AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 23-09-2016



ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-09-22 22:49:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2403, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆ

ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆ, Փարիզ-Երեւան

Մեկ այլ պատմություն

Տիգրան Չուխաջյանին կարելի է համարել 19-րդ դարի արեւմտյան դասական երաժշտության միջազգային հնչեղություն ունեցող մեծագույն կոմպոզիտորներից մեկը: Նրան կարելի է համարել նաեւ աշխարհի ամենաանհայտի կոմպոզիտորներից մեկը:

Ծնվել է Կոստանդնուպոլսում 1837թ.-ին: Նա ծանոթ անուն է հայերին, մասնավորապես պոլսահայ շրջանակում, ինչպես նաեւ մտավորական եւ արվեստագետ թուրքերի միջավայրում: Իսկ Հայաստանումՙ հատկապես ծանոթ է որպես հայկական օպերայի հիմնադիր:

Ճիշտ է, Չուխաջյանի անունը ծանոթ է հնչում շատերին, սակայն առայսօր նրա երաժշտությունը հիմնովին չի հնչել... նույնիսկ հայերի ականջներին, ուր մնացՙ աշխարհում:

Երբ 2001թ.-ին Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում Չուխաջյանի «Արշակ Բ.» օպերայի հարազատ բնագիրն առաջին անգամ բեմ բարձրացավ, իր ստեղծումից 136 տարի անց, այդ առթիվ կայացած մամլո ասուլիսի ժամանակ գլխավոր մենակատար բարիտոն Քրիստոֆեր Ռոբերտսոնը, ոչ առանց հումորի, հայտարարեց, որ երբ իրեն հրավիրել են հայկական օպերա երգելու, իր առաջին խոսքը եղել է հետեւյալը. «Ես չգիտեի, որ Խաչատրյանն օպերա է գրել ...»:

Արամ Խաչատրյանը (որի ազգանվան արտաբերումը Չուխաճյանի անունից պակաս դժվար չէ օտարի համար), ըստ երեւույթին, միակ հայ կոմպոզիտորն է (թեեւ հաճախ որպես ռուս ներկայացված), որը հասել է միջազգային լայն համբավի, եւՙ արդարացիորե՛ն: Սակայն Խաչատրյանն ստեղծագործել է 20-րդ դարում, եւ... դա արդեն մի այլ պատմություն է:

Ինչո՞ւ է, ուրեմն, 19-րդ դարի եզակի, բոլոր իմաստներով եզակի, այս հայ կոմպոզիտորըՙ Չուխաջյանը, այսքան անծանոթ մնացել աշխարհին:

Երբ ամերիկացի կոմպոզիտոր եւ Միչիգանի օպերային թատրոնի հիմնադիր Կարեն Դի Կիերան մի օր ինձ հարցրեց, թե ինչո՞ւ է Չուխաջյանը մեզ անհայտ մնացել, եթե նա իրոք մեծ կոմպոզիտոր է եղել, իմ պատասխանը գրեթե ինքնաբուխ էր. «1915-ի պատճառով»: Նա հարցական նայեց ինձ, ինչը ստիպեց ասածս զարգացնելՙ թերեւս ավելի ինքս ինձ համար, քան նրա:

Օսմանյան կառավարության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո արեւմտահայերը ոչ միայն կորցրին բնակչության երկու երրորդին, պատմական Հայաստանի տարածքի ինը տասներորդը, այլեւ իրենց մշակութային ժառանգության հսկայական մասը: Այլազան վնասների կողքին հատկապես խոցելի էին անտիպ մնացած ստեղծագործությունները, որոնք, բնականաբար, ցիրուցան եղան աշխարհով մեկ եւ չքացան:

1920-ական թվականներից սկսած Հայաստանի Խորհրդային Հանրապետության ստեղծման շնորհիվ աշխարհով մեկ սփռված այդ ժառանգության մի մասն աստիճանաբար (հաճախ պատահաբար) գտնվել եւ բարեբախտաբար ուղարկվել է մայր հայրենիքի թանգարաններին:

