականներին, երբ դեռ լուսանկարչությունը նոր էր զարգանում եւ արվեստագետ լուսանկարիչներին մատների վրա կարելի էր հաշվել, Աբդուլլահները նրանց թվում էին: Նրանք Պոլսի Բեյօղլու պողոտայում (Բերա թաղամաս), այսօրվա «Հաշեթ» գրավաճառատան դիմաց գտնվող շենքի վերեւի հարկում բաց արած լուսանկարչատանը բարձրարժեք գործեր էին ստեղծում: Նրանց թողած գործերը, պատմական տեսանկյունից դիտված, մեծ արժեք են ներկայացնում: Լինելով Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրադ Ռափայելյան վարժարանի սաներ` նրանք իրենց թե՛ հայրենասիրական եւ թե՛ լուսանկարչական գործունեությամբ պատիվ են բերում նաեւ այդ անվանի կրթօջախին: Վիչեն Աբդուլլահյանը իր եղբոր` Գեւորգի հետ (որն եղբայրների մեջ ամենատաղանդավորն էր), արժանացել է անգլիական «Թայմս» օրաթերթի բարձր գնահատականին, ինչը խոսում է եղբայրների գեղագիտական բարձր արժանիքների մասին: Եղբայրներից անդրանիկը` Վիչենը, նաեւ գերազանց մանրանկարիչ էր: Սուլթան Աբդուլ Ազիզը իր դիմանկարի համար «Ռեսսամը Հազրեթի շեհրիարի» տիտղոսով արքունի լուսանկարիչ է կարգել նրան:

Տասնիններորդ դարի կեսին, Աբդուլլահ եղբայրների աստղը փայլում էր Պոլսի երկնակամարում: Նույն դարի 60-ական թվականներին, զբոսաշրջիկների համար հրատարակված ուղեցույցում, անգլիացի Մուրեյը զանազան տեղեկությունների հետ մեկտեղ տալիս է նաեւ ծանոթություն լուսանկարիչների մասին, ուր կարդում ենք.

«... Աբդուլլահ եղբայրները, որոնք կայսեր եւ արքունիքի լուսանկարիչներն են, բոլորից անվանիներն են: Ազնվական ընտանիքից սերված եւ իրենց սքանչելի տաղանդով եվրոպացի արվեստագետների նման մեծ համբավ են վայելում: Նրանք լուսանկարիչներ են, որոնց հետ այսօր ոչ ոք չի կարող մրցել: Զբոսաշրջիկները նրանցից անպայման լուսանկարներ են գնում եւ իբրեւ հիշատակ Պոլսից իրենց երկիրն են հասցնում»:

Ժամանակ անց լուսանկարիչ Պողոս Թարգյուլը դարձել է արվեստագետ եղբայրների գլխավոր մրցակիցը` հիմնելով իր «Ֆոտո Ֆեբյուս» լուսանկարչատունը: Նա առաջինն է Թուրքիայում, ում հաջողվում է պատկերները նրբորեն գունավորել, ինչի շնորհիվ սուլթանը, ի նշան բարձրագույն գնահատականի, նրան նշանակել է արքունիքի միակ լուսանկարիչ: Պողոս Թարգյուլը միաժամանակ բաց է արել «Ապոլո», «Սեբահ» եւ «Ժոայիե» ֆոտոստուդիաները, որտեղից հետագայում դուրս էր գալու Ժակ Իսկանդեր հայազգի լուսանկարիչը` տերը դառնալով վերջինիս եւ վերանվանելով այն «Սեբահ»: Հիշատակենք մի քանի լուսանկարչի անուններ Կ. Պոլսիցՙ Խնդամեան, Ամիրաեան, Կիւլմեզ եղբայրներ (Երուանդ, Արթին, Գրիգոր), Իթարեան, Փափազեան եղբայրներ, Չիվիթճի, Իզմիրլեան, Չամլճեան, Զիլփօշեան, Չօպանեան եղբայրներ, Գալֆայեան, Գարագաշեան, Ահարոնեան, Չրաքեան եւ այլք: Իսկ տարածաշրջանում գործող բազմաթիվ լուսանկարիչներիցՙ Դիլդիլյան եղբայրներ (Ցոլակ, Խաչիկ), Ճէվահիրճեան, Չիչեքեան, Մոստիչեան, Եուսուֆեան, Դոնաթոսեան, Նազարեթեան, Թութունջեան, Հալաջեան, Մսրլեան, Սուրսուրեան եղբայրներ (Յարություն, Մարտիրոս, Յովհաննէս) եւ ուրիշներ: Այսպես շռնդալիցՙ լուսանկարչության արվեստը մուտք գործեց Թուրքիա եւ զարգացավ հիմնականում հայերի միջոցով` հասնելով աննախադեպ բարձունքների:

Հայ լուսանկարիչների գործունեությունը ուղղակի ժամանակի շունչը զգալու, գյուտի նշանակությունը գնահատելու, ձեռներեցության, աշխատասիրության, ճաշակի արդյունք է:

Հազվագյուտ լուսանկարիչներ կարող էին ներկայանալ որպես գեղագետ- լուսանկարիչ, իրենց հատուկ ստեղծագործական ոճով: Հարկավոր էր ունենալ իսկական նկարչի տաղանդ, գիտենալ լուսանկարչական տեխնիկան, քիմիան: Այդպիսի հայազգի վարպետներ ի հայտ եկան մի շարք երկրներում:

Միջին Արեւելքում եւս լուսանկարչական գործի զարգացման մեջ հայ լուսանկարիչները լուրջ ու ծանրակշիռ գործունեություն եւ ավանդ են ունեցել:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Եսայի արք. Կարապետյանը լուսանկարչության առաջին դասերը առել է իր մտերիմ Աբդուլլահներից: Իր լուսանկարչական գիտելիքները կատարելագործել Եվրոպայում: Պատրիարքի ջանքերով 1865 -ին այստեղ բացվել է լուսանկարչության առաջին դպրոցը, որտեղ կրթվել ու դաստիարակվել է լուսանկարիչների հինգ սերունդ, որոնց մեջ կան նշանավոր անուններ: Պատրիարքը լուսանկարել է, գրել գիրք լուսանկարչության վերաբերյալ, երազել է հրապարակել Երուսաղեմի հայկական եկեղեցական գանձերի ալբոմը:

Երուսաղեմի լուսանկարիչներից հիշենքՙ Կարապետ Գրիգորեան, Մարտիկեան, Գահվէճեան, Եազըճեան, Արամ Խաչատուր, Հերունյան, Արշալոյս, Ժ. Թումանեան անունները:

Հայ արվեստագետ լուսանկարիչներն իրենց գործերով չզիջեցին եվրոպական լուսանկարչական ընտրախավին, ստեղծելով գեղարվեստական բարձրարժեք գործեր` արժանանալով գերագույն գնահատականների: Նրանց լուսանկարչական կնիքները համառոտ կենսագրականներ են, որտեղից մենք քաղում ենք արժեքավոր տեղեկություններ այն մասին, թե ի՞նչ մրցանակների, պարգեւների, տիտղոսների տեր են եղել այդ կնիքների տերերը, նրանց հասցեները, նույնիսկ հեռախոսի համարները, թե ինչ աշխատանքային հնարավորություններ են ունեցել: Լուսանկարիչների գործնական հնարավորություններն արձանագրված են այսպիսի նշումներով` «Եղանակը խանգարող չէ լուսանկարչությանը», «Կատարվում են գիշերային լուսանկարներ», «Մեծացնում եմ պահանջվող չափերի» եւ այլն:

Հայազգի լուսանկարիչներն իրենց ստեղծագործություններով միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բարձրագույն պարգեւների` «Գրան-Պրի»-ի, ոսկե եւ արծաթե մեդալների, ինչը նրանց բարձր վարպետության արժանիքն է հավաստում:

Պարսկաստանում ծնված եւ Թիֆլիսում Երմակովի արվեստանոցում լուսանկարչության հիմնավոր կրթություն ստացած մեծն վարպետ Անթուան խան Սեվրուգինը, Բրյուսելի 1897-ի միջազգային ցուցահանդեսում ստացել է իր առաջին ոսկե մեդալը, իսկ երկրորդը 1900-ինՙ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում: Իր գործունեության բարձր արժանիքների համար Նասր էդդին Շահը` Անթուան Սեւրուգինին «խան» տիտղոսի հետ մեկտեղ «Առյուծի եւ արեւի» թագավորական ադամանդակուռ (Շիրուխորշիդ) շքանշանով է պարգեւատրել, որոնք պատկերված են լուսանկարչի կնիքի վրա: Լինելով պալատի պաշտոնական լուսանկարիչը, Սեվրուգինը մեծ համբավ էր վայելել ոչ միայն արքունիքում, այլեւ նրա պատերից դուրս, ինչի վառ ապացույցն է այսօր աշխարհի մի շարք հռչակավոր թանգարաններում պահպանվող նրա լուսանկարչական ժառանգությունը:

Սեվրուգինի թոռանՙ պարոն Էմանուէլ Սեվրուգյանի աննախադեպ նվիրատվության շնորհիվ, այսօր Մատենադարանում բացվել է իր հորՙ Անդրե Սեվրուկյանի (Դերվիշ) գեղանկարների եւ իր պապիՙ Անթուան խան Սեվրուգինի լուսանկարների մշտական ցուցադրությունը:

Պարսկաստանում Փեհլեվիների գահակալության օրոք պալատի լուսանկարիչն է դարձել Երվանդ Միքայելյանը, որն արդեն 1951-ից ունեցել է իր անձնական լուսանկարչատունը Թեհրանում եւ արքունի լուսանկարչի պաշտոնում գործել է մինչեւ 1979 թ. իր Ամերիկա տեղափոխվելը:

Այս տարածաշրջանում աշխատել են այնպիսի վարպետներ, ինչպիսիք ենՙ Պատկերահանյան Մինասը, ում ազգանունը արդեն խոսում է իր գործունեության մասին, Մաթեւոս Ղարախանյանը, Մանուկ Մարտինը, Թունի Հովհաննիսյանը, Մ. եւ Ա. Խաչատրյանց եղբայրները, Օսիպյանցը, Ա. Տեր-Հովհաննիսյանցը, Հ. Փափազյանցը, Հովսեփ Տեր-Կյուրեղյանը, Նիկոլ Ֆերեդանին, Հովսեփ Հովսեփյանցը (Յուսուֆ Խան), որ պալատական նշանավոր հայ լուսանկարիչներից է եղել եւ արժանացել է «աքաս բաշի» (գլխավոր լուսանկարիչ) տիտղոսի: Մեծանուն հայ լուսանկարիչների գործն ու գործունեությունը այսօր շարունակում են Սիմոն Այվազյանը, Արման Ստեփանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հովհաննես Մալյանցը, Սուրեն Ստեփանյանը, Կորյուն Սարգսյանը, Ավո Հովհաննիսյանը: Վերջինս նաեւ հեղինակն է «Ջուղայի Հայ լուսանկարիչները» պրակի:

Լուսանկարչական մեծ վարպետության, գեղագիտական նրբազգացության եւ նրբաճաշակության, նաեւ մարդկային բարձր որակների շնորհիվ հայազգի լուսանկարիչները դարձել են արքաների, պետության նախագահների անձնական լուսանկարիչները:

Եթովպիայի արքունիքում Բոյաջյանները 1904-1974-ը հաջորդաբար ծառայել են պալատական լուսանկարչի պաշտոնում: Պետրոս Բոյաջյանը եւ ապա նրա զավակներիցՙ Հայկազը, հետագայում էլ Թոնին (Թորգոմ) եւ քույրըՙ Դիկին (Տիգրանուհի) Բոյաջյանները, չնայած քաղաքական կյանքի տարերքներին` բարձր պահեցին արքունական լուսանկարչի իրենց անունը եւ Ադդիս-Աբեբայի իրենց հաճախորդների հարգանքը:

Պետրոս Բոյաջյանը լուսանկարիչ էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդը նրան առաջարկում է իրեն ուղեկցել Եթովպիա` պաշտոնական մի ճանապարհորդության: Այստեղ Եթովպիայի Մենելիկ կայսրը գնահատելով լուսանկարչի աշխատանքը` հրավիրում է նրան ապրելու իր երկրում: Պետրոսը համաձայնվում է եւ տեղափոխվում Եթովպիա: Մենելիկ կայսեր օրոք միայն բարձրաշխարհիկ անձինք կարող էին իրենց թույլ տալ լուսանկարվել:

Պետրոս Բոյաջյանը, որն Եթովպիայում հայտնի էր նաեւ որպես «Մուսա Պետրոս», վայելում էր սոցիալական անբեկանելի հարգանք, որի մասին է վկայում նաեւ այն, որ նա Եթովպիայի հայկական համայնքի նախագահն էր:

Պետրոսի վեց երեխաներից երկրորդը` Հայկազը շարունակում է հոր գործունեությունը: 1929թ-ին Լաս Տարաֆին նրան շնորհում է կայսերական արքունիքի լուսանկարչի պաշտոնը: Այս տարիներին Բոյաջյանների ստուդիան մեծ ծաղկում է ապրում, քանի որ այդ օրերից սկսյալ անհրաժեշտություն էր դարձել փաստաթղթերի վրա ունենալ լուսանկար: Ստուդիան դառնում է նաեւ արտասահմանյան լուսանկարչական գործիքների այնպիսի բրենդների դիստրիբյուտոր, ինչպիսիք են Կոդակը, Gevaert-ը եւ Ագֆան:

Բոյաջյանների ընտանիքի 3-րդ փուլը սկսվում է Եթովպիայի ազատագրումով, 1941 թ-ին: Կրտսեր եղբորը` Թորգոմին, առաջարկվում է զբաղեցնել արքունիքի պաշտոնական լուսանկարչի պաշտոնը Հայլե Սելասի կայսեր օրոք: Թորգոմը, որին անվանում էին Թոնի, ծնվել է 1920-թին: Նա ընդամենը 21 տարեկան էր, երբ ստանձնում է այդ պաշտոնը: Զբաղվում էր նաեւ վիդեո նկարահանմամբ: Նա մասնագիտանում էր ավելի ռեպորտաժի մեջ, այն դեպքում, երբ քույրը` Տիգրանուհին, որին անվանում էին Դիկի` դիմանկարների մեծ վարպետ էր: Բոյաջյանների ստուդիայի վերջին պաշտոնական լուսանկարը Տաֆարի Բենտիի` զինվորական ժամանակավոր կառավարության նախագահի լուսանկարն էր: Թոնին կայսերական արքունիքի վերջին եւ Հանրապետության առաջին լուսանկարիչն էր:

Բոյաջյան ընտանիքի անդամները ննջում են Ադդիս-Աբեբայի Սուրբ Պետրոս-Պողոս գերեզմանատանը: Իսկ որտեղ է արդյոք հիմա Բոյաջյանների անգնահատելի ժառանգությունը` լուսանկարները, ժապավեններրը: Ոչ ոք չգիտե:

Զոհրապ Մարգարյանը եղել է Հորդանանի Հուսեյին թագավորի անձնական լուսանկարիչը: Լուսանկարչական ցուցահանդեսում շահել է թագուհու կողմից նշանակված առաջին մրցանակը, որը երիտասարդին իրավունք էր ընձեռում լուսանկարչական կրթություն ստանալ Շվեյցարիայում: Դասընթացն ավարտած լիարժեք գիտելիքներովՙ նշանակվել է արքունի լուսանկարիչ եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ Հուսեյն թագավորի գահակալության ավարտը: Հեղինակ է բազմաթիվ հրատարակությունների:

Վլադիմիր Մուսայելյանը եղել է Սովետական Միության ղեկավար Լեոնիդ Իլիչ Բրեժնեվի անձնական լուսանկարիչը: 1965 ՏԱՍՍ-ի առաջարկով եւ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեում նրա թեկնածությունը հաստատելուց հետո նրան հանձնարարվել է տիեզերական թեման: Աշխատելով այս գաղտնի թեմայի շուրջ` լուսանկարիչը ամիսներով «կորել է» Աստղային քաղաքում կամ Բայկոնուրում` ակամա վկան դառնալով բազմաթիվ անակնկալների, ուրիշների աչքերի համար չնախատեսված դեպքերի: Ղազախստանի տափաստաններից վերադառնալով դառնում է Կրեմլում Լ. Ի. Բրեժնեւի անձնական լուսանկարիչը` 28 տարեկան հասակում: Աշխատասեր Վլադիմիրը մեկընդմիշտ գերել է Բրեժնեւին, նրա պահակախմբին եւ աշխատակազմին: Դիմավորողները հաճախ տեսնել են ինքնաթիռից առաջինը իջնող ոչ թե Լեոնիդ Իլյիչին, այլ լուսանկարիչ Մուսայելյանին, որը շտապում էր գրավելու անհրաժեշտ դիրք մինչեւ Գլխավոր քարտուղարի երեւալը: Որպես քաղաքական ռեպորտաժի պատասխանատու նրա աշխատանքը նույնպես պսակվել է հաջողությամբ: Այս բնագավառում արված բազմահազար աշխատանքներից Չիլիի Կոմկուսի փրկված առաջնորդ Լուիս Կորվալանի հանդիպման ժամանակ Բրեժնեւի հոսող արցունքները Հոլանդիայում տեղի ունեցող «Ուորլդ Պրես Ֆոտո»-ի ամենամյա մրցույթում «Ոսկե աչք» մրցանակ բերեցին Մուսայելյանին այն դեպքում, որ տեղական մամուլում տպագրվեց արցունքի կաթիլը վերացված: «Առաջնորդներին լուսանկարելը ծանր խաչ է», ասում էր վարպետ Մուսայելյանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո նրան անվանեցին «Կայսրության վերջին լուսանկարիչը»: Ռուսաստանցի եւ արտասահմանցի թղթակիցներ շատ անգամ հեղինակից ցանկացել են ստանալ բացառիկ լուսանկարներ` հատկապես կապված Լեոնիդ Բրեժնեւի կյանքի վերջին տարիների հետ, նրան խոստանալով մեծ գումարներ, ինչին Մուսայելյանն անփոփոխ պատասխանել է. «Я доверием не торгуюсь»:

Ռուսաստանում Մուսաելյանից զատ այս բնագավառում իրենց ներդրումը ունեցան Պավել Ֆլորենսկին, Գանի Այվազովը, Գեորգի Նագրալյանը, Բորիս Բարատովը եւ ուրիշներ:

Եղեռնի արհավիրքը վերապրած, սիրիական անապատներով անցած հայ ժողովրդի ծվենները հասնելով Հալեպ, բարեբախտաբար գտան արաբ ժողովրդի բարյացակամ ընդունելությունը, որտեղ եւ հայը դրսեւորեց իր շնորհքն ու աշխատասիրությունը: Միջին Արեւելքի տարածքում հանգրվանած հայությունը սկսեց վերածնվել զգալի ներդրումներ ունենալով իր նոր ծննդավայրում: Հալեպի եւ Բեյրութի լուսանկարչական տարածքը ամբողջությամբ հայ արվեստագետ վարպետների ձեռքին էր: Մանուկ Ալեմյան, Հայկ Ավետիսյան, Արամ Կիրակոսյան, Սարաֆյան եղբայրներ (Աբրահամ, Պողոս, Սամուէլ), Հովհաննես Ճերեճյան («Շիրազ»), Ներսես Ներսեսյան, Հովհաննես Չամսարյան, Դավիթ Պոյաճյան, Վարուժան Սեթյան, Լեւոն Վանեցյան, Գաբրիել Պողիկյան, Հովհաննես Զուլումեան, Տերունյան եղբայրներ:

Վարդան Տերունյանը 1908-ին անցել է Բեյրութ, որտեղ 3 տարի աշխատել է նշանավոր Սարաֆյան եղբայրների լուսանկարչատանը:

Սույն հաստատությունում արհեստի մեջ բավականին հմտացածՙ որոշել է այն ինքնուրույն կիրառել եւ այդ նպատակով մեկնել է Սուդան, ապա անցել է Եգիպտոս, ուր աշխատանքի է անցել հայտնի շվեյցարացի լուսանկարիչ Հենցելմանի մոտ: Գործի մեջ կատարելագործվելով եւ լավագույնս տիրապետելով լույսի եւ ստվերի գաղտնիքներինՙ արժանանում է համբավավոր լուսանկարչի անվերապահ գնահատականին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաստատվել է Հալեպում եւ միացել իր լուսանկարիչ եղբայրներին` Հակոբին եւ Ֆիլիպին: 1922-36-ին ստեղծել է Հալեպի արվարձաններում ծվարած այսպես կոչված գաղթականների քեմփերին նվիրված լուսանկարների շարք: Այդ լուսանկարները մեծապես օգնել են բարեսիրական, մարդասիրական կազմակերպություններին: Ահա թե ինչ է գրել ժամանակակից հուշագիրը. «Ազգերու Դաշնակցութեան ներկայացուցիչ Միս Քարէն Եփփէի որբերուն խմբանկարները կը տանին արտասահման Սուրիոյ լոյսն ու Տէրունեանի ճարտարութիւնը, փոխարէնը բերելու համար ի Սուրիա նպաստ ու գնահատանք: Շնորհակալ եւ օգտաշատ ծառայութիւն մըն է ասիկա, որուն պատմական, փաստա-վաւերագրական արժէքը անգնահատելի է» :

1927-ին կառավարության հանձնարարությամբ լուսանկարել է Ալեքսանդրետի եւ Անտիոքի (Սանջակի) շրջանի պատմական հուշարձանները ու տեսարժան վայրերը:

Երեւանից Գեղամ Թարվերդյանցին էր վիճակված երկակի ոսկե մրցանակներ կրելու պատիվը հայկական լուսանկարչության պատմության մեջ: Երեւանում ֆոտոտաղավար ունեցող առաջիններից մեկը, որի լուսանկարչատունը գտնվել է Աստաֆյան փողոցի թիվ 11 հասցեում, այժմյան Հանրապետության հրապարակի վրա, ներկայիս «Արարատ» ռեստորանի կամարի տեղում, որի բակում նա ապրել է իր ընտանիքով: Լուսանկարչությունը սովորել է Լայպցիգում: Ունեցել է իր ժամանակի համար հազվագյուտ 50x60 չափի լուսանկարչական ֆոտոխցիկ եւ լուսանկարչությանը վերաբերող մեծ գրադարան` գերմաներեն եւ ռուսերեն: Բնիկ երեւանցի Գեղամ Թարվերդյանցի 1909 -ին Ռոտերդամում, իսկ 1910 թվականինՙ Հռոմում կայացած ցուցահանդեսից ստացած ոսկե մեդալները պարզապես ապշեցնում են: Հիշելով այդ թվականների Երեւանը` անկախ քեզանից հարցնում ես, թե արդյոք ինչո՞վ է հայ վարպետի գործն առանձնացել ու գրավել ամեն ինչ տեսած խստապահանջ եվրոպական ժյուրիին` նրան արժանացնելու համար բարձրագույն ոսկե մրցանակների: Պահպանվել է կնիք, որը տեղեկացնում է, որ նա աշխատել է իր ընտանիքի հետ միասին:

Թեոդիկը տեղեկացնում է, որ 19-րդ դարի 30-ականներին Փարիզում կար 3500 լուսանկարիչ, բայց հայազգի լուսանկարիչ Հակոբ Սեմերջյանին էր վիճակված լուսանկարել Ֆրանսիայի նախագահներ Պոլ Դումերի եւ Ալբեր Լեբրենի պաշտոնական դիմանկարները: Այս ժամանակաշրջանում Փարիզի համբավավոր լուսանկարիչներից էին նաեւ Գրիգոր Ջոլոլյանը եւ Աբել Մինասյանը, իսկ այսօր նրանց դրոշարշավը շարունակում են Խաժակ Օհանյանը եւ Անտուան Ագուջյանը:

Անցյալի փաստացի վկաներն են լուսանկարչական կնիքները, նրանք նաեւ լուսանկարիչների անձնագրերն են, որոնց վրա տպագրված տեղեկատվության շնորհիվ ճանաչում ենք մեր ժառանգության արժանիքը, եւ որը մեկ անգամ եւս փաստում է հայ լուսանկարիչների ֆենոմեմը լուսանկարչության պատմության զարգացման մեջ թե՛ որակի, թե՛ քանակի առումով: Ցավոք, քիչ կնիքների վրա ենք հանդիպում գործունեության տարեթիվ: Այդ եզակիների շարքում է անվանի լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղեւոնդյանցի ռուսերեն եւ հայերեն մակագրությունը, որից տեղեկանում ենք, որ լուսանկարչատունը գտնվել է Թիֆլիսի կենտրոնական մասում` Միխայլովյան կամրջի վրա, եւ որ գոյություն է ունեցել 1864 թվականից: Սա վկայում է, որ լուսանկարչատունը Թիֆլիսում առաջիններից մեկն է եղել, եթե ոչ առաջինը: Մեզ է հասել նրա բարձրարժեք դիմանկարների շարքըՙ Կոմս Միքայել Լորիս-Մելիքով, Խրիմյան Հայրիկ, Րաֆֆի, Նալբանդյան, Լազարյան, Տեր-Ղուկասով, Աղայան, Սիրանույշ, Պատկանյան, Պեշիկթաշլյան, Արծրունի, Թումանյան, Սունդուկյան, Չերազ եւ էլի շատերը: Գրիգոր Տեր-Ղեվոնդյանցի գործունեությանն ենք պարտական, որ այսօր պահպանվել է հայ մշակույթի ու ազգի երեւելիների դիմանկարները սերունդների համար: Հայտնի երգահանՙ Անուշավան Տեր-Ղեվոնդյանը լուսանկարչի վեց զավակներից առաջնեկն էր:

