AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016



ԱՐՎԵՍՏԻ ՔՆՆԱԴԱՏ

Տեղադրվել է` 2016-11-17 18:52:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2503, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ

Մեր ընթացիկ շարքը («Արվեստային ոչ պետական ինստիտուցիոնալ միտումները անկախ Հայաստանում») արդեն ներկայացրել է հետխորհրդային Հայաստանում ստեղծված արվեստի կրթության եւ ցուցադրության հաստատությունները: Մեր նախորդ նյութերում անդրադարձել ենք նախորդ դարի 90-ականների, ինչպես նաեւ 2000-ականների առաջին տասնամյակում ստեղծված ցուցադրության կենտրոններինՙ ՆՓԱԿ, ՀայԱրտ, Գյումրիի Բիենալե, Հայկական Բաց Համալսարան, Ուտոպիանա, Նարեկացի Արվեստի Միություն, Ջ.Գաֆեսճեան Արվեստի Կենտրոն: Այժմ անդրադառնանք նույն տասնամյակի ավարտին ծնունդ առած արվեստային կրթության մի յուրօրինակ հանգույցի, որը կրթության ոլորտում անկախության յուրատեսակ մեկնաբանումներից է:

Մեր զրույցը Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի (http://www.ica.am ) հիմնադիր տնօրեն ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆԻ հետ է:


- Նազարեթ, ինչպես գիտես, մեզ հետաքրքրող առարկան Հայաստանի անկախությունից ի վեր ստեղծված արվեստի կրթության եւ ցուցադրության կենտրոններն են : Որոշ կենտրոններ համադրել են կրթությունն ու ցուցադրությունը: Դրանցից մեկը Ժամանակակից Արվեստի Ինստիտուտն է: Խոսենք այն գործընթացների մասին, որոնք տարիների ընթացքում հանգեցրին այդ ինստիտուտի ստեղծմանը: Դրա ստեղծման համար պահանջվեց փաստորեն գրեթե քսան տարի: Քսան տարի պետք եկավ, որ որոշակի գործընթացների միջով անցնես:

Նազարեթ Կարոյան .- Նախ, իբրեւ տեսական ելակետային դրույթ նշեմ, որ ժամանակակից արվեստի մեջ կա երկու ընդգծված չափում, որով ինքն առանձնանում է: Այդ չափումներից առաջինը կրթությունն է, երկրորդըՙ սոցիալական ասպեկտը -արտադրությունից սկսած, ցուցադրությունով ու շրջանառությունով վերջացրած: Ինքը ենթադրում է մարդկանց, խմբերի, հաստատությունների համագործակցություն: Մի հոգով ժամանակակից արվեստ չի լինում:

- Փաստորեն երբ Հայաստանը անկախացավ, սրանցից որեւէ մեկը չկար, որովհետեւ ժամանակակից արվեստը որպես այդպիսին նոր-նոր էր սկսել ճանապարհ հարթել Հայաստանում:

- Այո: Մեզանում ժամանակակից արվեստը սկսեց ձեւավորվել եւ հաստատվել «Երրորդ հարկ» խմբի շրջանակներում 1988թ-ից: Մինչ այդ հայաստանյան ժամանակակից արվեստի մասին խոսելը վաղաժամ է: Թեպետ ասեմ, որ արդեն իսկ կար Ժամանակակից արվեստի թանգարան: Բայց այս հասկացությունը, այսօրվա ըմբռնումով ժամանակակից արվեստ չէր ներկայացնում: Այն ավելի շատ արդի (մոդեռն) արվեստի թանգարան էր (ի միջի այլոց, անգլերենով հենց այդպես էլ թարգմանված էրՙ Modern Arts Museum, այլ ոչ թե Contemporary Arts Museum): Իրականում այդ ժամանակաշրջանում մենք Modern Arts Museum էինք ուզում...

- Եվ ունեինք...