Չուխաջյանի ամենահայտնի օպերա-բուֆֆիՙ «Լեբլեբիջի Հորհոր աղա»-ի (Խորհրդային Հայաստանում վերանվանվել է «Կարինե») կլավիրներից օրինակներ ուղարկվել են մինչեւ իսկ... Ռիո Դե Ժանեյրոյից:

Եվ այսպես, Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում այսօր կարելի է գտնել Չուխաջյանի որոշ ձեռագիր նոտաներՙ ուղարկված մոլորակի չորս ծագերից: Հարգանք ու պատիվ այդ փոքրիկ թանգարանի բոլոր ժամանակների տնօրեններին եւ հոգատար աշխատակազմինՙ հայ մշակույթի պատմության այս կարեւոր մասունքները հավաքելու եւ պահպանելու համար:

Ցավոք, արժեքավոր շատ նյութեր մնում են հավաքորդների հավաքածուներում. սեփականատերերը հրաժարվում են այդ նյութերը հանձնել որեւէ թանգարանի: Պետք է ընդունել, որ դա հավաքորդներին բնորոշ վարքագիծ է: Վտանգն այն է, որ այդ նյութերը, տարանջատման կամ անփութության հետեւանքով, ի վերջո կարող են կորած ստեղծագործությունների ճակատագրին արժանանալ, ինչպես պատահեց Չուխաջյանի «Լեբլեբիջի Հորհոր աղա»-ի բնագիր ձեռագրերի հետ: Ձեռագրերը պահվում էին մի երաժիշտիՙ պոլսահայ մաեստրո Ժիրայր Ասլանյանցի մոտ: Նա կտրականապես հրաժարվում էր դրանք հանձնել որեւէ մեկին. «Մարդու չե՛մ տար»: Վերջերս նա կնքեց իր մահկանացունՙ Չուխաջյանի ձեռագրերն իր հետ տանելով գերեզման... առանց մարդու տալու: Սա կարող էր լուրջ կորուստ լինել, քանի որ մաեստրոն հավակնում էր ձեռքի տակ ունենալ օպերա-բուֆֆի լիակատար նվագախմբի միակ բնօրինակը, որը երկար ժամանակ համարվել է կորած: Բարեբախտաբար, սույն հոդվածի հեղինակը վերջերս հայտնաբերել է Չուխաջյանի օպերայի նվագախմբային ամբողջական նյութերը (մոտ 2000 էջ) ոչ թե Հայաստանում, ոչ իսկ Թուրքիայում, այլ... Ֆրանսիայում: Իհարկե, երաժշտագիտական վիթխարի աշխատանք է պահանջվում, որպեսզի կոմպոզիտորի ամբողջական օպերան դառնա օգտագործելի եւ դրանով իսկ լիովին գնահատվի միջազգային չափանիշներով:

Բայց սա արդեն այլ պատմություն է:

Տխուր փաստ է, որ Չուխաջյանիՙ թանգարանում պահպանված երաժշտաթատերական ժառանգության մեծ մասը ցայսօր մնում է անտիպ եւ, բնականաբարՙ կատարման համար անհնար: Դրա մի փունջ անօգտագործելի բեկորներ են, հաճախՙ նույն գործի այլազան տարբերակներ, մեծ մասամբ ձեռագիր ու անտիպ, որոնք քնում են թանգարանի պահարաններում ՙ սպասելով, թե ե՞րբ որեւէ մեկն իրենց կվերծանի: Տասնամյակների ընթացքում հազվագյուտ գիտաշխատողներ են հետաքննել եւ հոդվածներ ու գրքեր գրելՙ ծավալուն մանրամասնությամբ նկարագրելով, թե ինչ է առկա թանգարանում: Այնուամենայնիվ, այդ երաժշտագետներից ոչ մեկը ժամանակ չի տրամադրել այդ գործերը վերականգնելու եւ կատարման պատրաստ, մաքուր պատճեններ ստեղծելու համարՙ գոնե թվային տարբերակով (քանի որ անվերջ հայտարարվում է, թե հրատարակչական ծախսերը չափազանց շատ են մշակույթի կամ կրթության եւ գիտության նախարարությունների համար): Սա, իհարկե, վերաբերում է այսօրվա դժվար ժամանակներին: Իսկ երե՞կ... Ի՞նչն էր արգելում խորհրդահայ մասնագետներին աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Վերադառնալով վերոհիշյալ հրատարակություններինՙ ասենք, որ հոդվածիս հեղինակը լրջորեն կասկածում է մասնագիտական-ակադեմիական այդ նկարագրությունների օգտակար լինելուն նրանց համար, ովքեր կցանկանային տեսնել կամ գեթ լսել այդ ստեղծագործությունների կատարումները: Ի դեպ, բոլոր աշխատասիրությունները գրվել են մեծավ մասամբ հայերենով, մի քանիսն էլ ռուսերենովՙ հավանաբար երկյուղածությամբ պահպանվող այդ գանձերը աշխարհի մնացյալ մասից ապահով հեռավորության վրա պահելու մտահոգությամբ: Այդ ուսումնասիրությունները կարող էին նույն արդյունավետությամբ գրվել հիերոգլիֆերենով. ինչո՞ւ ոչ...:

Հայ գիտաշխատողների շրջանում բացառություն է Հայաստանի սահմաններից դուրս, Եգիպտոսում բնակվող երաժշտագետ եւ չուխաջյանագետ Հայկ Ավագյանը, որն իր կյանքը նվիրել է Չուխաջյանի գործերի ոչ միայն հավաքման եւ վերականգնման գործին, այլեւ հրատարակել է այն ամենը, ինչ կարողացել է ձեռք բերել, այսինքնՙ հիմնականում ամեն ինչ, որ գոյություն ունի Երեւանի թանգարանում եւ ավելին:

Ավագյանի աշխատանքներում բացառություն են կազմում Չուխաջյանի կատակերգական երեք օպերաները («Արիֆի խաբեությունը», «Քյոսե Քեհյա»-ն, որը հայերին «ծանոթ» է «Զվարթ» վերնագրով, «Կարինե»-ն) եւ նրա վերջին հրաշալի օպերանՙ «Զեմիրեն»: Այստեղ հարկավոր է երաժշտագետի կողքին թատերագետի համագործակցությունն ապահովել:

Վերոհիշյալ երաժշտաթատերական գործերն անկրկնելի հաղթանակներ են տարել Չուխաջյանի կենդանության օրոք ողջ Օսմանյան կայսրությունում, այդ թվումՙ Հունաստանում, Բալկանյան երկրներում, Եգիպտոսում եւ Մերձավոր Արեւելքի շատ երկրներում: Եվս մեկ օպերաՙ «Ինդիանա» վերնագրով, կարոտ է վավերացմանՙ ստուգելու համար, թե արդյո՞ք այն պատկանում է Չուխաջյանի գրչին:

Ըստ ժամանակի մամուլի տվյալների, Չուխաջյանին են վերագրվում նաեւ առնվազն հինգ օպերետներ, որոնք կարոտ են հայտնաբերման եւ ստուգման:

Օպերային այս բոլոր ստեղծագործությունները սպասում են հրատարակման:

Պետք է ասենք, որ Չուխաջյանի օպերաներից գեթ մեկը փրկվել է: Ավագյանի շնորհիվ այժմ ունենք Չուխաջյանի առաջին «գրանդ օպերայի»ՙ «Արշակ Բ.»-ի բնագիրը, որի վերականգնման վիթխարի աշխատանքն Ավագյանը կատարել է սույն հոդվածի հեղինակի համագործակցությամբ, որն, ի դեպ, բնակվում է Ֆրանսիայում: Օպերայի ուռտեքստը (1) (ավելի քան 2600 էջ) այնուհետեւ հրապարակվել է Կահիրեի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից... Եգիպտոսում: Այս տպագրության շնորհիվ է, որ 2001 թ.-ին առաջին անգամ բեմ բարձրացավ «Արշակ Բ.»-ի հարազատ բնօրինակը... Սան Ֆրանցիսկոյում:

Երկու սփյուռքահայ մասնագետների այս գործը սակայն Հայրենիքի գիտնականներից ոմանց մեջ առաջացրել է որոշակի վրդովմունքՙ բնականորեն ակնկալելի երախտագիտության փոխարեն: Նրանք պնդում են, որ նման աշխատանքը չպետք էր վստահել «սփյուռքաբնակ անհատների, որոնք առավել կամ նվազ չափով կապ են ունեցել երաժշտական կամ թատերական միությունների հետ» (2), այլ պետք էր կատարել Հայաստանումՙ ազգային-պետական ակադեմիայում, հայաստանաբնակ մասնագետների կողմիցՙ խուսափելու համար «սխալներ»-ից: Պետք է ավելացնեմ, որ այդ «սփյուռքաբնակ անհատների» կատարած վերականգնումը երեւի թե համապատասխան էր միջազգային չափանիշներին, քանի որ Սան Ֆրանցիսկոյի օպերայի հեղինակավոր գեղարվեստական խորհուրդն այն օգտագործել է առանց որեւէ վերապահության: Առայժմ «սխալները» քննադատող որեւէ լուրջ գրություն չի հրապարակվել: Թերեւս կարելի է «ռե»-ի փոխարեն «դո»-ի մի փունջ վրիպումներ կատարված լինեն, ինչը հատուկ է բոլոր այսպիսի դժվար աշխատանքներին: Անշուշտ, շահավետ կլիներ, եթե որեւէ մեկը մանրակրկիտ կերպով հետաքններ եւ Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող բնօրինակ ձեռագիրը համեմատեր «մեղավորներիս» կողմից Եգիպտոսում հրատարակված նվագամասի հետՙ նշելով, թե ո՛ր էջում կամ ո՛ր երաժշտական տակտում ո՛ր ձայնանիշն է սխալ ընդօրինակված: Դա կլինի իրոք օգտաշատ գործ, քանի որ եթե որեւէ կարեւոր վրիպակ հայտնաբերվի, ապա հաջորդ հրատարակության դեպքում այն կարող է նկատի առնվել: Սույն հոդվածի հեղինակը արդեն 15 տարի է, ինչ սպասում է այդ քննարկմանը:

Այստեղ մի այլ հարց է բարձրանում սակայն, թե անցյալ գրեթե 100 տարիների ընթացքում (այո՛, շուտով թե՛ Խորհրդային, թե՛ Անկախ Հայաստանի գոյության 100 տարին է լրանալու) ինչի՞ էին սպասում Հայրենիքի երաժշտագետները, որպեսզի աշխատանքը կատարվեր «ճիշտ» կերպով: Եվ ցարդ ինչի՞ են սպասում եւ նման աշխատանք չեն տանում, հուսով ենքՙ ավելի բարձր մակարդակով, Չուխաջյանի մյուս անտիպ օպերաների հետ:

Բայց դա արդեն մեկ այլ պատմություն է:

Օպերաներից բացի Չուխաջյանն ունի նաեւ զգալի քանակությամբ աշխատանքներՙ գրված նվագախմբի, մենակատարների, երգչախմբերի եւ դաշնամուրի համար: Նրանց մի մասը բարեբախտաբար մեզ հասել էՙ շնորհիվ հեղինակի կենդանության օրոք կատարված հրատարակությունների ... Կոստանդնուպոլսում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում : Ավելի ուշ երաժշտագետ Հայկ Ավագյանը հրապարակել է Չուխաջյանի ամբողջական գործերը... Եգիպտոսում... բացառությամբ կատակերգական 3 օպերաներից եւ «Զեմիրե»-ից, ինչպես արդեն վերը նշեցինք:

Սակայն նույնիսկ հրատարակված եւ դրա շնորհիվ հանրամատչելի այդ կոմպոզիցիաներն այնքան հազվադեպ են կատարվում, որ մշտապես անհայտ են մնում լայն հանրությանը:

Չուխաջյանը փայլուն դաշնակահար էր, եւ նրա դաշնամուրային ստեղծագործությունները արժանի են համաշխարհային կարգի վիրտուոզների կողմից կատարվելու:

Չուխաջյանի դաշնամուրային որոշ ստեղծագործություններ կարելի է լսել եւ գնահատել վիրտուոզ կոնցերտմեյստեր եւ երաժշտագետ Շահան Արծրունու փայլուն կատարմամբՙ ձայնագրված իր բնակավայրումՙ... Նյու Յորքում: Իսկ վերջերս դաշնակահար Արմեն Բաբախանյանը այդ գործերից մի քանիսը ձայնագրել է իր «Անթոլոգիա հայկական դաշնամուրային երաժշտության» սկավառակում: Նրան կարելի է համարել Հայաստանում Չուխաջյանի դաշնամուրային գործերը կատարող հազվագյուտ արվեստագետներից մեկը: Հայրենիքում մյուս բացառությունն է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, որ ներկայումս թերեւս Հայաստանի միակ գիտաշխատողն է, որը ոչ միայն մասնագիտական հոդվածներ ու գրքեր է հրատարակել Չուխաջյանի մասին, այլ նաեւ գործնական քայլեր է կատարելՙ իր դաշնամուրային կատարումով հանրությանը ծանոթացնելու կոմպոզիտորի առաջին կատակերգական օպերանՙ «Արիֆ»-ը (Ասատրյանն անձամբ այն նվագել է ծայրից ծայր): Գործն առաջին անգամ է լսվել Հայաստանում. այն ցայսօր բեմ չի բարձրացել:

Այս բոլորը, սակայն, մի կաթիլ ջուր են օվկիանոսում, քանի որ Չուխաջյանի հատկապես երաժշտական թատրոնին առնչվող ստեղծագործությունները գնահատել կարողանալու համար մեր ձեռքի տակ ունենք միայն երկու աշխատանք, որոնք մասնագիտական կատարմամբ բեմ են բարձրացել. «Արշակ Բ.»-ն եւ «Կարինե»-ն:

Հայաստանի թատերասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել տարիների ընթացքում վայելելու (կամ վայելել կարծելու) այդ երկու ստեղծագործությունները ՙ շնորհիվ այլազան բեմադրությունների եւ նույնիսկ նկարահանումների, սակայն, ցավոք սրտի, երկու գործերի բեմադրություններն էլ պետական օպերայի եւ պետական օպերետի բեմերում Չուխաջյանի երաժշտությունից «փոքր-ինչ» հեռու են: Նույնը կարելի է ասել ֆիլմերի եւ այլազան ձայնագրությունների մասին:

Այս երկուսից «Կարինե»-ի բեմադրությունները թերեւս միակ բացառությունն են, քանի որ համեմատաբար մոտ են Չուխաջյանի օրիգինալ ստեղծագործությանը: Հատկապես շնորհիվ «Հայֆիլմ»-ի 1960-ական թվականների սրամիտ ու հաջող արտադրությանՙ կինոյի մեղեդիները բավականին ծանոթ են դարձել ժողովրդին, թեեւ ֆիլմում օգտագործված է օպերետի երաժշտության միայն կեսը, այն էլ, կինոյի ժանրի պահանջած ակնհայտ պատճառներովՙ երաժշտական բազմաթիվ փոփոխություններով:

«Արշակ Բ.»-ի եւ «Կարինե»-ի բեմական կատարումները, սակայն, պահպանել են նյարդերի վրա ազդող նույն ավանդույթըՙ չհիմնավորված կրճատումներ եւ փոփոխություններ (իմաՙ «բարեփոխումներ») ներմուծել այն հաստատ հավակնությամբ, թե բեմադրիչներն ու խմբավարները միշտ ավելի խելացի են, քան հեղինակը: Մտավոր սեփականության հանդեպ նման անհարգալից կեցվածքը, կասեիՙ «մոլուցքը», որ այնքան բնորոշ էր խորհրդային տարիներին, շարունակվում է մինչեւ օրս: Այսպես, այսօր մայրաքաղաք Երեւանի պետական թատրոններից մեկում որեւէ ուշադիր երաժշտասեր եթե դիտի «Կարինե»-ի վերջին բեմադրությունը, նա, հավանաբար, այլեւս չի ցանկանա լսել Չուխաջյանի անունը, էլ ուր մնաց երաժշտությունը:

Արտասահմանի հայերին ծանոթ «Կարինե»-ից կա առնվազն մեկ երգ, որը բոլորն են երգում. դա Հորհոր աղայի արիան էՙ «Լեբլեբիջիների քայլերգը». նույնիսկ երեխաներն են այն երգում դպրոցում, թեեւ շատ քչերն են տեղյակ, թե որտեղից է գալիս, կամ թե ով է հորինել այն: Ի դեպ, գուցե այս առթիվ արժե հիշել, որ այդ երգը, դպրոցից մինչեւ համերգային դահլիճներ եւ նույնիսկ սփյուռքահայության շրջանում, երգվում է արեւելահայ տարբերակովՙ բնագրից փոխադրված Հայաստանում 1940-ականներինՙ «Մենք քաջ տոհմի զավակներ ենք, չենք վախի» (փոխանակ «չենք վախնար») եւ այլն: Բնականաբար, 19-րդ դարի Պոլսի բնակիչ Հորհոր աղայի (նաեւ օպերայում մյուս բոլոր կերպարների) շուրթերին արեւելահայերենը բավականին ծիծաղաշարժ է, չասելու համար ... լրիվ աբսուրդ: Չնայած որ ավելի ուշՙ ֆիլմը նկարահանելիս, այդ բացն ուղղվել է, եւ բանաստեղծ Համո Սահյանը գրել է պոլսահայ իրականությանը համապատասխանող արեւմտահայերեն տեքստ, այդուամենայնիվ մեր սփյուռքահայ ուսուցիչներն ու պատվարժան երգիչները շարունակում են այն ուսուցանել ու երգել արեւելահայերենով: Երբ մի օր թատրոնի իմ ընկերոջՙ պարսկահայ Արամազդ Ստեփանյանի ուշադրությունը հրավիրեցի Պոլսում կատարվող պատմության արեւելահայերեն լինելու վրա, Արամազդըՙ միշտ սրամիտ ու սրախոս, ինձ «հանգստացրեց»ՙ ասելով. «Չե՞ս հասկանում... Դա Պոլսո պարսկահայերի թաղամասն էր...»:

Մի այլ երգ էլ կա, որ շատ է կատարվում ազգային ֆորմալ կամ ոչ ֆորմալ հավաքների ժամանակ: Դա հայրենասիրական «Զեյթունցիներ» սիրված երգն է: Այդ եղանակը ծանոթ է նաեւ դասական երաժշտության սիրահարներին, որոնց այն հայտնի է Միխայիլ Իպոլիտով-Իվանովի «Կովկասյան էսքիզներ»-ում «Սարդարյան շքերթ» անվան տակ (3): Բոլորին թվում է, թե դա ռուսական մեղեդի է, մինչ ռուսները կարծում են, որ այն բխում է կովկասյան ժողովրդական բանահյուսությունից: Արդյոք քանիսի՞ն է հայտնի, որ դա գալիս է Չուխաջյանի հեղինակած մի կորուսյալ օպերետից: Ինտելեկտուալ խաղերին վայել ծուղակային հարց է:

Խոսելով հայկական շրջանակներից դուրս Չուխաջյանի ստեղծագործությունների մասինՙ պետք է նշենք, որ վերջին տարիներին օպերետի ֆրանսիացի եւ բրիտանացի երկրպագուները կարողացան վայելել Չուխաջյանի երաժշտությունըՙ շնորհիվ «Կարինե»-ի ֆրանսերեն եւ անգլերեն թարգմանությունների եւ արտադրությունների, կամ, ավելի ճիշտՙ ավտոարտադրության, որ կատարել է ձեր խոնարհ ծառան: Միշտ մնալով պրոֆեսիոնալ ոլորտներումՙ Փարիզի, Մարսելի եւ Լոնդոնի հանդիսատեսին ու քննադատներին հնարավորություն ընծայվեց Չուխաջյանի գործերից գոնե մեկը լսելու ֆրանսիացի եւ բրիտանացի երգիչ-երաժիշտների բոցաշունչ ու սրտագին կատարմամբ: Հաշվի առնելով դժվարահաճ այդ քաղաքներում առաջ բերած ընդհանուր խանդավառությունըՙ կարող ենք ապահովաբար եզրակացնել, որ Չուխաջյանի երաժշտությունն, իրոք, ունիվերսալ է: Իսկ կատարողների կապակցությամբ հարկավոր է շեշտել, որ ոչ մի բեմադրիչի չէր հաջողվի վերոհիշյալ «բոցաշունչ ու սրտագին» խանդավառությունն առաջացնել օտարազգի արհեստավարժ երգիչների եւ երաժիշտների շրջանում, եթե... նրանց դուր եկած չլիներ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ: Երբ հրապարակված բազմաթիվ եւ անձնական շփումներում հնչած հիացական արձագանքներում Փարիզն ու Լոնդոնը, Չուխաջյանի մեկ հատիկ «Կարինե»-ով, բարձր են գնահատում նրան որպես երաժիշտ (այն էլ ոչ հայրենասիրական դրդապատճառներով, ինչպես կարելի է կռահել), էլ ի՞նչ բանի ենք սպասում մենք, որ Տիգրան Չուխաջյանի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ժառանգությունը պանծացնենք մեր հայրենի բեմերում եւ շեփորենք այն արար աշխարհին:

Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանից դուրս «Կարինե»-ից բացի բեմադրվել են երկու ուրիշ գործեր եւսՙ «Քյոսե Քեհյա»-ն եւ «Զեմիրե»-ն: Ցավոք, դրանք եղել են համայնքային կիսասիրողական ներկայացումներ, որոնք թեկուզեւ իրագործվել են մեծ զոհողությունների գնով եւ բավականին խանդավառություն են ստեղծել, այնուամենայնիվ, մնացել են սփյուռքյան գաղութային շրջանակների ներսումՙ Բեյրութում:

Փաստը մնում է փաստ, որ նույնիսկ այն, ինչ Չուխաջյանի գործերից կատարվում է բեմում, շարունակվում է մնալ անտիպ, ուստիեւՙ ոչ արտահանելի, բացառությամբ «Արշակ Բ.»-ի վերոհիշյալ հրատարակության, որն իրականացվել է ՍՖՕ-ի ծրագրի շնորհիվ: Այս դեպքում էլ Սան Ֆրանցիսկոյի հանդիսատեսը ծափահարել է կոմպազիտորի տաղանդըՙ նրան գնահատական բազմաթիվ հոդվածներ ընծայելով:

Եղել են նաեւ համեմատաբար նվազ թվով քննադատական հոդվածներ, որոնց «մեղավորը» Չուխաջյանը չէր:

Բայց դա արդեն մեկ այլ պատմություն է ... որին կանդրադառնանք «Ազգ»-ի առաջիկա համարներից մեկում:

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 23-09-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.