AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-08 21:51:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2476, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՄԵՆ ՏԵՂ ԼԱՎ ՀԱՅԻ ՏԵՍԱԿ ՓՆՏՐՈՂ ԱՅԴ ՊԱՅԾԱՌ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԱՐԴԸ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Լույս է տեսել «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմը

Հայալեզու կինոգրադարանը հարստացավ եւս մեկ մեծարժեք հատորով: Վաղուց հասունացել էր հայ ազգային կինոյի ականավոր դեմքերից Հենրիկ Մալյանին նվիրված մի համակողմանի աշխատություն ունենալու պահանջը: Եվ ովքե՞ր պիտի լցնեին այդ բացը, եթե ոչ բեմադրիչի դուստրըՙ ռեժիսոր Նարինե Մալյանը , որի շնորհիվ շարունակում է ծխալ Մալյանի անվան թատրոնի ծուխըՙ ավելի տարածվելով ու թափ առնելով, ինչպես նաեւ վաստակաշատ կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանը , ամենից հավատարիմ մալյանականը կինոյի մասին գրողների մեջ, որն իր խմբագրած կինոմամուլի (նախկինումՙ «Ֆիլմ» թերթի, այսօրՙ «+Կինո» հանդեսի) էջերում հետեւողականորեն եւ նախանձախնդիր կերպով հիշեցնում է հայ կինոյի այդ վարպետի մեծ վաստակի մասին:

«Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամի լույս ընծայած «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմն աննախադեպ է հայ կինոգրականության համար նախ եւ առաջՙ ձեւով: Ծավալուն, մեծադիր էջերով, սեւ-ճերմակ ու գունավոր լուսանկարներով առատորեն պատկերազարդված այս հատորը մի մնայուն թղթե հուշարձան է, որի տպագրության շնորհակալ գործը հովանավորել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

Հատորը հինգ մեծ բաժիններով ներկայացնում է Մալյան կինոբեմադրիչին, Մալյան թատերաբեմադրիչին, Մալյան մարդուն... Գրքում ընդգրկված Մալյանի գրությունների մի զգալի մասն ընթերցողին արդեն հայտնի էր հետմահու հրատարակված նրա «Երկխոսություն երրորդի համար» ժողովածուից, սակայն գիրք-ալբոմում նյութը հարստացել է Մալյանի մասին գրված հին եւ նոր հոդվածների ու կարծիքների ներառմամբ: Մյուս կողմից, սույն հատորը սոսկ մեկ մարդուն նվիրված գիրք չէ, այլ հայ կինոյի մի կարեւոր ժամանակաշրջանի ամփոփ համապատկեր, ինչպես նաեւ թանկագին վկայություններ տվյալ անձի ժամանակի ու ժամանակակիցների մասին:

Առաջին գլխում («Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ...») ասես ունկնդիր ենք լինում ռեժիսորի ձայնինՙ կարդալով Մալյանի ինքնակենսագրական հուշերը, նրա պարզ, սրտաբաց զրույցը ընթերցողի հետ: Լուսեղեն թախիծով տոգորված, գեղարվեստական փայլուն գրչով գրված այս էջերն անվարան կարելի է դնել հայ ինքնակենսագրական գրականության լավագույն նմուշների կողքին: 1925-ին Վրաստանի Թելավ քաղաքում ծնված ու Թիֆլիսում մեծացած ապագա ռեժիսորի մանկության եւ պատանեկության հուշերը վառ կերպով կենդանացնում են այն գունագեղ ու անսովոր արտաքին ու ներքին միջավայրը, որը, Մալյանի ընկալմամբ, եղել է իսկական կենդանի թատրոն: «Ավելի ուշ ես հասկացա, որ գավառական քաղաքը շատ է նմանվում ներկայացման, ուր բոլոր դերերը խնամքով բաշխված են եւ անգերազանցելի վարպետությամբ էլ կատարվում են» (էջ 15): Եվ կամ. «Պատմում են, որ պապիս ընտանիքը մի իսկական թատերախումբ է եղել, երգել են, արտասանել, պարել են ու նվագել: Այդ թատրոն-ընտանիքում շատ հեշտ ու հարմար բաշխվել են ամենահռչակավոր դրամատուրգների անուն հանած պիեսներն անգամ...» (էջ 27): Պատահական չէ, որ Մալյանը ռեժիսուրայի իր առաջին ուսուցիչ համարել է հորը. «Նա լավ, շատ լավ պատմում էր.... Եվ նույնիսկ հիմա, երբ նա մի քանի տարի է, որ չկա, ես իմ մեջ կրում եմ նրա բոլոր, բոլոր պատմությունները, ճշմարիտ պատմություններ, որոնք այնքան հաճախ եւ այնքան հեշտությամբ կարող են վերածվել լեգենդի, հեքիաթի, ասքի...» (էջ 33): Այս առումով Մալյանը հանգիտություն ունի մեկ այլ նշանավոր հայազգի կինոռեժիսորիՙ Անրի Վեռնոյի հետ, որը մի առիթով ասել է. «Ես նկարներուն մէջ պատմութիւն պատմող եմ: Այդ կը պարտիմ հօրս: Հայրս միշտ ու միշտ թուրքին վայրագութեան պատմութիւնը կ ըներ, ու ես ակնապիշ կը լսէի զինք... Հիմա սկզբունքս այդ է, կարենալ հօրս պես պատմել, որպէսզի հանդիսատեսը ուզէ դարձեալ լսել զիս»:

Հատորի երկրորդ գլուխըՙ «Ուրեմնՙ թատրոն ենք», ներկայացնում է անցյալ տարի հիմնադրման 35-ամյակը տոնած Կինոդերասանի թատրոն-ստուդիայինՙ ներկայիս Մալյանի անվան թատրոնին: Հայ թատերական իրականության համար անսովոր այդ մշակութային օջախի մասնագիտական գնահատականն են տալիս հայ թատերագետները (Լուիզա Սամվելյան, Լեւոն Հախվերդյան...), Նարինե Մալյանը ներկայացնում է թատրոնի ուղին, իսկ տարբեր սերունդների դերասաններն իրենց սրտի խոսքն են ասում Ուսուցչի հասցեին, երբեմն մասնագիտորեն բացահայտում նրա ստեղծագործական լաբորատորիան: Մեր մայրաքաղաքի մշակութային այդ ինքնատիպ գույնը բնորոշվում է որպես համախոհների մի միասնություն, որը, տա Աստված, շարունակի իր երթը: (Առիթից օգտվելով նշեմ, որ տողերիս հեղինակի համար, սկսած դպրոցական տարիներից, զովաշունչ մի կղզյակ է եղել Մալյանի թատրոնը, որիՙ հումորով ու թախիծով լի դրական ներկայացումները, նաեւ Կինոյի տան ներքին բակն ու հավաքված ընտիր հանրությունը, մեզ միանգամայն կտրում էին գորշ առօրյայից... Ու ամեն անգամ մեծ պատկառանքով էի նայում Հենրիկ Մալյանինՙ ուրախանալով, որ նա հաճախ հողաթափերով էր լինում... դե իհարկե, չէ՞ որ մարդը սեփական տանն էր...):

Երրորդ գլխումՙ «Նա իր ֆիլմերն էր, իսկ ֆիլմերըՙ մենք», հավաքված են հայ մտավորականների, արվեստագետների, կինոգետների կարծիքները Մալյանի մասին: Այստեղ ամեն տեսակ բնորոշում կարելի է կարդալՙ նրա ֆիլմերը «հանճարեղից» մինչեւ «համեստ ու անհավակնոտ» են, իսկ նրա անձի մասինՙ «մեր կինոյի նահապետից» ընդհուպ «Մալյանըՙ կիսաստված» եւ «Ինձ համար Աստծո նման մարդ է» խոսքերը: Սակայն բոլորը միակարծիք են Մալյանի մարդկային բարձր որակների վերաբերյալՙ անսահման բարություն, պարզություն, ազգասիրություն, դերասանին սիրելու կարողություն (սա ռեժիսորների շրջանում հաճախ չհանդիպող բարենիշ է), մեկ խոսքովՙ Արմեն Ջիգարխանյանի բնորոշածՙ լավ մարդ լինելու «փեշակը». հատկանիշներՙ որոնք չէին կարող չանդրադառնալ նրա արվեստի վրա: Ինչպես դիպուկ նկատել է երջանկահիշատակ Ռուբեն Հովսեփյանը. «Մենք մի փոքր էլ բարիացանք, մի փոքր էլ հայացանք, մի փոքր էլ խելոքացանք Հենրիկ Մալյանի գոյությամբ» (էջ 150):

