AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016



ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2016-10-20 20:51:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2387, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՂԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱԾ Է ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՄՏԱԾՈՒՄԸ»

Հարցազրույցը վարեցՙ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԸ

Լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանին ծանոթացա այս տարվա գարնանը, երբ Երեւանի Մամուլի տան սրահում պատահաբար լսեցի Արտեմի Այվազյանի «Երեւան» երգի նրա տպավորիչ կատարումը: Այնքա՜ն տիրական էր հնչում նրա քնարական սոպրանոն եւ այնքա՜ն կարոտ կար նրա երգի ելեւէջներում, որ անմիջապես ինձ հետաքրքրեց երգչուհու անձն ու անցած ստեղծագործական ուղին:

Պարզվեց, որ Շողիկը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Շնորհալի» եւ Համազգայինի «Գուսան» երգչախմբերի մենակատարուհին է: Միաժամանակ ամեն կիրակի երգում է Բեյրութի Սբ. Նշան մայր եկեղեցումՙ կատարելով հայկական հոգեւոր երգեր:


- Ինչպե՞ս եղավ, որ դաշն կնքեցիք նորին մեծություն երաժշտության հետ եւ ձեր կյանքի ու գործունեության առանցքը դարձրիք հայ երգը:

- Երբ մանուկ էիՙ 2,5-3 տարեկան, ինքնաբուխ երգել կուզեի: Պատերազմի օրեր էին, եւ բոլորը կարծես երգիս կսպասեին. հավանաբար ձայնս լավն էր ու գրավիչ: Քեռիս ալ լավ երգիչ եղած է, իսկ հորաքույրս միշտ կերգեր խնջույքներուն: Տակավին չգիտցած թե ինչ է երգը, այն կկրեի իմ մեջ:

Անշուշտ, ծնողներս ինձի քաջալերեցին, որ հետեւիմ երաժշտական ուսման: 16 տարեկան էի, երբ ձայնամարզության դասընթացների սկսեցի հետեւիլ: Սովորեցի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում, որը գերազանցությամբ ավարտեցի: Մի կարճ ընթացք կվարեի «Ռադիո Սեւան»ի «Մանուկներու աշխարհ» հաղորդաշարը:

- Իսկ ե՞րբ սկսվեց ձեր համերգային գործունեությունը:

- Սկիզբը կնկատեմ 2007 թվականը, երբ ավարտեցի ուսումս: 2009-են սկսյալ գրեթե ամեն տարի մենահամերգ կունենամ Բեյրութի մեջ:

- Անձամբ ես լավ եմ հիշում այս տարվա ապրիլի 3-ի ձեր համերգը Երեւանի Կամերային երաժշտության տանը: Մինչ այդ Հայաստանում ելույթ ունեցե՞լ էիք:

- Թե՛ 2014 եւ թե՛ 2015 թվականներին հաջորդաբար հրավիրվեցա ելույթ ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Իմ Հայաստան» փառատոնին: Ի դեպ, ես եղա միակը, որ ներկայացրի Լիբանանը «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին: 2015-ի սեպտեմբերին էլ նշանակվեցի International Association of Singers-ի Լիբանանի ներկայացուցիչ:

Հայաստան գտնվելուս օրերին էր, որ հղացա երեւանյան համերգիս գաղափարը: Այդ նպատակով հանդիպեցի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանի հետՙ որոշելու ապագա համերգիս ծրագիրը:

- Հայաստանյան ձեր առաջին համերգը զուգադիպեց ապրիլյան պատերազմի օրերին: Ի՞նչ զգացողություն ունեցաք:

- Մեծ խանդավառությամբ էի նախապատրաստվել մենահամերգիս հայոց մայրաքաղաքում, բայց դժբախտաբար մեկ օր առաջ սկսավ ապրիլյան պատերազմը: Նույնիսկ պահ եղավ, որ մտածեցի հետաձգել: Հետո ուժ գտա մեջս եւ որոշեցի կայացնել համերգըՙ զայն նվիրելով նորօրյա հերոսներուն: Առաջին երգս այդպես ալ կոչվում էրՙ «Նորօրյա հերոս»:

Անչափելի էր հուզմունքս, իսկ ելույթսՙ խիստ պատասխանատու: Համերգին առաջին անգամ հնչեց Աշոտ Բագրատունու բառերով եւ Գեւորգ Մանասյանի հորինած երաժշտությամբ «Վարդ մը գետինը» երգը, որը ջերմությամբ ընդունվեց: Ներկա էր Հայաստանում Լիբանանի Հանրապետության դեսպան Ժան Մակարոնը:

- Ձեր հայտագիրը սովորաբար ի՞նչ ստեղծագործություններից է կազմված:

- Ես դասական ոճի երգչուհի եմ եւ ծրագրիս մեջ ներառված են հայկական ու եվրոպական դասական գործեր: Կոմիտասյան երգերն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեն եւ ամեն համերգիս Կոմիտասը ներկա է: Ձայնային տվյալներս թույլ կուտան երգել նաեւ հայկական ռոմանսներ (Ռոմանոս Մելիքյան, Բարսեղ Կանաչյան, Նիկոլ Գալանտերյան եւ այլն): Շատ կսիրեմ «Անուշ» օպերան եւ երազանքս է Անուշի դերով հանդես գալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում:

- Բեյրութը շատ նշանավոր երգիչներ է տվել, ովքեր փայլել են թե՛ հայկական, թե՛ միջազգային բեմահարթակներումՙ Սոնա Ղազարյան, Անայիս Պոզապալյան, Արփինե Փեհլիվանյան, Ժանեթ Գույումճյան-Իլանճյան, Արա Կիրակոսյան, Գեւորգ Կիրակոսյան, Կարապետ Չատրյան, Թագուհի Թեքյան եւ ուրիշներ: Հիմա դուք եք շարունակում նրանց ավանդույթները: Ի՞նչ կասեիք բեյրութահայ ներկա սերնդի երաժշտական կարողությունների մասին:

- Թագուհի Թեքյան ուսուցչուհիս եղած է: Հիմա ես ունիմ շատ ուսանողներ եւ որպես ուսուցչուհի կփորձեմ հայ երգը դրոշմել աշակերտներուս սիրտին մեջ: Կփորձեմ ամեն ձեւով նրանց զգացումներում ամբողջացնել հայ երգի նշանակությունը: Այս առումով աշխատանքս արդյունք կուտա: Ամեն նոր համերգիս երիտասարդներու թիվը կավելնա:

- Որքան գիտեմ, այս մեկը ձեր ութերորդ այցն էր Մայր հայրենիք: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:

- Այս անգամ ունեցա բազմաթիվ հանդիպումներ հայ կատարողական արվեստի շատ նշանավոր ներկայացուցիչների հետՙ ծրագրելով գալիք տարվա համերգներս: Մենահամերգներ են նախատեսվում Լիբանանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում եւ, իհարկե, Հայաստանում: Չմոռնամ նշել, որ սերտորեն կհամագործակցիմ ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի հետ:

- Վերջերս նշվեց Հայաստանի անկախության 25-ամյակը: Ի՞նչ է Մայր հայրենիքը Ձեզ համար:

- Երկար տարիներ հայրենիքի կարոտով ապրած զավակներիս համար Հայաստանն այժմ դարձած է մեր ամենօրյա մտածումը: Ամեն անգամ Մայր հայրենիք այցելելիս շատ ավելի կավելնա սերն առ մայր երկիր: Մեր վերադարձին մեր սիրտեն կտոր մը կթողնենք հոս: Ու արդեն չգացածՙ կմտածենք մեր հաջորդ այցի մասին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.