AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 04-11-2016



ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-11-03 21:11:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2216, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՇԱԿԻ ՀՈԳՈՒ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Սոնա ՀԱՄԱԼՅԱՆ

Հոկտեմբերի 28-ին Անտիկյան ցուցասրահում («Օպերա Սուիթ» հյուրանոցի 13-րդ հարկ) բացվեց նկարիչ-քանդակագործ Արշակ Սարգսյանի «Հոգու երեւակայական դիմանկարներ» անհատական ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ նոյեմբերի 28-ը

Ներկայացնում ենք ամերիկահայ մշակութային գործիչ Սոնա Համալյանի գրությունը սույն ցուցահանդեսի մասին:


Արշակ Սարգսյանի վերջինՙ «Հոգու երեւակայական պատկերներ» նկարաշարը մի խենթ, մոլեգին ավար է ինքնաբուխի եւ մտավորի, անխոհեմ անուղղափառության եւ սոցիալական ու քաղաքական կոռեկտության շփման եզրերի վերաբերյալ:

Խիստ դատելովՙ սա մի անհնարին հանդիպում է լինելու: Սակայն Սարգսյանի աշխարհում այդ շփումների ենթադրյալ անհնարինությունը վերաբերում է զուտ անձնական ընտրությանը: Եթե վախենում ես թռիչքից, ապա հաստատ լռված կմնաս կանխատեսելիության տարածքում, հարմարավետության քո մասնավոր գոտու զուսպ շրջանակներում: Համարձակվի՛ր պատկերացնել, թե ինչ կլինի ցատկելուց հետո, այսինքնՙ համարձակվի՛ր փարվել անհայտին, եւ դու, հնարավոր է, կհայտնվես թռչնասլաց բարձունքում, որը երբեք հնարավոր չես համարել նվաճել, չնայած քիթդ կարյունի ու մի երկու ոսկոր կկոտրես: Այսքանըՙ ազատության մասին:

Այնպես որ Սարգսյանի զարդարուն, երեսիդ ծիծաղող, առատորեն հյուսվածո հորինվածքները բնակեցված են կերպարներով, որոնք հավատարմության երդում են տալիս ո՛չ որոշակի մի վայրի կամ ժամանակի, այլ միայնՙ մի հատուկ գեղարվեստական ավանդույթի: Այս կերպարները, ամբողջականՙ իրենց բազմաշերտ շրջապատով եւ տարամետ դեմքերով, դիմակներով եւ հագուստներով, հարաբերվում են մեկը մյուսի հետ, քանի որ նրանք ի վիճակի են այդպես վարվել, բայց նաեւ (ինչն ամենակարեւորն է), քանի որ հանցագործություն կլիներ այդպես չվարվել:

Գարգույլական երկրից դուրս եկած ֆանտասմագորիկ, երբեմնՙ երկսեռ կերպարներն ականջակալներով ու ակնոցավոր հիփ-հոփ պիժոնի հետ կողք-կողքի՞: Ինչո՞ւ ոչ: Մարի-Անտուանետին ուղղություն ցույց տվող եւ ձեռքին աշտանակ պահած երիտասարդ կինը միեւնույն շրջանակի մեջ հանդես է գալիս որպես ֆլամենկո պարող աղջի՞կՙ սարսափազդու ծաղրածուի տեսքով եւ իր քսակի մեջ զվարճանալով տեռիերի հե՞տ: Անկասկա՛ծ: Ու նաեւ դիցաբանական կերպարների, զգեստավորված հավաքույթների դիցուհիների առատություն, եւ մեֆիստոֆելյան էակներ, որոնք հաղորդակցվում են անթաքույց պարզունակ ու սեքսուալ արարածների հետ (երբեմնՙ զոհաբերված գանգերի կամ ջունգլիների բնակիչների հետ զուգադրված), որոնք միշտ լողում են լինելիության եւ կայացման էպիկական երազանքի մեջ:

Հնարավոր է, որ, ի վերջո, Սարգսյանի հանճարը ոչ միայն իրարամերժ վկայակոչումներն ու զգացումները միաձուլելով դրանք հրաշալիորեն ներդաշնակ տեսնելու ու զգալ ստիպելու կարողության մեջ է, այլեւ որոշակի անժամանակությունը պնդելու, որը կապ ունի փիլիսոփայական աչքի հետ: «Տո՛ւր ինձ քո խենթություններն ու ճախրանքները, քո ցավեցնող գեղեցկությունն ու աղաղակող չարամտությունը,- կարծես շշնջում է նկարիչը,- եւ ես դեռ կպահանջեմ մնացածը, ամբողջական հավաքածուն»:

Անգլերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 04-11-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.