Գիրք-ալբոմից շատ բան կարելի է իմանալ նաեւ ժամանակի ստեղծագործական միջավայրի, «Հայֆիլմում» տիրող մթնոլորտի վերաբերյալ («Ռեժիսորը կամ արվեստագետը որքան տաղանդավոր ու շնորհքով էր, այնքան նրա շուրջը շատ էին ինտրիգները եւ չարախոսությունները, որոնցից զերծ չմնացին երկու շնորհալի ռեժիսորներըՙ Հենրիկ Մալյանն ու Սերգեյ Փարաջանովը: Ցավոք, «Հայֆիլմ» կինոստուդիայում բարյացակամություն, միմյանց նկատմամբ լավ տրամադրված մթնոլորտ շատ հաճախ գոյություն չուներ: Արտաքուստ միմյանց քծնում էին, երեսներին ինչ գովեստ ասես չէին թափում, իսկ ներքուստ գերիշխում էին նախանձը, չարախոսությունները եւ ինտրիգները»,- վկայել է նկարիչ Ստեփան Անդրանիկյանը (էջ 121):

Գրքի էջերից ընթերցողը շատ օգտակար մտքեր կքաղի կինոյի եւ առհասարակ մշակույթի, մարդու եւ ազգայինի ու շատ այլ հարցերի վերաբերյալ: Հատորում բազմիցս հնչում են կինոարվեստի ազգային բնույթի վերաբերյալ կարծիքներ եւ դիտարկումներ, Մալյանը հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանից հետո համարվում է երկրորդ ազգային նկարագրով ռեժիսորը խաղարկային կինոյում, մի արվեստագետ, որը չի վարանել բարձրաձայնել. «Իմ ամենամեծ արժանիքն այն է, որ հայ եմ»: Արվեստում ազգայինի այդ գրեթե անբացատրելի ֆենոմենը փորձել է բացահայտել Ռուբեն Զարյանըՙ նշելով, որ ի տարբերություն նախորդ շրջանի հայկական կինոնկարների, «Մալյանը տարբերվեց, բերելով հայկականություն, ազգային իմացություն, բայց նաեւ, սա է էականը, ազգային զգացողություն: Այդպես կարող էր նկարել միայն ու միայն հայ արվեստագետը.... այդպես ստեղծագործել կարող էին միայն հայ արվեստագետները, ովքեր հայկական ոգու ներկայացուցիչներ էին: Մարդիկ, ովքեր ոչ թե դարձել էին ազգային արվեստագետներ, այլ ծնվել էին այդպիսին» (էջ 71): Եվ իսկապես, թերեւս խորհրդային իրականության մեջ ազգայինի, մեղմ ասած, չխրախուսելու պայմաններում Հենրիկ Մալյանն առաջիններից էր, որ էկրան տեղափոխեց ազգային լավագույն հատկանիշները կրող, կենդանի նյարդ ու թրթիռով օժտված կերպարներ: Մալյանի թատրոնի դերասաններից Մովսես Ստեփանյանի բնորոշմամբՙ այդ պայծառ եւ լուսավոր մարդն ամեն տեղ հայի լավ տեսակն էր փնտրում:

Չորրորդ գլխում («Հենրիկ Մալյանի հուշերից...») ի մի են բերված բեմադրիչի հուշ-պատառիկներն իր ճանաչած եւ հանդիպած ականավոր անձանց մասինՙ Համո Բեկնազարյան, Ռուբեն Մամուլյան, Սերգեյ Փարաջանյան..., ինչպես նաեւ իր գործընկերներըՙ Հրանտ Մաթեւոսյան, Սոֆիկո Ճիաուրելի, Մհեր Մկրտչյան, Աղասի Այվազյան, Տիգրան Մանսուրյան եւ այլք: Բաժինն ավարտվում է «Այս օրերին ես լսեցի իմ ազգի ճիչը...» հոդվածով, որը ռեժիսորը գրել է 1988-ի փետրվարին, մահից մի քանի շաբաթ առաջ...