- Արդի (մոդեռն) արվեստի եւ ժամանակակից արվեստի հստակ բաժանումը համաշխարհային առումով տեղի ունեցավ 60-70-ական թթ.: Դրա ըմբռնումը եւ հաստատումը մեզանում տեղի ունեցավ վերակառուցման տարիներին: Բայց երկար ժամանակ նույն ժամանակակից արվեստի դաշտի դերակատարները նույնիսկ հաճախ շարունակում էին օգտագործել արդի արվեստից եկող հասկացություններ: Եվ դա գալիս էր նրանից, որ այնքան էլ հստակեցված չէին ժամանակակից արվեստի հասկացությունները: Եվ մյուս կողմից, մոդեռն արվեստի մեջ առկա է որոշակի առաջադիմական գիտակցություն կրող հեղափոխականություն, որի կրողը ներկայանալու ձգտում կար նաեւ դաշտի գործիչների մոտ: Բայց արդեն ուշ վերակառուցման շրջանից մշակույթում տեխնոլոգիաները գալիս են փոխարինելու իդեոլոգիաներին:

- Ստացվում է, որ 80-ականներից առաջ այսօրինակ խնդիրներից ոչ մեկը դրված չի եղել, որպեսզի քիչ թե շատ լուծվելու ճանապարհին լինեին: Այսինքնՙ ինչպես երկիրը պայթեց, այնպես էլ այդօրինակ խնդիրները պայթեցին տիեզերքի մեջ:

- Բնականաբար: Եվ մենք պիտի սովորեինք հասկանալ իրադրությունը, կարողանայինք հարաբերվել աշխարհի հետ: Ոչ միայն քաղաքական, այլեւ բուն արվեստի զարգացումները հընթացս ծնում էին խնդիրներ: Կարիք կար նախ ըմբռնել, գիտակցել, սահմանել եւ հետո նաեւ փորձել դրանք լուծել:

Համագործակցության մեջ հավասարության պակասը, ինչպես նաեւ աշխարհին համապատասխան ձեւով չներկայացվելու իրողությունն ու արվեստի դաշտում մեր լեգիտիմության պակասը ստիպեցին որոնել օտարների կողմից մեր խնդիրների շրջանցման պատճառները: ի թիվս այլ խնդիրների, ինձ համար պարզ էր, որ մեր արվեստի միջազգայնորեն թույլ լինելու կարեւորագույն պատճառներից մեկն էլ մեզանում արվեստի տեսության եւ քննադատության մակարդակի ոչ համապատասխանությունն էր:

- Ի՞նչ արվեց դրա համար:

- Առաջին քայլն այն էր, որ 2005թ. արվեստի քննադատները որոշեցին ինքնակազմակերպվել եւ ստեղծել իրենց կազմակերպությունըՙ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան: Այս կազմակերպությունը սկսեց իրականացնել իր յուրահատուկ նախագծերըՙ ավելի շատ կապված կրթության ու գիտելիքի հետ, որովհետեւ հասկանալի էր, որ մեզ շրջանցում են, որովհետեւ մեր կարողությունները այդ ոլորտում ցածր են: Մեկ տարի անց այս կազմակերպությունը դարձավ Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (AICA) մասնաճյուղ: Նույն տարին արդեն բացեցինք երիտասարդ համադրողների (կուրատորների) ամառային միջազգային դպրոցը: Երկու թողարկումից հետո հասկացանք, որ դրա երկշաբաթյա ծրագիրը եթե արտերկրի մասնակիցներին շատ բան է տալիս, հայաստանցիների համար այն ամենեւին էլ արդյունավետ չէ: Ուստի եւ 2008թ-ից սկսած սկսեցինք մտածել ավելի երկարաժամկետ կրթական ծրագրերի մասին: Ամառային դպրոցը փոխեց իր ձեւաչափըՙ վերածվելով մասնագիտական հանդիպումների հարթակիՙ սեմինարների: Թե՛ ամառային դպրոցը եւ թե՛ սեմինարները մեր ուժերի նկատմամբ մեր իսկ վստահությունը ավելացնելու իմաստով կարեւոր դեր խաղացին:

- Այս զարգացումներն էին, փաստորեն, որ, ի վերջո, հանգեցրին Ժամանակակից արվեստի ինստիտուտի ստեղծմանը:

