AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-25 13:14:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2609, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԵՐԿՈՒ ՀԱՅՈՒՀԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Արշա Օվանեսովա-110, Սեդա Պումպյանսկայա-100

Նոյեմբերի սկզբին Երեւանում անցկացված «Կին» կինոփառատոնում հայազգի վավերագրող, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պատմության մեջ առաջին հայուհի կինոռեժիսոր Արշա Օվանեսովայի ծննդյան 110-ամյակի առթիվ ցուցադրվեց մեկ այլ հայազգի կինովավերագրուհուՙ Սեդա Պումպյանսկայայի «Պողպատից եւ արցունքներից կազմված կինը» (1992) փաստագրական ֆիլմըՙ նվիրված Արշա Օվանեսովային: Սույն հոդվածով մեկ հարկի տակ կներկայացնենք ռուսական կինոյի այդ երկու հայուհի վավերագրողներին...

ԱՐՇԱԼՈՒՅՍ-ԱՐՇԱՆ

«Նա արվեստում ապրեց երջանիկ եւ դժվարին կյանքով: Երջանիկ, որովհետեւ ստեղծեց արվեստի գործեր, խիստ անհատական ստեղծագործություններ, նորՙ բովանդակությամբ ու ձեւով: Դժվարինՙ որովհետեւ արվեստում նոր բան անելն, ինչպես հայտնի է, միշտ դժվար է...»,- Արշա Օվանեսովայի մասին գրել է մեկ այլ հայազգի կինովավերագրողՙ Վասիլի Քաթանյանը : Իսկ Օվանեսովան շատ բաներում եղավ առաջինը: Նա է ստեղծել առաջին մանկական կինոամսագիրը, առաջինն է կատարել համաժամանակյա նկարահանումներ երեխաների հետ (թաքնված կինոխցիկով), ստեղծել մանուկների մասին առաջին ֆիլմերը, կինոխցիկով առաջին անգամ երկար ուսումնասիրել իր հերոսներինՙ ներխուժելով մարդկային անհատականության խորքերը...

Արշա Օվանեսովան (Արշալույս Համբարձումի Հովհաննիսյան) ծնվել է 1906-ին, Շուշիում, մանկությունն անցել է Բաքվում: 1918-ին մոր մահից եւ թուրքական զորքիՙ Բաքու ներխուժելուց հետո փախել է Պարսկաստան: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո վերադարձել է Բաքու, 1920-ին ավագ քրոջ հետ միասին մեկնել է բանակ: 1925 թվականից Արշան ուսանել է Բաքվի դրամատիկական տեխնիկումում եւ գեղարվեստական ուսումնարանում: Տեղափոխվելով Պետրոգրադՙ նախ ուսանել է «Էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկա» թատերական եւ կինեմատոգրաֆիական ստեղծագործական միավորումում, այնուհետեւՙ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դերասանական բաժնում, երրորդ կուրսից փոխադրվելով ռեժիսորական բաժին: 1931-1961 թթ. Արշա Օվանեսովան եղել է «Սոյուզկինոխրոնիկա» միավորման բեմադրիչ, որտեղ էլ 1931-ին հիմնել է «Պիոներիա» կինոամսագիրըՙ ղեկավարելով մինչեւ 1946-ը: 1928-1961 թթ. դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում, եղել սիրված դասախոս:

Դարձյալ մեջբերենք Վասիլի Քաթանյանին. «Մեզՙ ուսանողներիս, հայտարարեցին, որ պարապմունքին գալու է վավերագրական կինոյի ռեժիսոր, եւ եթե ցանկանանք, ապա կարող ենք զբաղվել վավերագրությամբ: Եվ ահա բացվում է դուռը, սրընթաց ներս է մտնում ոչ բարձրահասակ, երիտասարդ, գեղեցիկ մի կին: Առաջին տպավորությունըՙ պայծառություն, ոգեւորվածություն, եռանդ, անցած տարիները չեն կարող ջնջել: Պայծառությունՙ սեւ փայլող մազեր, կարմիր շուրթեր, կուրացուցիչ ժպիտ եւ առկայծող աչքեր: Ոգեւորվածությունՙ նա խոսում էր բարձրաձայն, կրքոտ, աշխույժ եւ մեզ անմիջապես գերեց: Եռանդՙ վերջին նկարահանման մասին պատմում էր հումորով, արտահայտիչ կերպով ձեռքերով շարժումներ էր անում եւ նույնիսկ ինչ-որ բան երգեց: Չհասցրինք աչք թարթել, երբ զանգը հնչեց, եւ Արշա Համբարձումովնան անհետացավ նույնքան անսպասելիորեն, որքան որ հայտնվել էր: Այդ օրվանից մեր կուրսի մի մասը որոշեց զբաղվել կինոխրոնիկայով»:

Կինոյում Օվանեսովային հետաքրքրել է մանուկների եւ պատանիների աշխարհը, որն էլ պատկերված է նրա «Ասք մեր երեխաների մասին» (1945), «Դպրոցական տարիներ» (1956), «Արտասովոր հանդիպումներ» (1958) եւ մյուս շարժանկարներում: Նրա ամենանշանակալից աշխատանքը 1949-ին Բուդապեշտում կայացած երիտասարդության եւ ուսանողների միջազգային փառատոնի մասին պատմող «Աշխարհի պատանեկությունը» (1949) վավերագրությունն է, որի համար արժանացել է Ստալինի առաջին աստիճանի մրցանակի եւ 1950 թ. Խաղաղության համաշխարհային խորհրդի դիպլոմինՙ խորհրդի նախագահ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի ստորագրությամբ: Հատկանշական է, որ Օվանեսովայի արվեստը բարձր է գնահատել համաշխարհային կինովավերագրության դասական Ձիգա Վերտովը, որը մեծ համակրանք է տածել նրա հանդեպ:

Արշա Օվանեսովան 1959-1961 թթ. եղել է փաստագրական ֆիլմերի արվեստանոցի հիմնադիրն ու ղեկավարը: Նրա արվեստանոցում են սովորել այնպիսի հայտնի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Էլդար Ռյազանովը, Վասիլի Քաթանյանը, Զոյա Ֆոմինան, Ջեմմա Ֆիրսովան, Օթար Իոսելիանին, Լարիսա Շեպիտկոն, Իրինա Պովոլոցկայան, Գունար Պիեսիսը, Ռոլան Սեգիենկոն եւ շատ ուրիշներ: Օվանեսովայի մասնակցությամբ կադրեր ընդգրկվել են Ռոման Կարմենի, Վասիլի Քաթանյանի եւ այլոց նկարահանած «Կախարդական ճառագայթ» ֆիլմում (1963), որը ներկայացնում է խորհրդային կինեմատոգրաֆի պատմությունըՙ սկզբից մինչեւ 1960-ականները:

Իսկ մեզ համար հատկապես կարեւոր է, որ Օվանեսովան որոշ կապեր է ունեցել հայ կինոյի հետ: Դեռեւս 1928-ին 22-ամյա Արշալույսը նկարահանվել է «Հայկինոյում»ՙ վաղամեռիկ բեմադրիչ Ստեփան Մանուկյանի «Հաշիմ» կինոնկարումՙ Հրաչյա Ներսիսյանի, Վավիկ Վարդանյանի եւ այլոց հետ (ֆիլմը չի պահպանվել): 1950-ին նա Հայաստանում նկարահանել է «Խորհրդային Հայաստան» լիամետրաժ գունավոր վավերագրությունըՙ նվիրված Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման երեսնամյակին: Օվանեսովան նաեւ առաջին հայկական գունավոր խաղարկային ֆիլմիՙ Ալեքսանդր Ռոուի «Լեռնային լճի գաղտնիքի» (1954) սցենարի համահեղինակն է Մարո Երզնկյանի հետ (ըստ Վախթանգ Անանյանի «Սեւանի ափին» վեպի): Նա տիրապետել է հայոց լեզվին, որոշ չափով սովորեցրել որդիներին (որոնք անձնագրով հայ են գրվել) եւ ողջ կյանքում ռուսերեն խոսել է հայկական առոգանությամբ:

Ցավոք, 1960 թվականի վերջին Օվանեսովայի մոտ սկսվել են ի հայտ գալ հոգեկան խանգարման նշաններ, եւ նա մոտ երեսուն տարի անցկացրել է հոգեբուժարանում: Մահացել է 1990-ին, Մոսկվայում: Ամուսինը խորհրդային կինոյի անվանի օպերատոր, ռազմաճակատային բազմաթիվ խրոնիկաների հեղինակ Սեմյոն Շեյնինն էր (1907-1994): Որդիներից Իգորը (ծն. 1934) երկրաբան է, իսկ Վիկտորը (1938-2014) նույնպես եղել է կինոօպերատոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր արտիստ, որը երկու ֆիլմ է նկարահանել նաեւ Հայաստանում: Կինոյին են նվիրվել նաեւ Արշայի թոռները (Վիկտորի զավակներ Եկատերինա Սերգեեւան պրոդյուսեր է, իսկ Ալեքսեյ Շեյնինըՙ վիդեոօպերատոր) եւ ծոռնուհինՙ Նաստյա Սերգեեւանՙ վիդեոօպերատոր եւ պրոդյուսեր: Եկատերինա Սերգեեւա-Շեյնինան բնակվում է Իսպանիայում: Երեւանում տատիկի մասին ֆիլմի ցուցադրման առթիվ նա հատուկ երկու օրով ժամանեց Հայաստան...