Հինգերորդ գլխում («Կարծիքներ... Գնահատական.... Քաղվածքներ...») ամփոփված են հայ, ռուս, ֆրանսիացի, անգլիացի, ճապոնացի, ամերիկացի եւ այլ ազգությունների կինոգործիչների եւ քննադատների խոսքերը Մալյանի կինոարվեստի վերաբերյալ: Հիշենք միայն մեկը. «Հենրիկ Մալյանը մեծ կինոբեմադրիչ է: Նրա բոլոր ֆիլմերը քննություն կբռնեն միջազգային արենայում» (Անրի Վեռնոյ, էջ 283):

«Վերջաբանի փոխարեն» գլխում այս հատորի վրա տարիներ շարունակ տքնած Ռոբերտ Մաթոսյանը արժեւորում է Մալյանի ժառանգությունըՙ նրա դիմանկարն ամբողջացնելով նրան լավագույնս ճանաչած մտերիմ մարդու վկայություններով: Իր խոսքը եւ գիրքը Մաթոսյանն ավարտում է Մալյանի թողած մի մեծ դասով, թե ինչպես բեմադրիչը, տարիներ շարունակ փայփայելով Կոմիտաս վարդապետի մասին լայնակտավ խաղարկային ֆիլմ ստեղծելու գաղափարը եւ ստացած լինելով այն իրագործելու հնարավորություն, հրաժարվել էՙ ձեւակերպելով. «Ավելի լավ է ինձ ասեն, թե ինչու չնկարահանեցի «Կոմիտասը», քան թե հարցնենՙ ինչու նկարահանեցիր «Կոմիտասը» (էջ 300):

Գրքի շարադրանքն ընդմիջվում է Մալյանի կինոնկարների սեւ-սպիտակ լուսանկարներովՙ ըստ ժամանակագրության:

Պետք է նշել, որ ռեժիսոր եւ գրող Հենրիկ Մալյանից բացի սույն հատորը բացահայտում է նաեւ նկարիչ Մալյանին: Գրքի տարբեր էջերում որպես խորք եւ պատկերազարդում են ծառայում «ձեռքի հետ» նրա կատարած ճեպանկարները, որոնք զարմանալիորեն աղերսներ ունեն այլ տաղանդավոր բեմադրիչներիՙ Վարդան Աճեմյանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Սերգեյ Փարաջանովի գծանկարների հետ:

Վերջումՙ մի նկատառում: Գերապայծառ Պողոս-Լեւոն Զեքիյանի հակիրճ խոսքը Մալյանի մասին, ցավոք, տրվել է արեւելահայերեն (էջ 188): Որքան էլ որոշ մտավորականներ (հատկապես Սփյուռքում) համարեն, որ արեւելահայերենն ու արեւմտահայերենը տարբեր լեզուներ են, նման մոտեցումն անհարկի է: Այդ տրամաբանությամբ, գրքի չորրորդ գլուխը եզրափակող ռուսերեն խոսքերն էլ պետք էր թարգմանել, ոչ թե տալ բնագրի լեզվով...

Հ.Գ. - Աշոտ Ադամյանի բնորոշմամբ, Մալյանը «մինչ օրս, իմ համոզմամբ, ըստ արժանվույն չի գնահատվել»: Համաձայն ենք սիրված դերասանի հետ. տարիներ շարունակ կինոյի եւ մերձկինեմատոգրաֆիական շրջաններին առնչվող տարբեր սերնդի անձանցից նույն թերագնահատումն եմ լսում Հենրիկ Մալյանի արվեստի վերաբերյալ. ֆիլմերը միջակ են, ներկայացումներըՙ մանկամիտ, անգամ «Նահապետի» խնձորաթափի տեսարանն է պարզունակ: Հատկապես ա՛յդ կերպ մտածողներին եմ խորհուրդ տալիսՙ չզլանալ ու ծայրեծայր կարդալ «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմը...

Հինգ տարի առաջ Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագրում դասավանդելիս մի երեկո կազմակերպեցի «Կտոր մը երկինք» կինոնկարի ցուցադրումը: Հանդիսատեսը մի նոր աշխարհ հայտնաբերեցՙ զարմանքով նշելով, որ երեսուն տարվա վաղեմության կինոնկարը տակավին թարմ է: Մաղթեմ, որ Մալյանին թերագնատողների ֆիլմերը նույնպես երեսուն տարի հետո նույնքան հանդիսական ունենան...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.