AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 17:34:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3342, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Պողոս Գուբելյանի ծննդյան 80-ամյակի եւ մասնավորապես նրա «Փտախտ» վեպի առիթով

Վերջերս առիթ ունեցանք գրելու այն մասին, թե ինչպես մեր մամուլը եւ հասարակությունն ընդհանրապես անտարբեր են դարձել մեր մեծերի եւ արժանավորների տարեդարձների հանդեպ: Թվարկում էինք մոռացության մատնված անուններ, որոնց այսօր հարկ է ավելացնել եւս մեկը` արձակագիր Պողոս Գուբելյանը:

Գրաքննադատի եւ լրագրողի իմ գործունեության ամբողջ ընթացքում սկզբունքորեն դեմ եմ եղել «չեմպիոնական» արատավոր այն սկզբունքին, որ շատ հաճախ մեզանում կիրառվում է արվեստի եւ գրականության գործիչների վաստակը գնահատելիս: «Ամենամեծին» եւ «ամենատաղանդավորին» վերջերս ավելացավ «ամենահանճարեղը», կարծես հանճարեղ լինելը քիչ է եւ դեռ պետք է մի բան էլ վրան ավելացնել:

Պողոս Գուբելյանի գրականությանը ծանոթ եւ ըստ արժանվույն գնահատել իմացող գրաքննադատը, ենթադրում եմ, պիտի մի պահ տրվի նման գայթակղությանը` նրան որակելու որպես Սփյուռքի գրականության անցած հիսուն տարիների ամենա... Չենք թաքցնում, այդ գայթակղությունը մեզ էլ է փորձության ենթարկել, բայց տեղնուտեղը հասկացել ենք, որ ավելի համոզիչ կլինի, եթե ընթերցողին ներկայացնենք գրողի այն արժանիքները, որոնք քիչ էր մնում մեզ ստիպեին ազդարարելու նրան ամենա...

Իմ առաջին ծանոթությունը Պողոս Գուբելյանի գրականության հետ տեղի ունեցավ համալսարանական տարիներին, երբ մեկը մյուսի հետեւից պարզապես կլանում էի սփյուռքահայ գրականության պաշտոնապես արտոնված, իսկ հիմնականում արգելված գրականությունը: Ակամայից վերջիններիս թվում էր հայտնվել նաեւ նա, քանի որ իր առաջին գործերը տպագրում էր Բեյրութի «Սփիւռք» շաբաթաթերթում, արգելված մամուլ, որը միայն հատուկենտ երջանիկներին էր մատչելի:

Այդ պատմվածքներն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը, եւ հետագա տարիների ընթացքում ես պիտի այդ անունը փնտրեի մամուլում, իսկ ավելի ուշՙ առանձին գրքերով:

Նրա գրականությունը եղավ եզակի մի երեւույթ ոչ միայն սփյուռքի, այլեւ ընդհանրապես քսաներորդ դարի հայ գրականության մեջ: Եզակի նրանով, որ գրողը ծնվում էր ոչ թե Բեյրութի, Փարիզի, Թեհրանի, Պոլսի կամ Միացյալ Նահանգների սփյուռքահայ մշակութային անդաստաններում, ոչ թե եվրոպական գրականությունների բարենպաստ եւ սննդատու հարեւանությամբ (ինչպիսին էր Շահնուրի, Շուշանյանի, Որբունու կամ Սարաֆյանի գրականությունը, ովքեր ֆրանսիական հզոր գրականության կողքին եւ զուգահեռ ստեղծեցին իրենցը եւ զուտ հայկականը), այլ աֆրիկյան հետամնաց երկրի մշակութային անապատում, որտեղ այդ տարիներին, 60-70-ականներին, «գրականություն» բառն իսկ հազիվ թե գործածվեր:

Մի առիթով Պ. Գուբելյանի ստեղծագործությունները համեմատել եմ Մաքսիմ Գորկու եւ Ջեկ Լոնդոնի հետ, հեղինակներ, ովքեր գրականություն եկան ոչ թե մշակութային ակունքներից, այլ, ինչպես ասվում է, կյանքի թելադրանքով: Չգիտեմ, եթե նա Բեյրութից ոչ թե Սիերա Լեոնե, այլ եվրոպական որեւէ հարուստ երկիր գնար, դարձյա՞լ նրանում բնական ցանկություն կառաջանար գեղարվեստորեն վերարտադրել տեսածը, բայց փաստ է, որ աֆրիկյան իրականությունը, եւ հատկապես այնտեղ մոլեգնող կոռուպցիան նրանում արթնացրեց եւ վերջնականորեն ձեւավորեց գրողին, հմուտ արձակագրին, պատմվածքի վարպետին:

Պատմվածքի ժանրը ծանր փորձություն է գրողի համար` անկախ նրա բնատուր կարողություններից: Առավել դժվար` երբ առաջին քայլերդ պատմվածքով ես անում: Սակայն բազմիցս ապացուցված այս ճշմարտությունը, հավանաբար, Պ. Գուբելյանի համար չէ: Նրա առաջին իսկ փորձերը զարմացնում են ձեւի կատարելությամբ, հղկված ոճով, սուր դիտողականությամբ եւ գրավիչ պատումով: Երբ կարդում ես նրա առաջին ժողովածուն, թվում է, թե դա նրա չորրորդ-հինգերորդ գիրքն է, եւ որ հեղինակն արդեն հասցրել է գրական լուրջ փորձառություն ձեռք բերել, մշակել սեփական ոճն ու լեզուն:

Առանձին խոսակցության նյութ է Պողոս Գուբելյան արձակագիր-մտավորականի քաղաքական-հասարակական հստակ դիրքորոշումը նկարագրվող իրականության հանդեպ: Չմոռանանք, որ նա հայտնվել էր մի երկրում, մի ժողովրդի մեջ, որը հարյուրամյակներ շարունակ կողոպտվել ու ստորացվել էր եվրոպացի գաղութատերերի կողմից, իսկ ձեւական անկախությունից հետո փաստորեն ոչինչ չէր փոխվել, քանի որ այս անգամ հարստահարողներն օտարները չէին, այլ սեփական ժողովրդի ծոցից ելածները, որոնք իրենց անգթությամբ գերազանցում էին նախորդներին: «Մենք` սեւերս, իրարու հետ շատ աւելի անխղճօրէն, շատ աւելի շնականօրէն կը վարուինք, քան մեր արգահատած սպիտակամորթերը», - խոստովանում է սեւամորթ վարչապետը «Փտախտ» վեպում: Ասում է եւ ասածն ապացուցում` անհագորեն թալանելով արդեն բազմիցս թալանված ժողովրդին:

Բնական է, որ ողբերգական պատմություն ունեցող ժողովրդի զավակն իր համակրանքը պիտի արտահայտեր ճնշվածների եւ հարստահարվածների հանդեպ: Եվ եթե այս տեսանկյունից նայենք Պ. Գուբելյանի գրականությանը, ապա նրան կարող ենք համարել` 1961 թ. անկախություն ստացած աֆրիկյան այդ երկրի գրականության` առնվազն հիմնադիրներից մեկը, եթե ոչ հիմնադիրը: Թող տարօրինակ չհնչի այս հայտարարությունը, բայց երբ կարդում ես նրա առաջին երեք գրքերը` պատմվածքների ժողովածուները, ապա փաստում ես, որ այնտեղ գերազանցապես ներկայացված են այդ երկրի մարդիկ, նրանց կյանքը, նրանց խնդիրները, անշուշտ, դիտված հայ մտավորականի աչքերով, գրված հայերեն, սակայն նույն սրտացավությամբ, ինչն անպայման պիտի ունենար այդ երկրի դժվարին ճակատագրով մտահոգված հայրենասեր քաղաքացին:

Սա նշանակում է նաեւ, որ Պ. Գուբելյանը, որպես գրող, առաջին իսկ քայլերից հայտնվել է «գետտոյական» փակուղուց դուրս: Այս բնորոշումը 60-ական թվականներին շրջանառության մեջ դրվեց` որպես հոմանիշ նեղ-ազգային մտածողության, որն այդ տարիներին իշխում էր սփյուռքահայ գաղթօջախներում: Նման պայքարը, սովորաբար, վերջանում էր նրանով, որ մի փակուղուց դուրս գալով հայտնվում էին մյուսում:

Արդյոք օտար հո՞ղն էր, թե՞ կատարելապես ուրիշ նյութը, թե՞ գրողի մարդկային տեսակը, որ օգնեցին նրան միանգամից հայտնվելու «գետտոյական» մտայնությունից դուրս, բայց փաստ է, որ նրա` գրողի հայացքը երբեք, ոչնչով կաշկանդված չի եղել: Իսկ ավելի ուշ, հայկական թեմաներին նվիրված «Merci beaucoup, ասպետական Ֆրանսա» եւ «Փասփորթ» գրքերում հանդիպում ենք գրողական մի լայնախոհության, որը հազվագյուտ է սփյուռքահայ գրականության համար:

Թվում էր, թե արձակագիրը հեռանալով այդ թշվառ երկրից եւ հաստատվելով Միացյալ Նահանգներում, վերջնականորեն հրաժեշտ է տվել «աֆրիկյան» շրջանին եւ, իր նկարագրին հավատարիմ` մխրճվել նոր` ամերիկա-հայկական, լոսանջելեսյան իրականության մեջ, շարունակելով մեզ զարմացնել իր տաղանդի անսպառ հնարավորություններով: Եվ, իսկապես, «Պայթումը լռած թնդանոթներու» եւ հատկապես «Ֆրիվեյ» վեպը մի նոր շրջան են նշանավորում ոչ միայն նրա ստեղծագործական կյանքում , այլեւ սփյուռքահայ արձակում: Այս նոր միջավայրում, Պ. Գուբելյանը «հայկական» նյութին մոտեցավ «օտարը» հիմնավորապես յուրացնելուց հետո, արդեն որպես փորձառու արձակագիր, վերստին ապացուցելով, որ կարող է միանգամից խորանալ հարցի բուն էության մեջ:

Եվ հանկարծ, լիովին անսպասելի, Պ. Գուբելյանը վերադառնում է աֆրիկյան իրականությանը` 2003 թ. տպագրելով «Փտախտ» վեպը:

Համաշխարհային գրականության պատմությունը բազմիցս վկայել է, որ վիպական ծավալուն երկերը չեն կարող հենց այնպես, պահի թելադրանքով գրվել: Ժամանակի բովով անցած որոշակի դրդապատճառներ են պետք դրա համար` քաղաքական, հասարակական, վերջապես, անձնական... որոնք հեղինակին ստիպում են նստել ճերմակ էջի առջեւ ու ստեղծել մի երկ, որն առնվազն նրա համար ծրագրային նշանակություն ունի , որը չգրել չէր կարող:

Հեղինակն իր պատմվածքներում արդեն հիմնովին եւ առավել քան առարկայական ներկայացրել էր հարստահարված երկիրն ու նրա բնակիչներին: Պատմվածքներ, որ գրված էին վավերաթղթի համոզչականությամբ, ասես լրագրողական հավաստի ռեպորտաժի եւ գեղարվեստորեն համոզիչ հորինվածքի սահմանագծին գտնվեին: Յուրատեսակ մի ժանր, որ հեղինակից պահանջում է ոչ միայն քաղաքացիական հստակ դիրքորոշում (քանի որ նա պատասխանատու է իր ստեղծածի համար), այլեւ գրողական որոշակի ունակություններ:

Իսկապես, ինչո՞ւ նա պահանջ ունեցավ երկրորդ անգամ ապացուցելու արդեն մեկ անգամ անժխտելիորեն ապացուցվածը:

Հնարավորինս ճշգրիտ պատասխանելու համար այս հարցին, ուշադրություն դարձնենք աֆրիկյան առաջին շրջանում ստեղծված գործերի եւ վեպի միջեւ նկատվող ժանրային ակնբախ տարբերություններին: Պատմվածքներն ասես գրված են առաջին իսկ տպավորության անմիջական ազդեցությամբ, այդ պատճառով էլ շատ հաճախ դեպքի վայրից արվող ռեպորտաժների տպավորություն են թողնում, մինչդեռ վեպը տասնամյակների ընթացքում կուտակված նստվածքների հիման վրա գրված, քաղաքական-հասարակական լայնակտավ մի գործ է, որտեղ գեղարվեստական հորինվածքը մշտապես ուղեկցվում է հասարակագետ-լրագրողի վերլուծումներով , իսկ տեղ-տեղ կրքոտ հրապարակախոսությամբ, մի երեւույթ, որն իսպառ բացակայում էր պատմվածքներում, որտեղ ընթերցողին գեղարվեստորեն համոզելուց հետո, ազատ հնարավորություն էր տրվում անսխալ հետեւություններ անելու:

Մեր կարծիքով, հեղինակն այս քայլին է գնացել է մի պարզ դրդապատճառովՙ իր իսկ հայրենիքում` անկախացած Հայաստանում տեսնելով նույնը, ինչի մասին արդեն գրել էր ավելի քան քսան տարի առաջ: Եթե մեր ենթադրությունը համոզիչ չէ, ապա կուզեինք, որ պատասխան տրվի հետեւյալ հարցին . եթե պարկեշտ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված գրող-մտավորականը չէր կարող անտարբեր լինել ուրիշի ցավի հանդեպ, ապա տեսնելով իր հայրենիքում ծավալվող միեւնույն կոռուպցիան, այն կոռուպցիան, որի մասին առաջին իսկ օրերից բարձրաձայնում էին պետության բարձրաստիճան դեմքերը եւ որը գնալով ահագնացավ ու վերջը չի երեւում, այն կոռուպցիան, որի մասին այսօր խոսվում է օրնիբուն, խոսվում է, բայց կարծես ամեն ինչ մնում է նույնը, ավելին` երբ խոսքը գործ չի դառնում, վերածվում է զավեշտի ` հիշեցնելով կռիլովյան առակը, երբ գող կատվի գլխին քարոզ են կարդում, իսկ կատուն լսում է եւ շարունակում լափել...

Արդ, կարո՞ղ էր արդյոք Պողոս Գուբելյանի նման անարդարության հանդեպ անհաշտ գրողը, մտավորականը, վերջապես հայ մարդը անտարբեր լինել եւ չտեսնելու դնել համակարգված կոռուպցիայի միեւնույն դրսեւորումները Հայաստանում: Ո՛չ, նա չէր կարող լռել, նա պիտի արտահայտվեր:

Բայց ինչպե՞ս, երբ Սփյուռքը, վերեւից իջեցրած կամ, ինչպես վեպում է ասվում` «երկնաքարի պէս անջրպետէն ինկած անկախութեան» առաջին իսկ օրերից, համառորեն ու հերոսաբար չտեսնելու էր դնում հայրենիքում օրնիբուն տեղի ունեցող այլանդակությունները, իսկ երբ որեւէ մեկը, մանավանդ հայաստանցի, համարձակվեր աղաղակող փաստերից թեկուզ մեկը բերել, տեղնուտեղը բերանը կփակէին, ըսելով. «Հայրենիքի մասին ինչո՞ւ գէշ կը խօսիս»:

Ահա ինչու, սրտացավ գրողը հայրենիքի մասին «գէշ չխօսելու», բայցեւայնպես տագնապահարույց ճշմարտությունը «խօսելու» համար առաջնորդվեց` «կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» հայկական ժողովրդական ասացվածքի տրամաբանությամբ:

«Փտախտ»-ի վիպական գործողությունները տեղի են ունենում Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, աֆրիկյան Կերա Լեմոն պետությունում, աշխարհագրական հորինովի անվանում, որը շատ նման է Սիերրա Լեոնեին, Աֆրիկայի արեւմուտքում ընկած ծովափնյա մի երկիր, որտեղ, տարիներ շարունակ, ապրեց, աշխատեց եւ մեր լավագույն արձակագիրներից մեկը դարձավ վեպի հեղինակը: Այսպիսով, «կուժը» տվյալ դեպքում Սիերրա Լեոնեն է, իսկ «կուլան»` Հայաստանը:

Վեպի միակ հայկական տարրը գլխավոր հերոս Վազգենն է, որը գործ է հիմնել Կերա Լեմոնի մայրաքաղաքում եւ ձգտում է ոչ միայն օրինական ճանապարհով դրամ վաստակել, այլեւ բարձրորակ բանվորներ պատրաստելով նպաստել երկրի առաջընթացին: Սակայն լիբանանյան մաֆիան, որ քաղցկեղի պես իր շոշափուկներն է տարածել երկրով մեկ եւ որոշակի ազդեցություն ունի իշխանական ամբողջ համակարգի վրա, մտադիր է նրան երկրից վտարել: Բարեբախտաբար Վազգենը մենակ չէ իր արդար պայքարում: Կառավարության ազդեցիկ դեմքերից մեկը կարողանում է պաշտպանել նրան եւ հնարավորություն տալիս հայ մասնագետին իր օգտակար գործն անելու ի բարօրություն երկրի: Բայց, ինչպես գլխավոր հերոսն է ասում. «Պայքարը դեռ նոր պիտի սկսէր»:

Պետական հեղաշրջումները սովորական երեւույթ են անբուժելի կոռուպցիայով վարակված աֆրիկյան երկրների համար: Կերա Լեմոնում էլ հերթական հեղաշրջումն է հասունանում: Իշխանությունը գրավելու անհաջող փորձից հետո, հեղաշրջում է իրագործում քաղաքապետարանի նախկին ոստիկանը, որն, իբրեւ թե, պայքարում էր հանուն ժողովրդի եւ հանուն արդարության: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ամենամեծ գողերը հենց սրանք են, որ իշխանությունը զավթելուն պես, գործում են «բերան ունես` պիտի ուտես» անասնական սկզբունքով: Բայց երանի՜ բավարարվեին «մի փոր հացով»: Արդարության այս ջատագովների ախորժակը բացվում է ուտելու հետ, բացվում է ու չի՛ փակվում:

Վեպն ընթերցելիս շարունակ այն տպավորությունն ես ունենում, թե նկարագրվող գործողությունները ծավալվում են Հայաստանում: Օրինակ.

«...խումարի եւ բախտախաղի մեքենաներ տեղաւորուեցան մինչեւ քաղաքին ամենախուլ անկիւնները, եկեղեցիներու գաւիթն ու աղքատ հիւղաւանները, մինչեւ կեթթոյին պորտը»:

«Բնիկը ե՞րբ ելեքտրականութիւն ունեցեր է որ: Թող վերադառնայ աւանդական իր նախկին ուրախ, անհոգ կենսաձեւին, երբ անտառներու խորը, հողաշէն հիւղակներուն բակը, բոցավառուող խարոյկի շուրջ թամ-թամ կը զարնէր...»,- ասում է սեփական ժողովրդի լույսն ուղղակի եւ փոխաբերական իմաստով մարող նախագահը:

(«Մեր «ազատատենչ ու արդարամիտ» հեղափոխականները, անկախությունից անմիջապես հետո, մեզ էլ ստիպեցին տարիներ շարունակ խարույկներ վառել ու «թամ-թամ» զարկել, եւ ժողովրդին անհաշվելի նյութական ու բարոյական վնասներ պատճառած այս ոճրագործության համար առ այսօր ոչ ոք պատասխան չի տվել):