ՍԵՄԻՐԱՄԻԴԱ-ՍԵԴԱՆ

Ռուսական կինոյի մյուս հայուհի վավերագրողիՙ Սեդա Պումպյանսկայայի համար այս տարին նույնպես հոբելյանական էր. լրացավ նրա հարյուր տարին, իսկ նա կյանքից հեռացել էր ընդամենը երկու տարի առաջ: Ռուսական վավերագրական կինոյի պատմության մեջ, ի տարբերություն Օվանեսովայի, նա ավելի համեստ տեղ է զբաղեցնում, թեեւ իր ստեղծագործական կենսագրությունն ընդգրկում է հիսունից ավելի կինոֆիլմեր:

Սեդա (Սեմիրամիդա) Պումպյանսկայան ծնվել է 1916-ի նոյեմբերի 30-ին, Բաքվում, Նիկոլայ Բադիշտովի (Բադիշտյանց) եւ Եկատերինա Մելիք-Շահնազարյանի ընտանիքում: Երկու տարեկան է եղել, երբ Բաքվի հայկական ջարդերից խուսափելով ընտանիքը մեկնել է Գրոզնի, որտեղ ապրել է մինչեւ 1932 թվականը: Ծնողների հետ վերադառնալով Բաքուՙ 1933-ից որպես մոնտաժողի օգնական աշխատել է տեղի կինոստուդիայում: Այստեղ էլ Սեդան ծանոթացել է ապագա ամուսնուՙ օպերատոր Բորիս Պումպյանսկիի (1906-1944) հետ: Պումպյանսկի ամուսիններն այնուհետեւ աշխատել են Թբիլիսիի եւ Ալմա-Աթիի կինոստուդիաներում: 1940-ին ծնվել է նրանց միակ որդի Ալեքսանդրը (հետագայումՙ լրագրող-միջազգայնագետ): 1941 թվականին Ալմա-Աթի է էվակուացվել Ձիգա Վերտովը կնոջ հետ, եւ Պումպյանսկի ամուսինները եղել են նրանց ամենամտերիմ բարեկամը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինայումՙ Ուժգորոդ քաղաքի մոտ, նկարահանումներ կատարելիս զոհվել է Բորիս Պումպյանսկին: Պատերազմից հետո Սեդան որդու հետ տեղափոխվել է Մոսկվա, 1945-ից աշխատել Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայումՙ որպես մոնտաժողի օգնական, մոնտաժող եւ բեմադրիչ: Նրա կինոգործերից ենՙ «Միշտ միասին» (1964), «Փորձության տարիներին» (1966), «Իրավահավասարների միությունը» (1969), «Մտածողը եւ հեղափոխականը» (1971), «Սխրանքի տոհմածառը» (1978, համահեղինակ), «Ամենից թանկը» (1981, համահեղինակ) եւ այլն: 1980-ին Սեդա Պումպյանսկայան արժանացել է Լենինյան մրցանակիՙ Ռոման Կարմենի եւ Բերթ Լանքասթերի «Մեծ հայրենականը» 20 մասանոց խորհրդա-ամերիկյան կինոէպոպեայի 6-րդՙ «Ստալինգրադի ճակատամարտը» եւ 7-րդ «Ստալինգրադը դիմակայեց» ֆիլմերի համար: Այս վավերագրական բլոքբասթերը հաջողությամբ ցուցադրվել է բազմաթիվ երկրներում, եւ Սեդա Պումպյանսկայան առավել հայտնի է իր այս աշխատանքներով: Ի դեպ, այս ֆիլմի 18-րդՙ «Ճակատամարտ Բեռլինի համար» սերիայի տեքստի հեղինակը որդին էրՙ Ալեքսանդր Պումպյանսկին:

Հայազգի վավերագրուհին մահացավ 2014 թվականի սեպտեմբերի 22-ինՙ իր 98-ամյակից երկու ամիս առաջ: Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը, 70 տարի առաջ կյանքից հեռացած ամուսնու շիրիմի կողքին: Ի դեպ, ռեժիսորի միակ թոռնուհինՙ լրագրող, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահը, որը ժամանակին 4 կարեւոր ղեկավար պաշտոն է զբաղեցրել Եվրոպայի խորհրդում, նույնպես կրում է Սեդա Պումպյանսկայա անուն-ազգանունը: Նա գրառել է տատիկի կյանքը եւ 2015-ին Մոսկվայում հրատարակել «Սեդա. երջանիկ կյանք. Սեդա Պումպյանսկայա-ավագը կրտսեր Սեդային» չափազանց հետաքրքրական հուշագիրքը...

Նկար 1. Արշա Օվանեսովա

Նկար 2. Սեդա Պումպյանսկայա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.