Լուսանկարչական կնիքների հիման վրա պատկերացում ենք կազմում տվյալ տարածաշրջանի լուսանկարչական կյանքի մասին:

Թիֆլիսի հանրահայտ «Լույս» անվանումով լուսանկարչատան կնիքը պատմում է, որ լուսանկարիչ Բաբալովը (Գրիգոր Հակոբի Բաբալյան) արժանացել է պարգեւի Նորին կայսերական մեծություն Նիկոլայ II-ից: Նա եղել է Բուխարայի էմիրի լուսանկարիչը, ինչպես նաեւ Պարսկաստանի շահի պալատական լուսանկարիչներից մեկը` արժանանալով բարձրագույն «Ոսկյա» առյուծի եւ ադամանդակուռ աստղի շքանշանի: Եղել է կովկասյան տարածաշրջանի «Կապույտ խաչի» կոնտրագենտ եւ ունեցել է մասնաճյուղ Ելենենդորֆում: Նրա վաղ շրջանի` թանաքով դաջված պարզ կնիքից, եւ մյուս վեց կնիքներից մինչեւ վերը նշվածը տեղեկանում ենք, որ նրա աշխատանոցը եղել է Միխայլովսկի փողոցի տարբեր հասցեներում եւ Թիֆլիսից բացի ունեցել է մասնաճյուղեր Ելիզավետպոլում եւ Ելենենդորֆում:

Թիֆլիսում գործող լուսանկարչուհի Ելիզավետա Մուշեղյանի կնիքը պատմում է, որ լուսանկարչուհին արժանացել է բարձր գնահատականի Նորին գերազանցություն Միխայիլ Ալեքսանդրովիչից, ինչպես նաեւ ստացել մեծ արծաթե մեդալ` «Գեղեցկագույն լուսանկարների համար» եւ որ լուսանկարչատուն է ունեցել նաեւ Ալեքսանդրապոլում, որը, ի դեպ, ձեռք է բերել լուսանկարիչ Փալանջյանը:

Պահպանված կնիքներից մի հակիրճ ծաղկաքաղ հայաշատ Վրաստանում գործող լուսանկարիչների: Թիֆլիսի վարպետներՙ Վ. Աճեմյան, Տ. Վարդանով, Ա. Կարապետյան, Ս. Սողոմոնյանց, Տեր-Ստեփանոսյանց, Ա. Այվազով, Բ. Այվազով, Հ. Շահբազյան, Ե. Ջանիբեկով, Գ. Գանջունցեւ, Մ. Մելիք-Մուսիյանց, Ա. Բաշինջաղյան, Լ. Մարգարյանց, Ա. Լալայանց, Պերճ Աշտարակեցի (Պռոշյան), Ե. Մելիքյան, Ա. Լալայանց, Ա. Անանով, Ս. Տեր-Բորեցյան, Մ. Սմբատյանց, Ա. Թումանով, Ս. Քյուրքչյան, Վ. Բարկանով: Լուսանկարչատուն Մուրադյան, Լուսանկարչատուն Արթյուր եւ Մամիկոնյանց, Լուսանկարչատուն «Ժոզեֆ», Լուսանկարչատուն «Մասիս», Անդրանիկ Մնջոյան, Վիգեն Վարթանով, Ազատ Մանուկյան: Իսկ տարածաշրջանիցՙ Ա.Անիեւՙ Նուխի, Անիսոնյանց, Կ. Տեր- Ասատուրովՙ Քութայիսի, Մելքոն Քաջխոյան, Արիստակես Շահանյան, Ու. Ֆեթվաճյան, Ա. Անանյանՙ Բաթում: Ավետիսով եղբարք (Վարդան եւ Հարություն), Վահան Ալբերտով, Ենովք Գասպարյան, Լեւոն Կապոյան, Ա. Եղիազարով, Միշա Ղազանջյանՙ Ջավախք:

Թբիլիսահայ լուսանկարիչների նոր սերունդը գլխավորեցին Ալեքսանդր Արությունովը եւ Ալեքսանդր Սահակովը, ապա Յուրի Մեջիթովը, ովքեր իրավամբ կարող են համարվել թբիլիսյան ժամանակակից լուսանկարչական դպրոցի հիմնադիրները: Առանձնակի պետք է նշեմ սիրելի ընկերոջսՙ Սարգիս Դարչինյանի լուսանկարչության նվիրյալի անմնացորդ գործունեությունը:

Բաքուն նույնպես հարուստ էր հայ լուսանկարիչներով, ովքեր եղել են այստեղ լուսանկարչություն հիմնադրողները եւ տարածողները: Դավիթ Ռոստոմյան, Վ. Ռոստոմյան, Գ. Աղայանց, Մ. Մելիք-Մուսիյանց, Աշխեն Ի. Արիստակովա, Կարապետ Իսահակյան, Խ. Վարդանյանց, Ա. Լուարսաբով, Անգլիական լուսանկարչատուն, Ժորժ, Կենտրոնական լուսանկարչատուն, Դումանյան լուսանկարչատուն: Մելիքսեդեկյանի տպված կնիքի վրա տեսնում ենք թանաքով կնքված «Ռեմբրանդտ» լուսանկարչատան անունը: Իսկ արդեն պոլիգրաֆիական տպագրությամբ «Ռեմբրանդտ» կնիքից տեղեկանում ենք, որ նրա տերը` լուսանկարիչ Գ. Բաբայանը, Բելգիայի գեղարվեստական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Իսահակ Մելիքյանի լուսանկարչական կնիքները վկայում են, որ նա արժանացել է բարձրագույն պարգեւիՙ կայսր Նիկոլայ II-ից եւ ոսկե մեդալի` Անտվերպենի միջազգային ցուցահանդեսում: Մասնաճյուղ է ունեցելՙ Բալախանիում:

Բուլղարիայի լուսանկարչության հիմնադիրներ են հանդիսանում Մարգարյան, Փափազյան եւ Հաջօղլյան լուսանկարչական գերդաստանները, որոնց գործունեությամբ է պայմանավորված լուսանկարչության տարածումն ու զարգացումը այս տարածաշրջանում: Վերջիններս եղել են բուլղարական լուսանկարչության առաջատարներըՙ ղեկավարելով Բուլղարիայի լուսանկարիչների միության գործունեությունը, եղել են «Բուլղարական ֆոտո» ամսագրի խմբագիրներ:

Ռումինիայում լուսանկարչությունը մուտք է գործել հայազգի Գայլով Ջորջեյի ջանասիրությամբ, ուր գործել են նաեւ հայազգի մի քանի այլ լուսանկարիչներ:

Ոսկե մեկական մեդալներով պարգեւատրվել են Աբդուլլահ եղբայրները Կ.Պոլսից: Կահիրեում աշխատող մեծ վարպետ Լեքեջյանը 1892 -ին Փարիզում կայացած միջազգային ֆոտո-ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ, իսկ 1893-ին Չիկագոյում կայացած միջազգային ցուցահանդեսում, ուր ներկայացնում էր Եգիպտոսը, արժանացել «Գրան-պրի»-ի: Բաքվում գործող հայտնի լուսանկարիչ Դավիթ Ռոստոմյանի կնիքը տեղեկացնում է, որ վարպետը եղել է Պարսկաստանի շահի արքունական լուսանկարիչներից մեկը եւ նվերների ու շքանշանների է արժանացել Նիկոլայ Ալեքսանդրովիչից, Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչից, Պարսկաստանի շահից, Ամենայն Հայոց Կաթողիկոսից, Բուխարայի Էմիրից: Ստացել է «Գրան-պրի» 1907 թ. Վիեննայի միջազգային ցուցահանդեսում:

Բելգիայում կայացած գեղարվեստական ցուցահանդեսում Բաքվի «Ռեմբրանդտ» լուսանկարչատան արվեստագետ լուսանկարիչ Գ. Բաբայանը նույնպես արժանացել է ոսկե մեդալի: Կնիքների վրա եղած տվյալները գալիս են ամբողջացնելու տարածաշրջանում գործած լուսանկարիչների մասին մեր գիտելիքները:

Տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ լուսանկարչությունը բաժանվեց երկու հիմնական ժանրի` տաղավարային, ուր պատրաստում էին դիմանկարներ, եւ վավերագրական:

Լուսանկարչության դիմանկարի ասպարեզում ունենք բազմաթիվ հռչակավոր վարպետներ աշխարհի տարբեր անկյուններում Արամ Ալբանը, Վան Լեոն, Արմանդըՙ Եգիպտոսում, Յուսուֆ Քարշը, Արթո Գավուքը, Արա Ավետիսյանը, Գալուստ Պապեանըՙ Կանադայում, Հակոբ Սեմերճյանը, Աբել Մինասյանըՙ Ֆրանսիայում, Անդրանիկ Քոչարըՙ Հայաստանում, Գարո Ջոնը, Գուրգեն Ռուզգերյանը, Արթուր (Հարություն) Չոլաքյանըՙ Ամերիկայում:

Գարո Ջոնը 1884թ. տեղափոխվել է ԱՄՆ, բնակություն հաստատել Բոստոնում: Նրա իսկական անունը Հովհաննես Մկրտիչ Կարոյան է, համարվել է իր ժամանակի ամերիկացի մեծագույն լուսանկարիչներից, եղել է լուսանկարչության նորարար, նրա արվեստը իր անվամբ կոչվել է «գարոգրաֆիա»: Լուսանկարել է ԱՄՆ -ի նախագահ Քելվին Քուլիջին, երգիչներ Էնրիկո Կարուզոյին, Ջերալդին Ֆերարիին, դերասանուհի Էթել Բարիմորին եւ այլոց: Զբաղվել է նաեւ գեղանկարչությամբ եւ երգարվեստով: Իր արվեստանոցից է դուրս եկել աշխարահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:

Ամիր Քարշյանի եւ Բահիա Նաքքաշի որդին հասակ է առել մանկության տխուր հիշողություններով, առնչված հարազատների կորստի` հալածանքների, հայրենի քաղաքի ավերման հետ, քաղաք, որը նրան հիշեցրել է «Շամիրամի կախովի պարտեզները»:

1922-ին ընտանիքը բռնել է գաղթի ուղին ու հանգրվանել Հալեպում: Պատանին երկու տարի անց մեկնել է ԱՄՆ, մորեղբոր` Նաքքաշի մոտ, որը եղել է լուսանկարիչ, դարձել է նրա օգնականը` մոռանալով բժիշկ դառնալու երազանքը: Նվեր ստացած լուսանկարչական խցիկով երեխաներ պատկերող մի լուսանկար է արել ու նվիրել դասընկերոջը: Ընկերն այդ լուսանկարը ներկայացրել է մրցույթի` առանց նրան տեղյակ պահելու, որը Հովսեփին բերել է առաջին հաջողությունը եւ հոնորարը: Շուտով նա ծանոթացել է բոստոնաբնակ լուսանկարիչ Ջոն Գարոյի հետ: Վերջինիս խորհրդով Քարշն ընդունվել է արվեստի դպրոց, ուսումնասիրել մեծ վարպետների գործերը, ձեռք բերել լույս-ստվերի, ձեւավորման ու կոմպոզիցիայի գիտելիքներ, իսկ Գարոյի արվեստանոցում` տեխնիկական հմտություններ: Գարոյի արվեստանոցը` Բոստոնի հայտնի արվեստագետների այդ հավաքատեղին, ստացավ «Քարշի համալսարան» անվանումը:

1941 թվականին Ուինսթոն Չերչիլի նկարած դիմանկարով մեծ համբավ է ձեռք բերել:

Քարշը լուսանկարել է իր ժամանակի ամենահայտնի անձանց, ԱՄՆ տասներկու նախագահների, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների, հռչակավոր դերասանների, գիտնականների, հասարակական գործիչների:

Հրատարակել է աշխատություններ գեղարվեստական լուսանկարչության մասին, մասնակցել լուսանկարիչների` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆինլանդիայում կայացած միջազգային համագումարների: Ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում: Նա նշել է. «Մարդկային անհատի նկատմամբ իմ հետաքրքրությունն անսահմանափակ է, եւ մեծագույն բավականություն է ինձ պարգեւում անձի իրական մեծությունը որսալ եւ պատկերել դիմանկարում» :

Համաշխարհային անուն ու ճանաչում ունեցող անձանց դիմանկարների նկարաշարով Յուսուֆ Քարշը միակն է եւ մնում է անգերազանցելի դիմանկարի ժանրում:

Լուսագրության ասպարզում հայազգի վառ անհատականությունների համաստեղության մեջ հայտնվեց նաեւ նա, ով հայտնագործած իր լուսանկարչական նոր եղանակով մեկ անգամ եվս հաստատեց «Լուսանկարչությունը շրջեց աշխարհը» արտահայտությունը:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպում Մելկիադեսից ձեռք բերած լուսանկարչական խցիկով Խոսե Արկադիոն նկարահանում էր տան անկյունները, հույսով, որ մի օր լուսանկարչական թիթեղի վրա կհայտնվի իր մեռած մոր հոգու պատկերը: Այսօր այդ նույն լուսազգայուն թիթեղի վրա արագացված ատոմների ռմբակոծման միջոցով գրանցվում է Մենդելեեւի աղուսյակի բացակայող էլեմենտները: Նույն այդ լուսազգայուն թիթեղի վրա չորացած տերեւից արտազատված բիոէներգիան, ապա իր մատների բիոդաշտի նկարահանումով, հայազգի գիտնական Սեմյոն Կիրլյանը հայտնագործեց լուսանկարչության նոր եղանակ: Գյուտը XX դարի խոշորագույն հայտնագործությունների շարքին է դասվում: Այն անվանվեց գյուտարարի անունովՙ Կիրլյանոգրաֆիա կամ Կիրլյանի էֆեկտ: Նորաստեղծ լուսանկարչության միջոցով անտեսանելի բիոէներգիան գրանցվեցՙ հաստատելով վերջինիս գոյությունը: Հայտնագործված եղանակը հնարավորություն է տալիս լուսանկարելու անտեսանելի բիոդաշտը, աուրան: Գյուտի համամարդկային նշանակությունը կայանում է վավերացված աուրայի միջոցով ախտորոշման եղանակի մեջ: «Ազգ»-ի նախորդ համարներում (հուլիս 22, 29) վարկած էի առաջարկել Թուրինում պահվող վուշե ծացկոցի վրա նեգատիվ տպված Հիսուսի մարմնի պատկերի եւ հայ Աբգար թագավորի վիսոն (ծովային մետաքս) անձեռակերտ դաստառակի մասին, որը այսօր ցուցադրվում է Իտալիայի Մանոպելո քաղաքի եկեղեցում, մեկնաբանելով դրանք կիրլյանոգրաֆիայի եղանակով:

Նշանավոր վավերագրող-լուսանկարիչ Հերրի Գունդաքչյանը արդեն 1950-ին դարձել էր «Թայմ Լայֆ»-ի ֆոտոթղթակիցը: 1969-ին նշանակվել է «Ասոշիեյտեդ պրես» գործակալության Բեյրութի մասնաճյուղի գլխավոր լուսանկարիչ: Տարիներ շարունակ համարվել է Մերձավոր Արեւելքի լավագույն ֆոտոլրագրողը: 1979-ին «Ասոշիեյտեդ պրես»-ը Հերրիին իր ընտանիքով փոխադրել է Նյու Յորք, որտեղ նա աշխատել է որպես այդ գործակալության Մերձավոր Արեւելքի բաժնի վարիչ: Աշխարհի հայտնի թերթերի առաջին էջերին տպագրվել են Թուրքիայի 1966-ի երկրաշարժը, ուժեղ ցիկլոնը Բանգլադեշում (1970), ինքնաթիռի առեւանգումը Աբու Դաբիում (1977), Իսրայելի 1982-ին Լիբանան ներխուժումը պատկերող նրա լուսանկարները: Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում` «Ասոշիեյտեդ պրես»-ի եւ «Ուորլդ պրես»-ի մրցանակներին: Հիմնականում աշխատել է Մերձավոր եւ Հեռավոր Արեւելքում, հաճախ գտնվել ամենաթեժ եւ վտանգավոր վայրերում: Լուսանկարել է Հորդանանի Հուսեյն թագավորի եւ Լիզա Հալաբիի (Նուր ալ-Հուսեյն թագուհու) ամուսնության արարողությունը, նախագահներ Անուար Սադաթին, Հաֆեզ Ասադին, Մուամմար Կադդաֆիին:

Լուսանկարիչ Հերրի Նալչայանը իր հերթին աչքի է ընկել Լիբանանում, 1958-ին արժանացել Արծաթյա պատվո շքանշանի: Նրա լուսանկարները տպագրվել են «Պարի մատչ», «Ռադար», «Իլյուստրասիոն» պարբերականներում: Բնակություն է հաստատել է ԱՄՆ-ում: 1959-ին դարձել է «Ուաշինգտոն փոստի» լուսանկարիչը, որին աշխատակցել է 35 տարի շարունակ: 1965-ին Սպիտակ տան լուսանկարիչների մրցույթում շահել է 2-րդ մրցանակը: «Հպարտ հայերը» խորագիրը կրող ծավալուն նյութով 1978-ին առաջին անգամ «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» ամսագրում ներկայացրել է Հայաստանը: Իր կողմից կատարված լուսանկարը, ուր պատկերված են Ամերիկայի չորս նախագահներըՙ Նիքսոնը, Ֆորդը, Ռեյգանը եւ Քարթերը, 1981-ին արժանացել է Ուորլդ Պրես ֆոտոյի «People in the News» վարկանիշի առաջին մրցանակին:

Որդին` Նշանը եւ դուստրըՙ Ջոյսը, քայլել են իրենց հոր լուսանկարչական ուղով, գրանցելով ակնառու հաջողություններ:

Ջոյս Նալչայան-Պողոսյանը եղել է Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչներից է եւ կրտսեր Բուշի անձնական լուսանկարիչը:

Սքաութ Թուֆենքճյանը 2008-ի Միացեալ նահանգների նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի լուսանկարիչն էր: Ընտրապայքարի ընթացքին կատարած նրա լուսանկարներով հրատարակվել է ֆոտոալբոմ: Դարձել է նախագահ Օբամայի անձնական լուսանկարիչը: «Հայկական Սփիւռք» ծրագրի շրջանակներում, Սկաութը եղել է Եվրոպայում, Միջին Արեւելքում, հասել է մինչեւ Հնդկաստանՙ լուսանկարելու աշխարհի չորս կողմերում գտնուող հայկական գաղթօջախները, որից ծնվեց «Միայն աշխարհը կայ» հատորը:

Իր գործում պրոֆեսիոնալ Կարո Լաչինյանը հաճախել է Մերիլենդի համալսարանը, Բոստոնի արվեստների ինստիտուտը եւ Մասաչուսեթսի համալսարանը: 1998-ից «Բոստոն Հերալդ» օրաթերթի լուսանկարչական բաժնի տնօրենն է: Աշխատել է նաեւ «Բալտիմոր Սան» եւ «Կոնկորդ Մոնիտորինգ» պարբերականներում:

Լուսանկարել է ալբանացի փախստականների վերադարձը Կոսովո, պայքարը խաղաղության համար Իսրայելում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին, Արցախյան պատերազմը, կուբացիների արտագաղթը Ամերիկա, Յութահում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերը եւ այլն: 2002 թ. ճանաչվել է տարվա լավագույն լուսանկարիչ Բոստոնի մամուլի լուսանկարիչների ասոցիացիայի կողմից: Պարգեւատրվել է պատվոգրով իր պատմվածքների համար: Դասավանդում է Բոստոնի համալսարանի ֆոտոլրագրության բաժնում: Հայկական լուսանկարների արխիվի «SAVE» ծրագրի տնօրենների խորհրդի անդամ է:

Ամերիկյան միջավայրում հայ լուսանկարչության ֆենոմենը լավագույնս դրսեւորած արվեստագետ է եղել Հարություն Չոլաքյանը: Անցյալ դարի 70-ականներին նա կարեւոր շարժում է սկսել աֆրոամերիկացիների համարՙ «Սեւը գեղեցիկ է» շարքով, որը հրատարակվել է անգլերենՙ մեծ տպաքանակով: Այդ լուսանկարներում Չոլաքյանը ներկայացրել է բացառապես սեւամորթուհիներիՙ մերկ եւ իսկապես գեղեցիկ: Չոլաքյանը հեղինակ է նաեւ շքեղ մի ֆոտոալբոմիՙ նվիրված Խ. Հայաստանին:

Հարավային Ամերիկան նույնպես հարուստ է հայազգի անվանի լուսանկարիչներով:

Լուսանկարիչ-կինոգործիչներ Արթուր եւ Աղավնի Փոլադյանների զավակը, մեծանալով լուսանկարչական միջավայրում` դեռ մանուկ հասակից մասնակից է դարձել հոր լուսանկարչական գործերին: Արդեն 15 տարեկանում լուսանկարել է 18x24 ապակի նեգատիվի վրա` կատարելով նաեւ ռետուշի նուրբ գործը: Հորից սովորել է նաեւ կինոգործ, իր գնած «Ռոլեյֆլեքսով» լուսանկարել հարսանյաց հանդեսներ: Դարձել է «Բանդեյրանտես» ֆոտոակումբի անդամ: 1960- ին Մոոկա քաղաքում բացել է անձնական լուսանկարչատուն, մոտիկից հետեւել «Բոսա նովա» երաժշտության զարգացմանը, լուսանկարել նրա մեծագույն կատարողներին: 1965-ին մուտք է գործել «Էքսելսիոր» հեռուստածրագիր որպես նկարահանող ռեժիսոր, ապա` «TV Պաուլիստա» եւ «TV Ռեկորդ» խոշորագույն հեռուստաընկերություններում աշխատել է օպերատոր եւ լուսանկարիչ:

1981-ին արժանացել է ԱՄԿՈ միջազգային սալոնի գլխավոր մրցանակին:

2006-ին «Սան Պաուլո 450» խորագիրը կրող իր ցուցահանդեսը ներկայացրել է Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Ներկայացրած 46 աշխատանքները նվիրել է Երեւանում ստեղծվելիք Լուսանկարչության թանգարանին:

Ունեցել է 23 անհատական ցուցահանդես: Մասնակցել է թվով 78 միջազգային ցուցահանդեսների, նվաճել 10 ոսկե, 22 արծաթե մրցանակ ու հատուկ դիպլոմներ:

Մարտին Քեշքիշյանը ծնվել է Բուենոս Այրեսում 1922-ին: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 14 տարեկանից:

1960-ին մասնակցել է Արգենտինայի ծովային ուժերի նախարարությանը կից լուսանկարչության ակումբի հիմնադրմանը, որի նախագահն է եղել 12 տարի շարունակ:

1972-ին առաջին անգամ իրականացել է նախնյաց երկիրը ճանաչելու երազանքը: Այնուհետեւ շուրջ 22 ճամփորդության արդյունքների արգասիքն եղավ «Հայաստանը երեկ, այսօր եւ միշտ», «Հայաստանն ու իր մարդիկ», «Մյուռոնօրհնություն», «16-դարյա քրիստոնեություն», «Հայաստան, իմ երկիր» եւ «Հայաստանը երեկ, Հայաստանը այսօր» գործերի շարքը, որոնք բազմաթիվ ցուցադրումներ են ունեցել Արգենտինայի եւ Ուրուգվայի ցուցասրահներում: Այցելել է ավելի քան 20 երկիր` լուսանկարելով հատկապես հայկական եկեղեցիները: Ունի լուսանկարչական մեծ շարքեր` նվիրված Արգենտինային եւ Անտարկտիկային:

Կոտորածներից մազապուրծ Շահինյան ընտանիքը 1922-ին հաստատվել է Հալեպում: Ավետիս Շահինյանը աշխատել է Վարդան Տերունյանի լուսանկարչատանը: Լուսանկարել է սիրիական խրոնիկան, որտեղ կան բազմաթիվ լուսանկարներ կոտորածներից փրկված հայության կյանքից:

1944-ին բաց է արել «Շահինյան» լուսանկարչատունը: 1963-ին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա եւ հաստատվել Սան Պաուլո քաղաքում: Շարունակել է ստեղծել վավերագրական լուսանկարներ: Իր թոռըՙ Նորայրը, ծնված 1979-ին Սան Պաուլո, մասնագիտությամբ ճարտարապետ էՙ հմտացած լուսանկարչության մեջ: Իրեն հատուկ տեսողական ընկալմամբ լուսագրում է շրջապատի աշխարհը: Հեղինակ է մի շարք գրքերի, որոնցից եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված վերնագրված է «Դատարկության զորությունը»: Գիրքը տպագրված է հայերեն, պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, թուրքերեն: Նույնանուն ցուցահանդեսը կայացել է Ստամբուլում եւ Երեւանում: Անհատական ցուցահանդեսներՙ 1999-ին Կանանց նվիրված լուսանկարների շարք, Սան Պաուլո: 2000-ին Բրազիլիայի հին եւ նոր ճարտարապետությանը նվիրված շարք, Սան Պաուլո եւ Չիլի: 2001-ին Մոնտեվիդեո, Ուրուգվայ: 2004-ին Երեւանում բաց է արել իր առաջին անհատական ցուցահանդեսը` նվիրված Բրազիլիային:

Սարգիս Դալլաքյան (մականունըՙ Աֆրիկանո) 1923-2005: 1930 թվականին ընտանիքը տեղափոխվում է Ղարաքիլիսա (Վանաձոր): Շատ կարճ սովորել է սպայական դասընթացներում եւ մեկնել ռազմաճակատ: 1942-ին գերի է ընկել: 1949-ին հանգրվանել է Սանթոս նավահանգստում: Այստեղ հասած մի գերմանացուց սովորել է լուսանկարչություն: Ինքնաշխատությամբ խորանալով մասնագիտական նրբություններումՙ 1952-ից սկսել է աշխատել որպես սպորտային ֆոտոլրագրող: Տիրապետել է հայերեն, վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իսպաներեն լեզուներին: Լուսանկարչական իր գործունեությունը հիմնականում կապված է Բրազիլիայի ֆուտբոլային կյանքին: Եղել է «Սանթոս», «Սան Պաուլո», «Պալմերաս», «Ֆլամինգո», «Ինտեր» ակումբների լուսանկարիչը:

Ներկայացնեմ ամերիկահայ լուսանկարիչների մի աստղաբույլ եւսՙ Արամ Ավագյան, Ալեքսանդրա Ավագյան, Լեւոն Փարյան, Արա Օշական, Կարինե Արմեն, Նուբար Ալեքսանյան, Ջեք Վարդուղյան, Սարգիս Բահարօղլու, Արմինե Ջոհաննես, Նունե Քարամյան, Թեդ Անդրեասյան, Ալեքսանդր Ալաջյան, Փոլ Գալինյան, Ռաֆայել Ղոթանյան, Թորոս Աբրահամյան, Անդրանիկ Ասարյան, Կարո Ահարոնյան եւ ուրիշներ:

Լոնդոնաբնակ մեր հայրենակցուհինՙ Իդա Քարը համարվել է իր ժամանակի լավագույն ֆոտոդիմանկարիչներից մեկը: Ծնվել է 1917-ին Տամբովում: Ուսանել է Ալեքսանդրիայի ֆրանսիական դպրոցում, Փարիզում հետեւել երաժշտության դասընթացի: 1940-ին Կահիրեում զբաղվել է լուսանկարչությամբ: Ունեցել է ցուցահանդեսներ Կահիրեի սյուրռեալիստների պատկերասրահում: 1944 -ին Լոնդոնում բացել է սեփական ֆոտոստուդիան: 1947-ին Լոնդոնի «Անգլո ֆրանսիական արվեստի կենտրոն»-ի ցուցադրությունը նրան մեծ հռչակ բերեց: Տարբեր երկրներում ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ:

1959-ին Երեւանում բացել է «Բրիտանական մշակույթի գործիչներ» խորագրով դիմանկարների ցուցահանդեսը: Բրիտանական խորհրդի երաշխավորությամբ այցելել է Մոսկվա եւ լուսանկարել մշակույթի եւ արվեստի անվանի գործիչներին: 1962-ին անգլիական գեղարվեստական «Ստուդիո» ամսագիրն իր համարներից մեկը նվիրել է Իդա Քարի լուսանկարչական ստեղծագործությանը: Այս նույն տարում Մոսկվայում բացվել է նրա գործերի մեծ ցուցահանդեսը:

Աշխարհում առաջին կին օվկիանոսագետըՙ Անիտան, ծնվել է 1899-ին մեծահարուստ հայի ընտանիքում: Լուսանկարել սկսել է 17 տարեկան հասակում: 1927- ին ամուսնացել է դիվանագետ Մարսել Կոնտիյի հետ: Լուսանկարչական խցիկը ձեռքին շրջագայել է աշխարհով մեկ: Ստեղծել է եզակի ֆոտոալբոմներ Շոտլանդիայի, Իսլանդիայի, Գրենլանդիայի մասին: Հրատարակել է բազմաթիվ պրոբլեմային հոդվածներ, պոեմներ, բանաստեղծություններ, փիլիսոփայական էսսեներ, ցուցադրել իր լուսանկարները աշխարհի շատ երկրներում: Իր ժամանակակիցները նրան անվանել են «Շրջազգեստով Մագելան»:

Ժակ-Իվ Կուստոն խոստովանել է, որ առանց Անիտա Կոնտիի պարզապես հնարավոր չեր կազմակերպել եւ ստեղծել Մոնակոյում գտնվող հանրահռչակ օվկյանոսագիտության թանգարանը: Անիտա Կոնտին Նորմանդիայի Սեն Ժակ նավահանգստի մոտ իր ծախսերով բացել է երիտասարդ նավաստիների դպրոց, որը այսօր կրում է իր անունը:

Իր կտակի համաձայն այս անզուգական տիկնոջ աճյունը ցրվեց Միջերկրական ծովում:

Մեծ հայրենասեր Հովհաննես Քյուրքչյանցը ունենալով լուսանկարչի մասնագիտություն` 1870-ին տեղափոխվել է Կովկաս: 1877 - 78-ին Ռուս - թուրքական պատերազմի տարիներին ծառայել է ռուսական բանակում որպես լուսանկարիչ: Բանակի հետ մուտք է գործել Անի, լուսանկարել Բագրատունյաց մայրաքաղաքի ավերակ կոթողները: Ըստ էության, հայ իրականության մեջ պատմական հուշարձանների լուսագրման գործի հիմնադիրն ու սկզբնավորողն է: Պատերազմի ավարտից հետո ամռանը Քյուրքչյանը կրկին այցելել է Անի: Չորս հոգանոց սպասարկող խմբով հանգամանորեն վերարտադրել է Անիի համայնապատկերը: Շուրջ հինգ ամսվա աշխատանքի արդյունքը եղել են «Ավերք Հայաստանի. Անի» խորագիրը կրող 40 ստերեո լուսանկարներ (այդ ժամանակ տարածված է եղել լուսապատկերների այդ եղանակը): Երեւանում ունեցել է իր լուսանկարչական տաղավարը:

Ակտիվորեն մասնակցել է ազգային ազատագրական շարժումներին, որի հետեւանքով ենթարկվել է ցարական կառավարության հալածանքներին, ինչի պատճառով հաստատվել է Վիեննայում: 1884-ին տեղափոխվել է Ինդոնեզիա, ապրել Սուրաբայայում:

Մատթեոս Մ. Փափազյանցը 1889 - 1892-ին Վաղարշապատի տպարանում հրատարակվել է հայկական միջնադարյան կոթողներին նվիրված հինգ գիրք: Յուրաքանչյուր հուշարձանի տեքստային մասը տպագրված է պոլիգրաֆիական եղանակով, իսկ հուշարձանները ներկայացված են գրքի մեջ փակցված լուսանկարներով: Ղազախի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Գողթան գավառի, Սյունիքի, Էջմիածնի եւ շրջակայքի պատմա-ճարտարապետական հուշարձանների հատորները կրում են «Հնութիւնք Վանօրէից» խորագիրը:

Հայկական պատմաճարտարապետական կոթողների լուսագրումը 1890 ականներից ստանձնում է Արամ Վրույրը, որն աշակերտել է նշանավոր լուսանկարիչ-արվեստագետ Հովհաննես Քուրքչյանցին:

1901-ին Անիի Սբ. Գրիգոր տաճարի (Գագկաշեն) ավերակների տեղը ճշտելու պատիվը Արամ Վրույրինն է, որն առաջինն է հայտնագործել դրանք: Մասնակցել է Ն. Մառի գլխավորած գիտարշավներին (Անի, Գառնի, Վան): Բազմիցս հանդես է եկել դասախոսություններով` Անիի պատմության վերաբերյալ:

1907-13 թթ. խմբագրել եւ հրատարակել է «Յուշարար» հանդեսը:

Արամ Վրույրի լուսանկարչական ժողովածուն ամբողջությամբ չի պահպանվել: Երկու դժբախտ պատահար հսկայական թվով նեգատիվների կորստյան պատճառ են դարձել:

1915-ին սեպտեմբերին ավագ որդու` Արայի հետ ուղեւորվել է Ջուլֆա կայարան, որտեղից չորս վերստ հեռու գտնվում է Ջուղա գյուղը, ուր նրանք հասել են ոտքով: Արդյունքը եղել է Ջուղայի գերեզմանատան 115 խաչքարերի լուսագրումը եւ «Ջուղա» խորագրով հնագիտական ուսումնասիրությունը:

Բագրատունյաց մայրաքաղաք Անիի 16-րդ արշավախմբի գործունեությամբ էլ ավարտվել է Արամ Վրույրի մասնակցությունը Անիի պեղումներին: 1918-ին բոլոր ձեռագիր եւ տպագիր նյութերը, օրագրերը, լուսանկարները, նեգատիվները, գծագրերը, մի ամբողջ գնացքի վագոն` ուղարկված Թիֆլիսի պատմահնագիտական ինստիտուտին` վերամշակվելու համար, անհետ կորել են ճանապարհին:

Արամ Վրույրի երկու որդիներն էլՙ Արա (1896-1943) եւ Արտաշես (1897-1987) շարունակեցին իրեն ծնողի սկսած պատմական հուշարձաններ լուսանկարելու գործը:

Այս ուղղության ներկայացուցիչներից հիշատակենքՙ Թորոս Թորամանյանին, Արմեն Հախնազարյանին, Սարգիս Դարչինյանին, Սամվել Կարապետյանին, Արգամ Այվազյանին, որոնց լուսանկարչական գործունեությունը Հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների նկարահանման, չափագրման, վավերացման գործում անգնահատելի է:

Նախախորհրդային Երեւանում գործող տաղավարային լուսանկարիչներից Թարվերդյանցը, Դադյանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Հովհաննես Քյուրքչյանցը, Դոնկովը, Տեր-Արիստակեսյանը, Մելիք-Աղամալյանը արդի հայ լուսանկարչության հիմնադիրները եղան: Հետագայում, խորհրդային շրջանում, տաղավարները համախմբեցին կենցաղ-սպասարկման ֆոտո կոմբինատի հովանու տակ, ուր գործում էր ժամանակաշրջանին հատուկ պլանային համակարգ: Այդ տարիներին շատ վարպետներ ծավալեցին իրենց գործունեությունը: Դրանց թվում էին սփյուռքից հայրենիք վերադարձած շատ լուսանկարիչներ, որոնք իրենց հետ ներմուծեցին ժամանակի արտասահմանյան լուսանկարչության բոլոր նորագույն նվաճումները թե՛ տեխնիկայի եւ թե՛ նկարահանման գործառության առումներով: Իրենց գործի փայլուն վարպետներ էին Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Գուրգեն Եկարյանը, Շանթ Տեր-Առաքելյանը, Գուրգեն Միսակյանը, Մկրտիչ Ադամյանը, Թորգոմ Բոյաջյանը, որն ուներ Լայպցիգի լուսանկարչության բարձրագույն դպրոցի ավարտական վկայական եւ իր հետ հայրենիք էր բերել իր ժամանակի լավագույն տեխնիկան:

Բացի տաղավարային ուղղությունից հանրապետությունում մեծ թիվ էին կազմում մամուլում գործող լուսանկարիչներըՙ Նեմրութ Բաղդասարյանի, Պարգեւ Չոլակյանի, Արշավիր Պողոսյանի գլխավորությամբ: Իրենց գործունեությամբ աչքի ընկան Գուրոսը (Գուրգեն Պարոնյանը), Արշավիր Խերոբյանը, Հակոբ Հեքեքյանը, Վիլյամ Փիչխուլյանը, Վարազդատ Սեւոյանը, Գուրգեն Շաքարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռոբերտ Աղաջանյանը, Զավեն Բշտիկյանը, Ռաֆայել Համբարձումյանը, Պողոս Պողոսյանը, Հերբերտ Բաղդասարյանը, Մարտին Շահբազյանը, Գագիկ Հարությունյանը, Լեոնիդ Մայիլյանը, Վազգեն Ղասաբյանը, Ավետիք Բադալյանը, Ավետ Եսայանը, Զավեն Սարգսյանը եւ շատ ուրիշներ:

Լուսանկարչության նոր սերնդի շնորհալի ներկայացուցիցներն ենՙ Արվին Քոչարյանը, Ռուբեն Մանգասարյանը, Հակոբ Բերբերյանը, Զավեն Խաչիկյանը, Նազիկ Արմենակյանը, Մխիթար Խաչատրյանը, Գերման Ավագյանը, Անուշ Բաբաջանյանը, Տաթեւ Մնացականյանը եւ ուրիշներ:

Իսկ Անդրանիկ Քոչարի ստեղծագործությամբ եւ կազմակերպչական գործունեությամբ է պայմանավորված գեղարվեստական լուսանկարչության զարգացումը Հայաստանում: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից ներգաղթելով 1947-ին` նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կինոօպերատոր: Քոչարի գեղարվեստական լուսանկարների անդրանիկ ցուցահանդեսը բացվել է Երեւանում, 1948-ին, Արվեստի աշխատողի տան դահլիճում: Սա երեւույթ էր հայկական կերպարվեստի պատմության մեջ, որովհետեւ լուսանկարչությունը որպես արվեստ` այդ ժամանակի հասարակության հասկացողության մեջ գոյություն չուներ: Այս բացառիկ ցուցահանդեսը դարձել է լուսանկարչական արվեստի հանդեպ նոր աշխարահայացքի ձեւավորման հիմնաքարը: Սովետական ռեժիմի օրոք էլ Քոչարն էր առաջինը, ով իր բարձրաճաշակ գեղարվեստական մտածելակերպով, բարձրարժեք գործերով կոտրեց գեղարվեստական լուսանկարչական արվեստի հանդեպ եղած սառույցը` ճանապարհ բացելով նրա հետագա զարգացման եւ առաջընթացի համար: Նա էր առաջինը, որ ցույց տվեց նոր մտածելակերպի քաղաքացիության իրավունքը: Քոչարը 1962 թվականին հիմնադրեց «Երեւան» ֆոտոակումբը եւ 15 տարի անընդմեջ եղավ նրա անփոփոխ ղեկավարը: Այդ ֆոտոակումբը գեղարվեստական լուսանկարչության եւ ընդհանրապես լուսանկարչական կյանքի մի մեծ դպրոց դարձավ այն ժամանակ այս ասպարեզ մուտք գործած երիտասարդության համար:

Անդրանիկ Քոչարի հավաքագրական աշխատանքըՙ «Հայ Լուսանկարիչներ» վերնագրովՙ 2007 թ. հրատարակվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ, դառնալով հանրության սեփականությունը: Այսօր մեր մայրաքաղաքում «Լուսանկարչության թանգարան» հիմնելով, աշխարհով մեկ ցրված արժեքները կմեկտեղենք, որպես հայազգի վարպետների լուսանկարչական ֆենոմենի վառ ապացույց:

Նկար 1. Աբդուլլահների լուսնկարչատան երկու տասնյակի հասնող կնիքներից, ուր գրված է հայերեն եւ հունարեն

Նկար 2. Եսայի Կարապետյանի լուսանկարչական կնիքին կարդում ենք. Արեւանկար Յերուսաղեմ` ի վանս Հայոց

Նկար 3. Երիտասարդ Քարշը մեծահամբավ իր ուսուցչի` Ջոն Գարոյի հետ

Նկար 4. Կիրլյան Սեմյոն 1898-1978

Նկար 5. Աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարչուհի Անիտա Կոնտի (Գարագոշյան)

Նկար 6. Հորս եւ վարպետիս` արվեստագետ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 09-09-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.