Կամ թե` բախտի բերմամբ նախագահ դարձած նախկին ոստիկանի մասին այսպես է գրում. «Չկար ձեռնարկութիւն մը, որուն մէջ զառամած ծերուկը բաժնետէր չըլլար»:

Իսկ լիբանանյան մաֆիան կարողանում է «ձիւնասփռիչ մեքենաներ վաճառել արեւադարձային երկրին»: Այս անհեթեթ գործարքը շատ հեռու չէ բանան արտահանող մեր տխրահռչակ առեւտրականներից:

Ի վերջո, երկիրը հիմնավորապես թալանելուց, «մերկացածներին ավելի մերկացնելուց», հեղինակի ասելովՙ «քարէ դարից քաքի դարին» հասցնելուց հետո, ողբալի պայմաններում իր երկրային կյանքն է ավարտում հերթական բռնակալը: Վեպն ավարտվում է զավեշտալի մի տեսարանով , երբ նա, հոգին ավանդելուց առաջ, գերիրական մի տեսիլք է ունենում` պատկերացնելով իր հանդիսավոր թաղումը.

«Սինիք քմծիծաղով, մարեշալի շողշողուն համազգեստը վրան... կը նախագահէր իր իսկ ազգային շքեղ թաղումին, մասնաւոր ոգեւորութեամբ դիտելով ժողովրդային յարգանքի վերջին արտայայտութիւնը հանդիսացող տողանցքը, հազարավոր փորը ուռած, ոտաբոպիկ, մերկ ու նօթի, աչքերը խոռոչ ինկած, քաղցէն գալարուող կերա լեմոնցի մանուկներու:

Գոմանտոյի համաչափ վազքով անցնող կմախքներու գունդը ազգընտիր նախագահին վրայ խոր տպաւորութիւն գործած էր»:

Բռնակալը «հանգեաւ ի Տէր», բայց փտախտը չմեռավ, այլ շարունակելու է մոլեգնել ավելի ուժգին:

Հեղինակը կարծես համոզում է, որ այս աշխարհում ոչինչ այդքան համամարդկային չէ, որքան կոռուպցիան: «Փտախտին դէմ նոյնիսկ գերպետութիւններու հիւլէական զրահը անկարող կը մնար: Փտախտը ունէր իր ներքին օրինաչափութիւնը, տրամաբանելու ու գործելու գաղտնի օրակարգը»:

Ոչ մի կերպ չէինք ցանկանա համաձայնել հեղինակի այս եզրակացության հետ, բայց, ավա՜ղ, ոչ միայն Հայաստանի կամ խորհրդային նախկին հանրապետությունների վիճակն է հաստատում այս դառը ճշմարտությունը, այլեւ իսկապես ժողովրդավար երկրներում, ժամանակ առ ժամանակ, հրապարակվող սկանդալային պատմությունները, հանրությանը ներկայացվող աստղաբաշխական գումարները:

Սակայն մի էական տարբերություն կա հարուստ երկրների եւ Հայաստանի կամ աֆրիկյան երկրների փտախտների միջեւ: Գողությունը որքան էլ մեծ, չափերը որքան էլ առասպելական, ժողովրդի կենսամակարդակն այնտեղ, միեւնույն է, նույնքան չի տուժում, որքան նորանկախ երկրներում, որտեղ աղաղակող ու հարատեւող աղքատության մակարդակ կա:

Այսքանից հետո մնում է զարմանալ, որ Պողոս Գուբելյանի «Փտախտ»-ն անուշադրության է մատնվել հենց Հայաստանում: Մի՞թե կոռուպցիան չէ այսօր Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը:

Սակայն երբեք ուշ չէ ծանոթանալու եւ, ինչո՞ւ չէ, նաեւ վերահրատարակելու համար:

Համոզված եմ, որ մեծ հաջողություն կունենա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.