- Այո, 2012թ-ին Արվեստի քննադատների ասոցիացիան ստեղծեց ինստիտուտը: Այն բազմապրոֆիլ կրթա-հետազոտական-նախագծային ինստիտուտ է, որի մեջ արդիության դարաշրջանի պատվախնդրությունը կաՙ կրթությունը, գիտությունն ու արտադրությունը կապակցել մեկ հանգույցի մեջ: Մեթոդաբանության իմաստով դա վերաբերում է պրակտիկ աշխատանքին մեծ տեղ տալուն - սովորել անելՙ անելով: Ինստիտուտն ունի կրթական հատվածՙ արվեստի քննադատների եւ կուրատորների ուսումնասիրության հարթակ եւ երկու լաբորատորիաներ, որոնք հիմնականում զբաղված են նախագծեր իրականացնելով, եւ կան առանձին ծրագրեր (NEST, Արվեստագետների կացարան, Փոխադարձ) եւ «Կարոյան» ցուցասրահը, որոնք ինստիտուտի ամենօրյա գործունեության հարթակներ են:

- Ինչո՞վ չէր բավարարում գոյություն ունեցող արվեստի հաստատությունների կրթությունը, որ քեզ մղեց եւս մի կրթական հաստատություն ստեղծել:

- Սա եւս մեկը չէ, այլ բացառիկ է, քանի որ խոսքը վերաբերում է կուրատորական կրթությանը եւ արվեստի քննադատության կրթությանը, որը ոչ մի այլ հաստատություն չի առաջարկում: Սա յուրահատուկ կրթություն է: Ժամանակակից իմաստով կուրատորությունը քննադատական գործունեության զարգացումն է:

- Իմ պատկերացմամբ հիմնարար գիտելիքներ են անհրաժեշտ այդ ամենին տիրապետելու համար:

- Մեզ մոտ գալիս են տարբեր կրթական համակարգերում սովորելուց հետո: Ենթադրվում է, որ այդ բազային գիտելիքները մեր ուսանողները պիտի ստացած լինեն իրենց համալսարաններում:

- Լավ, թերեւս սկսենք անվանումից: Ինչո՞ւ «ժամանակակից արվեստի ինստիտուտ»:

- Որովհետեւ այն խնդիրները, որոնց լուծելու համար այն ստեղծվել է, հենց ժամանակակից արվեստի առաջադրած խնդիրներն են:

- Հայաստանում այժմ այսպես է. եթե որեւէ ինստիտուցիա չի ծառայում որեւէ կուսակցության կամ օլիգարխի, ապա ինքը կա՛մ պետական ֆինանսավորում պիտի ստանա, կա՛մ տարատեսակ հիմնադրամների դիմի: Վերջին երեք տարիների քաղաքական իրադարձությունների արդյունքում մեր երկրում հետզհետե վերացան այն փոքրաթիվ հիմնադրամները, որոնք ինչ-որ չափով հետաքրքրված էին մշակույթով: Ուրեմն հիմա հույսը մնաց պետության վրա, որը բոլորովին ներգրավված չի այդ պրոցեսների մեջ: Երբեւէ ԺԱԻ-ը պետությունից որեւէ բան ստացե՞լ է:

- Մինչեւ այս տարի որեւէ աջակցություն չէր եղել: Այս տարի առաջին անգամ Հայաստանի արվեստի դաշտի օրենսդրական ու տնտեսական շրջանակները հետազող մեր ծրագրի համար ստացանք Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը:

- Կարելի է ասել, որ հույսի դուռ է բացվել: Եվ ընդհանրապես անկախ գործունեության այդ փնտրտուքի մեջ հույսը ինչի՞ վրա է պետք դնել:

- Չգիտեմ, կապրենք կտեսնենք, բայց Հայաստանում հարկատուների հարկերից ձեւավորված հանրային միջոցները այսօր դեռեւս հիմնականում օգտագործվում են նրա համար, որ հանրային կառավարման մարմինները իրենք իրենց պահեն: Եթե ստեղծել ենք կառավարման մարմինները, ինչ խոսք, պետք է նաեւ այդ մարմինների կենսագործունեությունը ապահովելու մասին մտածենք: Դա նորմալ կլիներ, եթե իշխանական համակարգում գտնվող անձինք իրենց դիրքը չօգտագործեին նախեւառաջ իրենց անձնական բիզնես շահերը սպասարկելու համար: Սա է այսօր դեռեւս իշխող այն վիճակը, որտեղ պետական համակարգից դուրս գործողները ասես որեւէ կապ չունեն պետության հետ ու գտնվելիս լինեն խաղից դուրս վիճակում: Հիմա հարց է, թե այս իրականության հետ ինչպե՞ս պիտի հարաբերվենք: Իմ պատկերացմամբ մշակույթը դա հասարակության գործն է: Մշակույթի ստեղծողն ու տերը ինքըՙ հասարակությունն է: Պետությունը այդ հասարակության շարունակությունը կարող էր դիտվել: Բայց այն այնպես է իրեն անջրպետել հասարակությունից, որ, կարծես, կապ չունենա հասարակության հետ: Եթե մարդն ուզում է բավարարված լինել, անվերջ չտառապել անարդարության զգացմունքից, ուրեմն ինքը պիտի դադարի միայն սպառող լինելուց, եւ անցում կատարի դեպի արտադրողի կարգավիճակՙ այսինքն մասնակցի մշակութային բարիքի ստեղծմանը:

- Ես քեզ լավ չեմ հասկանում: Այսինքն, պետությունը ընդհանրապես կապ չունի՞ մշակույթի հետ:

- Եթե լիներ այն պետությունը, որը հասարակության կազմակերպված շարունակությունն է, միանշանակ ինքը պիտի մշակութային քաղաքականություն վարեր, պիտի շեշտեր դներ: Բայց այս պահիս մենք ունենք մի իրականություն, որտեղ պետությունը ինքն իր համար մի օղակ է, որին չի հետաքրքրում հասարակական կարծիքը: Իշխանությունը մեզանում հաշվետու չէ հասարակության առջեւ:

- Արդյունքում ի՞նչ է ստացվում: Քո պատկերացմամբ, մարդիկ իրենք պիտի ակտիվ լինեն, հույսները չդնեն պետության աջակցության վրա: Բայց մշակույթը, մեր մեջ ասած, թանկ հաճույք է: Հասարակության անդամի ակտիվ լինելով չի միայն, հաճախ մեծ միջոցներ են հարկավոր լուրջ քայլերի դիմելու համար: Որպեսզի այն գեներացվի, բարձրացվի մի նոր, ավելի բարձր փուլ, մշակույթին անընդհատ սնունդ է հարկավոր: Ո՞վ պիտի ապահովի այդ սնունդը:

- Անշուշտ: Նախ ես կարծում եմ, որ մենք ինքնակազմակերպման ու ինքնաբացահայտման շատ ռեզերվներ ունենք: Դա ինչ-որ չափով գալիս է հայ ժամանակակից հասարակության աշխարհով մեկ սփռվածությունից: Տարբեր մարդիկ կան, տարբեր շերտեր, տարբեր հնարավորություններ: Երեւանը փոքրիկ բեմ էՙ մեծ անակնկալներով: Հնարավոր չէ այն մեկ հարվածով նվաճել, քանի որ այն շատ բազմաշերտ է: Խնդիրը մտավորականների, արվեստագետների օրակարգը ձեւակերպելն է, եւ հետո փորձ անելը դրա շուրջ հասարակական լայն համաձայնությունների գալՙ ամենակարեւոր կետերի շուրջ: Իհարկե մեծ միջոցներ են պահանջվում խնդիրներ լուծելու համար: Բայց խոսքը վերաբերում է ոչ թե մեծ խնդիրներ լուծելուն, այլ մտայնությունները փոխելուն: Եվ այդ մտայնությունները փոխելու համար հնարավոր է գտնել լուծումներ: Պարզապես անհրաժեշտ են ծրագրեր, մարդկանց ներգրավվածություն: Հասարակական փոփոխություններ բերող ժամանակակից տեխնոլոգիաները եւ փոխանցումները կարող են լինել շատ ատիպիկ, շատ յուրահատուկ:

- Հենց որ հայերը շախմատի աշխարհի չեմպիոն դարձան, անմիջապես դա վերցվեց բարձր հովանիների ներքո, շախմատի դպրոցների քանակը կտրուկ ավելացվեց, բոլոր դպրոցներում շախմատը մտցվեց որպես պարտադիր առարկա: Ինչը ինքնին շատ լավ է: Անցյալ տարի Վենետիկի Բիենալեում հայկական տաղավարը գրավեց «Ոսկե Առյուծ» մրցանակը: Ինչու՞ նույն արձագանքը չտեսանք պետական այրերի մոտ:

- Նույն արձագանքը չի կարող լինել: Ժամանակակից արվեստը անընդհատ նոր կոդեր է ստեղծում: Այդ կոդերը անհրաժեշտություն կա վերծանելու եւ մեկնաբանելու, որի հնարավորությունը մեզանում մինչեւ այժմ չի ստեղծված: Եկեղեցի կառուցելը կամ շախմատ խաղալը ավելի պարզ, հասկանալի բաներ են:

Խնդիրը նրանում է, որ հարյուր տարի հետո մարդիկ պիտի շրջվեն ու հարց տան, թե հարյուր տարի առաջ ի՞նչ մշակույթ է ստեղծվել Հայաստանում: Եթե այսօրվա մշակույթին տեր չկանգնենք, Հայաստանում կմնա միայն այն, ինչ ստեղծվել է դարեր առաջ: Այսինքն, զարգացում, փոփոխություն, ընթացք չի երեւա: Պետք են հաստատություններ, որոնք կբացատրեն, կլեգիտիմացնեն տեղի ունեցող գործընթացները: Այլապես կշարունակվի գումարների ներդրումը միայն արդեն վաղուց հասկացված ու մարսված գաղափարների մեջ:

Եվ քանի որ մեզանում պետությունը առանձնապես ոգեւորված չէ այդ գործընթացների պարզաբանման ու կոնսերվացման խնդիրներով, վիճակի փոփոխության բեռը մնում է առանձին քաղաքացու (բիզնեսմեն, օլիգարխ, մտավորական...) ուսերինՙ ելնելով սեփական շահերից կամ հաճույքներից եւ կամ փառասիրություններից: Այսինքն, զուգահեռ կյանք պիտի ստեղծվի: Այլ ճանապարհ առայժմ չեմ տեսնում:

- Դժվար է չհամաձայնել քեզ հետ: Նախաբուհական կրթության ոլորտում արդեն իսկ ունենք այդ մասնավոր ակտիվության օրինակներըՙ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Այբ» դպրոց, Դիլիջանի միջազգային դպրոց: Սա հասարակության կյանքում նոր ժամանակակների մի սեպ է, որը նախանձի առարկա պիտի լինի պետության համար:

- Համաձայն եմ: Այս ցուցակին կարող է միանալ նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: Շատ տպավորիչ է տեսնել պատին ամրացված հսկա ցուցատախտակըՙ տասնյակների հասնող բարերարների անուններով:

- Անդրադառնանք ինստիտուտի կրթական ծրագրին: Իմ պատկերացմամբ մյուս ծրագրերը գալիս են օժանդակելու, շեշտելու, ավելի տեսանելի դարձնելու հենց այդ հատվածը: Ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ուսանողները:

- Գիտակարգերի մի հատվածը կապվում է արվեստը ըմբռնելու, ընթերցելու, թարգմանելու եւ պատկերացնելու հետ - համաշխարհային մոդեռն ու ժամանակակից արվեստների, Հայաստանի մոդեռն ու ժամանակակից արվեստների պատմություն, ժամանակակից արվեստի տեսություններ, արդի փիլիսոփայություն, մշակույթի պատմություն, մշակութային տեսություններ: Առարկաների մյուս հատվածը կապվում է զուտ կուրատորական աշխատանքի հետ - մեդիա ուսումնասիրություններ, պատկերի, տեքստի, դիսկուրսների վերլուծության մեթոդներ, ցուցադրության տեխնիկաներ, նախագիծ հղանալու, մշակելու եւ իրագործելու զանազան առարկաներՙ կապված կուրատորական աշխատանքի հետ, կուրատորական գործունեության տեսական հիմունքներ եւ կուրատորության պատմություն, եւ այլն:

- Իսկ ի՞նչ է ընկած ԺԱԻ-ի տեսական լաբորատորիայի հիմքում:

- Սա կուրատորական տեսությունների լաբորատորիա է: Հիմնական գործիքները շարունակում են մնալ ամառային սեմինարները եւ դրանցից քաղված հետազոտությունների հրապարակումը: Այս լաբորատորիայի հեռանկարային գործունեությունը անհատական կամ կոլեկտիվ հետազոտական աշխատանքներն են: Կհետազոտվեն արվեստի քաղաքականության, արվեստի սոցիոլոգիայի խնդիրներ:

- Ներկայացրու, խնդրեմ, նախագծման լաբորատորիան:

- Այս լաբորատորիան զբաղվում է տարատեսակ նախագծեր իրականացնելով, սկսած ամենափոքր նախագծումից (փոքր բուկլետ կամ կատալոգ), վերջացրած մեծ պրոյեկտներով (Եղեգնաձորում Վան Եղյանի տուն-թանգարանի ստեղծումըՙ որպես այդ տարածքի մշակութային կյանքի շարժիչ ուժ, Նուբարաշենում ժամանակակից արվեստի կենտրոնի ստեղծում, զանազան ցուցահանդեսների կազմակերպում, եւ այլն: Ինստիտուտը իրականացրեց «Անգետ ուսուցիչը» նախագիծը, որը սոցիալական դիզայնի մի փորձ էՙ փիլիսոփայական մի երկի թարգմանության շուրջ ձեւավորել մշակութային նորՙ սոցիալական տիպի արտադրություններով մտահոգ մարդաշատ մի համայնք:

- Իմ տպավորությամբ, բոլոր ժամանակներում կրթությունը որպես կանոն ետ է մնում իրականության պահանջներից: Կարծես նրա պտույտի անիվը ցանկալիից ավելի մեծ տրամաչափ ունի եւ ավելի դանդաղ ընթացք:

- Դա պայմանավորված է այն իրողությամբ, որ որպեսզի անցնես կրթության, պիտի արդեն տեսականացված լինի փորձը: Տեսականացումը արդեն իսկ ժամանակ է պահանջում: Կրթությունն էլ տեսությունից հետո է գալիս: Եվ այսօրվա արագությունների պայմաններում կրթությունը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Կրթությունը անվերջ տեսականորեն սահմանվելու կարիք ունի: Այժմ կարիք կա շատ թիրախավորված կրթության:

- Փաստորեն ինստիտուտը ձեւավորման շրջանում է:

- Անընդհատ: Տեխնոլոգիաները հանդես են գալիս որպես ներկայի նյարդային համակարգ: Այս դեպքում խոսքը ոչ թե պատմության մեջ մնալու, այլ ներկայի մեջ լինելու խնդիրն է: Իսկ ժամանակակից արվեստի կտրվածքով դա, արդեն ասացի, երկու բան է նշանակում. մեկը սոցիալականությունն էՙ ցանցային վիճակները, մյուսըՙ կրթությունը: Սովորելը, կրթվելը դրված է ժամանակակից արվեստի լինելիության մեջ:

Եվ դա պարզ կրթություն չի, եւ հայտնի էլ չէ, թե ով ում է սովորեցնում: Սերունդները իրար տարբեր բաներ են սովորեցնում, եւ բոլորը բոլորից սովորում են: Կրթական իրադրությունը դառնում է համընդհանուր, այսինքն սովորելու պրոցեսը ամբողջապես սոցիալականացվում է: Արվեստ արտադրելու եւ ներկայացնելու գործընթացները նույնպես գերսոցիալականացվում են: Սրանք բոլորը խնդիրներ են առաջացնում:

- Նազարեթ, ինչպե՞ս ես պատկերացնում ինստիտուտի հետագա գոյատեւումը:

- Նախ եւ առաջ ինստիտուտը պիտի ունենա իր շենքը, մշտական հասցեն: Այժմ մենք տարածքը վարձում ենք: Ֆինանսական իմաստով մինչեւ այժմ անձնական ներդրումներ են եղել: Այս տարվա ընթացքում սկսեցինք ձեւավորել հոգաբարձուների խորհուրդ, տեսնենք, թե արդյոք որքան արդյունավետ կլինեն մեր ջանքերը այն ավարտի հասցնելու առումով: Այդ խորհրդի վրա դրված կլինեն հենց այդ խնդիրները: Մենք ակնկալում ենք հասարակական աջակցություն, եւ հուսանք, որ կհասնենք մի պահի, երբ պետության մասնակցությունը նույնպես զգալի կդառնա: Մեկ նախադասությամբ եթե ձեւակերպեմ, մեր աշխատանքները պիտի տարվեն այն ուղղությամբ, որ ապացուցենք ինստիտուտի լինելու, դրա անհրաժեշտության, դրա ծավալած գործունեության, դրա իրատեսության եւ արդյունավետության հիմնավորվածությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.